16 окт. 2014 г.

www.eter.am

# 42 (1063)
16.10.14

Ի՞ՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ



ԵՐԲ ԲԻԶՆԵՍԻ ԽԱՂԱՍԵՂԱՆԻՆ ԱՊԱԳԱՆ Է…

«Արդեն քանի տարի է` սա մեր ընտանեկան բիզնեսն է»,- այսպիսի պատասխան ստացա, երբ փորձում էի հետաքրքրվել ոմանց «շատ վտանգավոր» ծառայությամբ: Բուհերի պատերին փակցված են հայտարարություններ, որոնցում առաջարկվում է պատվիրել եւ գնել ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային աշխատանքներ: Թե ինչքան են պատկան մարմինները հարցին մատների արանքով նայել, վկայում է կրթական շուկա ձեւավորած անհատների խոսքը՝ ընտանեկան բիզնես է: Գուցե ոմանց թվում է, թե դա անվտանգ բան է կամ վտանգը սարերի հետեւում է, բայց կասկածից վեր է, որ շատ արագ զգալու ենք երեւույթի տխուր հետեւանքները. տարիներ անց ունենալու ենք այնպիսի ուսուցիչներ, դատավորներ, իշխանավորներ, որոնց տասնվեց դար առաջ ողբում էր Պատմահայրը:
երբ փորձում էի հետաքրքրվել ոմանց

Խնդիրը մի քանի կողմ ունի. մի կողմում մարդիկ են, որոնք փող են աշխատում ի վնաս ուսանողի ու մեր ազգի ապագայի, մյուս կողմում՝ վայ ուսանողները, որոնք նպաստում են նորահայտ «բիզնեսմենների» հաջողությանը: Նաեւ դասախոսները, որոնք կամ գլխի չեն ընկնում, թե իրենց ներկայացված աշխատանքի հեղինակն ով է, կամ աչք են փակում՝ դրսեւորելով վտանգավոր անտարբերություն: Ասենք ավելին. երբ այցելեցինք նման ծառայություններ մատուցող գրասենյակ, աշխատողները հայտարարեցին, որ համագործակցում են որոշ դասախոսների հետ, եւ որ ամեն ինչ արվում է «պրոֆեսիոնալ» մակարդակով: Մեկ այլ ծառայությունից հետաքրքրվեցինք՝ հարկային դաշտ մտե՞լ են, թե՞ ոչ: Ի զարմանս մեզ՝ հարկայինում էլ են գրանցված ու շահույթից վճարում են որոշակի մասնաբաժին: Այլ՝ ավելի դժվար հարց է, թե հարկային մարմիններում նրանց եկամտի աղբյուրն ի՞նչ ձեւակերպում ունի. ռեֆերատների ու կուրսայինների վաճա՞ռք…

Սկսնակ լրագրող Արուս Տիգրանյանն իր բլոգում որոշեց անդրադառնալ այս խնդրին՝ իմանալով, որ ընկերուհին ռեֆերատ է գնել: Մեզ հետ զրույցում Արուսն ասաց, որ խնդիրը շատ է մտահոգում իրեն: Տարբեր մարդկանց հետ է զրուցել. եզրահանգումը մեկն է. ուսանողների այս քայլերի վրա աչք են փակում հենց իրենք՝ դասախոսները: Մեզ հաջողվեց զրուցել ԵՊՀ մագիստրատուրայում սովորող տղաներից մեկի հետ, որը խոստովանեց, թե ժամանակին որպես գործընկեր ինքն էլ է շփում ունեցել նման մարդկանց ու գրասենյակների հետ. պատվերներ է ստացել «օֆիսից» ու գրել իրարից լրիվ հեռու մասնագիտություններին ու առարկաներին առնչվող կուրսային աշխատանքներ, ռեֆերատներ: Երկու տարի համագործակցել է, գրել մոտ 50 աշխատանք: Յուրաքանչյուրի համար ստացել է 2000-2500 դրամ: Ուսանողը պարզաբանում է.  «Աշխատանքը չեմ փնտրել. պատահաբար է ստացվել: Մի օր բարեկամս զանգեց (հենց իրենն էր գրասենյակը) ու հարցրեց, թե կարո՞ղ եմ օգնել: Պարզվեց՝ իրենց աշխատողը չէր հասցրել գրել ռեֆերատը, իսկ ուսանողներին խաբել նրանց գրասենյակը չէր կարող: Ես էլ համաձայնեցի օգնել ու էդպես սկսեցի գրել»: Այս պատմության մեջ ամենադրական կետն այն էր, որ նա հասկացել էր իր արարքի բացասական հետեւանքներն ու ընդհատել էր համագործակցությունը:

Փորձեցինք զանգահարել տարբեր հայտարարություններում նշված հեռախոսահամարներով ու զրույցի բռնվել: Մի դեպքում զրուցակիցս երիտասարդ աղջիկ էր: Ասաց, որ աշխատանքների որակը երաշխավորվում է, որովհետեւ այսքան տարիների ընթացքում «որեւէ բողոք չի եղել»: «Ես ու քույրիկս ենք գրում: Մեկ էջի արժեքը 200 դրամ է: Որակին կասկածել պետք չէ, որովհետեւ նույնիսկ դիսերտացիաներ ենք գրում ու վաճառում»,- հպարտությամբ հավելեց «վաճառականը»՝ չիմանալով, որ զրուցում է լրագրողի հետ: Տեսեք, թե ուր հասանք՝ ռեֆերատ, կուրսային, դիպլոմային ու… դիսերտացիա:

Երեւի հոդվածի սկզբում ընթերցողներից ոմանք այնքան էլ համամիտ չէին, որ գործ ունենք վտանգավոր ծառայության հետ, բայց այս խոստովանությունը լույս է սփռում ամեն ինչի վրա. գիտելիքը ոչ մի արժեք չունի: Չէ, ավելի ճիշտ՝ ունի. ինչպես աղջիկը տեղեկացրեց՝ դիսերտացիայի մեկ էջը՝ 900-1000 դրամ: Այսպես են ծնվում վաղվա գիտնականներն ու դասախոսները, որոնք վաղը պետք է աչք փակեն գնված կուրսայինների ու ավելի մեծ ստերի վրա: Այսպես մենք մեզ քանդում ենք ներսից…

ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ

www.eter.am

# 42 (1063)
16.10.14

ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼԸ` ԴԺՎԱՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Աշակերտներից շատերը երազում են դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնականում երկու պատճառով՝ մասնագիտություն ձեռք բերելու եւ ուսանողական կյանքով ապրելու համար: Առնվազն չորս տարի սովորում են, սակայն բուհն ավարտելուց հետո կանգնում են մասնագիտությամբ աշխատանք գտնելու դժվարության, երբեմն՝ անհնարինության առաջ: Հայաստանում մինչեւ 30 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը շուրջ 19 տոկոս է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ պատճառը նաեւ աշխատաշուկայի պահանջարկի եւ առաջարկվող աշխատուժի անհամամասնությունն է: Երիտասարդները հաճախ մասնագիտություն ընտրում են մոդայի թելադրանքով: Այդ սկզբունքով յուրաքանչյուր տարի պետական եւ ոչ պետական համալսարանները հարյուրավոր իրավաբաններ, տնտեսագետներ եւ դիվանագետներ են ավարտում: Այնինչ աշխատատեղերը սահմանափակ են: Career Builder գործակալությունը եւ Economic Modelling Specialists International վերլուծական ընկերությունը, հետեւելով աշխատանքի համաշխարհային շուկայում նկատվող միտումներին, կազմել են 2013 թվականի առավել բարձր վարձատրվող եւ առավել պահանջված մասնագիտությունների վարկանիշային աղյուսակը: Այն ունի այս տեսքը.

1. Ծրագրավորող
2. Մարկետոլոգ
3. Մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրերի մշակման մասնագետ
4. Ֆինանսական վերլուծաբան
5. Ֆիզիոթերապեւտ
6. Վեբ-ծրագրավորող
7. Լոգիստիկայի մասնագետ
8. Տվյալների բազայի մասնագետ
9. Միջոցառումների կազմակերպիչ
10. Թարգմանիչ

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի ունեցած տվյալներով՝ 2013-14 թվականներին ամենից շատ պահանջվել են էլեկտրոնիկա եւ այլ սարքավորումներ վերանորոգող մասնագետներ, սննդի տեխնոլոգներ, սննդի անվտանգության մասնագետներ, դեղագործներ, տրանսպորտային լոգիստիկայի մասնագետներ, վարորդներ: Շինարարական ոլորտի մասնագետներից՝ ծեփագործներ, պատշարներ: Մեծ պահանջարկ են ունեցել նաեւ տպագրիչները, տպարանում աշխատող այլ մասնագետներ, մենեջմենթի ոլորտում՝ կառավարիչները, միջազգային իրավունքին տիրապետող իրավագետները եւ իրավաբանները, տնտեսագետ-վերլուծաբանները: Աշխատատեղեր կան նաեւ տեղեկատվական տեխնոլոգյաների մասնագետների համար:

Վեհանուշ Տոնոյանը 21 տարեկան է, մասնագիտությամբ՝ բանասեր:  «Պահանջում են կամ աշխատանքային փորձ, կամ կլորիկ գումար՝ աշխատանք տալու համար»,- վրդովված նշում է Վեհանուշը: Չի զղջում, որ ընտրել է բանասերի մասնագիտությունը: Ասում է, որ երբեք չի մտածել ժամանակակից եւ եկամտաբեր համարվող մասնագիտություն ստանալու մասին: Իր՝ գործազուրկ լինելու պատճառը համարում է այն, որ ավարտողների եւ առկա աշխատատեղերի քանակները չեն համապատասխանում: «Անհասկանալի է, թե ինչու են ամեն տարի տվյալ ֆակուլտետ ընդունում 150 դիմորդ, երբ նրանցից միայն 50-ն է կարողանալու ավարտելուց հետո իր մասնագիտությամբ աշխատանք գտնել»: Ասում է, որ փորձել է գտնել մասնագիտությամբ աշխատանք, սակայն չի հաջողվել:

23-ամյա Անահիտն էլ մասնագիտությամբ քաղաքագետ է: Մագիստրոսի աստիճան ունի՝ «Տարածշրջանային քաղաքականություն» մասնագիտացմամբ: Նա վստահ է, որ լավ մասնագետ դառնում են կուտակած գիտելիքների, ձեռք բերած փորձի շնորհիվ: Աշխատանքային փորձի բացակայության պատճառով իրեն դեռ լավ մասնագետ չի համարում: Անահիտը պատմում է, որ իրեն ու իր միջազգայնագետ կամ քաղաքագետ ընկերներից շատերին առաջարկում են լրատվական կայքերում աշխատել որպես լրագրող կամ քաղաքական մեկնաբան, սակայն նման աշխատանքն իր սրտով չէ: «Իրականում ո՛չ լավ լրագրող ես դառնում, ո՛չ էլ քեզ դրսեւորում ես որպես քաղաքագետ»,- նեղսրտում է Անահիտը: Նրա կարծիքով՝ լավ կլիներ, եթե ձեւավորվեր մի համակարգ, որը երիտասարդներին թույլ կտար կողմնորոշվել՝ ինչ մասնագիտություն ընտրել հետագայում աշխատանք գտնելու համար:
ՙ
Ավելացնենք, որ երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակը խնդրահարույց է ոչ միայն Հայաստանում, այլեւ շատ երկրներում: ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության հրապարակած «Զբաղվածության համաշխարհային միտումները 2014-ին» զեկույցի համաձայն՝ 2013-ին 15-24 տարեկանների շրջանում աշխատանք չի ունեցել 74,5 մլն մարդ, ինչը 1 միլիոնով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը: Սրանից, սակայն, մեր հոգսը չի թեթեւանում:

ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

31 июл. 2014 г.

                                                                                                                                                 
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               
 www.eter.am
# 31 (1055)
31.07.2014

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ. ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Երեւանի, Վանաձորի եւ Արցախի բուհերի միջեւ մայիս ամսին անցկացված Ունիվերսիադայի երգի մրցույթ-փառատոնում առաջին տեղը գրավեց ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Ավդալյանը /https://www.youtube.com/user/Gayane610/: 
Երիտասարդ երաժիշտն ու լրագրողուհին բացահայտում է իր հաջողությունների բանաձեւը:

-Ունիվերսիադան ինձ համար միջբուհական ակտիվ կյանքի զարգացման, շփման եւ առողջ մրցակցության հնարավորություններով լի մրցույթ էր: ԵՊՀ ուսխորհրդի մշակույթի հանձնաժողովի ընկերներս առանց ինձ տեղյակ պահելու անունս գրանցել էին մասնակիցների ցուցակում: Երբ իմացա այդ մասին, անակնկալի եկա: Ինձ համար մեծ պատասխանատվություն էր: Մրցույթի նախորդ օրը ոչ մի կերպ չէի կողմնորոշվում, թե ինչ եմ երգելու: Ի վերջո որոշեցի սիրածս հայրենասիրական երգերը միավորել 5 րոպեում. կատարեցի «Ախպերս ու ես», «Կարմիր կակաչները», «Սարերի քամի», «Պատանի զինվորը» երգերը: Կյանքիս լավագույն պահերից էր, երբ ինձ, որպես հաղթողի, շնորհավորեց մաեստրո Երվանդ Երզնկյանը: Միշտ ասում եմ, որ մրցել չեմ սիրում, բայց այնպես է ստացվում, որ հաճախ եմ մասնակցում նման մրցույթների:

-Որքան գիտեմ, նաեւ հաճախ հաղթում ես: Հաղթանակներիցդ ո՞րն ես ամենաշատը կարեւորում:

-Իմ առաջին հաղթանակներն ու հաջողությունները սկսվել են «Արեւիկ» անսամբլի մրցանակաբաշխություններից, Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի միջոցառումներից, Ռուս-հայկական բարեկամությունը խորհրդանշող «Բարեկամության կամուրջ» մրցույթից: Այդ մրցույթներն ու միջոցառումներն հարստացրին բեմական փորձս, պարգեւեցին հաճելի հուշեր: Հատկապես «Շանթի» հեղինակավոր երկու նախագծերը՝ «X ֆակտորն» ու «Հայ սուպերսթարը», իմ կյանքում շրջադարձային եղան. սկսեցին ճանաչել: 15 տարեկանում գրեցի առաջին երգս:  «Երգող համալսարանական» մրցույթում հաղթանակ տարա իմ հեղինակային երգով: Այսօր արդեն 7 երգի հեղինակ եմ, որոնք հաճախ կատարում եմ տարբեր բեմերից: Իսկ ամենակարեւոր հաղթանակն ինձ համար այն ջերմ խոսքերն են, որ ստանում եմ նամակների կամ կենդանի շփման միջոցով: Դա հաղթանակ է հատկապես երիտասարդ արվեստագետի համար:

-Երաժիշտ լինելով՝ սովորում ես ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Որքանո՞վ է հաջողվում համատեղել լրագրությունն ու երաժշտությունը:

-Յոթ տարեկանից աշխատում էի «Հայրենիք» հեռուստաընկերությունում, բայց հաղորդավար դառնալու մտադրություն չունեի: Հետո որոշեցի ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Շատերն են այս երկու մասնագիտությունները համարում անհամատեղելի, բայց հիմա հասկանում եմ, որ եթե մարդ սիրում է այն, ինչով ապրում է, էական չէ՝ ուրիշները դա համատեղելի են համարում, թե ոչ: Գայանեն ուրիշ է, երբ երգում է, եւ լրիվ ուրիշ, երբ հարցազրույց է վարում կամ ռեպորտաժ գրում: Դեռ չեմ փորձել որեւէ միջոցառման ժամանակ հանդես գալ ե՛ւ որպես լրագրող, ե՛ւ որպես երաժիշտ: Գուցե հաջորդ անգամ փորձեմ լուսաբանել այն համերգը, որի ընթացքում երգելու եմ:

-Եթե չլինեին լրագրությունն ու երաժշտությունը, ինչո՞վ կզբաղվեիր:

-Տարբեր տարիների տարբեր բաների մասին եմ մտածել. երազել եմ բալետի պարուհի լինել, աշխատել ծաղկի խանութում, սակայն հավանական է, որ նկարչուհի կդառնայի՝ վրձինը մազերիս մեջ խրած, պատուհանից ներս լցվող քամու դիմաց նկարելիս:

-Հետաքրքիր է՝ երբ առաջին անգամ կիթառը վերցրիր ձեռքդ, պատկերացնո՞ւմ էիր, որ միասին այսքան հաջողությունների կհասնեք:

-Լավ ասացիր՝ միասին, որովհետեւ կիթառս ինձ համար գործիք չէ, մարդ է, իմ տարբեր տրամադրությունների ընկերը: Առաջին անգամ, երբ կիթառ նվեր ստացա, արցունքները խեղդում էին կոկորդս: Մոտ քսան րոպե լուռ գրկել էի կիթառս: Երբ ուզում եմ հանգստանալ, վերցնում եմ ու նվագում, երգում: Սկզբնական շջանում ես միայն մտերիմներիս եւ ինձ համար էի երգում: Իսկ այսօր արդեն ունեմ իմ ունկնդիրները, առայժմ համացանցի միջոցով: «Շանթի» մրցույթներից ինձ ճանաչելով՝ մարդկանց մի խումբ որոշեց բացել իմ ֆան ակումբը ֆեյսբուքում: Եթե անկեղծ ասեմ, օտարոտի այդ բառը չեմ սիրում: Էջին հետեւողների հետ սիրով շփվում եմ, բայց նրանց անվանում եմ արվեստասերներ. այդպես ավելի հեշտ է:

-Ո՞ր ժանրի երաժշտությունն է քեզ ավելի հոգեհարազատ:

-Ինձ համար տարօրինակ է բազմաշերտ արվեստը մեկ կամ երկու ժանրի մեջ տեղավորելը: Սիրում եմ այն երաժշտությունը, որից ոգեշնչված կարողանում եմ ստեղծագործել:

-Առաջիկա ի՞նչ անելիքներ եւ նվիրական երազանքներ ունես: 

-Առաջին ու ամենամեծ երազանքս գիրքս տպագրելն ու հեղինակային երեկո կազմակերպելն է: Ցանկությունս մեծ է, որ երգերս ճանաչվեն ու սիրվեն: Պատրաստվում եմ հեղինակային հաղորդում սկսել օնլայն հարթակում, իմ գրած երգի հիման վրա տեսահոլովակ պիտի նկարահանվի: Այս ամենից զատ որոշել եմ մյուս տարի երաժշտական գործիքներիս շարքը համալրել. դաշնամուրին եւ կիթառին կավելանա ջութակը: Ինձ թվում է՝ այս ամենի իրականացման համար «մեծ ցանկություն եւ աշխատասիրություն» բանաձեւն է պետք:

ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ



28 янв. 2014 г.

www.eter.am

28.01.2014

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ



Հրամանատար Նժդեհը իր «Խուստուփյան լեռներ» գրառումների շարքում անդրադառնալով լեռնական երկրապահներին` գրում է.«Իջի'ր, իջի'ր լեռներից,- դավադրաբար կանչում է թշնամին: Իջի'ր,- միամիտ արձագանքում են մեր լեռները: Սակայն, հայ մարդ, մի մոռանար` մնալ լեռներում, սարերի վրա: Հայեր, չիջնել լեռներից` նշանակում է չճանաչել անկոչ եկողների իշխանությունը ու սանձահարված պահել նրանց»: Որքան արդիական են զորավարի խոսքերը: Լեռներից իջնել, դիրք չպահել, նշանակում է թողնել մեր երկրի դարպասները, բացել դռները թշնամու առաջ: Իսկ որքան, որքան է փորձել ու փորձում մեր հակառակորդը մեզ վար իջեցնել մեր լեռներից, մեր դիրքերից, որքան, որքան է գերվել ու կաշառվել արտաքին աշխարհը, միջազգային հանրություն կոչվածը մեր հակառակորդի կեղծ բարեկրթությունից ու արձագանքել նրա դավադիր կոչերին: Այսօր էլ այդ արձագանքը տարբեր հնչեղություններով գայթակղիչ է թվում մեզնից շատերի ունկերին: Ո ՞ վ է ասում, թե բանակային ծառայությունը խաղ ու պար է, ո՞ վ է ասում, թե հաճելի է ուսումը կիսատ թողնելը, քաղաքացիական կյանքի հաճույքներին հրաժեշտ տալն ու երկու տարի մարտական հենակետերում լինելը, ո՞ վ է ասել, թե հայրենասիրությունը խրամատում է միայն: Ի՞ նչ պակաս հայրենասեր է, ասենք, օլիմպիական չեմպիոնը, որի պատվին ծածանվում է իր երկրի դրոշը, հնչում է օրհներգը: Կամ այն գիտնականը, որի գյուտի շնորհիվ աշխարհը ճանաչում ու փառաբանում է նրան, նաեւ այն երկիրն ու ժողովրդին, որ ծնունդ են տվել նրան: Բայց եւ ի չիք են դառնում այդ ամենը, երբ պատերազմի ամենակործան հեղեղը սրբում, տանում է ամեն ինչ: Ուստի անվիճելի է, որ ամեն ինչից առաջ, ապրելով այս երկրամասում, մենք պարտադրված ենք մնալ լեռներում, սերնդեսերունդ փոխարինել մեր լեռնական նախնիներին, կուլ չգնալ ու չխաբվել կեղծ քարոզներին, չգայթակղվել կյանքի այսօրվա լավ օրով: Պատմությունը բազմիցս է ապացուցել, որ խաղաղությունը լոկ կարճատեւ դադարն է պատերազմի, իսկ կյանքը հարատեւ կռիվ է: Զինկոմիսարիատի բակում իրար են խառնվում հույզերն ու զգացողությունները: Եվս մի գրկախառնություն, ու անվանականչով զինակոչիկները տեղավորվում են դեպի կենտրոնական հավաքակայան ուղեւորվող ավտոբուսում: Իսկ արդեն հավաքակայանում նրանք վիճակահանության միջոցով կընտրեն մեր երկրի այն հատվածը, որտեղ կանցնի նրանց երկու տարվա զինվորական ժամկետային ծառայությունը: Լսում են իրենց անունն  ու ավտոբուս բարձրանում, շատերը գուցե չեն էլ գիտակցում, որ այս անվանականչը դարերից մեզ հասած մարտակոչն է: Հակառակորդի հետ մեր պատերազմն ավարտված չէ, ուստի նրանցից յուրաքանչյուրը մարտիկ է, մի մասնիկը մեր` մարմին առած այն նվիրական գաղափարի, որ կոչվում է հայոց բանակ: Կանցնեն ամիսներ, մեկ, երկու տարի, ու նրանք տուն կդառնան այն համոզմունքով, որ մեր լեռներն են մեր ուժը ու մեր երկիրը շղթայած լեռնագագաթներին պարիսպ դարձած խրամատները` մեր զինվորներով ամրացած: Կհասկանան, անշուշտ, որ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է արտասանել` «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: Իսկ զինվորական ծառայությունը շարունակվում է ամեն օր, ամեն ժամ ու ամեն ակնթարթ: Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի նախօրեին մենք հանդիպեցինք մեր բանակի հարավարեւելյան սահմանները պահող զորամասերից մեկի ժամկետային զինծառայողների հետ:

-Ես Հարությունն եմ: Մասնագիտությամբ երաժիշտ եմ` ջութակահար: Ավարտել եմ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Ծառայությունս ավարտելուց հետո ուսումս կշարունակեմ մագիստրատուրայում: Այս տարի զորամասի նվագախմբում համալրում ունեցանք` Համլետը: Միասին սկսեցինք նվագել: Բավականին լավ է ստացվում Բախի երկրորդ կոնցերտը` գրված ջութակի համար:


-Ես Համլետն եմ: Ավարտել եմ Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը:
Սովորում եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Մի քանի ամիս է, ինչ ծառայում եմ հայոց բանակում, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Ինչպես յուրաքանչյուր զինվոր, այնպես էլ ես կուզեի, որ պատերազմ չլիներ: Պատերազմն ու խաղաղությունը միմյանց շարունակող մի հարատեւ սիմֆոնիայի են նման: Զորամասի գրադարանում ազատ ժամերին Նժդեհ եմ կարդում: Զորավարը գրում է, թե խաղաղությունը պատերազմի կարճատեւ դադարն է լոկ: Իսկ այդ դադարը մեզ տրվում է նոր մարտահրավերներին պատրաստվելու համար: Եվ մենք պատրաստ ենք ամեն գնով պահել մեր երկիրը: Կարծում եմ` մեր բանակը դա բազմիցս ապացուցել է եւ ապացուցում է:

-Ես Տիգրանն եմ: Սովորում եմ Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: Չորրորդ կուրսի ուսանող եմ: Ծառայությունից հետո կշարունակեմ ուսումս: Ինձ համար խաղաղությունը արեւի, ցորենի արտերի, նորածին մանկան ոսկե մազերի գույնն ունի: Սահմանային զորամասում ծառայող զինվորը, սահմանամերձ գյուղում ապրող քաղաքացին, անշուշտ, շատ ավելի լավ գիտեն, թե ինչ է խաղաղությունը: Հավատացեք` ավելի լավ բան, քան խաղաղությունն է, աշխարհում գոյություն չունի: Ես երբեք չէի ցանկանա կռվի դաշտում ընկեր կորցնել: Մեր ավագ սպայակազմի մեջ մարտական ուղի անցած զինծառայողներ կան, երբեմն խոսում են, պատմում պատերազմի մասին: Մենք միանշանակ պատրաստ ենք հակառակորդի ցանկացած ոտնձգությանը արժանի պատասխան տալուն, բայց պատերազմի մասին ոչ մեկս, հաստատ, չի երազում:

-Ես Հայկն եմ: Ծառայության գալուց առաջ սովորել եմ Կ.Սարաջեւի անվան երաժշտական դպրոցում: Այստեղ զորամասում նոր նախասիրություն եմ ձեռք բերել: Մեր ակումբի ծաղիկներն եմ խնամում, ծառերին հետեւում: Մի ծառ ունեմ` երջանկության, հաջողության ծառ են կոչում: Ես այդ ծառը նմանեցնում եմ մեր զորամասին: Այն մի տեսակ ընտանիքի խորհուրդ ունի: Ես ուզում եմ, որ մեր զորամասի այս մեծ ընտանիքում միշտ խաղաղություն ու հաջողություն լինի, որ մենք էլ խաղաղ ծառայենք ու բարով տուն վերադառնանք:

-Ես Մանվելն եմ, սովորել եմ Երեւանի Վ.Բրույսովի անվան լեզվաբանական ինստիտուտում: Դեռ մանկության տարիներից ինձ դուր է եկել, որ մարդ կարողանում է կիթառ նվագել, բայց սովորելու հարմար առիթ չէր ընձեռվել: Երբ նոր էի ծառայությունս սկսել, հետախուզական վաշտում մի ընկեր ունեի` Գուրգենը, արդեն զորացրվել է: Գուրգենը կիթառ էր նվագում, խնդրեցի, ինձ էլ սովորեցրեց: Բանակից տուն եմ վերադառնալու շատ-շատ բաներ, այդ թվում նաեւ կիթառ նվագել սովորած: Մեր զորամասը մարտական հերթապահություն իրականացնող զորամաս է: Իմ ընկերներից շատերն այս պահին մարտական հենակետերում են: Ես ուզում եմ շնորհավորել նրանց մեր բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ: Թող միշտ խաղաղ լինի հայոց երկիրը:

Ն.Հ.



17 июн. 2013 г.

www.eter.am
ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ՄԵԶՆԻՑ ՀԵՏՈ ԹԵԿՈՒԶ ՋՐՀԵՂԵՂ

Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր: «Ամեն ինչ ունենք, բայց ոչինչ չունենք» . սա իսկ եւ իսկ մեր մասին է ասված: Մեր բուհերը իրավաբանների, տնտեսագետների ու միջազգայնագետների իսկական «դարբնոց» են, բայց մեր երկրում օրենսդրական դաշտն անկայուն է, տնտեսությունն օր օրի անկում է ապրում (թեպետ վիճակագրական տվյալներն այլ բան են ասում), դիվանագիտության մասին էլ գերադասում եմ լռել: Ինչ խոսք, երիտասարդ բնապահպան ակտիվիստները վերջին շրջանում արդյունավետ գործունեություն են ծավալում, բայց լավ կլիներ, որ հայրենի բնաշխարհը` բուսական ու կենդանական աշխարհը պահպանելու նպատակով նրանք միայնակ չմնային իրենց պայքարում, պետական այրերի մտահոգությունը չդրսեւորվեր միայն տոնական օրերին: Բնապահպաններն ապացուցեցին, որ Խոսրովի արգելոցում ապօրինի որս է կատարվում, փրկեցին Մաշտոցի պուրակը, Թեղուտի ու Թռչկանի համար պայքարը շարունակվում է: Սա շատ լավ է, դանդաղ, բայց մեր երկրում նույնպես ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն: Հիմա վերադառնամ Բնապահպանի օրվան:
Ժամանակներ առաջ Երեւանի փողոցներում տեղադրվեցին հատուկ աղբամաններ` տեսակավորված աղբի համար: Չգիտեմ` գուցե հերթական դրամաշնորհի կամ գրանտային ծրագրի մի մասն էր դա: Փող աշխատեցինք, բայց գործ չարեցինք: Իսկ երեւանցին այդպես էլ չսովորեց, որ անգամ աղբը, որն այսօր բնության համար մեկ թշնամին է, կարելի է օգտագործել ի շահ տնտեսության: Մենք, ինչ խոսք, ուտել-խմել սիրող ազգ ենք, բայց արի ու տես, որ երբ շատ ենք խմում, երբեմն վատ բնազդներ են առաջանում. ինչքան չորս բոլորը կեղտոտ ու թափթփված է լինում, մեզ դուր է գալիս: Կարեւոր չէ` բնության գրկում է, թե պատմամշակութային հուշարձանի տարածքում, ավերում ենք, թափում ու հեռանում, իսկ հետո շատ լուրջ ամբիոններից ամպագոռգոռ արտահայտություններ ենք անում բնապահպանության մասին: Քիչ խոսել ու աշխատել մենք այդպես էլ չսովորեցինք: Մենք չսովորեցինք, որ աղբը ոչ թե գետն է պետք լցնել, այլ գոնե այրել: Վերջերս Իջեւան քաղաքում էի: Ապշել էի, երբ երեկոյան քամին պոլիէթիլենե պարկերը կամ, ինչպես ժողովուրդն է ասում` ցելոֆանները, օդ էր բարձրացրել: Տպավորիչ էր, բայց` տգեղ: Զարմացել էի, երբ Մակարավանքի տարածքում գարեջրի ու օղու շշերի մի հսկա բլուր նկատեցի, տարածքը հսկողից էլ հետաքրքրվեցի` գուցե շշերի ընդունման կե՞ տ է բացել, մի լավ ծիծաղեց ու ասաց. «Դե էս ենք, էլի, ի՞ նչ ասեմ» : Ինչ վերաբերում է Աղստեւին` խեղճը որ լեզու ունենար, ինչե¯ր կպատմեր: Անդրադառնամ նաեւ Գորիս քաղաքին. նախորդ տարի կենտրոնն ինձ դուր եկավ` բարեկարգել էին, բայց դե մենք հո սովոր ենք մեր քթից այն կողմ ոչինչ չնկատել: Քաղաքի արվարձաններն ուղղակի աղբանոց էին հիշեցնում, այնտեղ, որտեղ ճանապարհն ավարտվում էր ու սար ու ձորն էր սկսվում, արդեն իրենց տիրույթը չէր, դե անտառի գազաններն էլ Բնապահպանի օր չունեն երեւի, որ ցույցեր անեն ու բողոքեն գորիսեցիներից: Սյունիքի մարզից չհեռանալով` նշեմ, որ ավելի ճոխ տեսարաններ նկատեցի Սիսիան քաղաքում: Այս ամենի մեջ մի լուսավոր կետ կա` Արցախը: Չնայած պատերազմի տարիներից հետո չսպիացած վերքերին, ավերված շինություններին ու ճանապարհներին, հատկապես Ստեփանակերտը ապշեցնում է իր մաքրությամբ: Դե Հայաստանը Երեւանով չի սահմանափակվում եւ հատկապես փոքր կենտրոնով, մեր երկիրը մեր բակով ու մեր շքամուտքով չի ավարտվում, իսկ մենք դեռ այդպես ենք մտածում. մեզնից հետո` թեկուզ ջրհեղեղ, մեր աչքից հեռու` թեկուզ աղբ ու ցեխ:

Ռ.Հ.

www.eter.am

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ԿԱՐԻՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ԷԼ ՈՒՆԻ


Օրեր առաջ Էջմիածնի Սբ.Գայանե եկեղեցում պատարագի ժամանակ Սուրբ սեղանի մոտ նկատեցի Տեր Կարապետ քահանային: Տեր Կարապետը նախկինում ծառայում էր Երեւանի Սբ.Սարգիս Զորավար եկեղեցում: Նա ծնողներիս պսակադրող քահանան է եղել,
մեր տանը տնօրհնեքի բազմաթիվ ծիսակատարություններ է կատարել: Քահանայի նրա համեստ կերպարն իմ հոգում տպավորվել է դեռ մանկության տարիներից: Տեր Կարապետի այցերը համեմված էին աստվածաշնչյան տարբեր պատմություններով ու խրատներով, որոնք ես ու եղբայրս միշտ մեծ ոգեւորությամբ էինք ունկնդրում: Մի քանի տարի Տեր Կարապետին չէի հանդիպել, եւ Սբ.Գայանե եկեղեցում նրան տեսնելը մեծ անակնկալ էր: Մոտեցա, զրուցեցինք, ու պատարագից հետո եկեղեցու բակում նստած մտածում էի` ինչքան կարեւոր է, որ հոգեւոր հովիվը սիրված, հարգված լինի ժողովրդի կողմից: Ցավոք, միշտ էլ եղել են եւ այսօր էլ մեր միջավայրում կան հոգեւորականներ, որոնք հեռու են մնում ժողովրդից, որոնց մարդիկ չեն վստահում, քահանան չի ճանաչում իր հոտի անդամներին, ժողովուրդը` իր հոգեւոր հովվին: Այնինչ, իմ կարծիքով, քահանան պիտի օգնի ու նպաստի, որ ժողովուրդը գա եկեղեցի, այնտեղ գտնի հույս ու մխիթարություն:
Սուրբ գիրք չենք կարդում կամ քիչ ենք կարդում, շատերիս համար պատարագի արարողակարգը ձանձրալի է, եւ այս ամենը, կարծում եմ, բավական մտահոգիչ է: Կենցաղային հոգսն այսօր այնքան առաջնային է, որ շատերս անգամ եկեղեցի գնալու ժամանակ չենք գտնում: Վերջին տարիներին ստեղծված եկեղեցական էլեկտրոնային կայքերը փոքրիշատե օգնում են այս բացը լրացնել: Բայց եկեղեցի գնալու հետ, կարծում եմ, կհամաձայնեք, ոչինչ չի համեմատվի: Հատկապես մեզ պես փոքր ազգերի համար կրոնը, հավատը ազգապահպան, միավորիչ նշանակություն ունի: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ վերջին տարիներին մատուռներ ու աղոթատեղիներ են կառուցվել զինված ուժերի մարտական հենակետերում, զորամասերում հոգեւոր ծառայողներ կան: Բանակում նրանց ներկայությունը չափազանց կարեւոր է:
Մեծագույն ցավ եմ ապրում, երբ մամուլում կամ առօրյա խոսակցությունների ժամանակ քննարկվում են այս կամ այն հոգեւորականի վարքին առնչվող տգեղ միջադեպեր: Եթե անգամ դրանք մասամբ են համապատասխանում իրականությանը, միեւնույն է, անում են իրենց գործը, պատճառ են դառնում, որ խզվի եկեղեցի-հասարակություն կապը: Իսկ երբ այդ կապը թուլանում է, իրենց գործն են սկսում անել զանազան աղանդները:
Մենք Էլ, անշուշտ, շատ հարցերում թերանում ենք, կամա-ակամա խախտում ընդունված կարգը: Շատ կանայք ու աղջիկներ եկեղեցի մտնելիս գլխաշոր չեն կրում, մոռանում են համեստ հագնվելու մասին: Ոմանք եկեղեցում կարող են հանգիստ ծամոն ծամել: Ինքս եմ մասնակցել պսակադրության մի արարողության, երբ քահանան ստիպված էր հրաժարվել պսակն օրհնելուց, քանի որ հարսնացուի զգեստը, մեղմ ասած, այնքան էլ համեստ չէր: Հարսնացուն ստիպված էր քողով ծածկվել: Նկատել եմ, որ եկեղեցական մեծ տոներից բացի մյուս դեպքերում պատարագին մասնակցում են հիմնականում ծերերը կամ միջին տարիքի մարդիկ, երիտասարդների հազվադեպ կարելի է հանդիպել: Բայց որքա¯ն երիտասարդներ են ներգրավված աղանդավորական տարբեր հոսանքներում: Մի առիթով թերթում էի աղանդավորական քարոզի համար նախատեսված բրոշյուրները: Դրանք այնքա¯ն գրավիչ են, գունեղ: Իսկ մեր շատ քաղաքացիներ դժգոհում են, որ պատարագիչների քարոզն անհասկանալի է:
Մեր եկեղեցիներում, ցավոք, նստելատեղերի պակաս է նկատվում: Շատերը, առողջական եւ այլ խնդիրներից ելնելով, չեն կարող երկար ոտքի վրա կանգնած մնալ, ուստի դժվարանում են մինչեւ վերջ մասնակցել պատարագին:
Հանգամանքների բերումով շատ եմ շրջագայում, եղել եմ մեր հանրապետության գրեթե բոլոր մարզերում: Գյուղական շատ վայրերում հոգեւորականների պակաս կա, մինչդեռ նրանց կարիքը հասարակությունը միշտ էլ ունի: Բազմաթիվ գյուղերում, անտառների մեջ պահպանվել են կիսախոնարհված եկեղեցիներ, որոնք հնարավոր է բարեկարգել, քահանա նշանակել, պատարագ մատուցել, նշել եկեղեցական տոները: Շատ գյուղերում մարդիկ իրենց ուժերով նորոգում են մատուռներն ու եկեղեցիները կամ նոր սրբատեղիներ են կառուցում, բայց այնտեղ հազվադեպ են արարողություններ կատարվում: Մտածում եմ` իսկ գուցե մեր երիտասարդ հոգեւորականնե՞ րը չեն համաձայնում հեռավոր գյուղերում ծառայել...


