28 апр. 2011 г.

#17 (883) 28. 04. 11

ԻՆՉ ԼԱՎ Է, ՈՐ...
ԿՈՄԻՏԱՍԸ «ՇԱՆԹԻ» ԵԹԵՐՈՒՄ

Օրերս կայացավ «Շանթ» հեռուստաընկերության «Իքս ֆակտոր» նախագծի 9-րդ գալա համերգը Սրբուհի Սարգսյանի, Արծրուն Խանգելդյանի, Վրեժ Կիրակոսյանի եւ GigaBeat խմբի մասնակցությամբ: Այս անգամ համերգի առաջին հատվածում մասնակիցները պետք է կատարեին Կոմիտասի գործերից: Հետաքրքիր է, որ օրեր առաջ PR-ի մասնագետ ընկերներիցս մեկի հետ հենց հայ ազգային երաժշտության պրոպագանդայի մասին էինք զրուցում, ու Հայկն առաջարկում էր, որ հին երգերը նոր մատուցմամբ կրկին ասպարեզ բերվեն… «Շանթ»-ի նախագծում հենց այդպես էին վարվել: Կոմիտասը նոր մատուցմամբ յուրօրինակ մեկնաբանություն էր ստացել: Արծրունը «Կռունկ» երգեց, Վրեժը ներկայացավ «Հորովելով»: Այս կատարման մասին ժյուրիի անդամ Գարիկն ասաց. «Մենք տեսանք երգի ճանապարհը, որ արտերից գալիս մեզ է հասնում, մենք զգացինք աշխատավոր մարդու ներկայությունը…»: Առանձնակի սպասում էի GigaBeat-ի ելույթին: Անսովոր էր իրենց ուրույն երգելաոճն ունեցող այս տղաներին տեսնել հայկական տարազով ու Կոմիտասի երգերը ներկայացնելիս: Իրենց համարի առաջին հատվածում տղաները «Սոնա յար» երգեցին, իսկ երկրորդ մասում` «Կաքավիկը»: Սրբուհին էլ հանդես եկավ «Լելե յամանով»: Մեզանում տարածված է ժողովրդական այս երգի «Դլե յաման» տարբերակը եւ այլ մշակումներ, որոնք լսում ենք երգչուհիներ Ֆլորա Մարտիրոսյանի, Նունե Եսայանի կատարմամբ: Ուշագրավ էր նաեւ «Հայ սուպերսթար» նախագծի մասնակից Ռաիսայի ռոքային մատուցումը, բայց, ինչպես ժյուրիի անդամ Նաիրա Գյուրջինյանը նկատեց, Սրբուհու կատարումն առանձնանում էր: Հաճելի էր հայկական հեռուստատեսության սերիալային, ռաբիսային ու թոքշոուային միջավայրում մի ժամ ազգային երաժշտություն լսել, շվիի ձայն, նաեւ ժամանակակից, հետաքրքիր նոր լուծումներով կոմիտասյան երաժշտություն:
ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ

Комментариев нет:

Отправить комментарий