ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Վերջ… Այս ամառն էլ ավարտվեց: Ոմանք հասցրին վայելել իրենց արձակուրդը, ոմանք էլ, ինչպես ամեն տարի, բավարարվեցին ուղղակի տանը առավոտից երեկո քնելով: Բայց ինձ այլ բան է մտահոգում:
Հետզհետե ավելի ու ավելի մեծ թվով օտարերկրացիներ են հետաքրքրությոն հանդես բերում բազմահազարամյա պատմություն ունեցող մեր ժողովրդի, Հայաստանի ու մեր պատմամշակութային ժառանգության հանդեպ: Չմտածեք, թե ուրախ չեմ: Ճիշտ հակառակը. համոզված եմ, որ զբոսաշրջությունը այն բնագավառն է, որ մեծապես կարող է նպաստել Հայաստանի տնտեսական վերելքին: Ու կարծես թե բոլորն էլ ինչ-որ քայլեր անում են զբոսաշրջության զարգացման ուղղությամբ. աշխարհի ամենաերկար ճոպանուղին կառուցեցինք, ամեն օր անասելի արագությամբ մայրաքաղաքի տարբեր մասերում բարձրանում եմ եվրոպական չափանիշներին համապատասխան հյուրանոցներ, կազմակերպում ենք միջազգային ընդգրկում ունեցող տարբեր փառատոներ, միջոցառումներ ու հավաքներ («Ոսկե ծիրան», «Արի տուն», «Համահայկական խաղեր»…): Սակայն արի ու տես, որ մեր այս ջանքերն այնքան էլ մեծ արդյունք չեն տալիս. Հայաստան հիմնականում գալիս են սփյուռքահայերը: Նրանցից շատերն էլ հետ են գնում հիմնականում հիասթափված: Չեմ ասում, թե նրանք չեն հիանում կամ նրանց չեն հետաքրքրում մեր տեսարժան վայրերը, գեղատեսիլ բնությունը, բայց այլ խնդիրներ կան, որոնց առկայության դեպքում պատմական հուշարձանների ու բնաշխարհի թողած ցնցող տպավորությունը քիչ է: Նախ` տաքսու վարորդների միանգամից հարստանալ ցանկանալու ձգտումը: Հա, դեմ չեմ, վերջին ժամանակներում վառելիքի գնաճ նկատվում է, բայց չեմ կարծում, որ դա այնքան մեծ է, որ, ասենք, ուղեւորին Հանրապետության հրապարակից Ազատության հրապարակ տեղափոխելու համար 1500- 3000 դրամ գումար պահանջելն արդարացի լինի: Սոցիալական ցանցերից մեկում վերջերս նույնիսկ ստեղծվել էր «Դեմ ենք, որ տաքսու վարորդները սփյուռքահայերին կթեն» խումբը, որի անդամներից ոմանք փորձում էին քննադատել, ոմանք էլ արդարացնել այդպիսի վարորդներին…
Տաքսու վարորդներից հետ չեն ուզում մնալ հիմնականում փոքր (հատկապես մայրուղիների վրա, հուշարձանների մերձակայքում գործող) մթերային խանութների ու կրպակների վաճառողները: 0,5-լիտրանոց սովորական ջուրը 500-1000 դրամով են վաճառում, ուզում ես` ուզի, չես ուզում`ծարավից տառապի…
Հիասթափության պատճառներից մեկն էլ մայրաքաղաքից մարզեր տանող երթուղային ավտոբուսների սակավությունն ու երբեմն անմխիթար վիճակն է: Չէ՞ որ տուրիզմի շատ սիրահարներ նախընտրում են չօգտվել տուրիստական գործակալությունների առաջարկած ծառայություններից. այդկերպ եւ գումար են խնայում, եւ ավելի շատ բան տեսնում, եւ առավել մոտիկից են ճանաչում երկիրն ու ժողովրդին:
Հապա հասարակական զուգարանների բացակայությունը: Երեւանի մասին չեմ խոսում:Մայրաքաղաքից դուրս, ճիշտ է, բոլոր ավտոճանապարհային գազալցակայաններն ունեն զուգարաններ, սակայն եթե հաշվի առնենք, որ այդպիսի կայաններ տեսարժան վայրերի ճանապարհներին գտնելը գրեթե անհնար է… Ուստի շատերն են հաճախ ստիպված լինում դիմել հին ու չեմ ուզում ասել բարի մեթոդին: Լավ է` գոնե, կարծեք թե, բոլոր պատմամշակութային հուշարձանների մերձակայքում հասարակական զուգարաններ կան, այդուհանդերձ, այս հարցը դեռ մնում է չլուծված:
Աղբը: Հայաստան եկած ցանկացած զբոսաշրջիկի դեմքին կարող ես տեսնել, ասենք, ամենուր թափթփված պլաստիկ շշերի տեսքից դժգոհ արտահայտություն:
Անշուշտ, խնդիրներն ակնհայտ են, սակայն լինենք լավատես ու հուսանք, որ մոտ ժամանակներում ամեն ինչ կլուծվի, ու Հայաստանով ճամփորդելը բոլորին միայն հաճույք կպատճառի:
ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий