#19 (885) 12. 05. 11
SORRY, ԲԱՅՑ ВООБЩЕ -ТО ՏԵՆՑ ՃԻՇՏ ՉԻ

Երթուղայինի մեջ մի աղջիկ պատահաբար կանգնեց ոտքիս: Նա արագորեն hետ քաշեց ոտքը եւ շփոթված, առանց մտածելու ասաց. «Վայ, sorry»: «Ոչինչ, ոչինչ»,- պատասխանեցի ես, բայց մտածեցի` ինչո՞ւ sorry, ոչ թե` կներես…
Նույն երթուղայինում ամբողջ ճանապարհին լսում էի երկու աղջիկների ոգեւորված զրույցը. «Օքեյ, չեմ խոսի հետը, բայց դե մեկ ա ինքը շատ սուիթ ֆեյս (ասել է թե` անուշիկ դեմք) ունի»:
Անորոշ լեզվով տարատեսակ զրույցներ կարելի է լսել տարբեր վայրերում: Այս «լեզվով» մեծ մասամբ խոսում են 12-25 տարեկանները: Տարիներ առաջ շատ էին խոսում «ռուսահայերենի» խառնուրդով: Ես փորձում էի դա բացատրել ծնողների ազդեցությամբ, քանի որ մեր ծնողները ծնվել-մեծացել են Սովետական Միությունում, որտեղ ռուսերենի իմացությունը ցանկալի էր, պարտադիր եւ գուցե թե ոմանց համար համարվում էր կրթված, ուսյալ լինելու չափանիշ: Հիմա էլ անգլերե՞նը: Փորձեցի զրուցել մի քանի աղջիկների հետ, որոնք հաճախ են օգտագործում ok, sorry, welcome, thank’s բառերը: Ոմանք մեղքը բարդեցին համացանցի վրա, որտեղ շփումը հիմնականում օտարալեզու է: Ոմանք ասացին, որ այդ կերպ նրանք ավելի գիտակ են երեւում. շրջապատը հասկանում է, որ նրանք անգլերեն գիտեն: Մի քանիսն էլ բացատրեցին, որ նոր են վերադարձել արտերկրից եւ այդ բառերը դեռ դուրս չեն նետել իրենց բառապաշարից:
Առանց այն էլ գրական հայերենով քչերն են խոսում: Ոչ միայն փողոցում, այլեւ դպրոցում, բուհում, հեռուստաեթերում գեղեցիկ ու ճիշտ հայերեն խոսքը գրեթե բացակայում է: Հիմա էլ տարածվում է այս անգլառուսահայերենը: Առանց այն էլ համացանցում միմյանց հետ շփելիս կամ «sms»-ներ ուղարկելիս շատ հաճախ մեսրոպյան տառերի փոխարեն գրում ենք լատինատառ` մոռանալով ուղղագրության, կետադրության մասին: Ժամանակը չէ՞ վերջ տալու օտարամոլությանը: Չապականենք մեր լեզուն այլազան sorry-ներով, привет -ներով ու ok-ներով:
ԷՄՄԱ ՀԱԿՈԲՅԱՆ
iskapes cavali e vor mer eritasardutyun@ sksel e chapic shat ogtagorcel otar barer, bayc indz tvum e vor @nkerakan shrjapatum aveli lav e asel thenks, qan te shnorhakalutyun
ОтветитьУдалитьЭтот комментарий был удален автором.
ОтветитьУдалить