Ն.Հ.

13 июн. 2013 г.

www.eter.am

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

«ԻՍԿ ԴՈՒՔ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԳՆԱ՞ Ք…» 

Հերթական աշխատանքային այցով Դիլիջանում էի: Քաղաքն օր օրի գեղեցկանում, ճոխանում է: Համաշխարհային բանկի գլխամասն են կառուցում, աշխատակիցների համար` ձեղնահարկերով ծառայողական շենքեր (պահպանվում է Դիլիջանի ճարտարապետական դիմագիծը), մայթեզրի քարերն են փոխում, քաղաքը ծաղկապատվում է: Երբ վերջերս Սիսիանում էի, բնակիչներից բողոքներ լսեցի, թե հանրապետության բոլոր խոշոր քաղաքները բարեկարգում են, իսկ Սիսիանը ուշադրության չի արժանանում: «Ծաղկաձորը դարձրին զբոսաշրջության գոտի, Գորիսը Տաթեւի վանքի շնորհիվ միշտ ուշադրության կենտրոնում է, Ջերմուկը դեռ խորհրդային տարիներից առողջարանային կենտրոն էր, բա մենք ի ՞  նչ ասենք, միշտ անտեսված ենք»,- դժգոհում էին սիսիանցիները: Իսկ դիլիջանցիները գո՞ հ են, որ իրենց քաղաքը բարեկարգվում է: Ցավալի, բայց անհերքելի իրողություն է. դիլիջանցուն սեփական քաղաքի տեսքն ամենաքիչն է հետաքրքրում: «Բալիկ ջան, երբ մարդիկ հացի խնդիր ունեն, մեկ է` կքանդե՞ ն, թե՞  կսարքեն»,- ասաց դիլիջանցի Սամվել պապը: Նրա խոսքերն ինձ ցավ պատճառեցին, բայց մտածեցի նաեւ, թե կատարվող գեղեցիկ փոփոխությունները տեսնելուն մի քիչ խանգարում է Սամվել պապի տարիքը: Շարունակեցի զրուցել մայրաքաղաքից հեռու ապրող մարդկանց հետ, լսել նրանց խոսք ու զրույցը: Հետո ընկերներով սկսեցինք քննարկել, ու որքան մեր զրույցը ծավալվում էր, այնքան դժվար էր դառնում հասկանալ` ո՞ վ է սխալը, ո՞ վ է մեղավորը: Երբ հեռու այդ ամենից` քո տաքուկ բնակարանում մուրաբայով թեյ ես վայելում ու դրսից նայում կարկուտի փոքրիկ հատիկներին, նրանք լոկ չարաճճի էակներ են թվում, որ նետվում են պատուհանիդ ու քեզ խաղի հրավիրում: Այդ փոքրիկ հատիկները զվարճացնում են քեզ, բայց դրանք աղետ են գյուղացու համար, այն գյուղացու, որի մշակած բերքն ես վայելում ամռանը, որի տնկած ծառերի ստվերում արձակուրդին հանգիստդ ես անցկացնում: Միշտ էլ հեշտ է հեռվից դատելը, քննադատելը, մեղավորներ գտնելը, բայց տեղում պատկերը լիովին փոխվում է: Դիլիջանի կենտրոնում մռայլ ու դժնադեմ մի լիճ կա: Դիլիջանում լինելու դեպքում, սովորույթի համաձայն, երեկոյան այս լճի մոտ ենք հավաքվում ու զրուցում: Դիլիջանցիներն էլ այս տեղը սիրում են, հատկապես ամռան ամիսներին այստեղ բավական աշխույժ է: Հիմա էլ լճի մոտ ենք ու աղմկելով խոսում ենք, քննադատում ղեկավարներին ու ժողովրդին, դժգոհում ենք թանկությունից, անարդարությունից, արտագաղթից… Ու հարեւան նստարանից մի տարեց մարդ, հայացքը լճի` քամուց տատանվող մակերեւույթից չշեղելով, ասես ինքն իր հետ խոսելով, արձագանքում է. «Ամեն առավոտ եկեք տեսեք քանի ավտոբուս է անցնում այստեղով, մարդիկ գնում են, գլխապատառ փախչում են, իրենք էլ չգիտեն` ուր, բայց գնում են, փախչում են իրենք իրենցից: Պապս Իգդիրում մեծ տուն է ունեցել, պարտեզներ, խաղողի այգիներ, շներ, ձիեր, ամեն ինչ վաճառել է, տան դուռը կողպել ու գաղթել է Հայաստան, ջարդից է փախել: Հիմա էլ հարեւանս, բարեկամս, եղբայրս են դուռը կողպում ու բռնում գաղթի ճամփան, փախչում են… Ես չեմ գնալու, ես մնալու եմ, մնալու եմ, որ վերջում տեսնեմ` ի՞ նչ է լինում, ներսից տեսնեմ»: Տարեց զրուցակիցս մինչեւ վերջ էլ չներկայացավ. «Աշոտ, Պողոս, Արամ… ի՞ նչ նշանակություն ունի, քույրիկ, հայ եմ ու վերջ: Գիտես` հենց քո տարիքին կլիներ քույրս քսան տարի առաջ: Թողեցի մենակ ու անտեր, մի գիշեր թաքուն ճամփա ընկա դեպի Երեւան: Կյանքի զարկերակը Երեւանում էր, բայց ոչ նրա համար, որ մայրաքաղաքն էր, այլ` որ այնտեղ էր որոշվում ազգի ճակատագիրը: Էլ չէի դիմանում. ազգիս ճակատագիրն էր որոշվում: Հայրս ու մայրս երկրաշարժի փլատակների տակ մնացին: Լենինականից եկանք Դիլիջան, բայց կյանքը շատ էր ցավացրել, հանգիստ ապրել չկարողացանք: Վերջը գնացի Երեւան: Ազատության հրապարակում կարգին տղերքի հանդիպեցի, ընկերացանք: Մեծ մասը պոլիտեխնիկի, համալսարանի ուսանողներ էին, համոզեցին, փաստաթղթերս դասավորեցինք, համալսարան ընդունվեցի: Է¯, բալիկս, էն տարիներին էսօրվա պես չէր, էսօր շատացել են իրենք իրենց համար կեղծ արժեքներ հորինած ջահելները: Գալիս են ընտրություններից առաջ, մեր աչքերին նայելով առանց ամաչելու ի¯նչ ճառեր են ասում, մեզ հայրենիք սիրել, ապրել են սովորեցնում… Հետո՞ …»
Ազդված լսում եմ զրուցակցիս, տղաները մոտակա խանութ են շտապում ու վերադառնում են գարեջրի շշերով: Առանց ավելորդ խոսքերի առաջին շիշը մեկնում են նրան: Գուցե հուզմունքը մեղմվի, բայց զսպված զայրույթից աչքերը կարմրում են, դողացող մատները հպում է քրտնած ճակատին: «Թաթուլին գիտես` Կրպեյան Թաթուլին, մորուքով, սեւ-սեւ պսպղացող աչքերով…»,- ասում է ու գլխիս շարժումով դրական պատասխան ստանալուց հետո շարունակում է,- Թաթուլն ախպերս էր, մի կուրսից էինք: Ի¯նչ երազանքներ ուներ, ինչ հույսեր: Երես չունեմ, որ եղբորս գերեզմանին գնամ: Երբեմն մտածում եմ` երանի ես էլ Գետաշենում մնայի… Քույրիկ ջան, մենք կուսակցություն չունեինք, մեր կուսակցությունները մեր ջոկատներն էին, պատերազմը իմաստավորեց մեր ուսանողական տարիները: Մենք ջահել էինք, բայց ապացուցեցինք, որ մենք ենք մեր երկրի տերը, մենք ոգի ունեինք, պայքարել գիտեինք, թասիբ ունեինք, տղամարդ էինք, գլուխներս ջուր չէր, հասկանում էինք` ինչ է կատարվում: Իսկ էսօր, էսօր էս ինչ է կատարվում: Էսօր, քույրիկ, ո՞ վ պատերազմ կգնա: Բանակ չեն ուզում գնալ, էլ ուր մնաց պատերազմ: Լավ տղերք կան, բան չեմ ասում, բայց դուք, տղերք, շատերը չեն գնա, չեն կռվի, չեն դիմանա, որովհետեւ ձեզ սխալ են դաստիարակել: Առաջին պատահած ավտոբուսով կփախչեք. պայքարել չեք ուզում, փոխել չեք ուզում, դիմանալ չգիտեք: Գարեջրի համար շնորհակալ եմ, տղերք, պատերազմի տարիներին սա մեծ հաճույք էր… Անիծվի պատերազմը»: Տղամարդը արդեն դատարկ շշի մեջ ինչ-որ անհասկանալի մեղեդի փչելով դանդաղ հեռացավ` չուզենալով լսել մեր առարկությունը: Իսկ մենք դեռ երկար խոսում ու վիճում էինք: Լռելուց հետո էլ ամեն մեկիս ներսում վեճն ու կռիվը շարունակվում էր: Ինչպե՞ ս անենք, որ այս կռվում տանուլ չտանք…

