25 окт. 2011 г.

www.eter.am

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄԸ Հ-1-Ի «ԵՐԳ ԵՐԳՈՑՈՒՄ»

«Երգ երգոցի» հոկտեմբերի 23-ի կիրակնօրյա թողարկումը նվիրված էր մանկական երգին: Հնչեցին բազմաթիվ սիրված երգեր: Ամեն կատարումից առաջ նշվում էին և խոսքերի, և երաժշտության հեղինակները, որը շատ կարևոր է հատկապես երիտասարդ ունկնդիրների համար: Բայց որքան մեծ էր հիասթափությունը, երբ ծրագրում ընդգրկված ամենագեղեցիկ երգերից մեկը` Ռոբերտ Ամիրխանյանի «Ուրախ տրամադրությունը», որը շուրջ 40 տարվա պատմություն ունի,որիխոսքերի հեղինակն է Սուրեն Մուրադյանը, վերագրվեց Նանսեն Միքայելյանին: Ներկայացված մեկ այլ` «Աղավնի» երգի հեղինակն էլ ոչ թե Լյուդվիգ Դուրյանն է, ինպես որ հաղորդվեց, այլ` Սարմենը: Մինչև երբ հաղորդման հեղինակների անբարեխղճության, չստուգված, չճշտված տեքստերի պատճառով պետք է ոտնահարվեն հեղինակային իրավունքները:


:

14 сент. 2011 г.


ԶԱՐՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՀԱՅԼՈՒՐ»

Շատերիս մանկության հուշերում ապրում են «Մանկության մոլորակ» բարի ու լուսավոր մանկական հաղորդումը եւ նրա հաղորդավարուհին` Զարուհի Արզումանյանը: Սիրելի հաղորդաշարը վաղուց արդեն եթերում չէ, իսկ Զարուհին արդեն 5 տարի լրագրո
ղ է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայությունում: Նախորդ տարի «Հույսի կամուրջ» կազմակերպության «Արեւածաղիկ» ամենամյա լրագրողական մրցույթում նա արժանացավ «Լավագույն հեռուստանյութ» անվանակարգի 1-ին մրցանակին: Իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը Զարուհուն ճանաչեց 2010 թվականի լավագույն հեռուստալրագրող: Այժմ Զարուհին պատրաստվում է մեկնել Մեծ Բրիտանիա` ուսանելու: Իր անցած հեռուստատեսային ուղու, առաջիկա ծրագրերի, այսօրվա երիտասարդ լրագրողների մասնագիտական մոտեցումների մասին զրուցում ենք Զարուհի Արզումանյանի հետ:

-Զարուհի, ինչպիսի՞ն է հեռուստատեսությունը քո մանկության հուշերում:
-Իմ մանկությունը համընկավ մեր երկրի համար դժվարին տարիների հետ, երբ մեր կյանքում վառ գույներն այնքան էլ շատ չէին: Ես բոլոր այդ տարիներին ինձ հիշում եմ հեռուստատեսային տաղավարում. ամեն շաբաթ նկարահանումներ, գունագեղ զգեստներ, բազմաթիվ երեխաներ, պարախմբեր… Հովհարային անջատումները կարող էին խափանել նկարահանումները, տաղավարում ջերմաստիճանը հաճախ
0-ից ցածր էր, բայց հեռուստատեսության աշխատակիցներն այնպիսի ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ էին աշխատում, որ հրաշալի մթնոլորտ էր ստեղծվում: Ես միշտ ասում եմ, որ ունեցել եմ երկու դպրոց. մեկը` հանրակրթական` Լեւ Տոլստոյի անվան, մյուսը`հեռուստատեսային` Նորքի բարձունքում:

-Իսկ ինչպե՞ս հայտնվեց փոքրիկ աղջնակը հեռուստատեսային տաղավարում:
-Ինձ հեռուստատեսություն է տարել մայրս` Սյուզաննա Մուրադյանը, որը որպես ռեժիսոր աշխատում էր Հանրային հեռուստատեսությունում: Երբ ես ընդամենը չորս տարեկան էի, առաջին անգամ մասնակցեցի «Հեքիաթն է կանչում» հաղորդմանը եւ Նոնա մորաքրոջ հետ միասին հեքիաթ պատմեցի: Հետո արդեն այդ հաղորդման մշտական մասնակիցն էի: Ապա սկսեցի վարել «Կապույտ թռչուն» հաղորդումը, մասնակցել հեռուստաբեմադրությունների, այնուհետեւ մինչեւ բուհ ընդունվելը հինգ տարի «Մանկության մոլորակի» հաղորդավարն էի:

-Բուհ դիմելիս դու արդեն հեռուստատեսությունում աշխատելու զգալի փորձ ունեիր: Ինչո՞ւ ընտրեցիր հենց թատերագետի մասնագիտությունը:

-Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ միշտ իշխել է մշակութային մթնոլորտը: Մի պապիկս մանկագիր Սուրեն Մուրադյանն է, մյուսը` ռեժիսոր Կիմ Արզումանյանը` հայկական
հեռուստատեսության հիմնադիրներից մեկը: Երկու պապիկներս իմ մեջ սեր են ներարկել մշակույթի, գրականության, թատրոնի նկատմամբ: Այս ամենը նպաստեց, որ որոշեմ սովորել Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական բաժնում, զուգահեռաբար ուսանեցի նաեւ ռեժիսորական կուրսում: Երբ բուհն ավարտեցի ու ընդունվեցի ասպիրանտուրա`արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ, որոշեցի վերադառնալ հեռուստատեսություն:

-Մասնագիտությամբ թատերագետ ես, ունեիր հաղորդավարի փորձ, ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր աշխատել որպես
լրագրող:

-Քանի որ ուսման ընթացքում շատ էի գրում հոդվածներ, ռեցենզիաներ, որոշեցի «Հայլուր» գնալ`լուսաբանելու մշակութային կյանքը: «Հայլուր» այն ժամանակվա տնօրեն Հարություն Հարությունյանն ընթերցեց հոդվածներս եւ ինձ լրագրության ոլորտում դրսեւորվելու հնարավորություն տվեց: Սկսեցի ռեպորտաժներ պատրաստել, իսկ մեկ ամիս անց արդեն ընդունված էի աշխատանքի: Կարճ ժամանակ անց հետաքրքրություններս մշակութային ոլորտից ընդլայնվեցին մինչեւ սոցիալական, կրթական, քաղաքական ոլորտներ:

-Տեղյակ եմ, որ պատրաստվում ես մեկնել Անգլիա` մասնագիտական գիտելիքներդ խորացնելու:

-Այո, ես շահել եմ բրիտանական «Չիվնինգ» կրթաթոշակը եւ այժմ մեկ տարով մեկնելու եմ Մեծ Բրիտանիա` սովորելու Նյուքասլի համալսարանի միջազգային մուլտիմեդիական լրագրության բաժնի մագիստրատուրայում: Բրիտանական լրագրողական դպրոցը, որտեղ
փայլում է վերլուծական միտքը, համարում եմ աշխարհում առաջատարը: Ամբողջ ուսումնական գործընթացը հիմնված է լինելու բրիտանական լրատվական գործակալությունների, հեռուստաընկերությունների հետ համագործակցության վրա: Հասունացել էր պահը, երբ ես ցանկանում էի տեղափոխվել լրագրողական այլ մենթալիտետով, այլ մոտեցումներով ու պահանջներով ապրող միջավայր: Այդ «այլը» հենց բրիտանականն է: Իսկ «Հայլուր» հետ կապն այնտեղից անպայման կպահպանեմ:

-Առիթ ես ունեցել լինելու աշխարհի տարբեր երկրներում, շփվելու տարբեր
ազգությունների լրագրողների հետ, դրանից բացի` ներգրավված ես Եվրոպական հարեւանության երկրների լրագրողական ցանցում: Ի՞նչ ես կարծում, մեր լրագրությունն ի՞նչ կարող է վերցնել արտասահմանյանից:


-Ամենաէականն, ինչ ինձ դուր է գալիս իմ արեւմտյան գործընկերների գործունեության մեջ, այն է, որ նրանք բավականաչափ ազատ են, որ լուսաբանեն քաղաքականություն` մնալով չքաղաքականացված: Բրիտանական լրատվության մեջ երբեք չես տեսնի, որ լրագրողը տառապի ցուցամոլությամբ կամ ինքնասիրահարվածությամբ, իսկ հայկական իրականության մեջ լինում է, երբ ինչ-որ լրագրողի ռեպորտաժը դիտելուց հետո մտածում ես` տեսանյութը որեւէ հերոսի կամ խնդրի՞ մասին էր, թե՞ հենց իր` լրագրողի: Կցանկանայի նաեւ, որ մեր լրատվական դաշտը մայրենիի նկատմամբ ցուցաբերեր այն զգուշությունը, ինչ Արեւմուտքում է: Լրագրողի հնչեցրած տեքստը պետք է զերծ լինի լեզվական սխալներից, իսկ հայ հեռուստալրագրողների հատկապես երիտասարդ սերնդի շրջանում լեզվի իմացությունը, ցավոք, փայլուն չէ:

-Լրագրողի մասնագիտությունն ազդե՞լ է բնավորությանդ վրա:

-Այո, ավելի հանդուրժող ու համբերատար եմ դարձել: Լինում են դեպքեր, երբ ռեպորտաժիդ հերոսը կտրականապես հրաժարվում է հարցազրույց տալ, իսկ խմբագրություն վերադառնալ առանց այդ հարցազրույցի պարզապես չես կարող: Ահա այստեղ է, որ գործի դնելով հոգեբանական ազդեցության բոլոր լծակներդ, մասնագիտական հմտություններդ` ի վերջո ստանում ես քեզ անհրաժեշտ նյութը: Իսկ իմ բնավորությունից մասնագիտական կյանք է «եկել» իմ բծախնդրությունը: Ես մաքսիմալիստ եմ ամեն հարցում, ինձ համար էականը արդյունքն է, ինչին հասնելու համար ես պատրաստ եմ աշխատել շատ ու անտրտունջ:

-Մեկնելուց առաջ, երբ հետադարձ հայացք ես գցում «Հայլուրում» աշխատած տարիներին, ի՞նչն ես համարում ամենաէականը, որ քեզ տվել է աշխատանքդ:

-Աշխատանքս ինձ շատ բան է տվել. միայն այն, որ ես հնարավորություն եմ ունեցել հին• տարվա ընթացքում ծանոթանալ, հարցազրույց վարել համաշխարհային մշակույթի բազմաթիվ գործիչների հետ, ինձ համար արդեն անգնահատելի է: «Հայլուրի» շնորհիվ իրականացավ իմ ամենամեծ երազանքներից մեկը. երբ անցյալ տարի Հայաստան ժամանեց սերբ կինոռեժիսոր էմիր Կուստուրիցան, ինձ հանձնարարվեց նրա այցի մասին նկարահանել հեռուստաֆիլմ, իսկ դա նշանակում էր երեք օր շարունակ առավոտից երեկո ուղեկցել Կուստուրիցայի խմբին, ունենալ բացառիկ հարցազրույցներ նրա հետ… Դրանք երեք անմոռանալի օրեր էին, որոնք ինձ ստիպեցին հավատալ` կինոռեժիսորն իրավացի է` կյանքն, իրոք, հրաշք է:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Լուսանկարում կինոռեժիսոր էմիր Կուստուրիցայի հետ

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Վերջ… Այս ամառն էլ ավարտվեց: Ոմանք հասցրին վայելել իրենց արձակուրդը, ոմանք էլ, ինչպես ամեն տարի, բավարարվեցին ուղղակի տանը առավոտից երեկո քնելով: Բայց ինձ այլ բան է մտահոգում:
Հետզհետե ավելի ու ավելի մեծ թվով օտարերկրացիներ են հետաքրքրությոն հանդես բերում բազմահազարամյա պատմություն ունեցող մեր ժողովրդի, Հայաստանի ու մեր պատմամշակութային ժառանգության հանդեպ: Չմտածեք, թե ուրախ չեմ: Ճիշտ հակառակը. համոզված եմ, որ զբոսաշրջությունը այն բնագավառն է, որ մեծապես կարող է նպաստել Հայաստանի տնտեսական վերելքին: Ու կարծես թե բոլորն էլ ինչ-որ քայլեր անում են զբոսաշրջության զարգացման ուղղությամբ. աշխարհի ամենաերկար ճոպանուղին կառուցեցինք, ամեն օր անասելի արագությամբ մայրաքաղաքի տարբեր մասերում բարձրանում եմ եվրոպական չափանիշներին համապատասխան հյուրանոցներ, կազմակերպում ենք միջազգային ընդգրկում ունեցող տարբեր փառատոներ, միջոցառումներ ու հավաքներ («Ոսկե ծիրան», «Արի տուն», «Համահայկական խաղեր»…): Սակայն արի ու տես, որ մեր այս ջանքերն այնքան էլ մեծ արդյունք չեն տալիս. Հայաստան հիմնականում գալիս են սփյուռքահայերը: Նրանցից շատերն էլ հետ են գնում հիմնականում հիասթափված: Չեմ ասում, թե նրանք չեն հիանում կամ նրանց չեն հետաքրքրում մեր տեսարժան վայրերը, գեղատեսիլ բնությունը, բայց այլ խնդիրներ կան, որոնց առկայության դեպքում պատմական հուշարձանների ու բնաշխարհի թողած ցնցող տպավորությունը քիչ է: Նախ` տաքսու վարորդների միանգամից հարստանալ ցանկանալու ձգտումը: Հա, դեմ չեմ, վերջին ժամանակներում վառելիքի գնաճ նկատվում է, բայց չեմ կարծում, որ դա այնքան մեծ է, որ, ասենք, ուղեւորին Հանրապետության հրապարակից Ազատության հրապարակ տեղափոխելու համար 1500- 3000 դրամ գումար պահանջելն արդարացի լինի: Սոցիալական ցանցերից մեկում վերջերս նույնիսկ ստեղծվել էր «Դեմ ենք, որ տաքսու վարորդները սփյուռքահայերին կթեն» խումբը, որի անդամներից ոմանք փորձում էին քննադատել, ոմանք էլ արդարացնել այդպիսի վարորդներին…
Տաքսու վարորդներից հետ չեն ուզում մնալ հիմնականում փոքր (հատկապես մայրուղիների վրա, հուշարձանների մերձակայքում գործող) մթերային խանութների ու կրպակների վաճառողները: 0,5-լիտրանոց սովորական ջուրը 500-1000 դրամով են վաճառում, ուզում ես` ուզի, չես ուզում`ծարավից տառապի…
Հիասթափության պատճառներից մեկն էլ մայրաքաղաքից մարզեր տանող երթուղային ավտոբուսների սակավությունն ու երբեմն անմխիթար վիճակն է: Չէ՞ որ տուրիզմի շատ սիրահարներ նախընտրում են չօգտվել տուրիստական գործակալությունների առաջարկած ծառայություններից. այդկերպ եւ գումար են խնայում, եւ ավելի շատ բան տեսնում, եւ առավել մոտիկից են ճանաչում երկիրն ու ժողովրդին:
Հապա հասարակական զուգարանների բացակայությունը: Երեւանի մասին չեմ խոսում:Մայրաքաղաքից դուրս, ճիշտ է, բոլոր ավտոճանապարհային գազալցակայաններն ունեն զուգարաններ, սակայն եթե հաշվի առնենք, որ այդպիսի կայաններ տեսարժան վայրերի ճանապարհներին գտնելը գրեթե անհնար է… Ուստի շատերն են հաճախ ստիպված լինում դիմել հին ու չեմ ուզում ասել բարի մեթոդին: Լավ է` գոնե, կարծեք թե, բոլոր պատմամշակութային հուշարձանների մերձակայքում հասարակական զուգարաններ կան, այդուհանդերձ, այս հարցը դեռ մնում է չլուծված:
Աղբը: Հայաստան եկած ցանկացած զբոսաշրջիկի դեմքին կարող ես տեսնել, ասենք, ամենուր թափթփված պլաստիկ շշերի տեսքից դժգոհ արտահայտություն:
Անշուշտ, խնդիրներն ակնհայտ են, սակայն լինենք լավատես ու հուսանք, որ մոտ ժամանակներում ամեն ինչ կլուծվի, ու Հայաստանով ճամփորդելը բոլորին միայն հաճույք կպատճառի:

ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

26 авг. 2011 г.

#33 (899) 18.08.2011

ԽՆՁՈՐԵՍԿ. ՀՆԻ ՈՒ ՆՈՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

«Զարմանահրաշ մի աշխարհ է Զանգեզուրը: Այս հովիտներից մինչեւ բարձրագահ Կապուտջիղ ու Իշխանասար, մինչեւ Մռավ, մինչեւ Սեւ լիճ ու Քարվաճառի ալպյան սարալանջերը Նահապետ
Հայկի սերունդների կալվածքներնեն եղել, հայ խաշնարածների արոտատեղերը:
Այստեղ հայ քաջազունները գոյակռիվներ են մղել այլակրոն ու ավարառու ցեղերի
դեմ: Սրեր են բախվել մթին այս ձորերում, երկնամերձ այս լեռներում»,- այսպես է բնորոշում հայրենի ոստանը խնձորեսկցի արձակագիր Արկադի Ծատուրյանը:
Գորիսը Սյունյաց աշխարհի անառիկ ամրոցներից մեկն է: Այստեղ էին Լեռնահայաստանի պաշտպանության օրերին ժամանակավոր բնակություն հաստատել Անդրանիկ զորավարն ու Գարեգին Նժդեհը: Գորիսի Վ.Վաղարշյանի անվան թատրոնի շենքի հարեւանությամբ գտնվող փողոցին է նայում այն պատշգամբը, որտեղից նրանք ոգեղեն ելույթներ էին ունենում գորիսեցիների առաջ` կռվի կոչում սյունյաց քաջերին:
(Ի դեպ, վերջերս թատրոնի շենքում բեմադրությունների եւ հանդիսությունների նոր դահլիճ է բացվել, որն այսուհետ կրելու է մեր նորօրյա քաջերից մեկի` ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անունը):
Բարձրագահ սարերի երկիր Զանգեզուրը, իր ստորոտները կորցնելով, սեղմվել է իր ժայռերին, կառչել քարերին, բերդեր ու ամրություններ կառուցել, պղնձակուռ այրերը տուն դարձրել: Պատմում են, որ մինչեւ 1970-ականները այս ժայռափոր կացարաններում դեռ մարդիկ էին ապրում:Գորիսից ոչ հեռու մեզ քաջածանոթ պատմական Խնձորեսկն է:
Այստեղ հազարամյակներ
առաջ մարդը, քար ու ժայռի հետ կռիվ տալով, բնակավայր էր հիմնել: Հեռավոր ձորի պռնկին մինչեւ այսօր էլ, թեեւ ավերակ, վեր են խոյանում Մխիթար սպարապետի ու Դավիթ Բեկի բերդերը: Այս ձորերում են հանգչում Սպարապետի ու մելիք Բարխուդարի աճյունները: Խնձորեսկցիք պատմում են, որ Մխիթար Սպարապետին սպանել են գյուղի գերեզմանատան քարերի հետեւում թաքնված դավադիրները, երբ նա ձի հեծած իր շքախմբով Ձագեձոր էր գնում: Սերո Խանզադյանն իր «Հայրենապատում» գրքում գրում է, որ իրեն հասած պաշտոնական թղթերի համաձայն`Խնձորեսկում ծխական երկդասյա արական դպրոցը հիմնվել է 1840 թվականին «Անապատ» կոչվող կիսավեր վանքի բակում, որը սակայն շուտով, ցարական արքունիքի հրամանով, փակվել է, հետո կրկին վերաբացվել:
Խնձորեսկում մինչեւ այսօր էլ նախապատմական տոհմանուններ կան, որ սերտորեն առնչվում են տոհմի տոտեմի հետ` Արջանց, Մոկնանց, Թութականց, Կլազանց, Թոխսանց, Մաքունց… Այս ձորերում հանգչող պատմությունն է, հին-հին քաջերի ոգին, որ խնձորեսկցուն արթուն է պահում: Սամվել Մաքունցը հիշում է, որ Արցախյան շարժման տարիներին իրենց պապերն ու տատերը հուշում էին, որ Հին Խնձորեսկի քարայրերում զենքեր կան թաղված, որ պահ էին տվել այրերին խորհրդային իշխանության հաստատումից առաջ: Գնում ու գտնում էին մոսին, ատրճանակներ, սրեր: Խնձորեսկցիք միշտ էլ պատրաստ են եղել պաշտպանելու իրենց գյուղը:
Խնձորեսկցի հնաբնակ Յուրիկ Թունյանը հիշում է. «Երբ ասկյարներն արդեն իրենց ճանկն էին առել Ղարաբաղն ու Նախիջեւանը, սկսեցին քիչ-քիչ մոտենալ նաեւ Զանգեզուրին: Բայց Նժդեհի Զանգեզուրը այս անգամ դուրս մնաց ազերիների սարդոստայնից: Ու Ղարաբաղի սահմանի վրա դրվեց լաչինյան չափարը, որ հայը հայից հեռու լինի: Խնձորեսկը սահմանամերձ գյուղ էր, եւ բնական էշ` պետք է առաջիններից մեկը ենթարկվեր նրանց ոտնձգություններին»:
Թշնամին տարբեր կրակակետերից միաժամանակ գնդակոծում էր Կոռնիձոր, Տեղ եւ Խնձորեսկ գյուղերը: Ադրբեջանցիները չորս կողմից աքցանի մեջ առան Արցախն ու Սյունիքը, որ թուրքացնեն: Չհաջողվեց: Եվ պիտի չհաջողվեր, ուրիշ ժամանակներ էին վրա հասել: Սամվել Մաքունցը պատմում է, որ գյուղի երիտասարդներից Սանասար Բեգլարյանի գլխավորությամբ մի ջոկատ կազմվեց, որը գյուղի մյուս բնակիչների օգնությամբ միասին սկսեց պաշտպանել գյուղը:
Լալազարի կամրջից վեր Այնախուլի ձորն է: Խնձորեսկ ու Հարթաշեն գյուղերին պատկանող այս ձորը, որ հայտնի է նռան ու խաղողի այգիներով, սահման է ազերիների ու հայոց միջեւ: Խնձորեսկի ու Հարթաշենի ջոկատների տղերքը միջոցներ էին փնտրում բնակիչների անվտանգությունն ապահովելու համար: Ջոկատների երկու հրամանատարները` Սանոն`Սանասար Բեգլարյանն ու Արարատը, պոստեր էին դրել համապատասխան տեղերում: Տղերքն ամուր կանգնել էին ազերիների դիմաց` Ջրիխառնուրդի եւ Այնախուլի սահմանին: Սանոյի կողքին էին Սեյրան Հայրյանը, Սուրիկ Նազարյանը, Գագիկ Խաչունցը, Սամսոն Բեգլարյանը, Աշոտ Փանդունցը եւ այլ քաջեր: Նրանք կռվեցին, որ շեն մնա Գուսան Աշոտի ու Ակսել Բակունցի հայրենիքը: Մինչեւ այսօր էլ գորիսեցիք ու խնձորեսկցիք իրենց տների օջախների վրա դեռ պահում են նախնիներից ժառանգված սաղավարտաձեւ ծխանցքածածկաքարերը` խորհրդանիշը այն բանի, որ հայի օջախը զինվորն է պահել ու պահում: Ծխանցքերը ծածկող այդպիսի մի քար տեսանք նաեւ Ակսել Բակունցի տուն-թանգարանում:
Բակունցն իր «Կյորես» վիպակի մեջ նկարագրում է, որ Գորիսը ընկույզի կեղեւի մեջ ամփոփված երկու տարբեր աշխարհներ է հիշեցնում: Ճիշտ այդպիսին են Խնձորեսկն ու Գորիսը նաեւ այսօր: Խնձորեսկի փոշոտ փողոցներով քայլելիս աչքից չեն վրիպում տնամերձ հողամասերի մի անկյունում ծվարած փայտաշեն զուգարանախցիկները: Մի պահ մտածում ես` խեղճ մարդիկ, այս քաղաքակիրթ աշխարհում դեռ այս զուգարաններից են օգտվում, բայց շտապել պետք չէ. մի փոքր առաջանում ես եւ տների կտուրներին լայնահաղորդ սկավառակներ ես նկատում, իսկ հետո կպարզվի, որ ներսի կահավորանքն էլ նորաոճ է, անգամ սանհանգույց կա, բայց մարդիկ շարունակում են, սովորույթի համաձայն, օգտվել փայտաշեն զուգարաններից: Այստեղ հինն ու նորը ապրում են կողք կողքի, գյուղական ավանդական կյանքը խաղաղ գոյակցում է նորագույն տեխնոլոգիաների հետ, նախրապանը արոտից անասունները տուն է բերում եւ երեկոյան բացում նոութբուքը ու բողոքում, որ «ինտերնետը դանդաղ է աշխատում»... Գյուղը զարգանում է: Գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը նշում է, որ վերջին տարիներին ժամանակին գյուղից հեռացած շատ շատերը վերադառնում են: Մեծ թափով շինարարություն է սկսվել: «Պատերազմի տարիներին ամբողջ գյուղը ռմբակոծության հետեւանքով ավերվել էր, հիմա, Փառք Աստծո, աստիճանաբար վերականգնում ենք դպրոցը, ակումբի շենքը եւ այլ հաստատություններ ու տներ»- ասում է գյուղապետը: Մարդիկ այստեղ անասնապահությամբ, պանրի ու թթի օղու արտադրությամբ են զբաղվում, մեղվաբուծությամբ եւ, առհասարակ, անում են ամեն ինչ հայրենի գյուղը շեն պահելու համար:
ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ
#33 (899) 18.08.2011

«10 ՀԱՏԸ` ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ»

Օգոստոսի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, կամ ինչպես ժողովուրդն է սովոր ասել` Խաղողօրհնեքը: Ավանդույթի համաձայն`Բարդուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր Տիրամոր հուղարկավորությունից, վերադառնալով Երուսաղեմ` ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չի լինում. Հիսուս, իր խոստման համաձայն, երկինք էր փոխադրել Մարիամին: Առաքյալները որպես մխիթարություն Բարդուղիմեոսին են տալիս փայտի վրա դրոշմած Տիրամոր պատկերը: Նախքան նրա մահը Հովհաննեսը մի տախտակ է տալիս Աստվածածնին եւ խնդրում, որ իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում ու դնում երեսին, այնուհետեւ թրջում է արցունքներով ու խնդրում Աստծուց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից եւ զանազան հիվանդություններից: Ըստ Մովսես Խորենացու` այդ տախտակը բերվում է Հայաստան եւ զետեղվում Անձեւացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, որտեղ հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի եւ կուսանոց է հիմնադրվում:
Ամեն տարվա պես այս տարի էլ խաղողօրհնեքին որոշեցի գնալ Նորքի բարձունքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի: Շատերն էին Նորք բարձրանում: Տրամադրությունն, ինչ խոսք, տոնական էր: Ճանապարհի մի հատվածում երթուղայինի վարորդն ասաց` Ժողովուրդ ջան, էս ա, սրանից էն կողմ ոտքով պիտի գնաք: Շատերը տխրեցին: Երթուղայինը կանգ առավ եկեղեցի շտապող մարդկանց բազմության, ավելի ճիշտ, շուկա հիշեցնող մի տարածության մեջ: Սկսեցինք քայլել արեւածաղկի կեղեւներով «օծված» փողոցով` «Լավ մատաղացու», «10 հատը` հարյուր դրամ», «Սիրուն սուվիներ, հիշատակ տարեք», «Թարմ պերաշկի» եւ այլ բացականչությունների ուղեկցությամբ: Մարդիկ կես ճանապարհից մոռանում էին` ուր եւ ինչի համար էին եկել: Ոմանք տոնի առիթով կերուխում էին սարքել հենց եկեղեցի տանող ճանապարհին: Եկեղեցու մոտակայքում հանդիպեցի մի խումբ ուխտավորների, որոնք իրենց մատաղացուն ձեռքներին այս ու այն կողմ ընկած քահանային էին փնտրում, ու նրանց հետեւից վազվզում էին մի խումբ անչափահասներ` որոշակի գումարի դիմաց աքլոր մորթելու իրենց պատրաստակամությունն ի ցույց դնելով. «Ծնված օրից մորթում եմ, մորքուր ջան, ընենց մորթեմ, որ…»: Ամենուր մուրացիկներ էին, որոնց այդ օրը բոլորն էլ սիրահոժար օգնում էին: Մոմավաճառից տեղեկացա, որ` էնտեղ մի տեղ` ծառերի տակ, քահանան խաղողօրհնեքի արարողություն է կատարում: Պայուսակիցս հանեցի օրհնելու տարած խաղողի ողկույզը ու շարժվեցի մատնանշված կողմը: Մեծ սեղանի շուրջը, որտեղ քահանան օրհնում էր մատաղի աղն ու խաղողի ողկույզները, հրմշտոց էր: Երբ փորձում էի մոմ վառել, ինձ թվաց, թե մի ահռելի կրակի մեջ եմ նետվելու: Մոմակալները, հասկանալի պատճառներով, եկեղեցու բակում էին դրված, բայց այնքան անհարմար տեղում, որ մոմը պետք է նետեիր ընդհանուր կրակի մեջ. արեւի ու քամու տակ կրակն ուժգնանում, այրում էր միանգամից բոլոր մոմերն ու մի մեծ խարույկ սարքում...
Տուն եկա հակասական զգացումներով: Երբ խոսում-պատմում էի տպավորություններիս մասին, մեծերն ասացին, որ նախկինում, երբ եկեղեցին դեռ նորոգ ու բարեկարգ չէր, հավատավորները ուխտի էին գնում գիշերով, ամբողջ ճանապարհն անցնում էին ոտքով, ծնկաչոք աղոթում էին...
Այսօր տոնական օրերին, անկասկած, ավելի շատ մարդիկ են գնում եկեղեցի, եւ հաճախ կարգուկանոն հաստատելու համար հարկ է լինում ոստիկանության աշխատողների միջամտությունը, բայց ծնկաչոք աղոթող ուխտավորները շատ ավելի քիչ են: Գերակշռում են խաղողի օրհնած ողկույզները րոպե առաջ տուն հասցնել ցանկացողներն ու դրանով իրենց հոգու պարտքը կատարած համարողները:

Ն.Հ.

10 авг. 2011 г.

12.07.2011

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

«ԱՐԻ ՏՈՒՆ». Ո՞ՐՆ Է ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Ամիսներ առաջ Հակոբ Հակոբյանի հետ հարց
ազրույցի ժամանակ մեծանուն նկարիչը մի դիտարկում արեց. «Սխալ է, երբ մենք սփյուռքահայ ենք անվանում ե°ւ այն մարդկանց, որոնք երկրի սոցիալ-տնտեսական պայմաններում ապրել չկարողանալով կամ ավելի բարեկեցիկ կյանքի ձգտումներ, այլեւայլ նպատակներ հետապնդելով` լքել են Հայաստանը, ե°ւ նրանց, ովքեր ճակատագրի բերումով 1915 թվականին Թուրքիայից վտարանդված կամ ցեղասպանված հայերի ժառանգներն են եւ գաղթի հետեւանքով են հայտնվել արտերկրում: Այսօր կա հայոց սփյուռքի երկու տեսակ, եւ դրանք միմյանց հետ շփոթել ու բոլորին միանշանակ սփյուռքահայ անվանելը ճիշտ չէ»: Վարպետի ասածի իմաստը գործնականում զգացի, երբ վերջերս առիթ ունեցա շփվելու «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ:
1988-ի շարժման առաջին օրերից մինչեւ զինված պայքար ու հաղթանակ, այսօր եւս սփյուռքահայությունը համատեղ պայքարում է Հայոց դատի, Արցախյան հիմնահարցի, Ջավախքի ու Նախիջեւանի խնդիրների արդար լուծման համար: Տարիներ առաջ տասնյակ երիտասարդներ սփյուռքից վրեժի կանչով համախմբվեցին հայրենի երկրում` միասնաբար պայքարելու թշնամու դեմ, այն թշն
ամու, որի արյունարբու յաթաղանից փրկված նրանց պապերը հայտնվեցին հայրենի երկրից հեռու` հայրենիքի հավերժական կարոտը սրտներում: Այդ կարոտն էր, որ, որդուց որդի փոխանցվելով, նրանց ժառանգներին հայրենիք բերեց` պայքարելու իրենց եղբայրակիցների կողքին ու ազատագրելու հայրենի հողի մի մասը: Նրանք, ովքեր գալ չէին կարող, ամեն կերպ օգնեցին հարազատ երկրին` զենք ու զինամթերք, դեղորայք եւ կռվի համար անհրաժեշտ այլ տեսակի օժանդակություն հասցնելով Արցախ: Այսօր, ահա, նրանց շառավիղները կրկին հարազատ բնօրրանում են:
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած պարմանի-պարմանուհիները հուլիսի 22-ին այցելեցին Եռաբլուր պանթեոն` իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայրենի երկրի ազատությանն իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկների շիրիմներին: Ապա եղան Ծիծեռնակաբերդում, իսկ կեսօրին այցելեցին հայոց բանակի զորամասերից մեկը, որտեղ ծանոթացան հայ զինվորի առօրյային, հայկական զրահատեխնիկային եւ ճաշեցին զինվորական ճաշարանում:
Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից, Չեխիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից… հայկական գրեթե բոլոր գաղթօջախներից ժամանած պատանիների հետ մի քանի ավտոբուսներով ուղեւորվեցինք հերթական շրջագայության: Ես հայտնվեցի այն ավտոբուսում, որի ուղեւորների մեծ մասը Վրաստանից եւ Ռուսաստանից ժամանած մեր հասակակիցներն էին: Ամբողջ ճանապարհին նրանք միմյանց հետ հաղորդակցվում էին միայն ռուսերենով: Երբ փորձեցի միջամտել նրանց խոսակցությանն ու հետաքրքրվեցի, թե ինչու հայրենիքում հայերեն չեն խոսում, պատասխանեցին, որ ռուսերենով հաղորդակցվելն ավելի հեշտ է: Պարզեցի նաեւ, որ նրանց մի մասն էլ պարզապես չի տիրապետում հայերենին, մեկի հայրն է ազգությամբ ռուս, մյուսի` մայրը, եւ միայն վերջին մի քանի ամիսներին է, որ որոշել են հայերեն սովորել: Իհարկե, նույնը չեմ կարող ասել լիբանանահայ եւ սիրիահայ պատանիների մասին, որոնք, ինչպես պարզվեց Եռաբլուր այցի ժամանակ, ճանաչում էին, գիտեին մեր հերոս ազատամարտիկներին, ծանոթ էին Արցախի պատմությանը, Ծիծեռնակա
բերդում էլ պատմեցին դրվագներ ցեղասպանությունից: Արփին, օրինակ, պատմեց, թե ինչպես իրենց պապիկը երեք տարեկան հասակում Սասունից գաղթի հոսանքով հասել է Սիրիա, եւ մինչեւ այսօր էլ նրանց գերդաստանն ապրում է այնտեղ: Այս պատանիների միջեւ ակամա անցկացրած համեմատությունը օգնեց հասկանալու, թե ինչ նկատի ուներ մեր անվանի նկարիչը: Մի հետաքրքիր բան եւս պարզեցի ինձ համար. այդ օրը «Արի տուն»պետք է այցելեր նաեւ հայկական որեւէ զորամաս` ծանոթանալու զինվորի առօրյային: Թուրքիայից ժամանած պատանիները, սակայն, ասացին, որ իրենք չեն ցանկանում մտնել զորամաս: Փորձեցի կազմակերպիչներից ճշտել` ինչո՞ւ: Նրանք հստակ պատասխան չունեին, ասացին, որ, հավանաբար, այնտեղ` Թուրքիայում, հետո խնդիրներ են ունենում: Այնինչ պատանիների հետ զրույցի ընթացքում պարզեցի, որ կառավարության հետ կապված ոչ մի խնդիր իրա
կանում չկա: Պարզապես իրենք ցանկություն չունեն զորամաս մտնելու, շփվելու զինվորների հետ ու զենքեր տեսնելու: Նրանք ասացին, որ դեմ են զինված ցանկացած բանի, որ պատերազմը, բանակը չարիք են եւ այլն: Փորձեցի Եռաբլուր պանթեոն տանող ճանապարհին զրուցել պատանիներից մեկի հետ, բացատրեցի, որ երբ Արցախյան ազատամարտի տարիներին մենք օժանդակության կարիք ունեինք, սփյուռքը մեր կողքին էր: Եվ միասնական պայքարի շնորհիվ էր, որ այսօր ազատագրված Արցախ ունենք: Սակայն իմ փաստարկները զուր անցան: Պատանին շարունակեց պնդել, որ դեմ է պատերազմին: Արդյոք «Արի տուն» ծրագրի նպատակը սփյուռքահայ պատանիների համար հայրենիքում ուղղակի էքսկուրսիաներ կազմակերպե՞լն է:
Ն.Հ.

ԱՄԱՌԱՅԻՆ ՏԱՊԸ, ԱՐԱԳ ՍՆՈՒՆԴՆ ՈՒ ՄԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Ամառային շոգը էլ ավելի ալարկոտ է դարձնում մեզ, ու նախապատվություն ենք տալիս արագսննդին: Հանգստյան տներում, Սեւանի ափին, մեր երկրից դուրս` Բաթումում ու Քոբուլեթում նախընտրում ենք սնվել ճաշարանային ուտեստներով, ծովափնյա սննդի կետերում, որոնց առաջարկած սննդի անվտանգությունը մեր առողջության համար ոչ ոք չի երաշխավորում: Այս օրերին անգամ սուպերմարկետներում կարելի է պահպանության ժամկետն անցած կամ դեռ ժամկետի մեջ, բայց թթված կաթնամթերք կամ ոչ թարմ ուտելիք գտնել: Այնպես որ, աշխատանքի, պարապմունքի կամ այլ տեղ շտապելիս խանութից մի բան արագ գնել-ուտելուց առաջ ուշադրություն դարձրու` ինչով ես սնվում:
Բոլորը գիտեն արագ սննդի վնասակարության մասին, սակայն տարեցտարի այդպիսի սնունդ օգտագործողների թիվը ոչ միայն չի պակասում, այլեւ աճում է: Բա մարդ ինչպես կարող է անտարբեր անցնել անուշ բուրող խորտիկների կողքով, երբ սոված է եւ տնից բավական հեռու:
Արագ սննդի արդյունաբերության սկիզբը դրվեց Ամերիկայում 1920-ական թվականներին: 1921թ. Կանզասում բացվեց White Castle ընկերությունը, որի ֆիրմային ուտեստը դարձավ համբուրգերը: 1940-ականներին White Castle-ն մրցակիցներ ձեռք բերեց, որոնցից ամենածանրակշիռը McDonald’s-ն էր: Հետագայում արագ սննդի սպասարկման հաստատությունները մեծ արագությամբ տարածվեցին ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Արագ սնունդը կամ ֆասթֆուդը մասնագիտացված հաստատությունների առաջարկած ուտեստների տեսականին է, իսկ ՙֆասթֆուդ՚ եզրը նեղ իմաստով նշանակում է այնպիսի սնունդ, որը կարելի է արագ պատրաստել, իսկ հաճախորդին` արագ ստանալ դա:
Այժմ` ֆասթֆուդի վնասակարության մասին. արագ սննդի օգտագործումից մաշկը կարող է մազակալել: Այսպիսի սննդի պարբերաբար օգտագործումը հանգեցնում է հիպերտոնիայի, օրգանիզմի դիմադրողականության անկման, այլեւայլ խնդիրների: Այնուամենայնիվ, մարդիկ ժամանակի սղության պատճառով զանց են առնում այս վտանգները: Գայթակղում է, թերեւս, նաեւ արագ սննդի մատչելիությունը: Հեռավոր 70-ականներին ամերիկացիներն արագ սննդի վրա ծախսում էին տարեկան 6 մլրդ դոլար, այժմ` գրեթե կրկնակի: Այսինքն` ավելի շատ, քան բարձրագույն կրթությանը, համակարգիչներին եւ ավտոմեքենաներին, գրքերին, տեսաերիզներին, ձայներիզներին, ամսագրերին ու թերթերին հատկացվող գումարը` միասին վերցրած:
Արագ սնունդ, գեղեցկություն եւ առողջություն. սրանք իրար միանգամայն հակասում են, ինչը հաստատում է նաեւ այն փաստը, որ ԱՄՆ-ի` արագ սննդի մեծագույն սպառողի, բնակչության 61 տոկոսն արդեն տառապում է ոչ թե ավելորդ քաշից, այլ ճարպակալումից:
Այնուամենայնիվ, ողջ օրը դրսում անցկացնելու դեպքում չենք կարող ամբողջովին հրաժարվել ՙՏաշիրում՚, ՙՌոստիկսում՚, ՙAFS՚-ում, ՙSFS՚-ում կամ արագ սննդի մոտակա որեւէ այլ կետում սնվելուց: Սակայն հետագա խնդիրները փոքր-ինչ մեղմելու համար առաջարկվող տարբեր չափերի սենդվիչներից, համբուրգերներից ու պիցցաներից նախապատվությունը տվեք ամենափոքրին: Կամ ընտրեք հնարավորինս անվնաս սնունդ. ասենք` կարտոֆիլի ֆրիի փոխարեն պատվիրեք առանց սոուսի աղցաններ: Պատվերին ավելացրեք մրգեր եւ յոգուրտ:

ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ.- Նկատի առեք, վտանգավոր է հատկապես գետնանցումներում տեղակայված սննդի կետերից օգտվելը:

www.eter.am
#31 (897) 03. 08. 11

ԵՐԹՈՒՂԱՅԻՆԻ ԴՈՒՌԸ ԲԱՑԵՑԻՆ ՈՒ ՇԸՐԸՓ…

Հուլիսի 31-ին հերթական կիսաքուն տառապալից գիշերվանից հետո արթնացա բակի երեխաների աղմուկից ու ջրի շփշփոցից: Վարդավառ է: Որոշեցի տոնի կապակցությամբ շնորհավորել Աբոյին: Աբոն մեր կողքի հարեւանն է, գիտեի` քնած է, թեեւ արդեն գրեթե կեսօր էր: Զանգեցի ու խնդրեցի պատշգամբ դուրս գալ` ասելով, որ բան ունեմ փոխանցելու: Աբոն խելոք-խելոք դուրս եկավ, ու ես մեր պատշգամբից մի դույլ ջրով «բարի լույս» մաղթեցի Աբոյին:
Ջրոցին սկսվ
եց: Աշխույժ խաղաղություն էր տիրում մինչեւ այն պահը, երբ լուրեր հասան, որ մեր հարեւան Վարդուշ տատիկին երթուղայինի մեջ ջրել են. «Տո այ բալա ջան, էս ինչ շնորհք ա, երթուղայինի դուռը բացեցին ու դույլով ջուրը ներս շփեցին»: Մինչ կսփոփեինք թրջված ու խեղճ կնոջը, շըրըխկ, մի սարսափելի դղրդյուն լսվեց փողոցի մյուս անկյունում. դույլերը ձեռքներիս իրար ջրմրելով վազեցինք դեպի Սաքոյենց խանութի կողմն ու ինչ տեսնենք` երկու մեքենա միմյանց են բախվել, դու մի ասա` վերեւի թաղի երեխաները որոշել են իջնել մերոնց ջրելու, ճամփին մտքափոխվել ու վարորդներին են ջրել, արդյունքում` ավտովթար, ու մինչեւ ԱՊՊԱ-ն կժամանի` խցանում կենտրոնական փողոցում: Իսկ այդ ընթացքում Աննայենց պատշգամբից լսվում է տիկին Կարինեի բղավոցը. բանն այն է, որ հանդիսության էր շտապում ու գեղեցիկ հագնված փողոց էր դուրս եկել, բայց տաքսի նստել չէր հասցրել ու հիմա պատշգամբից հանդիմանում էր «անշնորհք» երեխաներին: Դեռ լավ էր որ ցեխաջրով չէին ջրել, որովհետեւ վերջում, երբ կենացները թեժացել էին, փողոցի փոսերում հավաքված ցեխաջրերով էին արդեն ջրում: Հետո կենացներն էլ ավելի թեժացան, ու բանը հասավ նրան, որ շտապ օգնության մեքենան կանգնեց մեր բակում: Աշոտիկին հիվանդանոց տարան, որովհետեւ Արմանը նրան ջրելիս, Էքստազի մեջ, դույլն էլ էր ջրի հետ «շփել», ու արդյունքում Աշոտը քթի կոտրվածք էր ստացել:
Տուն եկա, ինձ կարգի բերեցի ու որոշեցի տեսնել` ինչ կա -չկա համացանցում:
Facebook-ում համակուրսեցիս` Աստղիկը, իր ստատուսում գրել էր` Երեխեք, էս ինչ հիմար տոն ա էս ջ
րոցին: Տեսնես ինչո՞ւ… Պարզվեց` Աստղիկին անծանոթ երեխաների մի խումբ ջրել էր, որի հետեւանքով ընկերուհիս զրկվելէր բջջային հեռախոսից: Հետո, երբ քոմենթներ արեցինք նրա ստատուսի տակ, մեկ էլ մեկը գրեց թե` Բա չիմացաք, հայրս ականջի վատ լսողության պատճառով հատուկ սարք է կրում: Նա ցրիչ է աշխատում հացի փռում, ու մարդկանց հաց չհասցնել չէր կարող: Գնացել էր աշխատանքի, ու մի երեխա ջրել էր նրան` ջուրն ուղիղ սարքի կողմից շփելով: Եվ թանկարժեք սարքը վնասվել էր…
Չէ, կարծես չափն անցնում ենք: Իրոք, այս Վարդավառին տուժածներ ավելի շատ գրանցվեցին: Ինչո՞ւ: Հոգեբան ընկերուհիս պնդում է, որ մեր ազգային խառնվածքում շատացել է ագրեսիան: Վարդավառին նման կերպով արձագանքելն էլ սրա դրսեւորումներից է:Տոնը պետք է ուրախություն պարգեւի, ոչ թե գլխացավանք դառնա շատ մարդկանց համար: Ինչպե՞ս կարելի է փողոցում երթեւեկությունը խափանել, ջրել վարորդներին, մեծահասակներին:

Ն.Հ.

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ...

Հիշո՞ւմ եք` ոնց էիք դասարանցիներով որոշում, կազմակերպում ու էքսկուրսիաների գնում, անգամ դպրոցն ավարտելուց հետո: Վերջերս ես էլ գնացի նման մի էքսկուրսիայի: Ինձ միշտ թվացել էր, թե միայն մեր դասարանում կարող էին այդ պահերին անհաշտություններ, տարաձայնություններ ու նույնիսկ վեճեր առաջանալ: Կարծում էի, թե մնացած բոլոր դասարանները համերաշխ էին այդ հարցերում: Բայց դե, իհարկե, սխալվում էի:
Վերջերս առիթ ունեցա եղբորս դասարանի հետ ինչ-որ տեղ գնալու որոշում կայացնելու մասնակցել... Պատկերացնո՞ւմ եք` ինչ էր կատարվում: Երեւի բոլորիդ դասարաններում էլ եղել է մի աղջիկ, որն այդ օրը անպայման ներկայանում էր կիտած հոնքերով ու արդեն պատրաստ «չէ» ասելու, բայց որպեսզի իրեն հետո չասեն` «զարգացած ա, մեր հետ տեղ չի ուզում գալ», սկզբից համաձայնվում է, փողը տալիս, բայց առեւտրի գնալուց մեկ ժամ առաջ հայտարարում, թե իրեն հարսանիք կամ կնունք կամ ուրիշ միջոցառման են հրավիրել, ու ինքը չի կարող այդ էքսկուրսիային մասնակցել: Եղել է, չէ՞... Ամենից ծիծաղելին գիտե՞ք որն է. բոլորն արդեն գիտեին իրենց ընկերուհուն ու գնվելիք մթերքի ցուցակը կազմելիս այդ գումարը հաշվի մեջ չէին ներառում: Եղբորս դասարանում էլ կար այ էդպիսի մեկը: Որիշ մեկն էլ կար` «չեմ ուզումը», որն ամեն անգամ չէր հավանում առաջարկված վայրը: Այս ամենից հետո կազմակերպիչ տղան, որը պիտի գնար առեւտուր անելու, ջղայնանում է, փողը շպրտում թե` Ձեր նեռվերը չունեմ, ինչ ուզում եք` արեք, ու դուրս գնում: Հավաքվածները որոշում են ոչ մի տեղ չգնալ ու ցրվում են: Մեկ ժամ հետո դասարանի աղջիկներց մեկը զանգահարում է մնացածին, մի կերպ համոզում էքսկուրսիայի գնալ, վերջապես հաջողվում է, շատ արագ գումարը հավաքում են, առեւտուրն անում, հաջորդ օրն առավոտյան ճամփա ընկնում...
Բոլորին ծանոթ պատմություն է, չէ՞: Ինքս շատ եմ այդպիսի պատմությունների ականատես եղել... Հա, մոռացա ասել, որ Դիլիջանից, Արզնիից, Աշտարակի ձորից ու էլի մի քանի վայրերից հետո կանգ առան Նորավանքի վրա: Իմ սրտով, Էնտեղ չէի եղել:
Մեկնում ենք Նորավանք: Երկար ճամփա, հազիվ ընթացող ավտոբուս... ղըռ, ղըռ, ղըռ...
Նախօրոք գիտեի, որ անցնելու ենք Սեւակի գյուղի եւ մահվան վայրի կողքով, ուստի կանխավ մի փոքրիկ դասախոսություն էի պատրաստել, բայց ավտոբուսի ընթացքի ժամանակ երբ պատմեցի, ճամփակիցներիցս քչերը հասկացան, թե ինչու հենց այդ պահին ու հենց Սեւակ: Ավելի շատ էր բողոքների թիվը. «Տո լավ է, հազիվ ենք էդ դասերից ու գրքերից պրծել»: Սակայն երբ հասանք Սեւակի մահվան վայրում դրված հուշաքարին, ու ես բացատրեցի դասախոսության առիթը, բոլորը հասկացան, իջան ավտոբուսից, աղոթքի նման հնչեցրին «Ապրել»-ը, ու նորից ճամփա ընկանք: Քանի որ դեռ ժամանակ կար, որոշեցինք Սեւակի տուն-թանգարան այցելել վերադառնալիս:
Նորից ղըռ, ղըռ, ղըռ...
Բայց այդ ամենը չէր խանգարում ինձ հիանալ Հայաստանի հրաշագեղ լեռներով: Ասֆալտապատ ճանապարհ, երկու կողմից վեր խոյացող ժայռեր, խիտ, կանաչ անտառ եւ արագահոս Արփան: Սա ուղղակի տեսնել է պետք, իմ աղքատիկ բառապաշարով զորու չեմ պատկերավոր ներկայացնել այս ողջ գեղեցկությունը: Ճանապարհին այլեւս մեզ չէր զարմացնում հերթական անգամ եկեղեցու հանդիպելը: Եվս մեկ անգամ համոզվեցի. հայը որտեղ ոտք է դրել, նախ եկեղեցի կամ մատուռ է սարքել: Վերջապես Նորավանքում ենք... Բայց նախ պատմական փոքրիկ էքսկուրս կատարենք.
«Նորավանքի (Ամաղու Նորավանք) XIII-XIVդդ. համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Ամաղու գյուղից 3կմ հյուսիս-արեւելք, անդնդախոր կիրճի հյուսիսային կողմի դժվարամատչելի դարավանդի վրա: Նորավանքը XIIIդ. սկզբին եղել է Սյունիքի հոգեւոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը: Այստեղ XIIIդ. 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին` նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ եւ ճարտարապետ Մոմիկը: Համալիրի գլխավոր Սբ. Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216-1223թթ.: Այն ներքուստ քառաթեւ, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է: Միակ մուտքը արեւմուքից է եւ բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյան տոհմի եւ վանքի առաջնորդների տապանատունը:
Գավիթը կառուցվել է թերեւս եկեղեցու ավարտից անմիջապես հետո: Գավիթը 1261թ., Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ, վերակառուցել է Սիրանես ճարտարապետը: Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով ձգվում է Սմբատ իշխանի թաղածածկ դամբարանը, Սբ. Գրիգոր եկեղեցին (կառուցել է ճարտարապետ Սիրանեսը 1275թ.):
XVII-XVIII դդ. վանքը շրջափակվել էր պարսպով: Այդ ժամանակներով էլ թվագրվում են ինչպես պարսպապատ տարածքի ներսում, այնպես էլ նրանից դուրս` արեւելյան կողմում եղած կառույցների մնացորդները: Համալիրի տարածքում կան վարպետորեն կերտված բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը: Նորավանքում է Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը:
Ավանդության համաձայն` հանրաճանաչ Մոմիկ վարպետը սիրահարվում է Սյունիքի մելիքներից մեկի դստերը: Գեղեցկուհին էլ նրա հանդեպ է սեր տածում: Մտահոգ մելիքը կանչել է տալիս վարպետին եւ հայտարարում, որ դստերը նրան կնության կտա միայն այն պայմանով, եթե Մոմիկը երեք տարվա ընթացքում առանց որեւէ օգնության իր համար մի շքեղ վանք կկանգնեցնի: Մոմիկն ընդունում է այս պայմանը եւ անցնում գործի: Երեք տարի չանցած գործն արդեն ավարտին էր մոտենում: Մի անկրկնելի գեղեցկության վանք էր վեր խոյանում: Տեղեկանալով այդ մասին` մելիքը ծառային ուղարկում է Մոմիկին խոչընդոտելու: Ծառան կատարում է տիրոջ հանձնարարությունը եւ վարպետին ցած է հրում կիսակառույց գմբեթից»: Այս ամենի մասին տեղեկանում ենք` ընթերցելով եկեղեցու բակում տեղադրված տախտակի վրայի գրությունը:
Շնորհակալություն vivacall MTS-ի տնօրինությանը` Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման եւ այդ վայրերում դրանց պատմությամբ ցուցանակներ տեղադրելու համար:
Այստեղից շարժվեցինք դեպի Արփայի ափ` ուտել-խմելու: Ուրախացանք, ճաշեցինք, խաղացինք, լողացինք... Խորհուրդ կտամ Արփայում լողալիս առավելագույնս ուշադիր լինել. մեզ հետ եկած տղաներից մեկը քիչ էր մնում խեղդվեր, ու եթե չլինեին մեր հարեւանությամբ հան•ստացող հմուտ լողորդները.... Նրանց էլ մեծ շնորհակալություն մեզ դժբախտությունից փրկելու համար:
Ավարտելով մեր հանգստյան օրը` նորից նստեցինք ավտոբուս ու բռնեցինք տուն տանող ճանապարհը:
Նորից ղըռ, ղըռ, ղըռ.... Բայց, դե, ես ուրիշ բանի մասին էի մտածում. շուտով պիտի հասնեինք Սեւակի տուն-թանգարան, բայց... Ավտոբուսը փչացավ, ու երեք ժամ մնացինք ճանապարհին, արեւի տակ, առանց ջրի: Ժամերն անցնում էին, ու արդեն հույսս կտրեցի Սեւակի տուն-թանգարան այցելուց: Վերջապես ավտոբուսը սարքեցին, ու մի կերպ ժամը 12-ի կողմերը հասանք տուն: Ահա այսպիսի վերջաբան:

ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