ԲԱՆԱԿԸ ԵՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2012-ի հունվարի 28-ին հայոց բանակը կտոնի իր ստեղծման 20-ամյա տարեդարձը: Երկու տասնամյակ շարունակ մեր բանակը հավատարիմ է Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանության, խաղաղության երաշխավոր լինելու իր գլխավոր առաքելությանը: Ամեն ինչ արվում է զորքերի մարտական պատրաստվածության բարձրացման, անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդման համար: Ոչ միայն մարտունակ, այլեւ կիրթ ու բանիմաց հայ զինվորի կերպար կերտելու համար բանակում կազմակերպվում են դասախոսություններ, հանդիպումներ հայտնի մտավորականների հետ: «Բանակը եւ մտավորականը» խորագրի ներքո մեր թերթի էջերում հայ զինվորի, հայոց բանակի մասին իրենց խոհերով ու մտորումներով հանդես կգան արվեստի ու մշակույթի գործիչները: Խորագրի առաջին հյուրը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն է:
ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ. «ԶԵՆՔՆ ԱԶԳԻՆՆ Է, ՈՐ ՎՍՏԱՀՎԱԾ Է ԶԻՆՎՈՐԻՆ» ՚

-Պարոն Ամիրխանյան, ի±նչ ապրումներ եք ունենում, երբ լսում եք «Երկիր հայրենին» հատկապես հայ զինվորի կատարմամբ:
-Ես կյանքը համարում եմ մի մարդուց մյուսին տանող ճանապարհ, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե դեպի մյուս մարդն ուղղված այդ ճանապարհը դու ինչով ես լցնում, դիմացինդ ինչով է լցնում այդ ճանապարհը: Եթե մենք ինչ-որ բան ենք դնում այդ ճանապարհին, ապա կյանքը ստացվում է, հակառակ դեպքում` դատարկություն է: Ես այդ ճանապարհը լցնում եմ իմ ստեղծագործությամբ, իմ երգերով: «Երկիր հայրենի» երգի համար ես ապրում եմ լուռ երջանկության զգացում: Ամեն անգամ, երբ հնչում է երգը, ես տեսնում եմ, նորից ու նորից համոզվում եմ, որ մարդիկ չհորինված զգացումներով են վերաբերվում երգին, նրա մեջ բովանդակություն եւ արժեք են տեսնում: Մի անգամ նույնիսկ մի երիտասարդ փողոցում մոտեցավ ինձ ու շնորհակալություն հայտնեց այդ երգի համար, ասաց, որ սահմանային գոտում է ծառայել, եւ ամբողջ ծառայության ընթացքում այդ ստեղծագործությունն իրեն ուժ ու ոգի է հաղորդել:
Այս երգը ես հանրապետության նախագահի հետ սիրով երգել եմ դեկտեմբերի 31-ին Օմարի լեռնանցքի հեռավոր զինվորական ստորաբաժանումներից մեկում` զինվորների հետ կայացած հանդիպման ժամանակ: Ավելի քան 3000 մետր բարձրության վրա էինք: Սրտի վիրահատությունից հետո ինձ համար դժվար էր այդ պայմաններում երգելը, շունչս կտրվում էր, այդուամենայնիվ, մեծ սիրով երգեցի մեր տղաների համար եւ զգացի, որ նրանց աչքերում թաքնված տղան էլ ավելի զորացավ: Եթե իմ երգն օգնում է հայ զինվորին ուժ առնել, ոգեւորությամբ ծառայել մեր հայրենիքի անկախության, ազատության գործին` անշուշտ ես երջանիկ եմ: «Երջանիկ» բառը նույնիսկ քիչ է իմ զգացումները լիովին արտահայտելու համար:
-Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարություններն ամփոփող համեր•ի ժամանակ առաջին անգամ հնչեց Ձեր «Երդվում եմ քեզ, Հայաստան» ստեղծագործությունը: Հայրենասիրության թեման մշտապես առկա է Ձեր ստեղծագործության մեջ: Հայրենիքի հանդեպ սերը դրսեւորվում է նաեւ այդ հայրենիքի սահմաններն անառիկ պահելու պատրաստակամությամբ: Ինչպիսի±ն է Ձեզ համար հայրենիքի պաշտպանի, զինվորի կերպարը:
-Ինձ համար «հայրենիք» հասկացությունն առաջին հերթին զուգորդվում է արժանապատվության զգացումի հետ: Հանեք մարդուն «հայրենիք» հասկացության դաշտից, հեռացրեք հարազատ հողից, եւ նա կդառնա պայմանական արարած` զուրկ պատմությունից, պատմական հիշողությունից, որ չգիտի, թե հանուն ինչի է ապրում: Այն ամենը, ինչ ստեղծվել է մեր հողի վրա` մեր մշակութային ժառանգությունը, այն, ինչ կա մեր պատմական հզոր քնարերգության, երաժշտության, շարականների մեջ, աշխարհին չափազանց հետաքրքիր է: Քանի որ «մարդ» եւ «հող» հասկացությունները անբաժանելի են, ուստի զինվորի ծառայությունը երկրին ես համարում եմ սրբազան աշխատանք:
- Ի±նչ նշանակություն ունի երգը զինվորի համար:
-Մեր հայրենասիրական երգերի մեծ մասը ստեղծվել է ազգային-ազատագրական պայքարի ընթացքում, այս կամ այն կարեւոր իրադարձության ազդեցության ներքո: Պատմության ընթացքում զինվորը մշտապես հորինել է իր երգը: Այդպես է ժամանակին ծնվել «Բանկ Օտոման» երգը, մեր օրերում` «Արդյոք ովքե±ր են» կամ նմանատիպ շատ ուրիշ երգեր, որոնց մեջ ստեղծագործական, ազգային երաժշտության նյութի, դիմագծի առումով, հնարավոր է, ինչ-որ խոցելի տեղեր կան, բայց դրանք վերին աստիճանի ազդեցիկ են, ուժեղ, որովհետեւ նրանք գործում են որպես զենք: Իսկ զենքը միայն բանակինը չէ, զենքն ազգինն է, որ վստահված է զինվորին: Հիշում եմ` մի անգամ Հովհաննես Շիրազին բանաստեղծներից մեկը կարծիք հարցրեց իր բանաստեղծությունների մասին: Շիրազն ասաց, որ հայ բանաստեղծները ձեռքի մատներն են առանձին-առանձին: Նրանք պետք է միասնական լինեն, որպեսզի մեր ձեռքը դառնա բռունցք, որ մենք սեղանին խփենք ու վերադարձնենք Արարատը: Ինձ համար զինվորը հեռավոր խրամատում նստած երազներով լեցուն տղան է, որի կողքին ես միշտ կուզեմ լինել իմ երգերով, որ միասնական լինենք ու վերադարձնենք Արարատը:
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий