21.04.2011
ԷՐԳԻՐ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՎԱՏԸ
ՀԵՂԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԿԱՐՈՏԵԼ ԵՄ ԿԱՐՍԸ, ԱՌԱՔԵԼՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒ ՄԵՐ ՏՈՒՆԸ»
Ընկերներիցս մեկի տանը պատահաբար մի նկար

տեսա` նատյուրմորտ էր, կարմրավուն
լիլիաներ ու մրգեր: Երբ երկար նայեցի նկարին ընկերս ասաց, որ Հեղինե Աբրահամյանն է հեղինակը, հետո կարծես ինքն էլ հայացքով գամվեց նկարին ու մի պահ լռելուց հետո շարունակեց. «Հիմա արդեն հարյուր տարեկան է, ցեղասպանության ականատես է …»: Արագ նկարչուհու տվյալները խնդրեցի: Երեկոյան զանգահարեցի տիկին Հեղինեին: Երբ ասացի, որ լրագրող եմ եւ հանդիպում եմ խնդրում, միանգամից մերժեց, փորձեցի համոզել, ստացվեց: Առավոտյան շտապեցի խանութ, տիկին Հեղինեն ասել էր, որ վատառողջ է, որոշեցի մի բան տանել ծեր կնոջը: Մտա խանութ, մոլորվեցի, մի այնպիսի բան էի փնտրում, որ հաճելի լիներ Հեղինե տատիկին, հասկացա, որ իզուր եմ տանջվում, միեւնույնն է, նրա սրտի ուզածը չի վաճառվում, այն էլ այդտեղ` խանութում, պարզապես հյութ գնեցի ու շտապեցի: Դուռը դանդաղ բացվեց, ներս մտա ու թվաց, թե այս աշխարհից դուրս մեկ այլ մոլորակում եմ: Այնքան փոքրամարմին եւ այնքան հյուծված էր Հեղինե տատիկը: Լուռ քայլեց դեպի սենյակի մի անկյունն ու հարմար տեղավորվելուց հետո միանգամից, առանց ավելորդ խոսակցության, անցավ բուն թեմային: «Երեք տարեկան էի, երբ մեր ընտանիքն Արդահանից տեղահանվեց, սակայն ես դա, գրեթե, չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ հայրս մեզ տարավ Երեւան: Նա ցարական բանակի զինվորական էր, եւ նրան նշանակել էին զինվորական մատակարար Երեւանում: Սակայն 1918 թ. մայրս մահացավ, եւ մորաքույրներս ինձ ու եղբորս տարան Կարս: Այդ ժամանակ Կարսը ռուսների ենթակայության տակ էր…»: Ձեռքի ափով տիկին Հեղինեն ծածկում է դեմքն ու լռում, հետո բարկացկոտ նայում է աչքերիս ու ձայնի խստությամբ ասում. «Հասկանում եք` ի՞նչ ենք կարցրել. չեք հասկանա, դա վեր է մարդկային երեւակայությունից, ասում են` մարդն իր հուշերով է կենդանի, բայց անգամ հուշ չթողեցին մեր հայրենիքից, ջնջեցին մեր ամբողջ պատմությունը, դարերով մեզ հասած կոթողները պղծեցին ու ավիրեցին…»: Կարսի Առաքելոց վանքի վերջին քահանայի թոռնուհին` Հեղինե Աբրահամյանը, ծնվել է 1911 թվին, Կարսում:
-Ովքե՞ր էին Ձեր նախնիները:
-Մայրական պապս Խորեն քահանա Ստամբոլցյանն էր: Կարսի Առաքելոց եկեղեցու քահանան էր: Գրագետ ու կիրթ մարդ, Էջմիածնի ճեմարանում էր սովորել, քահանա լինելուց բացի ուսուցչություն էր անում Կարսի դպրոցներում: Պապս է մկրտել Եղիշե Չարենցին 1887 թ-ին, Կարսի Սուրբ Աստվածածին եկեղեցում: 1921թ-ին մի քանի ամիս թուրքերի ձեռքի տակ է եղել եւ հենց այդ ընթացքում գրի է առել իր «Կարսի անկումը» հուշամատյանը, որտեղ նկարագրվում են մեր ժողովրդի տվյալ ժամանակի ամենացավոտ դրվագները: Շուտով այդ աշխատությունը լույս կնծայվի: Հիշում եմ` Անիի պեղումների ժամանակ պապիկս օգնում էր Նիկողայոս Մառին: Ես փոքրիկ ու չարաճճի մի աղջիկ էի, որ հետաքրքրությունից դրդված չէի հեռանում պապիս կողքից: Օգնում էի ինչով կարողանում էի: Պապս մագաղաթյա մանրանկարներով հարուստ գրքեր ուներ, դրանցից նկարչության դասավանդման ձեռագրեր էր կազմել, ինքն էլ բավականին լավ նկարում էր: Երեւի նկարելու շնորհքը նրանից եմ ժառանգել: Այդ նյութերն էլ ոչնչացրին, պապս ամեն անգամ սրտի ցավով էր հիշում ու ափսոսում էր: Գուցե, այդ արժեքավոր նյութերն այսօր կարողանային մի լավ նպատակի ծառայել:
-Տիկին Հեղինե, ռուսական իշխանությունների Կարսում հաստատվելուց հետո նորից վերադարձաք հայրենի երկիր, գտա՞ք Ձեր տունը:
-Մեր տունը դատարկ ու թալանված գտանք: Թվում էր, թե ամեն ինչ խաղաղվել է, հայրս որոշեց Կարսի մի արվարձանում մեր բոլոր հարազատների համար նոր տներ գնել, որպեսզի բոլորս մեր հայրենի հողի վրա միասին ապրեինք: Բայց դա թվացյալ ու երազկոտ մի երջանկություն էր: Ըդունվեցի Կարսի օրիորդաց վարժարան…
-Բայց 1920 թ.-ի վերջերին Կարսը կրկին թուրքերի կողմից հարձակման է ենթարկվել: Ինչպես է՞իք ապրում թուրքի յաթաղանի տակ:
-Թուրքերն արգելում էին հայերին լքել քաղաքը, բայց քանի որ հայրս զինվորական էր, մեզ թույլ տվեցին հավաքել մեր իրերն ու հեռանալ: Հորաքույրս գնացել էր կայարան` իրերը դասավորելու, մեկ էլ շփոթված հետ վերադարձավ. թուրքերը գրավել էին կայարանը, գնացքը մեկնել էր` մեր իրերն էլ մեջը: Արդահանից հետո երկրորդ անգամ էինք մեր ունեցվածքը կորցնում:
-Հետո թողեցիք ձեր տունն ու մյուսների պես բռնեցիք գաղթի ճամփա՞ն:
-Այդ ժամանակ հայրս մեզ հետ չէր, նա երեւի զորամասում էր: Հիշում եմ` հորաքույրներս մի ֆուրգուն գտան, նստեցինք եւ շարժվեցինք դեպի ձորի ճանապարհը, որտեղով էլ պիտի փախչեինք: Երբ հասանք ձոր, մեր առջեւ մի սարսափելի տեսարան բացվեց. մարդիկ խուճապահար փախչում էին, ով ոնց պատահեր: Քիչ անց, ձորն այնքան լցվեց մարդկանցով, որ առաջ գնալն անհնարին էր: Մեր ֆուրգունը խցկվեց ու մնաց ամբոխի մեջ: Այդ ժամանակ թուրքերը մարդկանց կոտորելու հարմար պահը գտան, բարձրացան ձորի բարձունքը եւ այնտեղից սկսեցին կրակել:
-Իսկ Ձեզ ինչպե՞ս հաջողվեց ողջ մնալ:
-Ուշաթափվել էի, երբ ուշքի եկա մեր ֆուրգոնը դատարկ էր, իսկ հարազատներիցս ոչ ոք չկար, միայն հորեղբորս չորսամյա աղջիկն էր` Ցողիկը`ամբողջովին այլանդակված մարմնով, արյունաքամ, անշունչ: Ֆուրգունի տակ մի քուրդ կին էր պատսպարված, վերցրեց ինձ ու ճանապարհ ընկանք: Այն օրերը նկարագրելիս մարդիկ ասում էին` «մայրը որդուն թողեց, որ փրկվի». իմ հարազատներն էլ ինձ էին թողել: Մարդիկ չէին հասկանում` ինչ է կատարվում, գլուխներն առած փախչում էին, ո՞ւր, ինչպե՞ս, ոչ ոք չգիտեր, փախչում էին, փախչում էին…
-Հետո ինչպե՞ս գտաք Ձեր հարազատներին:
- Փրկչիս հետ հասանք ձորի կամրջին: Այդ կամուրջը տեղացիները «Մազե» կամուրջ էին անվանում: Մազի պես բարակ, նեղ, ճոճվող կամուրջ էր, մի հոգի հազիվ կարող էր վրայով անցնել: Դիմացից թուրքերը կրակում էին, հետ գնալ հնարավոր չէր, բազմությունը պետք է այդ կամրջով անցներ: Սպանվածները ջուրն էին ընկնում, գետն արյունից կարմրել էր: Ճանապարհին կորցրի քուրդ կնոջը, փոխարենը մի տղամարդ ինձ գրկած հասցրեց կիսավեր շինության մոտ, որտեղ էլ իրար վրա ընկած հազարավոր գաղթականների մեջ վերջապես գտա հարազատներիս,- պատմում է Հեղինե տատիկը:
Քիչ անց, երբ կրակոցները դադարում են, լուրեր են հասնում, թե Կարսի ճանապարհը բաց է: Հեղինեն ու հարազատները վերադառնում են Կարս` դժոխային ձորում թողնելով հորեղբոր աղջկա ու տատի դիակները:
- Մենք գնացինք Կարսի Առաքելոց եկեղեցի, պապիս մոտ: Մի քանի օր այնտեղ մնալուց հետո մորաքույրներս, որ այդ ժամանակ աշխատում էին Կարսի ամերիկյան որբանոցում, ինձ ու եղբորս տարան որբանոց: Մինչեւ 1921 թ. մնացինք Կարսում: Հետո որոշեցին որբերին դուրս բերելԿարսից: Գնացքի մեջ էինք, Կարս-Գյումրի ճանապարհին: Հետագայում մորաքույրս պատմում էր, որ երբ երեխաները մահանում էին, ստիպված դիակները վագոններից դուրս էին շպրտում, որ ժանտախտը չտարածվեր:
Տիկին Հեղինեն մի պահ լռեց, բայց արցունքներ չէին հոսում ծեր կնոջ աչքերից, սառած հայացքով նայում էր պատուհանից դուրս, Երեւանին ու հանկարծ ձեռքը բարձրացրեց` ցույց տալով Օպերայի շենքը:
-Հայրս ծառայողական աշխատանքի ժամանակ մեզ իր հետ Երեւան բերեց: Մեր վարձակալած տունը գտնվում էր այժմյան Օպերային թատրոնի տարածքում: Այն ժամանակ դա ամայի վայր էր՝ մի քանի տներով ու այգիներով: Հիշում եմ՝ ես ու հարեւանի աղջիկն այդ այգիներից մեկում ծիրան կերանք, ձեռքերս կեղտոտվեցին, ուզեցի կռանալ, գետում լվացվել ու ջուրն ընկա: Գետն ինձ տարավ: Ինձ փրկեց մեր տանտիրոջ տղան:
-Իսկ հետո ի՞նչ ընթացք ունեցավ Ձեր կյանքը:
-Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա: Հիշում եմ` մի քանի ընկերուհիներով մի սենյակ էինք վարձել: Այդ տարիներին Լենինգրադում ահավոր սառնամանիքներ էին: Ցուրտ սենյակում նկարում էի, հետո ձեռքերս, ցրտահարվեցին,- ասում է Հեղինե տատիկն ու դեպի ինձ պարզում իր փոքրիկ ու կնճռոտված ձեռքերը,-հայրս ծեր էր ու մենակ, խնամքի կարիք ուներ: Ուսումն ավարտելուց հետո ես ստիպված էի վերադառնալ, այդ ընթացքում եղբայրս էլ էր սովորում, եւ նա գալ չէր կարող: 1940 թվականին վերադարձա Երեւան ու 30 տարի նկարչություն դասավանդեցի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, վաստակավոր մանկավարժի կոչում ունեմ: Դասավանդել եմ այսօր արդեն այնպիսի նշանավոր արվեստագետների, ինչպիսիք են Գրիգոր Խանջյանը, Լեւոն Կոջոյանը, Ռաֆայել Աթոյանը եւ ուրիշներ:
-Տիկին Հեղինե ի՞սկ ինչպիսին է Ձեր վերաբերմունքը հայ- թուքրական հարբերություններին:
-Ես չեմ հավատում թուրքին: Նա փոխվել չի կարող: Մինչեւ հիմա ես իմ հոգում կարոտ ունեմ պահած: Դուք չեք տեսել չէ՞ Կարսը, բայց հիմա պատմում եմ Կարսի մասին ու Ձեր աչքերն էլ են լցվում, Ձեր սիրտն էլ է արագ բաբախում չէ՞, դա կարոտ է, որ գեներով է փոխանցվում, Ձեր երեխաներն էլ են ժառանգելու Էրգրի կարոտը, Ձեր թոռներն ու ծոռները, եւ այդ կարոտի շղթան կշարունակվի այնքան, մինչեւ միավորվեն Արեւմտյան ու Արեւելյան Հայաստանները: Անկախ ամեն ինչից, ամեն հայի մեջ մեր Էրգրի կարոտն է ապրում: Այս նույն ձեւով էլ թուրքի գենը հայի հանդեպ ատելությունն է կրում: Ես չեմ հավատում, որ թուրքի նոր սերունդը ուրիշ է, արյունարբու չէ: Դե որ էդպես է, թող մեր նոր սերունդն էլ այդ կարոտը չունենար, թող վերադարձի հույսը մեռներ, թող ցավ չունենար, թող այսօրվա երիտասարդությունը պատուհանիս տակով ապրիլի 24-ին, ջահերը ձեռքներին, ճանաչում բղավելով չանցներ:
Այսօր Հեղինե տատիկը մենակ է ապրում, բայց եղբոր դուստրը հաճախ է այցելում ու հոգ տանում ծեր կնոջը: Իրենց գերդաստանից միայն Հեղինեն չէ, որ փրկվել է. հինգ հորեղբայրների ժառանգներն ապրում են աշխարհի տարբեր երկրներում` հոգու խորքում Էրգիր վերադառնալու հավատը պահած:
ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ.-Արխիվ, 2010թ.
“I miss Western Armenia, Kars, our Church.”
– Heghine Abrahamyan
By Naira Hambardzumyan
I saw a picture at my friend’s house, a painting of reddish flowers and fruits. My friend told me the artist was Heghine Abrahamyan. I soon found out that for 30 years this woman had taught painting at Panos Terlemezyan College of Fine Arts. She taught such famous Armenian artists as Gregory Khanjian, Levon Kojoyan and Rafael Atoyan. A witness to the genocide, she is now 102 years old. I couldn’t resist calling her and I persuaded her to let me come over and conduct an interview.
When I arrived, she opened her door slowly. I stepped inside and suddenly it seemed as if I had entered another world. Then, she told me her story.
“I was three years old when our family was first deported from Ardahan. But I don’t remember it. I only remember that my father took us to Yerevan. He was a soldier in the Czar’s Army and they appointed him to the military supplier unit of Yerevan. In 1918, my mother died, after which my aunt took me and my brother to Kars,” she said.
Then she paused. Heghine covered her face with her hands and the room was silent. Then she angrily looked at me and shouted: “Do you understand what we have lost? Man is alive with these memories! We are allowed no recollection of our homeland. They erased our story. They ruined our monuments …” She trailed off.
“By the time we got to Kars, the massacres had begun with new force. The Turks had prohibited the Armenians from leaving the city, but my father was a military servant and so we were allowed to collect our belongings and leave. My aunt went to the station to arrange things. She then she returned, confused. Turks had occupied the station; the train had left with our things inside. We lost our possessions again.>>>
Комментариев нет:
Отправить комментарий