12 дек. 2010 г.

N 48 (863) 02.12.10




ՌԱԴԻՈ եւ Հեռուստատեսություն

ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ

Հանրային հեռուստատեսության եթերում հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ամեն
անգամ «Երջանկության մեխանիկա» հաղորդման շրջանակներում փորձում է բացահայտել իր հյուրերի երջանկության բանաձեւը, մենք էլ փորձեցինք բացահայտել հենց
իր` Նազենիի երջանկության պատկերացումները:

-Նազենի, հաղորդումներդ հաճախ ավարտվում են «ի՞նչ է երջանկությունը»
հարցադրմամբ: Իսկ ինքդ կպատասխանե՞ս դրան:

-Հավատացնում եմ, այդ հարցն ինքս ինձ հաճախ եմ տվել:
Հետաքրքիր է` ընտանիք ունեցող մարդիկ միշտ շեշտում են` երջանկությունը ընտանիքի մեջ է, իսկ կանայք երջանկության առումով առավել
առանձնացնում են երեխաներին: Գուցե ես էլ մի օր լիարժեք երջանիկ զ•ամ ինձ, երբ ունենամ իմ երազած ընտանիքը:

-Իսկ ինչպիսի՞ն է քո երազանքների ընտանիքը:

-Հենց որ այդ հարցին կարողանամ պատասխանել, կունենամ այդ ընտանիքը... (ժպտում է.- Ն.Հ.): Գիտե՞ս, երջանկություն է անգամ այն ակնթարթը, երբ խաղաղ հոգով մի բաժակ սուրճ ես ըմպում: Երջանկություն է այն զգացողությունը, երբ ինքդ ինչ-որ բան ես ստեղծում` երեխա լինի դա, նոր հաղորդում, թե բեմում փոքրիկ մի դեր... էական չէ, կարեւորը` ստեղծագործում ես, արարում:

-Իսկ ինչպիսի՞ն է այն ընտանիքը, որտեղ ինքդ ես ձեւավորվել որպես անհատ:

-Ճիշտ ասացիր` ձեւավորվել եմ որպես անհատ, որովհետեւ մեր տանը երբեք ոչ ոք իմ ինքնադրսեւորումներին արգելք չի հանդիսացել, իհարկե, եղել են «չի կարելիներ», բայց ես ազատ եմ եղել իմ ընտրությունների առումով: Եվ սա շատ կարեւոր է, երեխան պիտի որպես անհատ մեծանա: Մեր հասարակությունում անհատականությունների պակաս ունենք:

-Այս մտորումնե՞րը ծնունդ տվեցին «Երջանկության մեխանիկային»:

-Մասամբ` այո: Բայց հաղորդման գաղափարն ի սկզբանե տնօրենինը` Ալեքսան Հարությունյանինն էր, հաղորդման պրոդյուսերն ու ռեժիսորը առաջին իսկ օրից Հրաչ Քեշիշյանն է եղել, իսկ թե ինչի մասին պետք է լինի հաղորդումը, ինչ ձեւաչափ պետք է ունենա` ինքս եմ որոշել հաղորդման խմբագիր-համակարգողի, իմ լավ գործընկեր Արուսյակ Գեւորգյանի օգնությամբ:

-Ինչպե՞ս է ստեղծվում «Երջանկության մեխանիկայի» յուրաքանչյուր թողարկում:

-Նախ ծանոթանում եմ իմ հյուրի պատմությանը, զրուցում նրա հետ կադրից դուրս, նախապես ինքս ինձ համար կառուցում հաղորդման սյուժեն եւ հետո միայն արվում է բուն նկարահանումը: Այն մեծ աշխատանքը, որ արվում է կադրից դուրս, հեռուստադիտողը չի տեսնում: Կա մի կարեւոր բան. թեպետ նախնական զրույցի ժամանակ իմ հյուրերն ինձ շատ մանրամասներ են պատմում, ու մենք միասին ծաղկաքաղ ենք անում, բայց երբեմն նախընտրում եմ, որ ավելի սուր, հետաքրքիր դեպքերի մասին նախապես ինձ չպատմեն, թողնեն ձայնագրության համար, որովհետեւ երբ առաջին անգամ է մարդը որեւէ բան պատմում, ավելի տպավորիչ է պատմում, ավելի հյութեղ:

-Ինչո՞ւ որոշեցիր հենց ընտանիքի միջոցով բացահայտել երջանկության բանաձեւը:


-Բայց ընտանիքը եւս տարբեր կերպ է ընկալվում. մեկի համար ընտանիքը լայն իմաստով իր աշխատանքային կոլեկտիվն է, մյուսի համար` իր ներանձնական ընտանիքը, որ կառուցում է իր երեւակայության մեջ, երրորդի համար` իր հայրենիքը: Երբեմն հյուրընկալում ենք ոչ թե նեղ իմաստով ընտանիքի, այլ հայտնի տոհմի ժառանգների, ասենք` Մանսուրյաններին, Ջանիբեկյաններին, Թումանյաններին եւ այլն: Մենք մարդուն տեսնում ենք առօրյա կյանքում, իր աշխատանքի մեջ, սակայն յուրաքանչյուր մարդ անկրկնելի է իր ընտանեկան միջավայրում: Ես փորձեցի այդ միջավայրը տեղափոխել հեռուստատեսություն:

-Հաղորդման շրջանակներում բացահայտված ընտանեկան պատմություններում, անշուշտ, մեկ ընդհանուր գիծ նկատած կլինես, որ հատուկ է հայ ընտանիքներին...

-Զարմանալի է, բայց գրեթե բոլոր ընտանիքները կառուցվել են երրորդ անձի միջնորդությամբ: Հետաքրքիր է, հայկական միջավայրում դժվար է պատկերացնել մեկին, որը հենց այնպես իրեն զանգահարած կամ փողոցում հանդիպած մեկի հետ
համաձայնի ընտանիք կազմել: Ամեն դեպքում, իմ հյուրերի շրջանակում նման պատմություններ չեմ լսել...

-Իսկ հայ կինն ինչո՞վ է առանձնահատուկ իր ընտանեկան հարկում:

-Հայկական ընտանիքում կինն առավելապես զիջողի դերում է: Հազվադեպ ընտանիքներ են հաղորդմանը հյուրընկալվել, որտեղ տղամարդն է զիջող: Ինչ վերաբերում է հայ կնոջը, շատ կուզենայի, որ այդքան զիջող չլիներ, մի քիչ մտածեր նաեւ ինքն իր մասին, եփել-թափելու, խոհանոցային եռուզեռի մեջ անգամ մի քանի րոպե հայելու մեջ իրեն նայելու ժամանակ գտներ, երեխաներին դաստիարակելու դժվարին գործի ընթացքում մտահոգվեր նաեւ իր ինքնակրթության մասին, միշտ ժամանակի ռիթմին համընթաց քայլեր: Սա կարեւոր է, կինը ընտանիքի հիմքն է, եւ այդ հիմքը բոլոր առումներով պետք է ամուր լինի:

-Եվ հեռուստաէկրանին ես, եւ բեմում, երկու դեպքում էլ շփվում ես հանդիսատեսի հետ: Ի՞նչ առանձնահատկություններ ունեն թատրոնի հանդիսատեսն ու հեռուստադիտողը մի դեպքում հաղորդավարի, իսկ մյուս դեպքում` դերասանի համար:

-Թատերական բառապաշարում «չորրորդ պատ» կոչված մի տերմին կա: Դերասանը, երբ խաղում է բեմում, կարող է նայել դահլիճի կողմը, բայց, դերի տարերքի մեջ, կարող է չտեսնել հանդիսատեսին, իսկ հեռուստատեսությունը ունի կոնկրետ հասցեատեր. դու չես կարող հաղորդումը վարելիս մոռանալ հանդիսատեսիդ մասին:

-Նազենի, քո կերպարը շատ հեռուստադիտողների համար իմիջային է, ի՞նչ ես կարծում, որքանո՞վ պետք է հաղորդավարի կերպարը համահունչ լինի հաղորդման ձեւաչափին:

-Մարդիկ, չգիտես ինչու, կարծում են, որ ես միշտ կերպար եմ ստեղծում, իրականում ես տաղավարում այնպիսին եմ, ինչպիսին իրական կյանքում եմ, իհարկե որոշ վերապահումներով: Մարդիկ չեն պատկերացնում, որ ես իրոք կարող եմ չբարկանալ, երբ երեխաները, ասենք, քանդում են տաղավարը: Իրականում ոչ թե ձեւաչափը պետք է թելադրի հաղորդավարի կերպարը, այլ ինքը` հաղորդավարը պետք է իր կերպարով կարողանա հաղորդմանը տրամադրություն հաղորդել, ստեղծել այդ ձեւաչափ ասվածը: Այն երկաթե կմախքն է միայն, հաղորդման հաջողությունը կախված է այն բանից, թե դու այդ կմախքը ինչով կպատես: Իսկ իմիջը իրոք պետք է յուրահատուկ լինի, հեռուստատեսությունը միօրինակություն չի սիրում: Բայց, մյուս կողմից, ամենից կարեւորը իմիջը չէ, դա արտաքինն է, առավել կարեւոր է բովանդակությունը:

-Նազենի, արդեն 9 տարի է` հեռուստատեսությունում ես, անշուշտ նկատած կլինես մեր հեռուստատեսության արդի խնդիրները: Քո կարծիքով, որո՞նք են դրանք:

-Կարծում եմ` ամենից առաջ մասնագետների կարիք ունենք, չունենք հաղորդավարական դպրոց, հեռուստատեսային խմբագիրների խոհանոց: Վերջինս շատ կարեւոր է: Ճիշտ է, կոնկրետ իմ դեպքում ինձ ավելի հարմար է. ինքս եմ կազմում իմ տեքստերը, հարցերը, բայց ես ինքս էլ հաճախ գրագետ խմբագրի կարիք եմ զգում: Ի դեպ, հենց հեռուստատեսային խմբագրի: Բանասիրության ֆակուլտետն ավարտած երիտասարդ, գեղեցկատես աղջկան ընդունում են հեռուստատեսություն, որ հաղորդում վարի, մոռանալով այն մասին, որ նա եթերում ողջ հեռուստաընկերության աշխատանքն արտացոլող հայելին է: Իսկ հաղորդավարի մասնագիտությունը բավական պատասխանատու է, դու մեկն ես, որն այդ պահին ներկայացնում է այն ահռելի աշխատանքը, որ կատարվել է մեծ թվով մարդկանց համատեղ աշխատանքի արդյունքում:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий