28 апр. 2011 г.

#17 (883) 28. 04. 11

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ...

ԿՐԹՎԵ՞Լ, ԹԵ՞ ԿՈՓՎԵԼ…

Դպրոցներում տիրող «կարգուկանոնը» շատերին է մտահոգում: Վերջերս աշակերտների կյանքում տեղ գտած որոշ աղմկահարույց դեպքեր լուսաբանվեցին զանգվածային լրատվամիջոցներում, բայց լուծում պահանջող խնդիրներ, հատկապես ավագ դպրոցում, կարծում եմ, կան: Այդ խնդիրները միայն կրթական ծրագրերին չեն առնչվում, թեպետ դասագրքերի մակարդակի մասին շրջանառվող խոսակցությունները նույնպես խորհելու տեղիք են տալիս: Համաձայնեք` երբ տարբեր դպրոցներից դեռահասներին հավաքում են մեկ տանիքի տակ, ապա կարգուկանոն պահպանելն այնքան էլ հեշտ չէ: Այժմ շատ ավագ դպրոցներում կարելի է ականատես լինել այսպիսի պատկերի. առավոտյան 9-ից մինչեւ13-ը հերթապահող մի քանի ոստիկան, կողպված դուռ, որը բացվում է տնօրենի թույլտվությամբ (դրսից անծանոթ մարդիկ չգան), ամեն օր մի քանի միջադեպ` վեճ, կռիվ, ծեծկռտուք, որոնց երբեմն միջամտում են ուսուցիչները, ծնողները… Ժամանակ առ ժամանակ ոստիկաններին հաջողվում է կանխել որոշ վեճեր, բայց միջադեպերն անպակաս են: Դասավանդվող առարկաներից բացի ի՞նչ են սովորում այն երեխաները, որոնց բաժին են հասնում առաջին հարկի հեռավոր անկյունում ծվարած դասասենյակները: Աշակերտական նստարանին վերջերս հրաժեշտ տվածները միաբերան կպատասխանեն. «Պատուհանների տակ ընթացող «պարզաբանումներին» բնորոշ բոլոր արտահայտությունները»: Հիշեցնեմ մի քանիսը. «Արա, արա, հլը հոպ», «Ընգեր, յանի դու ո՞վ ես», «Կարող ա միամիտ չափալախ ուտե՞ս», որոնց հաճախ հաջորդում են քաշքշուկն ու տուրուդմբոցը: Երեխաները կրթվո՞ւմ են, թե՞ «կոփվում» են: ԿԳ նախարարությունը դասապրոցեսի նոր մեթոդներ է մշակում: Գուցե պետք է սկսել արատավոր երեւույթների դեմ պայքարելո՞ւց:
ԱԼԻՆԱ ԽԱԼԱԹՅԱՆ

1 комментарий: