21 апр. 2011 г.

www.eter.am
#16 (882) 21. 04. 11

ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...


Խորագրի հյուրն է թատերագետ Վարսիկ Գրիգորյանը: 1942-ին նա
ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ, սակայն թատերական ինստիտուտը բացվելուն պես տեղափոխվել եւ ուսումը շարունակել է այնտեղ: Վարսիկ Գրիգորյանի համակուրսեցիներն են եղել Լեւոն Հախվերդյանն ու Կիմ Արզումանյանը, Լուիզա Սամվելյանն ու Մետաքսյա Սիմոնյանը, Մարատ Մարինոսյանն ու ….Մարդիկ, որոնք անջնջելի հետք են թողել մեր թատրոնի ու արվեստի պատմության մեջ:Բնականաբար, հիշելու այնքան բան կա:

Գրականությունն ու թատրոնը դպրոցական տարիներից արդեն իմ պաշտամունքն էին, որին մտածում էի նվիրվել, բայց Երեւանում թատերական բուհ չկար, եւ 1942-ին ընդունվեցի համալսարանի այն ժամանակ միակ բանասիրականը, որտեղ մեր դասախոսներն էին Հրաչյա Աճառյանն ու Արամ Ղանալանյանը, Արսեն Տերտերյանն ու Մկրտիչ Մկրյանը, Ժենյա Միրզախանյանը: Առաջին իսկ կուրսից ռեֆերատներ էի գրում, մարդիկ ինձ հետ լուրջ հույսեր էին կապում, բայց գեղեցիկը, արվեստն էր պակասում: 1943-ի վերջին իմացա, որ հաջորդ տարի Երեւանում թատերական ինստիտուտ է բացվելու: Հետաքրքրվեցի ու պարզեցի, որ նախապատրաստական դասընթաց է լինելու թատերական ուսումնարանում: Անմիջապես գնացի ու այնտեղ էլ գտա Լուիզա Սամվելյանին, որ մանկավարժականում էր սովորում: Ապրում էի Կիրովի 12 (այժմ` Կորյունի փողոց) հասցեում գտնվող հանրակացարանում: 1944-ի հունվարից օրս երկու մասի էի բաժանել. առավոտյան թատերական էի վազում, օրվա երկրորդ կեսին` համալսարան: 1944-ի ապրիլի 6-ին Համլետով եւ շատ դերերով պաշտված Վաղարշ Վաղարշյանի հոբելյանական երեկոն էր. նա խաղալու էր Եգոր Բուլըչով: Գնացի թատրոն: Տոմս չկար: Դրսում գտա մեկին, տվի ամբողջ թոշակս ու հացի գրքույկի մեկ տասնօրյակը: Երջանիկ էի, որ առոք-փառոք նստեցի: Չէի մտածում, թե հետո ինչ եմ անելու: Զարմանում եմ` ոնց ապրեցի:Այդպես էինք մենք սիրում թատրոնը…
Մեծագույն երջանկությունը ունեցա հանդիսատեսը եւ ունկնդիրը լինելու Շեքսպիրյան միջազգային փառատոնի, որը պատերազմի պատճառով որոշվել էր Երեւանում գումարել: Սովետերկրի բոլոր շեքսպիրագետներն էին ժամանել եւ նույնիսկ երկու հոգի էլ` Անգլիայից:Ցերեկը գիտական լսումներ էին հայ եւ համաշխարհային շեքսպիրականի վերաբերյալ, երեկոյան` ներկայացումները: Միայն հայերիս ներկայացումներն էին դիտվելու: Հյուրերն ապշել էին, որ մենք ունենք երկու Համլետ (Վ.Վաղարշյան եւ Գ.Ջանիբեկյան), երկու Օթելլո (Հ.Ներսիսյան եւ Գ.Ջանիբեկյան), նաեւ երրորդ հանճարեղը` Փափազյանը, որ Երեւանում չէր… Լենինականի թատրոնը շշմեցրեց այնքան բան տեսած օտարներին Աճեմյանի «12-րդ գիշերով»: Նույնիսկ պատանի հանդիսատեսի թատրոնը հաճելիորեն զարմացրեց «Միջամառային գիշերվա երազով»: Օպերային թատրոնն էլ «Ռոմեո եւ Ջուլիետ» ցուցադրեց: Չգիտեմ` առաջինն ո՞վ ասաց, բայց այդ օրվանից շրջանառվեց «Հայաստանը Շեքսպիրի երկրորդ հայրենիքն է» արտահայտությունը: Պատերազմ էր, պարետային ժամ: Ներկայացումները տեւում էին մինչեւ կեսգիշեր, իսկ 12-ից հետո չէր կարելի դրսում լինել: Տրանսպորտն էլ չէր աշխատում, ոտքով էինք տուն հասնում: Կարգ ու կանոնի պահապանները ստուգում էին ու հարգանքով բաց թողնում. մեր հրավիրատոմսերը անցաթուղթ էին: Այդ օրերին ինչեր ասացին մեր ժողովրդի թատերական շեքսպիրյան հանճարի մասին: Մեզ հարազատացան, այնուհետեւ հաճախ էին Երեւան գալիս երկրի խոշորագույն շեքսպիրագետները` Ա.Ջիվիլեգովը, Ի.Ալտմանը, Յ.Յուզովսկին, Մ.Մորոզովը: Մեր փառատոնն ստիպեց երկրի խոշորագույն շեքսպիրագետին` Յուզովսկուն, հոդվածներ գրել եւ հատուկ մի գիրք նվիրել հայկական շեքսպիրյան վերջին ներկայացումներին «Օբրազ ի էպոխա» խորագրով: Ինչպե՞ս կարող էի չմտածել 44-ի սեպտեմբերին բացվող թատերական ինստիտուտի մասին:
Եվ ահա մեր կյանքի մեծագույն օրը: Դեկտեմբերի 4-ին առաջին անգամ նստում ենք դասի: Շենքի շինարարությունը հազիվ է ավարտվել: Ջուր, էլեկտրականություն չկա: Ձմեռը ցուրտ է, եւ լսարանները մեր շնչով են տաքանում: Ինչպե՞ս մոռանամ առաջին երեկոն եւ իմ առաջին վալսը: Ամենամեծ` Վաղարշյանի լսարանում ենք, աթոռները հանված են: Ինստիտուտի ամենաշքեղ երկու տղաները` Կիմ Արզումանյանն ու Մարատ Մարինոսյանն, իրենց տնից պատեֆոն ու ձայնապնակներ են բերել եւ պարեղանակներ են հնչեցնում: Բոլորս կծկված ենք, վատ հագնված, կաշկանդված: Առաջինը հենց իրենք էլ սկսում են պարել իրենց գեղեցկուհի ընկերուհիների`Մետաքսյայի ու Լենայի հետ: Մենք նախանձով դիտում ենք նրանց: Հնչեց վալսի երաժշտություն, ու նկատեցի, որ Մետաքսյան ինչ-որ բան ասաց Կիմին, ու երկուսն էլ ինձ նայեցին: Կիմը մոտեցավ ինձ, ասպետական խոնարհում արեց, հրավիրեց պարի: Քիչ մնաց ուշաթափվեմ: «Պարել չգիտեմ»,- կմկմացի: «Ոչինչ, կտանեմ»,- ասաց ու ինձ տարավ: Տանը երբեմն թաքուն փորձում էի պարել, գաղափար ունեի, բայց... Երբեմն ստացվում էր, երբեմն ինձ կորցնում էի ու կոխկրտում խեղճ տղայի ոտքերը: Հերոսաբար դիմացավ, ինձ ասպետորեն բերեց իմ տեղը, դարձյալ խոնարհվեց ու գնաց: Ես հիշեցի Նատաշա Ռոստովայի առաջին պարը: Առաջին տարվա վերջում պարզվում է, որ ես ու Լուիզան դերասանացու չենք. ավելի խելացի ենք, քան օժտված, եւ ինստիտուտի ղեկավարությունը որոշում է փոխադրել թատերագիտական: Ամռանը պարապում ենք որոշ առարկաներ, քննություն հանձնում եւ թատերագիտականում շարունակում: Առաջին թատերագիտականի համար ինստիտուտի հիմնադիր` դիրեկտոր Վավիկ Վարդանյանն արտասովոր բան է անում. Մոսկվայից հրավիրում է դասախոսելու Վերածննդի խոշորագույն գիտակ հայազգի Ալեքսեյ Ջիվիլեգովին, Գեւորգ Գոյանին, ուշ` Գրիգոր Բոյաջիեւին: Տեղական ուժերն էլ լավագույնն են` Լեւոն Քալանթար, Հայկ Գյուլիքեւխյան, Նորայր Դաբաղյան, Սարգիս Մելիքսեթյան, Մկրտիչ Մկրյան, Գրիգոր Ղափանցյան:
1946 թվական, երրորդ կուրսում ենք: Հաղթանակից հետո մեր պատմության ամենանշանակալից իրադարձությունը` հայրենադարձություն: Օգոստոսի 31-ն է: Վաղը սկսվելու են դասերը: Թղթերս, դասախոսություններս աչքի անցկացնելուց հետո հոգնած դուրս եմ թռչում սենյակից ու սուրում դեպի դուռը եւ կանգ առնում հեքիաթից հայտնված երեք շքեղ ու գեղեցիկ երիտասարդներին դեմ հանդիման: Անձրեւանոցներով, գլխարկներով` ասես արտասահմանյան ֆիլմից հայտնված տղաները չարչարվում են մեծ, ժանգոտ մահճակալը հանրակացարանի դռնից ներս խցկել: Ինձ տեսնելով` խոնարհվում են, մի կողմ քաշվելով ճամփա տալիս: Ես, ուշքի չեկած, սուրում եմ դուրս, իսկ սեպտեմբերի 1-ին ինստիտուտում արտասովոր պատկեր է. մեր գորշ խաժամուժը «խախտվել է» հայրենադարձ տղաների ու աղջիկների շքեղ հագուկապից: Մեր տղաները հագնում էին իրենց հայրերի ու ավագ եղբայրների հնացած շինելները, իսկ աղջիկներս` մի քանի անգամ շուռ տված ներկած զգեստներ...
