10 авг. 2011 г.

www.eter.am
#31 (897) 03. 08. 11

ԵՐԹՈՒՂԱՅԻՆԻ ԴՈՒՌԸ ԲԱՑԵՑԻՆ ՈՒ ՇԸՐԸՓ…

Հուլիսի 31-ին հերթական կիսաքուն տառապալից գիշերվանից հետո արթնացա բակի երեխաների աղմուկից ու ջրի շփշփոցից: Վարդավառ է: Որոշեցի տոնի կապակցությամբ շնորհավորել Աբոյին: Աբոն մեր կողքի հարեւանն է, գիտեի` քնած է, թեեւ արդեն գրեթե կեսօր էր: Զանգեցի ու խնդրեցի պատշգամբ դուրս գալ` ասելով, որ բան ունեմ փոխանցելու: Աբոն խելոք-խելոք դուրս եկավ, ու ես մեր պատշգամբից մի դույլ ջրով «բարի լույս» մաղթեցի Աբոյին:
Ջրոցին սկսվ
եց: Աշխույժ խաղաղություն էր տիրում մինչեւ այն պահը, երբ լուրեր հասան, որ մեր հարեւան Վարդուշ տատիկին երթուղայինի մեջ ջրել են. «Տո այ բալա ջան, էս ինչ շնորհք ա, երթուղայինի դուռը բացեցին ու դույլով ջուրը ներս շփեցին»: Մինչ կսփոփեինք թրջված ու խեղճ կնոջը, շըրըխկ, մի սարսափելի դղրդյուն լսվեց փողոցի մյուս անկյունում. դույլերը ձեռքներիս իրար ջրմրելով վազեցինք դեպի Սաքոյենց խանութի կողմն ու ինչ տեսնենք` երկու մեքենա միմյանց են բախվել, դու մի ասա` վերեւի թաղի երեխաները որոշել են իջնել մերոնց ջրելու, ճամփին մտքափոխվել ու վարորդներին են ջրել, արդյունքում` ավտովթար, ու մինչեւ ԱՊՊԱ-ն կժամանի` խցանում կենտրոնական փողոցում: Իսկ այդ ընթացքում Աննայենց պատշգամբից լսվում է տիկին Կարինեի բղավոցը. բանն այն է, որ հանդիսության էր շտապում ու գեղեցիկ հագնված փողոց էր դուրս եկել, բայց տաքսի նստել չէր հասցրել ու հիմա պատշգամբից հանդիմանում էր «անշնորհք» երեխաներին: Դեռ լավ էր որ ցեխաջրով չէին ջրել, որովհետեւ վերջում, երբ կենացները թեժացել էին, փողոցի փոսերում հավաքված ցեխաջրերով էին արդեն ջրում: Հետո կենացներն էլ ավելի թեժացան, ու բանը հասավ նրան, որ շտապ օգնության մեքենան կանգնեց մեր բակում: Աշոտիկին հիվանդանոց տարան, որովհետեւ Արմանը նրան ջրելիս, Էքստազի մեջ, դույլն էլ էր ջրի հետ «շփել», ու արդյունքում Աշոտը քթի կոտրվածք էր ստացել:
Տուն եկա, ինձ կարգի բերեցի ու որոշեցի տեսնել` ինչ կա -չկա համացանցում:
Facebook-ում համակուրսեցիս` Աստղիկը, իր ստատուսում գրել էր` Երեխեք, էս ինչ հիմար տոն ա էս ջ
րոցին: Տեսնես ինչո՞ւ… Պարզվեց` Աստղիկին անծանոթ երեխաների մի խումբ ջրել էր, որի հետեւանքով ընկերուհիս զրկվելէր բջջային հեռախոսից: Հետո, երբ քոմենթներ արեցինք նրա ստատուսի տակ, մեկ էլ մեկը գրեց թե` Բա չիմացաք, հայրս ականջի վատ լսողության պատճառով հատուկ սարք է կրում: Նա ցրիչ է աշխատում հացի փռում, ու մարդկանց հաց չհասցնել չէր կարող: Գնացել էր աշխատանքի, ու մի երեխա ջրել էր նրան` ջուրն ուղիղ սարքի կողմից շփելով: Եվ թանկարժեք սարքը վնասվել էր…
Չէ, կարծես չափն անցնում ենք: Իրոք, այս Վարդավառին տուժածներ ավելի շատ գրանցվեցին: Ինչո՞ւ: Հոգեբան ընկերուհիս պնդում է, որ մեր ազգային խառնվածքում շատացել է ագրեսիան: Վարդավառին նման կերպով արձագանքելն էլ սրա դրսեւորումներից է:Տոնը պետք է ուրախություն պարգեւի, ոչ թե գլխացավանք դառնա շատ մարդկանց համար: Ինչպե՞ս կարելի է փողոցում երթեւեկությունը խափանել, ջրել վարորդներին, մեծահասակներին:

Ն.Հ.

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ...

Հիշո՞ւմ եք` ոնց էիք դասարանցիներով որոշում, կազմակերպում ու էքսկուրսիաների գնում, անգամ դպրոցն ավարտելուց հետո: Վերջերս ես էլ գնացի նման մի էքսկուրսիայի: Ինձ միշտ թվացել էր, թե միայն մեր դասարանում կարող էին այդ պահերին անհաշտություններ, տարաձայնություններ ու նույնիսկ վեճեր առաջանալ: Կարծում էի, թե մնացած բոլոր դասարանները համերաշխ էին այդ հարցերում: Բայց դե, իհարկե, սխալվում էի:
Վերջերս առիթ ունեցա եղբորս դասարանի հետ ինչ-որ տեղ գնալու որոշում կայացնելու մասնակցել... Պատկերացնո՞ւմ եք` ինչ էր կատարվում: Երեւի բոլորիդ դասարաններում էլ եղել է մի աղջիկ, որն այդ օրը անպայման ներկայանում էր կիտած հոնքերով ու արդեն պատրաստ «չէ» ասելու, բայց որպեսզի իրեն հետո չասեն` «զարգացած ա, մեր հետ տեղ չի ուզում գալ», սկզբից համաձայնվում է, փողը տալիս, բայց առեւտրի գնալուց մեկ ժամ առաջ հայտարարում, թե իրեն հարսանիք կամ կնունք կամ ուրիշ միջոցառման են հրավիրել, ու ինքը չի կարող այդ էքսկուրսիային մասնակցել: Եղել է, չէ՞... Ամենից ծիծաղելին գիտե՞ք որն է. բոլորն արդեն գիտեին իրենց ընկերուհուն ու գնվելիք մթերքի ցուցակը կազմելիս այդ գումարը հաշվի մեջ չէին ներառում: Եղբորս դասարանում էլ կար այ էդպիսի մեկը: Որիշ մեկն էլ կար` «չեմ ուզումը», որն ամեն անգամ չէր հավանում առաջարկված վայրը: Այս ամենից հետո կազմակերպիչ տղան, որը պիտի գնար առեւտուր անելու, ջղայնանում է, փողը շպրտում թե` Ձեր նեռվերը չունեմ, ինչ ուզում եք` արեք, ու դուրս գնում: Հավաքվածները որոշում են ոչ մի տեղ չգնալ ու ցրվում են: Մեկ ժամ հետո դասարանի աղջիկներց մեկը զանգահարում է մնացածին, մի կերպ համոզում էքսկուրսիայի գնալ, վերջապես հաջողվում է, շատ արագ գումարը հավաքում են, առեւտուրն անում, հաջորդ օրն առավոտյան ճամփա ընկնում...
Բոլորին ծանոթ պատմություն է, չէ՞: Ինքս շատ եմ այդպիսի պատմությունների ականատես եղել... Հա, մոռացա ասել, որ Դիլիջանից, Արզնիից, Աշտարակի ձորից ու էլի մի քանի վայրերից հետո կանգ առան Նորավանքի վրա: Իմ սրտով, Էնտեղ չէի եղել:
Մեկնում ենք Նորավանք: Երկար ճամփա, հազիվ ընթացող ավտոբուս... ղըռ, ղըռ, ղըռ...
Նախօրոք գիտեի, որ անցնելու ենք Սեւակի գյուղի եւ մահվան վայրի կողքով, ուստի կանխավ մի փոքրիկ դասախոսություն էի պատրաստել, բայց ավտոբուսի ընթացքի ժամանակ երբ պատմեցի, ճամփակիցներիցս քչերը հասկացան, թե ինչու հենց այդ պահին ու հենց Սեւակ: Ավելի շատ էր բողոքների թիվը. «Տո լավ է, հազիվ ենք էդ դասերից ու գրքերից պրծել»: Սակայն երբ հասանք Սեւակի մահվան վայրում դրված հուշաքարին, ու ես բացատրեցի դասախոսության առիթը, բոլորը հասկացան, իջան ավտոբուսից, աղոթքի նման հնչեցրին «Ապրել»-ը, ու նորից ճամփա ընկանք: Քանի որ դեռ ժամանակ կար, որոշեցինք Սեւակի տուն-թանգարան այցելել վերադառնալիս:
Նորից ղըռ, ղըռ, ղըռ...
Բայց այդ ամենը չէր խանգարում ինձ հիանալ Հայաստանի հրաշագեղ լեռներով: Ասֆալտապատ ճանապարհ, երկու կողմից վեր խոյացող ժայռեր, խիտ, կանաչ անտառ եւ արագահոս Արփան: Սա ուղղակի տեսնել է պետք, իմ աղքատիկ բառապաշարով զորու չեմ պատկերավոր ներկայացնել այս ողջ գեղեցկությունը: Ճանապարհին այլեւս մեզ չէր զարմացնում հերթական անգամ եկեղեցու հանդիպելը: Եվս մեկ անգամ համոզվեցի. հայը որտեղ ոտք է դրել, նախ եկեղեցի կամ մատուռ է սարքել: Վերջապես Նորավանքում ենք... Բայց նախ պատմական փոքրիկ էքսկուրս կատարենք.
«Նորավանքի (Ամաղու Նորավանք) XIII-XIVդդ. համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Ամաղու գյուղից 3կմ հյուսիս-արեւելք, անդնդախոր կիրճի հյուսիսային կողմի դժվարամատչելի դարավանդի վրա: Նորավանքը XIIIդ. սկզբին եղել է Սյունիքի հոգեւոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը: Այստեղ XIIIդ. 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին` նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ եւ ճարտարապետ Մոմիկը: Համալիրի գլխավոր Սբ. Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216-1223թթ.: Այն ներքուստ քառաթեւ, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է: Միակ մուտքը արեւմուքից է եւ բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյան տոհմի եւ վանքի առաջնորդների տապանատունը:
Գավիթը կառուցվել է թերեւս եկեղեցու ավարտից անմիջապես հետո: Գավիթը 1261թ., Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ, վերակառուցել է Սիրանես ճարտարապետը: Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով ձգվում է Սմբատ իշխանի թաղածածկ դամբարանը, Սբ. Գրիգոր եկեղեցին (կառուցել է ճարտարապետ Սիրանեսը 1275թ.):
XVII-XVIII դդ. վանքը շրջափակվել էր պարսպով: Այդ ժամանակներով էլ թվագրվում են ինչպես պարսպապատ տարածքի ներսում, այնպես էլ նրանից դուրս` արեւելյան կողմում եղած կառույցների մնացորդները: Համալիրի տարածքում կան վարպետորեն կերտված բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը: Նորավանքում է Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը:
Ավանդության համաձայն` հանրաճանաչ Մոմիկ վարպետը սիրահարվում է Սյունիքի մելիքներից մեկի դստերը: Գեղեցկուհին էլ նրա հանդեպ է սեր տածում: Մտահոգ մելիքը կանչել է տալիս վարպետին եւ հայտարարում, որ դստերը նրան կնության կտա միայն այն պայմանով, եթե Մոմիկը երեք տարվա ընթացքում առանց որեւէ օգնության իր համար մի շքեղ վանք կկանգնեցնի: Մոմիկն ընդունում է այս պայմանը եւ անցնում գործի: Երեք տարի չանցած գործն արդեն ավարտին էր մոտենում: Մի անկրկնելի գեղեցկության վանք էր վեր խոյանում: Տեղեկանալով այդ մասին` մելիքը ծառային ուղարկում է Մոմիկին խոչընդոտելու: Ծառան կատարում է տիրոջ հանձնարարությունը եւ վարպետին ցած է հրում կիսակառույց գմբեթից»: Այս ամենի մասին տեղեկանում ենք` ընթերցելով եկեղեցու բակում տեղադրված տախտակի վրայի գրությունը:
Շնորհակալություն vivacall MTS-ի տնօրինությանը` Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման եւ այդ վայրերում դրանց պատմությամբ ցուցանակներ տեղադրելու համար:
Այստեղից շարժվեցինք դեպի Արփայի ափ` ուտել-խմելու: Ուրախացանք, ճաշեցինք, խաղացինք, լողացինք... Խորհուրդ կտամ Արփայում լողալիս առավելագույնս ուշադիր լինել. մեզ հետ եկած տղաներից մեկը քիչ էր մնում խեղդվեր, ու եթե չլինեին մեր հարեւանությամբ հան•ստացող հմուտ լողորդները.... Նրանց էլ մեծ շնորհակալություն մեզ դժբախտությունից փրկելու համար:
Ավարտելով մեր հանգստյան օրը` նորից նստեցինք ավտոբուս ու բռնեցինք տուն տանող ճանապարհը:
Նորից ղըռ, ղըռ, ղըռ.... Բայց, դե, ես ուրիշ բանի մասին էի մտածում. շուտով պիտի հասնեինք Սեւակի տուն-թանգարան, բայց... Ավտոբուսը փչացավ, ու երեք ժամ մնացինք ճանապարհին, արեւի տակ, առանց ջրի: Ժամերն անցնում էին, ու արդեն հույսս կտրեցի Սեւակի տուն-թանգարան այցելուց: Վերջապես ավտոբուսը սարքեցին, ու մի կերպ ժամը 12-ի կողմերը հասանք տուն: Ահա այսպիսի վերջաբան:

ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1 комментарий: