17 июн. 2013 г.

www.eter.am
ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ՄԵԶՆԻՑ ՀԵՏՈ ԹԵԿՈՒԶ ՋՐՀԵՂԵՂ

Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր: «Ամեն ինչ ունենք, բայց ոչինչ չունենք» . սա իսկ եւ իսկ մեր մասին է ասված: Մեր բուհերը իրավաբանների, տնտեսագետների ու միջազգայնագետների իսկական «դարբնոց» են, բայց մեր երկրում օրենսդրական դաշտն անկայուն է, տնտեսությունն օր օրի անկում է ապրում (թեպետ վիճակագրական տվյալներն այլ բան են ասում), դիվանագիտության մասին էլ գերադասում եմ լռել: Ինչ խոսք, երիտասարդ բնապահպան ակտիվիստները վերջին շրջանում արդյունավետ գործունեություն են ծավալում, բայց լավ կլիներ, որ հայրենի բնաշխարհը` բուսական ու կենդանական աշխարհը պահպանելու նպատակով նրանք միայնակ չմնային իրենց պայքարում, պետական այրերի մտահոգությունը չդրսեւորվեր միայն տոնական օրերին: Բնապահպաններն ապացուցեցին, որ Խոսրովի արգելոցում ապօրինի որս է կատարվում, փրկեցին Մաշտոցի պուրակը, Թեղուտի ու Թռչկանի համար պայքարը շարունակվում է: Սա շատ լավ է, դանդաղ, բայց մեր երկրում նույնպես ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն: Հիմա վերադառնամ Բնապահպանի օրվան:
Ժամանակներ առաջ Երեւանի փողոցներում տեղադրվեցին հատուկ աղբամաններ` տեսակավորված աղբի համար: Չգիտեմ` գուցե հերթական դրամաշնորհի կամ գրանտային ծրագրի մի մասն էր դա: Փող աշխատեցինք, բայց գործ չարեցինք: Իսկ երեւանցին այդպես էլ չսովորեց, որ անգամ աղբը, որն այսօր բնության համար մեկ թշնամին է, կարելի է օգտագործել ի շահ տնտեսության: Մենք, ինչ խոսք, ուտել-խմել սիրող ազգ ենք, բայց արի ու տես, որ երբ շատ ենք խմում, երբեմն վատ բնազդներ են առաջանում. ինչքան չորս բոլորը կեղտոտ ու թափթփված է լինում, մեզ դուր է գալիս: Կարեւոր չէ` բնության գրկում է, թե պատմամշակութային հուշարձանի տարածքում, ավերում ենք, թափում ու հեռանում, իսկ հետո շատ լուրջ ամբիոններից ամպագոռգոռ արտահայտություններ ենք անում բնապահպանության մասին: Քիչ խոսել ու աշխատել մենք այդպես էլ չսովորեցինք: Մենք չսովորեցինք, որ աղբը ոչ թե գետն է պետք լցնել, այլ գոնե այրել: Վերջերս Իջեւան քաղաքում էի: Ապշել էի, երբ երեկոյան քամին պոլիէթիլենե պարկերը կամ, ինչպես ժողովուրդն է ասում` ցելոֆանները, օդ էր բարձրացրել: Տպավորիչ էր, բայց` տգեղ: Զարմացել էի, երբ Մակարավանքի տարածքում գարեջրի ու օղու շշերի մի հսկա բլուր նկատեցի, տարածքը հսկողից էլ հետաքրքրվեցի` գուցե շշերի ընդունման կե՞ տ է բացել, մի լավ ծիծաղեց ու ասաց. «Դե էս ենք, էլի, ի՞ նչ ասեմ» : Ինչ վերաբերում է Աղստեւին` խեղճը որ լեզու ունենար, ինչե¯ր կպատմեր: Անդրադառնամ նաեւ Գորիս քաղաքին. նախորդ տարի կենտրոնն ինձ դուր եկավ` բարեկարգել էին, բայց դե մենք հո սովոր ենք մեր քթից այն կողմ ոչինչ չնկատել: Քաղաքի արվարձաններն ուղղակի աղբանոց էին հիշեցնում, այնտեղ, որտեղ ճանապարհն ավարտվում էր ու սար ու ձորն էր սկսվում, արդեն իրենց տիրույթը չէր, դե անտառի գազաններն էլ Բնապահպանի օր չունեն երեւի, որ ցույցեր անեն ու բողոքեն գորիսեցիներից: Սյունիքի մարզից չհեռանալով` նշեմ, որ ավելի ճոխ տեսարաններ նկատեցի Սիսիան քաղաքում: Այս ամենի մեջ մի լուսավոր կետ կա` Արցախը: Չնայած պատերազմի տարիներից հետո չսպիացած վերքերին, ավերված շինություններին ու ճանապարհներին, հատկապես Ստեփանակերտը ապշեցնում է իր մաքրությամբ: Դե Հայաստանը Երեւանով չի սահմանափակվում եւ հատկապես փոքր կենտրոնով, մեր երկիրը մեր բակով ու մեր շքամուտքով չի ավարտվում, իսկ մենք դեռ այդպես ենք մտածում. մեզնից հետո` թեկուզ ջրհեղեղ, մեր աչքից հեռու` թեկուզ աղբ ու ցեխ:

Ռ.Հ.

www.eter.am

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ԿԱՐԻՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ԷԼ ՈՒՆԻ


Օրեր առաջ Էջմիածնի Սբ.Գայանե եկեղեցում պատարագի ժամանակ Սուրբ սեղանի մոտ նկատեցի Տեր Կարապետ քահանային: Տեր Կարապետը նախկինում ծառայում էր Երեւանի Սբ.Սարգիս Զորավար եկեղեցում: Նա ծնողներիս պսակադրող քահանան է եղել,
մեր տանը տնօրհնեքի բազմաթիվ ծիսակատարություններ է կատարել: Քահանայի նրա համեստ կերպարն իմ հոգում տպավորվել է դեռ մանկության տարիներից: Տեր Կարապետի այցերը համեմված էին աստվածաշնչյան տարբեր պատմություններով ու խրատներով, որոնք ես ու եղբայրս միշտ մեծ ոգեւորությամբ էինք ունկնդրում: Մի քանի տարի Տեր Կարապետին չէի հանդիպել, եւ Սբ.Գայանե եկեղեցում նրան տեսնելը մեծ անակնկալ էր: Մոտեցա, զրուցեցինք, ու պատարագից հետո եկեղեցու բակում նստած մտածում էի` ինչքան կարեւոր է, որ հոգեւոր հովիվը սիրված, հարգված լինի ժողովրդի կողմից: Ցավոք, միշտ էլ եղել են եւ այսօր էլ մեր միջավայրում կան հոգեւորականներ, որոնք հեռու են մնում ժողովրդից, որոնց մարդիկ չեն վստահում, քահանան չի ճանաչում իր հոտի անդամներին, ժողովուրդը` իր հոգեւոր հովվին: Այնինչ, իմ կարծիքով, քահանան պիտի օգնի ու նպաստի, որ ժողովուրդը գա եկեղեցի, այնտեղ գտնի հույս ու մխիթարություն:
Սուրբ գիրք չենք կարդում կամ քիչ ենք կարդում, շատերիս համար պատարագի արարողակարգը ձանձրալի է, եւ այս ամենը, կարծում եմ, բավական մտահոգիչ է: Կենցաղային հոգսն այսօր այնքան առաջնային է, որ շատերս անգամ եկեղեցի գնալու ժամանակ չենք գտնում: Վերջին տարիներին ստեղծված եկեղեցական էլեկտրոնային կայքերը փոքրիշատե օգնում են այս բացը լրացնել: Բայց եկեղեցի գնալու հետ, կարծում եմ, կհամաձայնեք, ոչինչ չի համեմատվի: Հատկապես մեզ պես փոքր ազգերի համար կրոնը, հավատը ազգապահպան, միավորիչ նշանակություն ունի: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ վերջին տարիներին մատուռներ ու աղոթատեղիներ են կառուցվել զինված ուժերի մարտական հենակետերում, զորամասերում հոգեւոր ծառայողներ կան: Բանակում նրանց ներկայությունը չափազանց կարեւոր է:
Մեծագույն ցավ եմ ապրում, երբ մամուլում կամ առօրյա խոսակցությունների ժամանակ քննարկվում են այս կամ այն հոգեւորականի վարքին առնչվող տգեղ միջադեպեր: Եթե անգամ դրանք մասամբ են համապատասխանում իրականությանը, միեւնույն է, անում են իրենց գործը, պատճառ են դառնում, որ խզվի եկեղեցի-հասարակություն կապը: Իսկ երբ այդ կապը թուլանում է, իրենց գործն են սկսում անել զանազան աղանդները:
Մենք Էլ, անշուշտ, շատ հարցերում թերանում ենք, կամա-ակամա խախտում ընդունված կարգը: Շատ կանայք ու աղջիկներ եկեղեցի մտնելիս գլխաշոր չեն կրում, մոռանում են համեստ հագնվելու մասին: Ոմանք եկեղեցում կարող են հանգիստ ծամոն ծամել: Ինքս եմ մասնակցել պսակադրության մի արարողության, երբ քահանան ստիպված էր հրաժարվել պսակն օրհնելուց, քանի որ հարսնացուի զգեստը, մեղմ ասած, այնքան էլ համեստ չէր: Հարսնացուն ստիպված էր քողով ծածկվել: Նկատել եմ, որ եկեղեցական մեծ տոներից բացի մյուս դեպքերում պատարագին մասնակցում են հիմնականում ծերերը կամ միջին տարիքի մարդիկ, երիտասարդների հազվադեպ կարելի է հանդիպել: Բայց որքա¯ն երիտասարդներ են ներգրավված աղանդավորական տարբեր հոսանքներում: Մի առիթով թերթում էի աղանդավորական քարոզի համար նախատեսված բրոշյուրները: Դրանք այնքա¯ն գրավիչ են, գունեղ: Իսկ մեր շատ քաղաքացիներ դժգոհում են, որ պատարագիչների քարոզն անհասկանալի է:
Մեր եկեղեցիներում, ցավոք, նստելատեղերի պակաս է նկատվում: Շատերը, առողջական եւ այլ խնդիրներից ելնելով, չեն կարող երկար ոտքի վրա կանգնած մնալ, ուստի դժվարանում են մինչեւ վերջ մասնակցել պատարագին:
Հանգամանքների բերումով շատ եմ շրջագայում, եղել եմ մեր հանրապետության գրեթե բոլոր մարզերում: Գյուղական շատ վայրերում հոգեւորականների պակաս կա, մինչդեռ նրանց կարիքը հասարակությունը միշտ էլ ունի: Բազմաթիվ գյուղերում, անտառների մեջ պահպանվել են կիսախոնարհված եկեղեցիներ, որոնք հնարավոր է բարեկարգել, քահանա նշանակել, պատարագ մատուցել, նշել եկեղեցական տոները: Շատ գյուղերում մարդիկ իրենց ուժերով նորոգում են մատուռներն ու եկեղեցիները կամ նոր սրբատեղիներ են կառուցում, բայց այնտեղ հազվադեպ են արարողություններ կատարվում: Մտածում եմ` իսկ գուցե մեր երիտասարդ հոգեւորականնե՞ րը չեն համաձայնում հեռավոր գյուղերում ծառայել...


Ն.Հ.

13 июн. 2013 г.

www.eter.am

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

«ԻՍԿ ԴՈՒՔ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԳՆԱ՞ Ք…» 

Հերթական աշխատանքային այցով Դիլիջանում էի: Քաղաքն օր օրի գեղեցկանում, ճոխանում է: Համաշխարհային բանկի գլխամասն են կառուցում, աշխատակիցների համար` ձեղնահարկերով ծառայողական շենքեր (պահպանվում է Դիլիջանի ճարտարապետական դիմագիծը), մայթեզրի քարերն են փոխում, քաղաքը ծաղկապատվում է: Երբ վերջերս Սիսիանում էի, բնակիչներից բողոքներ լսեցի, թե հանրապետության բոլոր խոշոր քաղաքները բարեկարգում են, իսկ Սիսիանը ուշադրության չի արժանանում: «Ծաղկաձորը դարձրին զբոսաշրջության գոտի, Գորիսը Տաթեւի վանքի շնորհիվ միշտ ուշադրության կենտրոնում է, Ջերմուկը դեռ խորհրդային տարիներից առողջարանային կենտրոն էր, բա մենք ի ՞  նչ ասենք, միշտ անտեսված ենք»,- դժգոհում էին սիսիանցիները: Իսկ դիլիջանցիները գո՞ հ են, որ իրենց քաղաքը բարեկարգվում է: Ցավալի, բայց անհերքելի իրողություն է. դիլիջանցուն սեփական քաղաքի տեսքն ամենաքիչն է հետաքրքրում: «Բալիկ ջան, երբ մարդիկ հացի խնդիր ունեն, մեկ է` կքանդե՞ ն, թե՞  կսարքեն»,- ասաց դիլիջանցի Սամվել պապը: Նրա խոսքերն ինձ ցավ պատճառեցին, բայց մտածեցի նաեւ, թե կատարվող գեղեցիկ փոփոխությունները տեսնելուն մի քիչ խանգարում է Սամվել պապի տարիքը: Շարունակեցի զրուցել մայրաքաղաքից հեռու ապրող մարդկանց հետ, լսել նրանց խոսք ու զրույցը: Հետո ընկերներով սկսեցինք քննարկել, ու որքան մեր զրույցը ծավալվում էր, այնքան դժվար էր դառնում հասկանալ` ո՞ վ է սխալը, ո՞ վ է մեղավորը: Երբ հեռու այդ ամենից` քո տաքուկ բնակարանում մուրաբայով թեյ ես վայելում ու դրսից նայում կարկուտի փոքրիկ հատիկներին, նրանք լոկ չարաճճի էակներ են թվում, որ նետվում են պատուհանիդ ու քեզ խաղի հրավիրում: Այդ փոքրիկ հատիկները զվարճացնում են քեզ, բայց դրանք աղետ են գյուղացու համար, այն գյուղացու, որի մշակած բերքն ես վայելում ամռանը, որի տնկած ծառերի ստվերում արձակուրդին հանգիստդ ես անցկացնում: Միշտ էլ հեշտ է հեռվից դատելը, քննադատելը, մեղավորներ գտնելը, բայց տեղում պատկերը լիովին փոխվում է: Դիլիջանի կենտրոնում մռայլ ու դժնադեմ մի լիճ կա: Դիլիջանում լինելու դեպքում, սովորույթի համաձայն, երեկոյան այս լճի մոտ ենք հավաքվում ու զրուցում: Դիլիջանցիներն էլ այս տեղը սիրում են, հատկապես ամռան ամիսներին այստեղ բավական աշխույժ է: Հիմա էլ լճի մոտ ենք ու աղմկելով խոսում ենք, քննադատում ղեկավարներին ու ժողովրդին, դժգոհում ենք թանկությունից, անարդարությունից, արտագաղթից… Ու հարեւան նստարանից մի տարեց մարդ, հայացքը լճի` քամուց տատանվող մակերեւույթից չշեղելով, ասես ինքն իր հետ խոսելով, արձագանքում է. «Ամեն առավոտ եկեք տեսեք քանի ավտոբուս է անցնում այստեղով, մարդիկ գնում են, գլխապատառ փախչում են, իրենք էլ չգիտեն` ուր, բայց գնում են, փախչում են իրենք իրենցից: Պապս Իգդիրում մեծ տուն է ունեցել, պարտեզներ, խաղողի այգիներ, շներ, ձիեր, ամեն ինչ վաճառել է, տան դուռը կողպել ու գաղթել է Հայաստան, ջարդից է փախել: Հիմա էլ հարեւանս, բարեկամս, եղբայրս են դուռը կողպում ու բռնում գաղթի ճամփան, փախչում են… Ես չեմ գնալու, ես մնալու եմ, մնալու եմ, որ վերջում տեսնեմ` ի՞ նչ է լինում, ներսից տեսնեմ»: Տարեց զրուցակիցս մինչեւ վերջ էլ չներկայացավ. «Աշոտ, Պողոս, Արամ… ի՞ նչ նշանակություն ունի, քույրիկ, հայ եմ ու վերջ: Գիտես` հենց քո տարիքին կլիներ քույրս քսան տարի առաջ: Թողեցի մենակ ու անտեր, մի գիշեր թաքուն ճամփա ընկա դեպի Երեւան: Կյանքի զարկերակը Երեւանում էր, բայց ոչ նրա համար, որ մայրաքաղաքն էր, այլ` որ այնտեղ էր որոշվում ազգի ճակատագիրը: Էլ չէի դիմանում. ազգիս ճակատագիրն էր որոշվում: Հայրս ու մայրս երկրաշարժի փլատակների տակ մնացին: Լենինականից եկանք Դիլիջան, բայց կյանքը շատ էր ցավացրել, հանգիստ ապրել չկարողացանք: Վերջը գնացի Երեւան: Ազատության հրապարակում կարգին տղերքի հանդիպեցի, ընկերացանք: Մեծ մասը պոլիտեխնիկի, համալսարանի ուսանողներ էին, համոզեցին, փաստաթղթերս դասավորեցինք, համալսարան ընդունվեցի: Է¯, բալիկս, էն տարիներին էսօրվա պես չէր, էսօր շատացել են իրենք իրենց համար կեղծ արժեքներ հորինած ջահելները: Գալիս են ընտրություններից առաջ, մեր աչքերին նայելով առանց ամաչելու ի¯նչ ճառեր են ասում, մեզ հայրենիք սիրել, ապրել են սովորեցնում… Հետո՞ »
Ազդված լսում եմ զրուցակցիս, տղաները մոտակա խանութ են շտապում ու վերադառնում են գարեջրի շշերով: Առանց ավելորդ խոսքերի առաջին շիշը մեկնում են նրան: Գուցե հուզմունքը մեղմվի, բայց զսպված զայրույթից աչքերը կարմրում են, դողացող մատները հպում է քրտնած ճակատին: «Թաթուլին գիտես` Կրպեյան Թաթուլին, մորուքով, սեւ-սեւ պսպղացող աչքերով…»,- ասում է ու գլխիս շարժումով դրական պատասխան ստանալուց հետո շարունակում է,- Թաթուլն ախպերս էր, մի կուրսից էինք: Ի¯նչ երազանքներ ուներ, ինչ հույսեր: Երես չունեմ, որ եղբորս գերեզմանին գնամ: Երբեմն մտածում եմ` երանի ես էլ Գետաշենում մնայի… Քույրիկ ջան, մենք կուսակցություն չունեինք, մեր կուսակցությունները մեր ջոկատներն էին, պատերազմը իմաստավորեց մեր ուսանողական տարիները: Մենք ջահել էինք, բայց ապացուցեցինք, որ մենք ենք մեր երկրի տերը, մենք ոգի ունեինք, պայքարել գիտեինք, թասիբ ունեինք, տղամարդ էինք, գլուխներս ջուր չէր, հասկանում էինք` ինչ է կատարվում: Իսկ էսօր, էսօր էս ինչ է կատարվում: Էսօր, քույրիկ, ո՞ վ պատերազմ կգնա: Բանակ չեն ուզում գնալ, էլ ուր մնաց պատերազմ: Լավ տղերք կան, բան չեմ ասում, բայց դուք, տղերք, շատերը չեն գնա, չեն կռվի, չեն դիմանա, որովհետեւ ձեզ սխալ են դաստիարակել: Առաջին պատահած ավտոբուսով կփախչեք. պայքարել չեք ուզում, փոխել չեք ուզում, դիմանալ չգիտեք: Գարեջրի համար շնորհակալ եմ, տղերք, պատերազմի տարիներին սա մեծ հաճույք էր… Անիծվի պատերազմը»: Տղամարդը արդեն դատարկ շշի մեջ ինչ-որ անհասկանալի մեղեդի փչելով դանդաղ հեռացավ` չուզենալով լսել մեր առարկությունը: Իսկ մենք դեռ երկար խոսում ու վիճում էինք: Լռելուց հետո էլ ամեն մեկիս ներսում վեճն ու կռիվը շարունակվում էր: Ինչպե՞ ս անենք, որ այս կռվում տանուլ չտանք…

Շ.Հ.

12 июн. 2013 г.

www.eter.am

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ


ԲԱՆԱԿԸ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է

Փեսացուս ազգային բանակի սպա է, հորեղբայրս ծառայել է հայոց բանակում դեռ Արցախյան պատերազմի տարիներին: Երկուսի հետ էլ առիթի դեպքում զրուցում եմ բանակային տարբեր թեմաների շուրջ: Երկու տարբեր սերունդների ներկայացուցիչներ, երկու տարբեր հայացքներ բանակի մասին: Տա Աստված, որ Հայոց աշխարհը մշտապես խաղաղ լինի, եւ բոլոր զինվորականները` ժամկետային զինվորից մինչեւ գեներալ, խաղաղ պայմաններում կատարեն իրենց պարտավորություններն ու մասնագիտական պարտքը: Սակայն վերջերս տեղի ունեցած իրադարձությունները մեծ ցավ են պատճառում եւ խորհելու տեղիք տալիս: Աններելի է խաղաղ պայմաններում այսքան զոհ տալը, բայց չի կարելի պնդել, որ դա միայն բանակի մեղքն է: Մենք չենք ուզում հասկանալ, որ յուրաքանչյուր զինվորի, սպայի կյանքի համար մենք ազգովի ենք պատասխանատու: Ի՞  նչ արժեքներով ու ի՞  նչ ոգով ենք մենք դաստիարակում մեր երեխաներին: Ի՞  նչ է տեսնում ապագա զինակոչիկը հեռուստաէկրանին` էժանագին հայկական սերիալներ, որտեղ այնքան հեշտ է սպանելը: Այսօր դպրոցում ուսուցիչը աշակերտի վրա ձայն բարձրացնելու, նրան նախատելու կամ դիտողություն անելու իրավունք չունի. դա համարվում է երեխայի իրավունքների ոտնահարում: Այդ երեխան, որը եւ դպրոցում, եւ տանը անում է այն, ինչ ուզում է, բնական է համարում, որ պիտի ստանա սրտի ուզածը, բնական է, որ բանակի խիստ կանոնակարգին չի դիմանալու եւ անընդհատ տարաձայնություններ է ունենալու թե ծառայակիցների, թե սպայակազմի հետ: Շատ ընտանիքներում ընդունված է տղա երեխային մանուկ հասակից հայհոյանքներ սովորեցնելը եւ, որ զարմանալի է, դրանով հպարտանալը: Մարդիկ չեն գիտակցում, որ ընդամենը մի հայհոյանքը հետո մի քանի կյանք է արժենալու: Մենք չենք հասկանում, որ երբ դեռ մանուկ հասակից մենք ինքներս մեզ համար ինքնահաստատվելու ոլորտներ չենք փնտրում, երբ մենք մեզ չենք բացահայտում, երբ մեզ համար աշխարհը մինչեւ պատանեկություն միագույն է, այս ամենը զանազան բարդույթներ է առաջացնելու, որոնք հետո խանգարելու են որոշակի միջավայրին հարմարվել, խանգարելու են բանակում եւ առհասարակ ամբողջ կյանքում մարդկային շփումներ հաստատելիս: Ես այնքան կուզենայի, որ մենք հոգատար լինեինք մեկս մյուսի հանդեպ, սովորեինք ժպտալ միմյանց, սիրել, օգնել, սովորեինք միասին կառուցել մեր հասարակությունն ու մեր երկիրը, որն այնքան ժամանակ մերը չի լինի, որքան մենք նրան օտարի պես կվերաբերվենք, քանի դեռ չենք հասկանա, որ մեր բանակը մեր ազգային հպարտությունն է, քանի դեռ անտարբեր կլինենք միմյանց, ի վերջո` մեր երկրի նկատմամբ: Մենք երբեմն չափազանց հանդուրժող ենք մանր թվացող կարեւոր խնդիրների հանդեպ, որոնք հետո մեծագույն պատուհաս են դառնում ու թունավորում մեր կյանքը: Մենք երբեմն միայն պահանջում ենք ու ոչինչ չենք տալիս: Հիշո՞  ւմ եք Փոքրիկ իշխանին. նա ամեն օր մաքրում էր իր մոլորակը բաոբաբի ծիլերից, մաքրում էր բոլոր հրաբուխները եւ անգամ չգործող հրաբուխը…

ՆԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

www.eter.am

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ


ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ` ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


Վերջերս մայիսյան հաղթանակների կապակցությամբ մի միջոցառման էի մասնակցում: Երբ հնչեց ազգային բանակի հիմնը` հանդիսականներից ոչ մեկը ոտքի չկանգնեց: Մենք դժգոհությամբ ենք մի քանի րոպե հոտնկայս դիմանում նույնիսկ այն ժամանակ, երբ հնչում է մեր պետական օրհներգը: Նկատել եմ` ոչ բոլոր քաղաքական գործիչներն են երգում մեր օրհներգը, այնինչ դա, անկասկած, վերաբերմունք է ձեւավորում: Երբ հեռուստատեսությամբ ֆուտբոլային խաղեր եմ նայում, զարմանում եմ, թե ինչպես ազգային հավաքականների բոլոր անդամները ոգեւորված երգում են իրենց հիմնը, իսկ մեր տղանե՞ րը... Մի՞ թե դժվար է երկու քառատող սովորելը: Տատս մի լավ խոսք ունի, ասում է. «Խաչին տերն է զորավոր դարձնում» : Ոմանք գուցե իմ կարծիքը ծայրահեղ համարեն, բայց ես համոզված եմ. արժեքները, որոնք մենք այսօր հրաժարվում ենք ընդունել, աստիճանաբար օտարանալու են: Հարեւան Թուրքիայում, անկախ ազգային պատկանելությունից, յուրաքանչյուր երեխա ամեն առավոտ դպրոցում, մանկապարտեզում, երիտասարդները` բուհերում, կրկնում են. «Երջանիկ է նա, ով թուրք է»: Իսկ մենք երջանի՞ կ ենք, որ մենք հայ ենք: Գուցե մեկն ասի. «Ի՞ նչ մի երջանկություն է հայ լինելը»: Մեկն էլ գուցե կրկնի «Երկիրը երկիր չի» արդեն սովորական դարձած արտահայտությունը... Բայց չէ՞  որ վատից վատն էլ է լինում, իսկ մեր երկիրը սա է: Այդպես չե՞ նք դատում նաեւ այն դեպքում, երբ մեր ազգի պատմությունը չենք ուսումնասիրում ու չենք ուզում ճանաչել ինքներս մեզ: Հարեւան Ադրբեջանում հսկայածավալ ֆոնդեր են հատկացվում պատմությունը կեղծելու, հորինված ադրբեջանամետ պատմություն ստեղծելու համար: Եվ այս ամենը միայն Ադրբեջանի մատաղ սերնդին պետականամետ հայացքներով դաստիարակելու, ալիեւյան պաշտամունք սերմանելու համար: Իսկ մենք, մենք անգամ իրական պատմությունն ենք զլանում հավուր պատշաճի ներկայացնել մեր սերունդներին: Մենք մեր պատմությունը նոր սերնդին ներկայացնելը ոչ թե պետք է սոսկ դպրոցական ծրագրի մաս համարենք, այլեւ նպատակ, կարեւորագույն խնդիր: Մենք հաղթանակած բանակի զինվորներն ենք, մենք հաղթանակի ու անկախության սերունդն ենք, բայց չենք գիտակցում դրա արժեքը, մեզ պարտավորված ու պատասխանատու չենք զգում: Մենք հաղթական ոգով չենք ապրում, մեր հպարտությունն ինչ-որ տեղ թերի է: Ցավոք, այսօրվա աշակերտը դպրոցն ավարտում է` առանց իմանալու, թե որտեղ է գտնվում Արցախը, ինչ պատմամշակութային վայրեր ու կոթողներ կան այնտեղ, ինչ է իրենից ներկայացնում հայ-ադրբեջանական հակամարտությունը, չեն ճանաչում մեր հերոսներին: Իսկ Ադրբեջանում այսօր մեծանում է մի սերունդ, որը դեռ օրորոցից հստակ ճանաչում է իր թշնամուն եւ գիտի հանուն ինչ նպատակի ու գաղափարի է ապրում: Գուցե, իրոք, ադրբեջանական բանակը պարտվեց, որովհետեւ չէր հավատում իր հաղթանակին, որովհետեւ հոգու խորքում նրանք գիտեին, որ արդար չէ իրենց պահանջը, բայց այսօրվա սերունդը վաղվա պատերազմում այդպես չի մտածելու, նա այսօր այլ կերպ, այլ գաղափարներով է դաստիարակվում: Մենք ծաղրով ու քննադատությամբ ենք վերաբերվում այն երեւույթին, որ Թուրքիայում յուրաքանչյուր շինության, այդ թվում հայկական հուշարձանների վրա թուրքական դրոշն է ծածանվում: Մենք ամերիկյան դրոշով հագուստ ենք կրում ու չենք հասկանում, թե իրականում ինչ ենք անում: Ամերիկան իր դրոշի գույները, աստղերը նորաձեւության մեջ կիրառելով` կարողացավ հասնել նրան, որ տարածեց իր մշակույթն ամբողջ աշխարհով մեկ: Վերջերս շատ է խոսվում ազգային գաղափարախոսության հայեցակարգի մասին, տարբեր գիտաժողովներ են կազմակերպվում: Ծիծաղելի է, մի ժողովուրդ, որ աշխարհի հնագույն ժողովուրդների շարքին է դասվում, չունի անգամ ազգային գաղափարախոսություն: Իսկ այդ մասին խոսելն էլ վերածվել է ժամանակակից երեւալու պես մի բանի: Մենք պետք է ճանաչենք մեր ազգը, սիրենք մեր հայրենիքը, սրտացավ պիտի լինենք միմյանց նկատմամբ, ապրենք մեկս մյուսի հոգս ու ցավով եւ, որ ամենակարեւորն է, պետք է սովորենք ազգի մասին խոսելիս օտարի նման, կողմնակի դիտորդի պես սառնասրտորեն չքննադատել, այլ մտածենք ինչ-որ բան շտկելու, արատավոր երեւույթները կանխելու ու վերացնելու մասին:

ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



8 июн. 2013 г.

www.eter.am
«ԶԻՆՈՒԺ» . 20 ՏԱՐԻ ԷԿՐԱՆԻՆ



Մեր նորօրյա պատմության ամենափառավոր հաղթանակի` Արցախյան ազատամարտի վավերագրության համար երախտապարտ պետք է լինենք այն հայորդիներին, ովքեր այդ օրերին ոչ միայն կռվում էին, պաշտպանում հայրենիքը, այլեւ կատարում էին լրագրողի ու օպերատորի բարդ ու պատասխանատու աշխատանքը: Նրանց թվում էին նաեւ պաշտպանության նախարարության «Զինուժ» հեռուստածրագրի լրագրողները եւ օպերատորները: «Զինուժի»  եւ շատ այլ լրագրողների ու օպերատորների հայրենանվեր աշխատանքի շնորհիվ է, որ մեր արխիվում այսօր կան փաստավավերագրական տեսանյութեր, ռադիոձայնագրություններ, որպես ժողովրդին պարտադրված պատերազմի եւ մեր արդար պայքարի վկայություններ:
1993 թվականի հունվարի 5-ից եթեր հեռարձակված «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումները մեծապես օգնեցին լսարանին, հատկապես երիտասարդներին ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու եւ հայրենիքի պաշտպանության գործում իրենց ավանդը ներդնելու հարցում: Հեռուստածրագիրն օպերատիվ կերպով լուսաբանեց Հայաստանի սահմաններում եւ Արցախում ծավալված մարտական գործողությունները, պատմեց նոր-նոր կազմավորվող ազգային բանակի մասին, պարբերաբար անդրադարձավ բանակաշինության հիմնախնդիրներին: Այս տարի լրանում է «Զինուժ» հեռուստածրագրի քսանամյակը:
Ինչպես հրադադարի հաստատումից հետո, այնպես էլ ներկա փուլում «Զինուժի» թողարկումներում ներկայացվում են զորքերի մարտունակության հետագա բարձրացմանը միտված մարտավարամասնագիտական պարապմունքները, պետական սահմանում իրականացվող մարտական հերթապահությունը, ամառային եւ ձմեռային փուլերի ուսումնական գործընթացները, տարաբնույթ զորավարժություններն ու վարժանքները, հասարակություն-բանակ փոխհարաբերությունները, ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումները, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում ծավալված ռազմաքաղաքական համագործակցությունը: Պարբերաբար ռեպորտաժներ եւ թղթակցություններ են պատրաստվում զորամասերից ու ռազմաուսումնական հաստատություններից, ներկայացվում են զոհված ազատամարտիկների ու մերօրյա հերոսների դիմանկարները: Թողարկումների ընթացքում լուսաբանվում են ՀՀ զինված ուժերի կենսագործունեության կարեւորագույն դրվագները, Հայոց բանակի առաքելությունն ու խնդիրները, ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի, բարձրաստիճան այլ զինվորականների աշխատանքային այցերը, հանդիպումները եւ նրանց մասնակցությամբ կայացած միջոցառումները: Եվ ամենակարեւորը. ինչպես անցյալում, այնպես էլ այժմ «Զինուժ» հեռուստածրագիրը փորձում է ներկայացնել հայ զինվորի այն հավաքական կերպարը, որն ապահովում է մեր երկրի անվտանգությունը: Ծրագրի ղեկավարն է ՔՀԾ առաջին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը, գլխավոր ռեժիսորը` գնդապետ Աշոտ Գեւորգյանը, գլխավոր խմբագիրը` ՔՀԾ երկրորդ դասի խորհրդական Գեղամ Մելիքբեկյանը, հաղորդավարներն են ՔՀԾ առաջատար մասնագետներ Զավեն Մաթեւոսյանը եւ Կամիլլա Չալյանը:
ՀՀ ՊՆ «Զինուժ» ծրագիրը եթեր է հեռարձակվում շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր թողարկումը` 30 րոպե տեւողությամբ: 
«Զինուժ» հեռուստածրագիրն ունի մի շարք խորագրեր: «Խրամատային ճշմարտություն» խորագրի ներքո ներկայացվում է հայ-ադրբեջանական պետական սահմանում իրականացվող մարտական հերթապահության ընթացքը, «Զորամասային առօրյան» պատմում է զորամասերի ծառայողական կյանքի մասին, «Պարոնայք սպաներ» խորագրի ներքո ներկայացվում են բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկնող սպաների դիմանկարները, «Ապրիր եւ հիշիր» խորագրի ներքո` ակնարկներ Արցախյան ազատամարտում եւ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամավորականների ու զինծառայողների մասին, «Մեր բանակի զինվորը» խորագրի ներքո` բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկնող ժամկետային զինծառայողների դիմանկարները, «Գորդյան հանգույց» խորագրի ներքո լուսաբանվում են հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմի թեմաները, իսկ «Հյուրասրահում» յուրաքանչյուր կիրակի զինվորականների, փորձագետների ու գիտնականների հետ քննարկվում են ռազմաքաղաքական տարբեր թեմաներ:
«Զինուժ» հեռուստածրագրի աշխատակազմը պատրաստում եւ եթեր է հեռարձակում նաեւ ՀՀ ԶՈՒ կենսագործունեությանը, Արցախյան ազատամարտին ու նրա հերոսներին վերաբերող, ինչպես նաեւ ռազմահայրենասիրական բնույթի տեսաֆիլմեր: Ամենեւին էլ պատահական չէ, որ Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից 2011 թվականին «Զինուժը» ճանաչվել է ռազմահայրենասիրական լավագույն հեռուստահաղորդում, արժանացել «Ոսկե էկրան» եւ այլ մրցանակների: Սա նշանակում է, որ հասարակական կարծիքն անաչառ ու անկողմնակալ է գնահատում «Զինուժի» դիրքորոշումը, ինչը ստեղծագործական խմբին պարտավորեցնում է առավել պատասխանատվությամբ շարունակելու իր գործունեությունը: 

Հ.Ն.

21 апр. 2013 г.

www.eter.am


ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ

Վերջին շրջանում ամեն անգամ, երբ այցելում եմ սահմանամերձ Ճամբարակ քաղաք, «Ի՞  նչ կա-չկա, ո՞  նց եք հարցերիս» գյուղաքաղաքում ապրող տարեց բարեկամուհիս տխուր պատասխանում է. «Էլի մի տասը հոգի գյուղից գնաց»: Ու գյուղական նրա տան սենյակը լցվում է սարսափեցնող լռությամբ: Տատիկը, որի որդին տարիներ առաջ զոհվել է հայրենիքի անկախության ու ազատության համար մղված մարտերում, էլի ինքն է առաջինը խախտում լռությունը, սրբում է արցունքներն ու  թախիծը կոպերի տակ թաքցնելով`  հորդորում է սիրել հայրենիքը, մենակ չթողնել ծնողներին. «Դուք եք մեր հույսը, բալա ջան, ջահելները որ չլինեն, էլ ո՞  ւմ համար ենք կռվել, էլ ո՞  ւմ համար ենք հող ու շեն պահել, ո՞  ւմ համար…»: Հարցեր, հարցեր…, իսկ պատասխաններ չկան, լռությունը նորից լցնում է սենյակը, ու սկսում եմ քիչ-քիչ սառնություն զգալ, այնինչ դրսում արեւ է: Ուզում եմ օդ շնչել, զբոսնել, ազատվել ինձ անհանգստացնող մտքերից: Քայլում եմ ու երկար ժամանակ ոչ մեկի չեմ հանդիպում: Տատիկը ճիշտ էր, գյուղը դա-տարկվել է: Վերջապես բակերից մեկում տեսնում եմ երիտասարդ մի աղջկա` այս փոքիկ մոլորակի թվում է թե միակ բնակչին: Բարեւում եմ, հարցնում անունը: Մանեին խնդրում եմ մի քիչ զբոսնել ինձ հետ: Նրա սեւ, մեծ աչքերը փայլում են, անակնկալի եկած արագ-արագ դուրս է գալիս հողամասից: Քայլում ենք դեպի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողը, նստում ենք նստարանին: Ես պատմում եմ` ով եմ, ինչու եմ եկել: Ինքն էլ պատմում է իր մասին: Ուզում է նկարչուհի դառնալ, կյանքը գունավոր ներկերով պատկերել, դժգոհում է, որ գյուղում իրեն չեն հասկանում, որ ինքն իրեն միայնակ է զգում, որ մայրաքաղաքն այդքան հեռու է… Մանեն տասնյոթ տարեկան է: Երեւանում մեկ-երկու անգամ է եղել: Ես ուզում եմ օգնել նրան, բայց ինչպե՞  ս: Հուշեմ, որ պետք է փորձի Երեւան գալ, ուսում ստանալ, այսինքն ասեմ, որ հեռանա՞  գյուղից: Ինչպես քիչ առաջ տանտիրուհիս, այնպես էլ հիմա Մանեն է դարձյալ հարթում իրադրությունը: «Չէ, ես գյուղից գնացող չեմ: Հողամաս ունենք, անասուններ: Հիմա հիմնականում պապս է զբաղվում այդ գործով, բայց ես ծրագրեր ունեմ: Մեր գյուղում անասնապահության զարգացման համար շատ լավ պայմաններ կան: Ես էլ որոշել եմ պապիկիս համոզել, որ կամաց-կամաց անասունների թիվն ավելացնենք: Գոմ ունենք, աշխատող ձեռքեր` նույնպես: Ճիշտ է, որ մի քանի ընտանիք միանար` ավելի հեշտ կլիներ, բայց ում հետ խոսում եմ` չեն համաձայնում: Երիտասարդները գարնան գալուն պես թողնում-գնում են Ռուսաստան: Մեծ մասը ասֆալտի գործ է անում: Ասում եմ` մնացեք, փոքրիկ ֆերմա ստեղծենք, ծիծաղում են` էլ ուրիշ կով պահող չկա՞  : Կփորձենք կաթը հանձնել կամ պանիր սարքել: Համացանցում գտնում եմ ինձ  անհրաժեշտ տեղեկություններ: Դրսում այդպիսի ֆերմաներ շատ կան, եւ մարդիկ կարողանում են գործից գլուխ հանել: Ես էլ, երեւի, պիտի մայրիկիս ու պապիկիս համոզեմ»,- ոգեւորվեց Մանեն: Մութն ընկնում էր, պապը ուր որ է կովերին հանդից տուն կբերի: Հրաժեշտ տալիս նորից ասաց. «Ես իմ ֆերման կունենամ, կաշխատեմ, երեկոներն էլ մեր Ճամբարակը կնկարեմ…»: Հաջորդ այցիս նկարչական պիտույքներ կտանեմ Մանեի համար:

Ն.Հ.


18 апр. 2013 г.

www.eter.am

ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈ ՞ Ղ, ԹԵ ՞  ԺՅՈՒՐԻ

Այսօր տարբեր հեռուստաալիքներով կարելի է դիտել նախագծեր, որոնք շնորհալի` երգող, պարող, նվագող, դերասանական ձիրք ունեցող երիտասարդներին դրսեւորվելու հնարավորություն են ընձեռում. «Հայաստանի ձայն»,  «Հայ սուպերսթար», «Իքս ֆակտոր»,  «Պարիր, թե կարող ես», «Դեպի կինո» եւ այլ հեռուստանախագծեր մեծ ժողովրդականություն են վայելում: Մասնակից երիտասարդների ճակատագիրը որոշում է ոչ միայն ժյուրին, այլեւ հեռուստադիտողի sms քվեարկությունը: Եվ ամեն անգամ որեւէ նախագծի ավարտից հետո կրքեր են փոթորկվում. արդյոք անաչա ՞  ռ էր ժյուրին, ճի՞  շտ էին հաշվարկել ուղարկված ձայները...
Ժյուրիի ընտրությո՞  ւնն է օբյեկտիվ, թե՞   հեռուստադիտողի: Այս հարցին են փորձել պատասխանել մեր զրուցակիցները:

Լավ է, երբ եւ ժյուրին է իր կարծիքը հայտնում, եւ հեռուստադիտողը, այսպես, կարծում եմ, ավելի օբյեկտիվ է, որովհետեւ շարքային քաղաքացին երբեք չի կարող կողմնորոշվել, մասնագիտական գնահատական տալ, թե, ասենք, որ երգչի կատարումն էր ավելի պրոֆեսիոնալ: Միեւնույն ժամանակ արտիստը հանդիսականի համար է ելույթ ունենում, բնականաբար, պետք է առաջին հերթին հանդիսատեսին դուր գա: Եթե հաշվի առնենք, որ նման նախագծերը նպատակ ունեն նաեւ մաքրելու այսօրվա շուկայի աղբը, ուրեմն պետք է անպայման մասնագետները միջամտեն, որպեսզի հետո նորից ստիպված չլինենք ունկնդրել գեղեցիկ ոտքեր կամ գեղեցիկ ժպիտ ունեցող տղաների ու աղջիկների, որոնք Աստված գիտե, թե ինչ կապ ունեն երաժշտության հետ:

ՍԵՐԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Կարծում եմ` կամ ժյուրին պիտի գնահատի, կամ հեռուստադիտողը: Որովհետեւ երբ ժյուրին կարծիք է հայտնում, ակամա կողմնորոշում է հեռուստադիտողին, իսկ հեռուստադիտողի քվեարկելու պարագայում էլ, կարծում եմ, մի քանի անգամ համոզվեցինք, որ մեծ ազդեցություն է ունենում, ասենք, կատարողի արտաքինը: Եթե հաշվի առնենք, որ քվեարկություններին եւ նմանատիպ նախագծերին հիմնականում հետեւում են երիտասարդները, բնականաբար, մեծ մասամբ նրանք էլ քվեարկում են: Եվ հիմնականում քվեարկում են անձնական համակրանքից ելնելով, երբեմն առանց հաշվի առնելու երաժշտական տվյալները, բեմական վարպետությունը եւ այլն:

ՍՈՒՐԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ

Պարզ է, որ սրանք հիմնականում դրսից ներմուծված հեռուստանախագծեր են, որոնց պայմանները տեղում չեն որոշվում, վաղուց արդեն հաստատված են: Այնուամենայնիվ կարծում եմ` լավ կլինի, որ միայն հանդիսատեսը որոշի, ի վերջո հանդիսատեսն է հետո ունկնդրում նրանց: Նաեւ բազմության կարծիքն ավելի օբյեկտիվ կարող է լինել: Իսկ ժյուրին երբեմն, անձնական համակրանքից ու հակակրանքից ելնելով, կարող է նախագծից հեռացնել արժանավորին կամ, որ ավելի վատ է, նախագծի հաղթող ճանաչել մի մարդու, ում դա այնքան էլ պետք չէ, ում վաղը ամուսինը, եղբայրը, հայրիկը թույլ չեն տալու աշխատել տվյալ ոլորտում: Իսկ, իմ կարծիքով, պակաս կարեւոր չէ, որ այս հեռուստանախագծերը կարողանան ի հայտ բերել շնորհալիներին, որոնք իրենց տեղը կգտնեն մեր շոու բիզնեսում:

ԼԻԼԻԹ ՍԵՐՈԲՅԱՆ