www.eter.am
# 42 (1063)
16.10.14
ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼԸ` ԴԺՎԱՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Աշակերտներից շատերը երազում են դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնականում երկու պատճառով՝ մասնագիտություն ձեռք բերելու եւ ուսանողական կյանքով ապրելու համար: Առնվազն չորս տարի սովորում են, սակայն բուհն ավարտելուց հետո կանգնում են մասնագիտությամբ աշխատանք գտնելու դժվարության, երբեմն՝ անհնարինության առաջ: Հայաստանում մինչեւ 30 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը շուրջ 19 տոկոս է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ պատճառը նաեւ աշխատաշուկայի պահանջարկի եւ առաջարկվող աշխատուժի անհամամասնությունն է: Երիտասարդները հաճախ մասնագիտություն ընտրում են մոդայի թելադրանքով: Այդ սկզբունքով յուրաքանչյուր տարի պետական եւ ոչ պետական համալսարանները հարյուրավոր իրավաբաններ, տնտեսագետներ եւ դիվանագետներ են ավարտում: Այնինչ աշխատատեղերը սահմանափակ են: Career Builder գործակալությունը եւ Economic Modelling Specialists International վերլուծական ընկերությունը, հետեւելով աշխատանքի համաշխարհային շուկայում նկատվող միտումներին, կազմել են 2013 թվականի առավել բարձր վարձատրվող եւ առավել պահանջված մասնագիտությունների վարկանիշային աղյուսակը: Այն ունի այս տեսքը.
1. Ծրագրավորող
2. Մարկետոլոգ
3. Մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրերի մշակման մասնագետ
4. Ֆինանսական վերլուծաբան
5. Ֆիզիոթերապեւտ
6. Վեբ-ծրագրավորող
7. Լոգիստիկայի մասնագետ
8. Տվյալների բազայի մասնագետ
9. Միջոցառումների կազմակերպիչ
10. Թարգմանիչ
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի ունեցած տվյալներով՝ 2013-14 թվականներին ամենից շատ պահանջվել են էլեկտրոնիկա եւ այլ սարքավորումներ վերանորոգող մասնագետներ, սննդի տեխնոլոգներ, սննդի անվտանգության մասնագետներ, դեղագործներ, տրանսպորտային լոգիստիկայի մասնագետներ, վարորդներ: Շինարարական ոլորտի մասնագետներից՝ ծեփագործներ, պատշարներ: Մեծ պահանջարկ են ունեցել նաեւ տպագրիչները, տպարանում աշխատող այլ մասնագետներ, մենեջմենթի ոլորտում՝ կառավարիչները, միջազգային իրավունքին տիրապետող իրավագետները եւ իրավաբանները, տնտեսագետ-վերլուծաբանները: Աշխատատեղեր կան նաեւ տեղեկատվական տեխնոլոգյաների մասնագետների համար:
Վեհանուշ Տոնոյանը 21 տարեկան է, մասնագիտությամբ՝ բանասեր: «Պահանջում են կամ աշխատանքային փորձ, կամ կլորիկ գումար՝ աշխատանք տալու համար»,- վրդովված նշում է Վեհանուշը: Չի զղջում, որ ընտրել է բանասերի մասնագիտությունը: Ասում է, որ երբեք չի մտածել ժամանակակից եւ եկամտաբեր համարվող մասնագիտություն ստանալու մասին: Իր՝ գործազուրկ լինելու պատճառը համարում է այն, որ ավարտողների եւ առկա աշխատատեղերի քանակները չեն համապատասխանում: «Անհասկանալի է, թե ինչու են ամեն տարի տվյալ ֆակուլտետ ընդունում 150 դիմորդ, երբ նրանցից միայն 50-ն է կարողանալու ավարտելուց հետո իր մասնագիտությամբ աշխատանք գտնել»: Ասում է, որ փորձել է գտնել մասնագիտությամբ աշխատանք, սակայն չի հաջողվել:

ՙ
Ավելացնենք, որ երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակը խնդրահարույց է ոչ միայն Հայաստանում, այլեւ շատ երկրներում: ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության հրապարակած «Զբաղվածության համաշխարհային միտումները 2014-ին» զեկույցի համաձայն՝ 2013-ին 15-24 տարեկանների շրջանում աշխատանք չի ունեցել 74,5 մլն մարդ, ինչը 1 միլիոնով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը: Սրանից, սակայն, մեր հոգսը չի թեթեւանում:
ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий