#18 (884) 05. 05. 11
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԵՐԱԶՈՒՄ ԷԻՆՔ ՄԻ ՕՐ ԷԼ ՄԵՐ ՀՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՌՎԵԼ»

«80-ականների սկզբին զորակոչվեցի բանակ: Կարճ ժամանակ անց մի խումբ տղաների հետ մեկնեցինք Աֆղանստան,- պատմում է «Աֆղանական պատերազմի վետերանների միության» նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը:- Այդ պատերազմի ընթացքում ընկերներով բազմիցս երազել ենք մի օր էլ մեր հողերի ազատագրման համար կռվել: Զորացրվեցինք`աֆղանական պատերազմից վերադարձանք տուն: Սկսվեց Արցախյան շարժումը: Մենք էլ ընկերներով մասնակցում էինք ցույցերին, հավաքներին, ու աստիճանաբար ձեւավորվեց մեր ջոկատը: «Աֆղանական» ջոկատում մոտ 40 հոգի էինք: Մեր ջոկատն աչքի էր ընկնում մարտավարական գիտելիքներով, զենք կիրառելու վարպետությամբ, փորձառությամբ, որ ձեռք էինք բերել նախորդ պատերազմի ժամանակ: Մենք մասնակցում էինք Շուշիի ազատագրմանը: Կռվում էինք Քարինտակ, Լիսագոր, Բերդաձոր, Զառիսլու ուղղությամբ: Մայիսի 9-ին Շուշին ազատագրված էր: Արագ կազմակերպվեց թշնամու զինված գործողություններից վնասված ու ավերված, այրվող քաղաքի պաշտպանությունը. հանգցրինք հրդեհը, մի խումբ տղաներ շտապեցին թանգարան, որ հանկարծ այնտեղ պահվող արժեքները չվտանգվեն: Փառահեղ հաղթանակ էր, եւ այսօր ուզում եմ շնորհավորել համայն հայությանը այդ հաղթանակի կապակցությամբ: Շուշիի ազատագրումն անհնարին էր թվում, բայց շնորհիվ Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադեւոսյանի ռազմական գործողությունների մշակման բարձր մակարդակի, հաջողվեց գրավել անառիկ թվացող Շուշին: Այս հաղթանակը, մեր գործած սխրանքը այսօր էլ նույն ուժով պետք է ոգեւորի բոլորիս, համակի հպարտությամբ: Այսօր էլ մեր խաղաղ օրերի կռիվն է` հաղթանակը պահպանելու, խաղաղությունը պահելու կռիվը: Շատ ողջունելի կլիներ, եթե պետական մակարդակով առանձնակի ուշադրություն դարձվեր մեր նոր սերնդի հայեցի դաստիարակությանը: Ըստ արժանվույն պետք է մեծարվի ազատամարտիկը, պատշաճ ուշադրության արժանանա պատերազմում միակ զավակին կորցրած մայրը: Ինչքան ուրախալի կլիներ, որ մենք անուն առ անուն ճանաչեինք մեր Արցախի հերոսներին: Հիշում եմ, մեր դպրոցական տարիներին բոլորիս տանը, գրասեղաններին «Ռանչպարների կանչն» էր: Մեզանում հաղթելու ոգեւորություն կար, կորցրածը վերադարձնելու գաղափար: Կարծում եմ` այդ ամենը պետք է սկսել դեռ նախադպրոցական տարիքից: Մեր այս փայլուն հաղթանակի պրոպագանդման հարցում մեծ դեր ունեն նաեւ մեր լրատվամիջոցները: Ես երկար տարիներ աշխատել եմ Հանրային ռադիոյի գիտահանրամատչելի եւ ուսումնական հաղորդումների բաժնում նախ որպես ռեժիսորի ասիստենտ, հետո` ռեժիսոր: Հիշում եմ, որ ազատամարտի տարիներին եւ հաղթանակից հետո պարբերաբար հաղորդումներ էին հեռարձակվում այդ թեմայով: Ինչքան ուրախալի կլիներ, եթե այսօր էլ այդ նույն ոգին իշխեր ու հաղորդվեր մեր ժողովրդին»,- ասում է Արմեն Մխիթարյանը:
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий