21 апр. 2011 г.


#15 (881) 13.04.2011

ԻՆՉ ԼԱՎ Է, ՈՐ...

ԱՌԱՋԻՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՄԱՐԱԹՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Աշխարհի տարբեր երկրներում ընդունված է ինտերնետային
մարաթոններ կազմակերպելը: Այս տարի Հայաստանում եւս կազմակերպվեց «Գիրք-2011» խորագիրը կրող ինտերնետային առաջին մարաթոնը: 24 ժամ անընդմեջ համացանցային տիրույթում, սոցիալական ցանցերի եւ էլեկտրոնային փոստի օգնությամբ մարաթոնի կազմակերպիչներն ու հարյուրավոր կամավորներ տպագիր գրականություն հանգանակեցին հանրապետության հեռավոր շրջանների դպրոցների ու գրադարանների համար: Մարաթոնը կազմակերպվել էր մարտի 13-ին` Եղիշե Չարենցի ծննդյան օրը: Նախաձեռնող խումբը փորձեց այդ օրը դարձնել նաեւ գիրք նվիրելու օր: Ուրախալի էր, որ նախաձեռնությանն աշխուժորեն արձագանքել էին երիտասարդները: Ինչպես փաստում է մարաթոնի կազմակերպիչներից արձակագիր, հրապարակախոս Հովիկ Չարխչյանը, նվիրատուների 70-80 տոկոսը 18-24 տարեկան երիտասարդներն էին: Առանց հովանավորների, առանց գումար ծախսելու մարաթոնի կազմակերպիչներին հաջողվեց հավաքել ավելի քան 6000 կտոր գիրք` մասնագիտական, գեղարվեստական, նաեւ նոտաներ, ամսագրեր, քարտեզներ:
Հավաքված գրքերն ուղղվեցին Տավուշ: Այնտեղ մարտի 19-ին անցկացվեց գրքի տոն, որի շրջանակներում էլ մարաթոնի կազմակերպիչները մտավորականների մի մեծ խմբի հետ հավաքված գրքերը հասցրին Տավուշ:
-Գրադարանների վիճակը հատկապես մարզերում բավական ծանր է: Շատ գրադարանների դռներ կարծես կողպված լինեն: Երեւանի սահմաններից դուրս` հեռավոր գյուղերում ու քաղաքներում գիրք ձեռք բերելու խնդիրն, իրոք, բարդ է: Բայց եկեք հիշենք` մեր լավագույն գրողները, գիտնականները որտեղ են ծնվել: Ու հենց հիշենք` կհասկանանք, թե այսօր գյուղը, գավառը, հեռավոր մարզերը ինչքան կարեւոր են մեր երկրի համար,- ասաց պարոն Չարխչյանը:
Ամենայն հավանականությամբ, նման մարաթոններ էլի կկազմակերպվեն, եւ մարզային շատ գրադարաններ կհամալրվեն նոր գրքերով:

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий