8 июн. 2013 г.

www.eter.am
«ԶԻՆՈՒԺ» . 20 ՏԱՐԻ ԷԿՐԱՆԻՆ



Մեր նորօրյա պատմության ամենափառավոր հաղթանակի` Արցախյան ազատամարտի վավերագրության համար երախտապարտ պետք է լինենք այն հայորդիներին, ովքեր այդ օրերին ոչ միայն կռվում էին, պաշտպանում հայրենիքը, այլեւ կատարում էին լրագրողի ու օպերատորի բարդ ու պատասխանատու աշխատանքը: Նրանց թվում էին նաեւ պաշտպանության նախարարության «Զինուժ» հեռուստածրագրի լրագրողները եւ օպերատորները: «Զինուժի»  եւ շատ այլ լրագրողների ու օպերատորների հայրենանվեր աշխատանքի շնորհիվ է, որ մեր արխիվում այսօր կան փաստավավերագրական տեսանյութեր, ռադիոձայնագրություններ, որպես ժողովրդին պարտադրված պատերազմի եւ մեր արդար պայքարի վկայություններ:
1993 թվականի հունվարի 5-ից եթեր հեռարձակված «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումները մեծապես օգնեցին լսարանին, հատկապես երիտասարդներին ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու եւ հայրենիքի պաշտպանության գործում իրենց ավանդը ներդնելու հարցում: Հեռուստածրագիրն օպերատիվ կերպով լուսաբանեց Հայաստանի սահմաններում եւ Արցախում ծավալված մարտական գործողությունները, պատմեց նոր-նոր կազմավորվող ազգային բանակի մասին, պարբերաբար անդրադարձավ բանակաշինության հիմնախնդիրներին: Այս տարի լրանում է «Զինուժ» հեռուստածրագրի քսանամյակը:
Ինչպես հրադադարի հաստատումից հետո, այնպես էլ ներկա փուլում «Զինուժի» թողարկումներում ներկայացվում են զորքերի մարտունակության հետագա բարձրացմանը միտված մարտավարամասնագիտական պարապմունքները, պետական սահմանում իրականացվող մարտական հերթապահությունը, ամառային եւ ձմեռային փուլերի ուսումնական գործընթացները, տարաբնույթ զորավարժություններն ու վարժանքները, հասարակություն-բանակ փոխհարաբերությունները, ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումները, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում ծավալված ռազմաքաղաքական համագործակցությունը: Պարբերաբար ռեպորտաժներ եւ թղթակցություններ են պատրաստվում զորամասերից ու ռազմաուսումնական հաստատություններից, ներկայացվում են զոհված ազատամարտիկների ու մերօրյա հերոսների դիմանկարները: Թողարկումների ընթացքում լուսաբանվում են ՀՀ զինված ուժերի կենսագործունեության կարեւորագույն դրվագները, Հայոց բանակի առաքելությունն ու խնդիրները, ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի, բարձրաստիճան այլ զինվորականների աշխատանքային այցերը, հանդիպումները եւ նրանց մասնակցությամբ կայացած միջոցառումները: Եվ ամենակարեւորը. ինչպես անցյալում, այնպես էլ այժմ «Զինուժ» հեռուստածրագիրը փորձում է ներկայացնել հայ զինվորի այն հավաքական կերպարը, որն ապահովում է մեր երկրի անվտանգությունը: Ծրագրի ղեկավարն է ՔՀԾ առաջին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը, գլխավոր ռեժիսորը` գնդապետ Աշոտ Գեւորգյանը, գլխավոր խմբագիրը` ՔՀԾ երկրորդ դասի խորհրդական Գեղամ Մելիքբեկյանը, հաղորդավարներն են ՔՀԾ առաջատար մասնագետներ Զավեն Մաթեւոսյանը եւ Կամիլլա Չալյանը:
ՀՀ ՊՆ «Զինուժ» ծրագիրը եթեր է հեռարձակվում շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր թողարկումը` 30 րոպե տեւողությամբ: 
«Զինուժ» հեռուստածրագիրն ունի մի շարք խորագրեր: «Խրամատային ճշմարտություն» խորագրի ներքո ներկայացվում է հայ-ադրբեջանական պետական սահմանում իրականացվող մարտական հերթապահության ընթացքը, «Զորամասային առօրյան» պատմում է զորամասերի ծառայողական կյանքի մասին, «Պարոնայք սպաներ» խորագրի ներքո ներկայացվում են բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկնող սպաների դիմանկարները, «Ապրիր եւ հիշիր» խորագրի ներքո` ակնարկներ Արցախյան ազատամարտում եւ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամավորականների ու զինծառայողների մասին, «Մեր բանակի զինվորը» խորագրի ներքո` բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկնող ժամկետային զինծառայողների դիմանկարները, «Գորդյան հանգույց» խորագրի ներքո լուսաբանվում են հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմի թեմաները, իսկ «Հյուրասրահում» յուրաքանչյուր կիրակի զինվորականների, փորձագետների ու գիտնականների հետ քննարկվում են ռազմաքաղաքական տարբեր թեմաներ:
«Զինուժ» հեռուստածրագրի աշխատակազմը պատրաստում եւ եթեր է հեռարձակում նաեւ ՀՀ ԶՈՒ կենսագործունեությանը, Արցախյան ազատամարտին ու նրա հերոսներին վերաբերող, ինչպես նաեւ ռազմահայրենասիրական բնույթի տեսաֆիլմեր: Ամենեւին էլ պատահական չէ, որ Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից 2011 թվականին «Զինուժը» ճանաչվել է ռազմահայրենասիրական լավագույն հեռուստահաղորդում, արժանացել «Ոսկե էկրան» եւ այլ մրցանակների: Սա նշանակում է, որ հասարակական կարծիքն անաչառ ու անկողմնակալ է գնահատում «Զինուժի» դիրքորոշումը, ինչը ստեղծագործական խմբին պարտավորեցնում է առավել պատասխանատվությամբ շարունակելու իր գործունեությունը: 

Հ.Ն.

Комментариев нет:

Отправить комментарий