
Շատերիս մանկության հուշերում ապրում են «Մանկության մոլորակ» բարի ու լուսավոր մանկական հաղորդումը եւ նրա հաղորդավարուհին` Զարուհի Արզումանյանը: Սիրելի հաղորդաշարը վաղուց արդեն եթերում չէ, իսկ Զարուհին արդեն 5 տարի լրագրո
ղ է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայությունում: Նախորդ տարի «Հույսի կամուրջ» կազմակերպության «Արեւածաղիկ» ամենամյա լրագրողական մրցույթում նա արժանացավ «Լավագույն հեռուստանյութ» անվանակարգի 1-ին մրցանակին: Իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը Զարուհուն ճանաչեց 2010 թվականի լավագույն հեռուստալրագրող: Այժմ Զարուհին պատրաստվում է մեկնել Մեծ Բրիտանիա` ուսանելու: Իր անցած հեռուստատեսային ուղու, առաջիկա ծրագրերի, այսօրվա երիտասարդ լրագրողների մասնագիտական մոտեցումների մասին զրուցում ենք Զարուհի Արզումանյանի հետ:
-Զարուհի, ինչպիսի՞ն է հեռուստատեսությունը քո մանկության հուշերում:
-Իմ մանկությունը համընկավ մեր երկրի համար դժվարին տարիների հետ, երբ մեր կյանքում վառ գույներն այնքան էլ շատ չէին: Ես բոլոր այդ տարիներին ինձ հիշում եմ հեռուստատեսային տաղավարում. ամեն շաբաթ նկարահանումներ, գունագեղ զգեստներ, բազմաթիվ երեխաներ, պարախմբեր… Հովհարային անջատումները կարող էին խափանել նկարահանումները, տաղավարում ջերմաստիճանը հաճախ
0-ից ցածր էր, բայց հեռուստատեսության աշխատակիցներն այնպիսի ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ էին աշխատում, որ հրաշալի մթնոլորտ էր ստեղծվում: Ես միշտ ասում եմ, որ ունեցել եմ երկու դպրոց. մեկը` հանրակրթական` Լեւ Տոլստոյի անվան, մյուսը`հեռուստատեսային` Նորքի բարձունքում:
0-ից ցածր էր, բայց հեռուստատեսության աշխատակիցներն այնպիսի ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ էին աշխատում, որ հրաշալի մթնոլորտ էր ստեղծվում: Ես միշտ ասում եմ, որ ունեցել եմ երկու դպրոց. մեկը` հանրակրթական` Լեւ Տոլստոյի անվան, մյուսը`հեռուստատեսային` Նորքի բարձունքում:
-Իսկ ինչպե՞ս հայտնվեց փոքրիկ աղջնակը հեռուստատեսային տաղավարում:
-Ինձ հեռուստատեսություն է տարել մայրս` Սյուզաննա Մուրադյանը, որը որպես ռեժիսոր աշխատում էր Հանրային հեռուստատեսությունում: Երբ ես ընդամենը չորս տարեկան էի, առաջին անգամ մասնակցեցի «Հեքիաթն է կանչում» հաղորդմանը եւ Նոնա մորաքրոջ հետ միասին հեքիաթ պատմեցի: Հետո արդեն այդ հաղորդման մշտական մասնակիցն էի: Ապա սկսեցի վարել «Կապույտ թռչուն» հաղորդումը, մասնակցել հեռուստաբեմադրությունների, այնուհետեւ մինչեւ բուհ ընդունվելը հինգ տարի «Մանկության մոլորակի» հաղորդավարն էի:
-Բուհ դիմելիս դու արդեն հեռուստատեսությունում աշխատելու զգալի փորձ ունեիր: Ինչո՞ւ ընտրեցիր հենց թատերագետի մասնագիտությունը:
-Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ միշտ իշխել է մշակութային մթնոլորտը: Մի պապիկս մանկագիր Սուրեն Մուրադյանն է, մյուսը` ռեժիսոր Կիմ Արզումանյանը` հայկական
հեռուստատեսության հիմնադիրներից մեկը: Երկու պապիկներս իմ մեջ սեր են ներարկել մշակույթի, գրականության, թատրոնի նկատմամբ: Այս ամենը նպաստեց, որ որոշեմ սովորել Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական բաժնում, զուգահեռաբար ուսանեցի նաեւ ռեժիսորական կուրսում: Երբ բուհն ավարտեցի ու ընդունվեցի ասպիրանտուրա`արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ, որոշեցի վերադառնալ հեռուստատեսություն:
-Մասնագիտությամբ թատերագետ ես, ունեիր հաղորդավարի փորձ, ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր աշխատել որպես
լրագրող:
-Քանի որ ուսման ընթացքում շատ էի գրում հոդվածներ, ռեցենզիաներ, որոշեցի «Հայլուր» գնալ`լուսաբանելու մշակութային կյանքը: «Հայլուր» այն ժամանակվա տնօրեն Հարություն Հարությունյանն ընթերցեց հոդվածներս եւ ինձ լրագրության ոլորտում դրսեւորվելու հնարավորություն տվեց: Սկսեցի ռեպորտաժներ պատրաստել, իսկ մեկ ամիս անց արդեն ընդունված էի աշխատանքի: Կարճ ժամանակ անց հետաքրքրություններս մշակութային ոլորտից ընդլայնվեցին մինչեւ սոցիալական, կրթական, քաղաքական ոլորտներ:
-Տեղյակ եմ, որ պատրաստվում ես մեկնել Անգլիա` մասնագիտական գիտելիքներդ խորացնելու:
-Այո, ես շահել եմ բրիտանական «Չիվնինգ» կրթաթոշակը եւ այժմ մեկ տարով մեկնելու եմ Մեծ Բրիտանիա` սովորելու Նյուքասլի համալսարանի միջազգային մուլտիմեդիական լրագրության բաժնի մագիստրատուրայում: Բրիտանական լրագրողական դպրոցը, որտեղ
փայլում է վերլուծական միտքը, համարում եմ աշխարհում առաջատարը: Ամբողջ ուսումնական գործընթացը հիմնված է լինելու բրիտանական լրատվական գործակալությունների, հեռուստաընկերությունների հետ համագործակցության վրա: Հասունացել էր պահը, երբ ես ցանկանում էի տեղափոխվել լրագրողական այլ մենթալիտետով, այլ մոտեցումներով ու պահանջներով ապրող միջավայր: Այդ «այլը» հենց բրիտանականն է: Իսկ «Հայլուր» հետ կապն այնտեղից անպայման կպահպանեմ:
-Առիթ ես ունեցել լինելու աշխարհի տարբեր երկրներում, շփվելու տարբեր
ազգությունների լրագրողների հետ, դրանից բացի` ներգրավված ես Եվրոպական հարեւանության երկրների լրագրողական ցանցում: Ի՞նչ ես կարծում, մեր լրագրությունն ի՞նչ կարող է վերցնել արտասահմանյանից:

-Ամենաէականն, ինչ ինձ դուր է գալիս իմ արեւմտյան գործընկերների գործունեության մեջ, այն է, որ նրանք բավականաչափ ազատ են, որ լուսաբանեն քաղաքականություն` մնալով չքաղաքականացված: Բրիտանական լրատվության մեջ երբեք չես տեսնի, որ լրագրողը տառապի ցուցամոլությամբ կամ ինքնասիրահարվածությամբ, իսկ հայկական իրականության մեջ լինում է, երբ ինչ-որ լրագրողի ռեպորտաժը դիտելուց հետո մտածում ես` տեսանյութը որեւէ հերոսի կամ խնդրի՞ մասին էր, թե՞ հենց իր` լրագրողի: Կցանկանայի նաեւ, որ մեր լրատվական դաշտը մայրենիի նկատմամբ ցուցաբերեր այն զգուշությունը, ինչ Արեւմուտքում է: Լրագրողի հնչեցրած տեքստը պետք է զերծ լինի լեզվական սխալներից, իսկ հայ հեռուստալրագրողների հատկապես երիտասարդ սերնդի շրջանում լեզվի իմացությունը, ցավոք, փայլուն չէ:
-Լրագրողի մասնագիտությունն ազդե՞լ է բնավորությանդ վրա:
-Այո, ավելի հանդուրժող ու համբերատար եմ դարձել: Լինում են դեպքեր, երբ ռեպորտաժիդ հերոսը կտրականապես հրաժարվում է հարցազրույց տալ, իսկ խմբագրություն վերադառնալ առանց այդ հարցազրույցի պարզապես չես կարող: Ահա այստեղ է, որ գործի դնելով հոգեբանական ազդեցության բոլոր լծակներդ, մասնագիտական հմտություններդ` ի վերջո ստանում ես քեզ անհրաժեշտ նյութը: Իսկ իմ բնավորությունից մասնագիտական կյանք է «եկել» իմ բծախնդրությունը: Ես մաքսիմալիստ եմ ամեն հարցում, ինձ համար էականը արդյունքն է, ինչին հասնելու համար ես պատրաստ եմ աշխատել շատ ու անտրտունջ:
-Մեկնելուց առաջ, երբ հետադարձ հայացք ես գցում «Հայլուրում» աշխատած տարիներին, ի՞նչն ես համարում ամենաէականը, որ քեզ տվել է աշխատանքդ:
-Աշխատանքս ինձ շատ բան է տվել. միայն այն, որ ես հնարավորություն եմ ունեցել հին• տարվա ընթացքում ծանոթանալ, հարցազրույց վարել համաշխարհային մշակույթի բազմաթիվ գործիչների հետ, ինձ համար արդեն անգնահատելի է: «Հայլուրի» շնորհիվ իրականացավ իմ ամենամեծ երազանքներից մեկը. երբ անցյալ տարի Հայաստան ժամանեց սերբ կինոռեժիսոր էմիր Կուստուրիցան, ինձ հանձնարարվեց նրա այցի մասին նկարահանել հեռուստաֆիլմ, իսկ դա նշանակում էր երեք օր շարունակ առավոտից երեկո ուղեկցել Կուստուրիցայի խմբին, ունենալ բացառիկ հարցազրույցներ նրա հետ… Դրանք երեք անմոռանալի օրեր էին, որոնք ինձ ստիպեցին հավատալ` կինոռեժիսորն իրավացի է` կյանքն, իրոք, հրաշք է:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Լուսանկարում կինոռեժիսոր էմիր Կուստուրիցայի հետ
Комментариев нет:
Отправить комментарий