22 апр. 2011 г.


22.04.2011

ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾՎԵՑ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Ապրիլի 24-ը Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրն է: Անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանը Երեւանում, որ խոյանում է Ծիծեռնակաբերդի բարձունքում, ստեղծվել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի օրոք: Ահա թե ինչպես է հիշում այս իրադարձությունը պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պետրոսյանը իր խմբագրությամբ լույս տեսած «Անտոն Քոչինյան. անավարտ հուշեր» գրքի առաջաբանում:

«Անտոն Քոչինյանի նախաձեռնությամբ 1965թ. մարտի 16-ին Սովետական Հայաստանի նախարարների խորհուրդն ընդունեց հետեւյալ որոշումը. «1. Սուլթանական Թուրքիայի կառավարողների կազմակերպած հայկական կոտորածների 50-ամյակի կապակցությամբ, ընդառաջելով հանրապետության աշխատավորների ու հասարակական կազմակերպությունների ցանկություններին, Երեւան քաղաքում կանգնեցնել կոթող` ի հավերժացումն 1915թ. եղեռնի զոհերի հիշատակի: 2. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Պետշինին հայտարարել կոթողի լավագույն նախագծի մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխության ժամկետ սահմանել մեկ ամիս` սկսած հայտարարության օրվանից: Այս որոշման համաձայն, Յ. Զարոբյանը, Ա.Քոչինյանը, Լ. Ղարիբջանյանը եւ Գ. Հասրաթյանը հուշարձանի կառուցման համար ընտրեցին Ծիծեռնակաբերդի բարձունքը: Նրանց ներկայությամբ էլ այդ գեղատեսիլ բարձունքի վրա դրվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի հիմքերը: Հուշարձանի կառուցմանն անձամբ հետեւում էր արդեն Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար դարձած Անտոն Քոչինյանը: Իսկ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Լյուդվիգ Ղարիբջանյանն ու քաղսովետի գործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյանն իրենց աշխատանքային օրվա մեծ մասն անց էին կացնում շինարարների մոտ: Եվ ահա եկավ բաղձալի օրը, ավարտվեց շինարարությունը: Չորս ու կես հազար քառակուսի մետր տարածության վրա բարձրացել էր վեհապանծ հուշարձան-կոթողը: Այդ հոյակապ կառույցի ստեղծողներն էին տաղանդավոր ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Քալաշյանը եւ քանդակագործ Համլետ Խաչատրյանը: Արթուր Թարխանյանը տողերիս հեղինակին պատմել է, թե Անտոն Քոչինյանը ինչ մեծ ուշադրություն էր դարձնում հուշարձանի ստեղծմանը` նախագծումից մինչեւ շինարարության ավարտը: «Մենք,- ասում էր Արթուրը,- նախագծելիս ղեկավարվում էինք Անտոն Երվանդովիչի հետեւյալ խոսքերով. «Իմացեք տղաներ` դուք ստեղծում եք ոչ միայն հուշարձան, այլեւ համայն հայության համար ուխտատեղի»:

Հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1967թ. նոյեմբերի 29-ին: Հավաքվել էր հսկայական բազմություն: Երեւանի քիմիական կոմբինատից անմար ջահը զրահամեքենայով բերեցին քիմկոմբինատի ապարատավար, Սոցիալիստական աշխատանքի հերոս Սուրեն Պետրոսյանը, Շահումյանի շրջանի 22-րդ կուսհամագումարի անվան կոլտնտեսության կթվորուհի, Սոցիալիստական աշխատանքի հերոս Աշխեն Ավետիսյանը, բանաստեղծ Պարույր Սեւակը, բժշկական գիտությունների դոկտոր Զավեն Դոլաբջյանը, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանը եւ ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Բաբկեն Վարդանյանը: Բազմահազարանոց միտինգում ելույթ ունեցավ Անտոն Քոչինյանը: «Այսօր` նոյեմբերի 29-ին, երբ Հայաստանի աշխատավորները նշում են սովետական կարգերի հաստատման օրը, մենք հավաքվել ենք` բացելու Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական ռեակցիոն կառավարող շրջանների ազգայնամոլ քաղաքականության զոհերի, մեր ժողովրդի զավակների անմահ հիշատակը հավերժացնող կոթողը: Այդ ողբերգությունից անցել է ավելի քան կես դար: Այժմ մեր նոր սերունդներին դժվար է անգամ մտովի պատկերացնել այն արհավիրքը, որ ապրեց հայ ժողովուրդն այդ օրերին: 1915 թվականին երիտթուրքերի կառավարությունն, օգտվելով Համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորություններից, պետական մասշտաբներով իրականացրեց հայ ժողովրդի արեւմտյան հատվածի ոչնչացման վաղեմի ծրագիրը: Ամենավայրենի մեթոդներով գործադրվող տեռորի զոհ դարձան 1, 5 միլիոն հայեր: Իրենց բնօրրանից տեղահանվեցին եւ անապատներ քշվեցին հարյուր հազարավոր անմեղ մարդիկ: Եղեռնը վերջին գործողությունն էր այն մեծ ողբերգության, որ ապրեց հայ ժողովուրդը օսմանյան լծի տակ հարյուրամյակների ընթացքում,- ասաց Ա. Քոչինյանը եւ շարունակեց: - 52 տարի առաջ կրած ծանր կորուստները չկարողացան եւ չէին կարող կոտրել մեր ժողովրդի հավատն ապագայի նկատմամբ, նրա կենսասեր ոգին, կենսախինդ բնավորությունը: Լացն ու կսկիծը, որոնք այնքան ժամանակ մաշել են մեր ժողովրդի սիրտը, թունավորել նրա կյանքն ու երջանկությունը, խորթ են այլեւս նրան: Այժմ խինդը, ուրախությունը, երջանկությունն են մեր ժողովրդի կյանքը բնութագրող հատկանիշները: Այս կոթողը բողոք է ոչ միայն անցյալի, այլեւ այսօրվա իմպերիալիստական քաղաքականության դեմ, ցեղասպանության ամեն մի դրսեւորման դեմ: Այսօր մենք մասնակցում ենք մի հուշարձանի բացման արարողությանը, որը խոր հարգանքի տուրք հանդիսանալով թուրքական ջարդարարների ոճրագործության զոհերի հիշատակին, միաժամանակ խորհրդանշում է մեր ժողովրդի սոցիալիստական վերածնունդը»:

Комментариев нет:

Отправить комментарий