Շ.Հ.

12 июн. 2013 г.

www.eter.am

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ


ԲԱՆԱԿԸ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է

Փեսացուս ազգային բանակի սպա է, հորեղբայրս ծառայել է հայոց բանակում դեռ Արցախյան պատերազմի տարիներին: Երկուսի հետ էլ առիթի դեպքում զրուցում եմ բանակային տարբեր թեմաների շուրջ: Երկու տարբեր սերունդների ներկայացուցիչներ, երկու տարբեր հայացքներ բանակի մասին: Տա Աստված, որ Հայոց աշխարհը մշտապես խաղաղ լինի, եւ բոլոր զինվորականները` ժամկետային զինվորից մինչեւ գեներալ, խաղաղ պայմաններում կատարեն իրենց պարտավորություններն ու մասնագիտական պարտքը: Սակայն վերջերս տեղի ունեցած իրադարձությունները մեծ ցավ են պատճառում եւ խորհելու տեղիք տալիս: Աններելի է խաղաղ պայմաններում այսքան զոհ տալը, բայց չի կարելի պնդել, որ դա միայն բանակի մեղքն է: Մենք չենք ուզում հասկանալ, որ յուրաքանչյուր զինվորի, սպայի կյանքի համար մենք ազգովի ենք պատասխանատու: Ի՞  նչ արժեքներով ու ի՞  նչ ոգով ենք մենք դաստիարակում մեր երեխաներին: Ի՞  նչ է տեսնում ապագա զինակոչիկը հեռուստաէկրանին` էժանագին հայկական սերիալներ, որտեղ այնքան հեշտ է սպանելը: Այսօր դպրոցում ուսուցիչը աշակերտի վրա ձայն բարձրացնելու, նրան նախատելու կամ դիտողություն անելու իրավունք չունի. դա համարվում է երեխայի իրավունքների ոտնահարում: Այդ երեխան, որը եւ դպրոցում, եւ տանը անում է այն, ինչ ուզում է, բնական է համարում, որ պիտի ստանա սրտի ուզածը, բնական է, որ բանակի խիստ կանոնակարգին չի դիմանալու եւ անընդհատ տարաձայնություններ է ունենալու թե ծառայակիցների, թե սպայակազմի հետ: Շատ ընտանիքներում ընդունված է տղա երեխային մանուկ հասակից հայհոյանքներ սովորեցնելը եւ, որ զարմանալի է, դրանով հպարտանալը: Մարդիկ չեն գիտակցում, որ ընդամենը մի հայհոյանքը հետո մի քանի կյանք է արժենալու: Մենք չենք հասկանում, որ երբ դեռ մանուկ հասակից մենք ինքներս մեզ համար ինքնահաստատվելու ոլորտներ չենք փնտրում, երբ մենք մեզ չենք բացահայտում, երբ մեզ համար աշխարհը մինչեւ պատանեկություն միագույն է, այս ամենը զանազան բարդույթներ է առաջացնելու, որոնք հետո խանգարելու են որոշակի միջավայրին հարմարվել, խանգարելու են բանակում եւ առհասարակ ամբողջ կյանքում մարդկային շփումներ հաստատելիս: Ես այնքան կուզենայի, որ մենք հոգատար լինեինք մեկս մյուսի հանդեպ, սովորեինք ժպտալ միմյանց, սիրել, օգնել, սովորեինք միասին կառուցել մեր հասարակությունն ու մեր երկիրը, որն այնքան ժամանակ մերը չի լինի, որքան մենք նրան օտարի պես կվերաբերվենք, քանի դեռ չենք հասկանա, որ մեր բանակը մեր ազգային հպարտությունն է, քանի դեռ անտարբեր կլինենք միմյանց, ի վերջո` մեր երկրի նկատմամբ: Մենք երբեմն չափազանց հանդուրժող ենք մանր թվացող կարեւոր խնդիրների հանդեպ, որոնք հետո մեծագույն պատուհաս են դառնում ու թունավորում մեր կյանքը: Մենք երբեմն միայն պահանջում ենք ու ոչինչ չենք տալիս: Հիշո՞  ւմ եք Փոքրիկ իշխանին. նա ամեն օր մաքրում էր իր մոլորակը բաոբաբի ծիլերից, մաքրում էր բոլոր հրաբուխները եւ անգամ չգործող հրաբուխը…

ՆԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

www.eter.am

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ


ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ` ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


Վերջերս մայիսյան հաղթանակների կապակցությամբ մի միջոցառման էի մասնակցում: Երբ հնչեց ազգային բանակի հիմնը` հանդիսականներից ոչ մեկը ոտքի չկանգնեց: Մենք դժգոհությամբ ենք մի քանի րոպե հոտնկայս դիմանում նույնիսկ այն ժամանակ, երբ հնչում է մեր պետական օրհներգը: Նկատել եմ` ոչ բոլոր քաղաքական գործիչներն են երգում մեր օրհներգը, այնինչ դա, անկասկած, վերաբերմունք է ձեւավորում: Երբ հեռուստատեսությամբ ֆուտբոլային խաղեր եմ նայում, զարմանում եմ, թե ինչպես ազգային հավաքականների բոլոր անդամները ոգեւորված երգում են իրենց հիմնը, իսկ մեր տղանե՞ րը... Մի՞ թե դժվար է երկու քառատող սովորելը: Տատս մի լավ խոսք ունի, ասում է. «Խաչին տերն է զորավոր դարձնում» : Ոմանք գուցե իմ կարծիքը ծայրահեղ համարեն, բայց ես համոզված եմ. արժեքները, որոնք մենք այսօր հրաժարվում ենք ընդունել, աստիճանաբար օտարանալու են: Հարեւան Թուրքիայում, անկախ ազգային պատկանելությունից, յուրաքանչյուր երեխա ամեն առավոտ դպրոցում, մանկապարտեզում, երիտասարդները` բուհերում, կրկնում են. «Երջանիկ է նա, ով թուրք է»: Իսկ մենք երջանի՞ կ ենք, որ մենք հայ ենք: Գուցե մեկն ասի. «Ի՞ նչ մի երջանկություն է հայ լինելը»: Մեկն էլ գուցե կրկնի «Երկիրը երկիր չի» արդեն սովորական դարձած արտահայտությունը... Բայց չէ՞  որ վատից վատն էլ է լինում, իսկ մեր երկիրը սա է: Այդպես չե՞ նք դատում նաեւ այն դեպքում, երբ մեր ազգի պատմությունը չենք ուսումնասիրում ու չենք ուզում ճանաչել ինքներս մեզ: Հարեւան Ադրբեջանում հսկայածավալ ֆոնդեր են հատկացվում պատմությունը կեղծելու, հորինված ադրբեջանամետ պատմություն ստեղծելու համար: Եվ այս ամենը միայն Ադրբեջանի մատաղ սերնդին պետականամետ հայացքներով դաստիարակելու, ալիեւյան պաշտամունք սերմանելու համար: Իսկ մենք, մենք անգամ իրական պատմությունն ենք զլանում հավուր պատշաճի ներկայացնել մեր սերունդներին: Մենք մեր պատմությունը նոր սերնդին ներկայացնելը ոչ թե պետք է սոսկ դպրոցական ծրագրի մաս համարենք, այլեւ նպատակ, կարեւորագույն խնդիր: Մենք հաղթանակած բանակի զինվորներն ենք, մենք հաղթանակի ու անկախության սերունդն ենք, բայց չենք գիտակցում դրա արժեքը, մեզ պարտավորված ու պատասխանատու չենք զգում: Մենք հաղթական ոգով չենք ապրում, մեր հպարտությունն ինչ-որ տեղ թերի է: Ցավոք, այսօրվա աշակերտը դպրոցն ավարտում է` առանց իմանալու, թե որտեղ է գտնվում Արցախը, ինչ պատմամշակութային վայրեր ու կոթողներ կան այնտեղ, ինչ է իրենից ներկայացնում հայ-ադրբեջանական հակամարտությունը, չեն ճանաչում մեր հերոսներին: Իսկ Ադրբեջանում այսօր մեծանում է մի սերունդ, որը դեռ օրորոցից հստակ ճանաչում է իր թշնամուն եւ գիտի հանուն ինչ նպատակի ու գաղափարի է ապրում: Գուցե, իրոք, ադրբեջանական բանակը պարտվեց, որովհետեւ չէր հավատում իր հաղթանակին, որովհետեւ հոգու խորքում նրանք գիտեին, որ արդար չէ իրենց պահանջը, բայց այսօրվա սերունդը վաղվա պատերազմում այդպես չի մտածելու, նա այսօր այլ կերպ, այլ գաղափարներով է դաստիարակվում: Մենք ծաղրով ու քննադատությամբ ենք վերաբերվում այն երեւույթին, որ Թուրքիայում յուրաքանչյուր շինության, այդ թվում հայկական հուշարձանների վրա թուրքական դրոշն է ծածանվում: Մենք ամերիկյան դրոշով հագուստ ենք կրում ու չենք հասկանում, թե իրականում ինչ ենք անում: Ամերիկան իր դրոշի գույները, աստղերը նորաձեւության մեջ կիրառելով` կարողացավ հասնել նրան, որ տարածեց իր մշակույթն ամբողջ աշխարհով մեկ: Վերջերս շատ է խոսվում ազգային գաղափարախոսության հայեցակարգի մասին, տարբեր գիտաժողովներ են կազմակերպվում: Ծիծաղելի է, մի ժողովուրդ, որ աշխարհի հնագույն ժողովուրդների շարքին է դասվում, չունի անգամ ազգային գաղափարախոսություն: Իսկ այդ մասին խոսելն էլ վերածվել է ժամանակակից երեւալու պես մի բանի: Մենք պետք է ճանաչենք մեր ազգը, սիրենք մեր հայրենիքը, սրտացավ պիտի լինենք միմյանց նկատմամբ, ապրենք մեկս մյուսի հոգս ու ցավով եւ, որ ամենակարեւորն է, պետք է սովորենք ազգի մասին խոսելիս օտարի նման, կողմնակի դիտորդի պես սառնասրտորեն չքննադատել, այլ մտածենք ինչ-որ բան շտկելու, արատավոր երեւույթները կանխելու ու վերացնելու մասին:

ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