Ամսվա վերջին ինստիտուտի ղեկավարությունը «մերձեցման» երեկո է կազմակերպում. հանդես են գալիս տեղացի ու նորընծա ուժերը: Ամբողջ երեկոյի ամենահմայիչ էակը վառվռուն Թագուհի Հակոբյանն էր, իսկ ամենացնցող երեւույթը` իրանահայ Զարե Տեր-Կարապետյանը: Նրբակազմ, գանգրահեր, թախծոտ աչքերով երիտասարդն այնպես երգեց Կոմիտասի «Քելեր-ցոլեր»-ը եւ մեզ անծանոթ կոմպոզիտոր Նիկոլ Գալանտերյանի «Բարդիները լուռ» ու «Ես չգիտեմ` ուր են տանում...» երգերը, որ մենք, ասես նոր աշխարհ հայտնագործելով, կարկամեցինք: Մյուս օրն ամբողջ քաղաքը Իրանից եկած երգչի մասին էր խոսում: Իսկ հետո Երեւանի մյուս բուհերի ուսանողները պարսկահայերի միջոցով գալիս էին ինստիտուտ, «գողանում» Զարեին ու տանում երգելու: Ռազմի թոհուբոհից հետո մեզ Տերյանն էր օգնում քնքուշ ու սիրող մնալ, իսկ հիմա երաժշտության Տերյան էինք գտել: Ռեժիսորականի ուսանող Հենրիկ Մալյանն ասաց. «Էս ի՞նչ էր, մենք դարձանք մեր թաքնված էությանը եւ մեզ ճանաչեցինք»: Տարիներ հետո Զարեին նվիրված հեռուստահաղորդման ժամանակ ասաց. «Զարեի երգերն օգնեցին մեզ ձեւավորվել, հարստանալ իբրեւ մարդ եւ արվեստագետ»:
...Մենք կրում ենք առաջին մեծ կորուստը: Լենինականի թատրոնում մի հղփացած երիտասարդ «12-րդ գիշեր» ներկայացման ընդմիջմանը ատրճանակով խուժում է լավագույն դերասանուհիների զուգասենյակը եւ սպանում Ասյա Բերոյանին ու Արաքսի Առաքելյանին: Նրանց գրկած հիվանդանոց են տանում Վիոլայի ու Օլիվիայի հանդերձանքով: Ամբողջ Հայաստանը ցնցված է: Ասյան` մեր հրաշք աղջիկներից մեկի` Մարիկա Բերոյանի մայրն է: Գրեթե ամբողջ կուրսը մեկնում է Լենինական: Այսպիսի սահմռկեցուցիչ բա±ն. բեմի մարդը մա՞րդ կսպանի, այն էլ կնոջ` իր թատրոնի լավագույնների՞ն...
Ունենում ենք երկրորդ կորուստը. Լեւոն Հախվերդյանի հայրը` մեր ժողովրդի այն հրաշք նվիրյալներից մեկը, ում աքսորել էին, բայց տարիներ անց զգալով, որ մահացու հիվանդ է, տուն էին ուղարկել: Ապրեց մի քանի ամիս, եւ մենք տեսնում էինք, թե Լեւոնն ինչպես է երեկոները վազվզում մշակութային միջոցառումներին, որ սեղմ հաղորդագրություններ տա թերթերին ու մի քիչ դրամ վաստակի. ընտանիքի միակ կերակրողն էր: Լեւոնի հայրը վախճանվեց ամռանը, բայց այն տարիներին քաղաքում ընդհանրապես ծաղիկներ չէին վաճառում: Ի՞նչ անենք: Ես, Սոնան ու Էմման գնում ենք Մոնումենտի այգի ու դեկորատիվ ծառերից ծաղկած ճյուղեր պոկում: Դարձին մեր դեմ են դուրս գալիս պահակները, մեզ իրենց առաջն անում, տանում իրենց գրասենյակն ու բանտարկում: Մենք մեզ հեղափոխական ենք երեւակայում ու դուրս պրծնելու ելք ենք որոնում: Պատուհանի ճաղաշարից միայն ամենանիհարիկը` Սոնան, կարող է դուրս գալ: Օգնում ենք, որ իջնի: Մոտ մեկ ժամ անց Սոնայի հետ ինստիտուտից մարդիկ են գալիս: Ամեն ինչ հարթվում է, մեզ ազատում են, այգու տնօրինությունը մեզ ծաղկեփնջերով ճանապարհում է: Շատ գոհ ենք, հանգուցյալի վրա միայն մեր ծաղիկներն են...
Վերջին կուրսում ենք: Տասնյոթ հոգուց տասը գերազանցիկ է: Մեր հոգածու հայր Վավիկ Վարդանյանը մի անգամ ասաց, որ դերասանները ինստիտուտի մարմինն են, ռեժիսորները`ոտքերը, թատերագետները` գլուխը, եւ կրակն ընկավ: Մենք մի քիչ երես ենք առել, ինչ ուզում` անում ենք: Ի՞նչ ուսանող, որ դասից չփախչի: Երրորդ հարկի պատուհանից շուլալվում ենք ծառաբնին ու իջնում-ծլկում: Խմբով ամեն ինչը հարսանիք է, «դավաճան» չպետք է լինի: Ամենավեհատեսիլ ու բարեկիրթ Շուրան անգամ հետեւում է մեր օրինակին, ու, թարսի պես, Վավիկ Տիգրանիչը նրան է բռնացնում ծառից իջնելիս: Ինչ քրքիջ էր, երբ ընդհանուր ժողովում դիրեկտորը ներկայացնում, նկարագրում էր այդ տեսարանը:
Վերջապես 1949 թվականի հունիսի 28` դիպլոմայինի պաշտպանության օրը: Իմ թեման Վաղարշյանն է, ղեկավարս` ի տարբերություն այլոց, մերոնցից չէ, պետհամալսարանից է`պրոֆեսոր Հովիկ Մելիքյանը: Ես գրում եմ` հանդիպելով- խորհրդակցելով Վաղարշյանի հետ (թատրոնից հեռու քաղաքագետն ի՞նչ պիտի անի): Ղեկավարիս ներկայանում եմ պաշտպանությունից ութ օր առաջ: Դռնից էլ մերժում եմ ստանում. խորհուրդ է տալիս գնալ ու հրաժարվել այս տարի պաշտպանելուց: «Եթե ես նույնիսկ մեկ դիտողություն անեմ` ֆիզիկապես չեք հասցնի շտկել-մեքենագրել»,- ասում է նա: Քիչ է մնում խելագարվեմ, աղերսում եմ գեթ մի քիչ լսի կամ կարդա: Ոչ մի հույս, նույնիսկ ձայնն է բարձրացնում, ներսից հայտնվում է նրա`հրեշտակի պես գեղեցիկ կինն ու հանգստացնում ամուսնուն. ասթմա ունի, նոպա կունենա: Ինքն էլ է խնդրում ամուսնուն կարդալ: Պրոֆեսորը զիջում է, ինձ ներս են տանում, նստում եմ սեղանի մոտ ու սկսում կարդալ, նա քայլում է, ես շարունակ կարդալիս շրջվում եմ դեպի նրա կողմը, երկրորդ էջի վերջում գալիս- նստում է եւ սկսում ուշադիր լսել, հինգերորդ էջում ձայն է տալիս կնոջը. «Քնարիկ, արի տես` ինչ խելացի բան է գրել էս աղջիկը»: Վերջում պրոֆեսորը զանգահարում է Վաղարշյանին ու գովեստի այնպիսի խոսքեր ասում, որ ես ականջներիս չեմ հավատում: Երկու օր հետո գալիս եմ մեքենագրված կարծիքը վերցնելու: Իսկ ինստիտուտում արդեն բերնեբերան է անցել նրա խոսքը, թե իմ նյութը պետք է անմիջապես տպարան իջեցնել, մանավանդ որ Վաղարշյանի պես մեծ անհատականության մասին ոչ մի գիրք չկա: Պաշտպանության ժամանակ ընդդիմախոսս` Ռուբեն Զարյանն, այնպիսի շքեղ խոսք ասաց եւ գնահատեց «գերազանց», որ դահլիճը երկար ծափահարում էր...

Комментариев нет:

Отправить комментарий