17 дек. 2010 г.

#50(865) 16.12.10

ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...



ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՍ ՍՏԱՑԱ ԿԱՐԻՆԻՆ ԳՐԿԻՍ ԵՎ ՏԱՐՈՆԻՆ ԿՐԾՔԻՍ ՏԱԿ ԿՐԵԼՈՎ»
«Սովորում էի Երեւանի համար 119 ֆրանսիական դպրոցում, քանի որ ծնողներս Ֆրանսիա
մեկնելու մտադրություն ունեին, սակայն հետո ծրագրերը փոխվեցին, եւ մենք Նյու Յորք մեկնեցինք: Սկզբում շատ բարդ էր, անգլերենին լավ չէի տիրապետում, սակայն լրացուցիչ դասերի շնորհիվ հաղթահարեցի դժվարությունները:
Մեկ տարի անց տեղափոխվեցինք Լոս Անջելես, ուր արդեն մեծ հայկական համայնք կար: Ընկերուհիներիս հետ դպրոցում «Հայկական ակումբ» հիմնեցինք: Պարբերաբար հայկական երգ ու պարի, ասմունքի երեկոներ էինք կազմակերպում: Այնքան մեծ էր ակումբի հեղինակությունը, որ մեր շուրջն էին համախմբվում անգամ օտարազգի երեխաները: Հետո տեղափոխվեցի ավագ դպրոց: Աչքի էի ընկնում բարձր առաջադիմությամբ, կարգապահությամբ, կազմակերպչական ջիղով, ակտիվությամբ եւ այս ամենի շնորհիվ դարձա դպրոցի փոխնախագահը: Եթե անհրաժեշտ էր լինում որեւէ կարեւոր առիթով ներկայացնել դպրոցը, ինձ էին ուղարկում: Դպրոցն ավարտեցի ոսկե մեդալով…»,- պատմում է «Օրրան» բարեգործական հիմադրամի հիմնադիր-տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

-Տիկին Արմինե, ընտրեցիք դիվանագետի մասնագիտությունը, ինչո՞ւ:

-ԱՄՆ-ում դիմորդն իրավունք ունի միանգամից մի քանի համալսարանների ընդունելությունների մասնակցել եւ արդյունքների ամփոփումից հետո անձամբ ընտրել` որ բուհում է ուզում սովորել: Ի թիվս մի շարք քոլեջ-համալսարանների, ուսուցչուհուս խորհրդով դիմեցի Օքսիդենթալ քոլեջ, որն ԱՄՆ-ի հեղինակավոր եւ բավական թանկ քոլեջ-համալսարաններից է: Մեր ԱՄՆ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց հայրիկս մահացավ, եւ ընտանիքի հոգսը մնաց մայրիկի ուսերին: Հասկանում էի, որ մայրս չէր կարողանա վճարել իմ ուսման համար, բայց ուզում էի լավ կրթություն ստանալ: Բարեբախտաբար, պարզվեց, որ դպրոցի իմ բարձր առաջադիմության շնորհիվ ուսման վարձը բավական զեղչվում է: Այսպես սկսեցի հաճախել Օքսիդենթալ քոլեջ-համալսարան, որի շրջանավարտներից է, ի դեպ, նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

-Ինչպիսի՞ն էր այնտեղի ուսանողական կյանքը:

-Առաջին իսկ օրից մի շարք խնդիրների բախվեցի: Նախ` այս քոլեջը համարվում էր էլիտար հաստատություն, եւ այնտեղ սովորում էին ԱՄՆ-ի հեղինակավոր ընտանիքների երեխաները: Կարելի է ասել` ընտրյալների խումբ էր հավաքվել: Պատկերացրեք, դպրոցում ես լավագույն աշակերտուհի էի համարվում` մշտապես շրջապատված ուշադրությամբ ու սիրով, իսկ այստեղ ինձնից լավերը կային, ինձնից խելացիները: Այդ իրավիճակին հարմարվելը սկզբում բարդ էր, բայց աստիճանաբար սովորեցի: Թեպետ քոլեջում բոլորը հարգի ընտանիքներից էին, սակայն մեզ խորթ ամերիկյան բարքերի այստեղ էլ կարելի էր հանդիպել: Դասերից հետո ուսանողներից ոմանք թմրանյութերով, հարբեցողությամբ,սանձարձակ հավաքույթներով էին տարված: Դա մի աշխարհ էր, որն այնքան խորթ էր ինձ համար…

-Տիկին Արմինե, համալսարանում հայ ուսանողներ շա՞տ կային:

-Ոչ, միայն մի քանի հոգի. ինձնից մեկ-երկու կուրս բարձր սովորում էին հայտնի բժիշկ Վարդգես Նաջարյանի որդիները` Արմեն եւ Արա Նաջարյանները: Ի դեպ, ուրախությամբ պետք է նշեմ, որ նրանցից Արան այսօր Գլենդելի քաղաքապետն է:

-Ձեզ բախտ վիճակվեց ուսումնական պրակտիկա անցնել Վաշինգտոնում, որտեղ կենտրոնացված է ԱՄՆ-ի քաղաքական կյանքը: Կարծում եմ` ապագա դիվանագետի համար սա հիանալի հնարավորություն էր:

-Անշուշտ: Մեր կրթական ծրագրի համաձայն` ես պետք է վեց ամիս աշխատեի եւ մասնագիտական փորձառություն ձեռք բերեի Վաշինգտոնում, այնուհետ վերդառնայի եւ ավարտական քննություններ հանձնեի Օքսիդենթալում: Որպես հյուր ուսանող մեկնեցի Վաշինգտոնի ամերիկյան համալսարան: Ազգությամբ հայ ընկերուհիս` Սյուզանը, ինձ հետ էր: Այստեղ էլ, ինչպես Օքսիդենթալում, հիմնեցինք «Հայկական ակումբ»: Որպես պրակտիկանտ աշխատում էի արաբ ժողովրդի շահերի պաշտպանությամբ զբաղվող լոբբիստական խմբում: Ներգրավվեցի «Jessup Moot Court Competition» իրավաբանական մրցույթի կազմակերպման աշխատանքներում: Ուրախ եմ, որ հիմա հայաստանյան համալսարանների ուսանողները պարբերաբար մասնակցում են այդ մրցույթին: Քանի որ, ինչպես նշեցիք, Վաշինգտոնն Ամերիկայի քաղաքական կյանքի զարկերակն է, ուսանողների շրջանում հաճախ էին կազմակերպվում քաղաքական քննարկումներ: Մի խոսքով, առօրյան բավական հագեցած էր ու բուռն…

-Վաշինգտոնում գտաք նաեւ Ձեր սերը:

-Մինչ Վաշինգտոն գնալը Րաֆֆիին մի քանի անգամ հասարակության մեջ հանդիպել էի, սակայն անձամբ չէի ճանաչում: Արդեն Վաշինգտոնում էի, երբ Լոս Անջելեսից ինձ հեռաձայնեց ընկերներիցս մեկն ու ասաց, որ անհանգստանում է ինձ համար, ուզում է, որ Վաշինգտոնում որեւէ հովանավոր ունենամ, ուստի հեռախոսահամարս փոխանցել է Րաֆֆիին, քանի որ նա շատ հարցերով կարող է ինձ օգտակար լինել: Նա մի թիվը սխալ էր ասել, ուստի իրավիճակը հարթելու համար խնդրեց, որ ինքս հեռաձայնեմ Րաֆֆիին: Սկզբում մերժեցի, բայց հետո զանգահարեցի: Ներկայացա: Նա լռեց, հետո ասաց` երեկ դու գեղեցիկ գուլպաներ էիր հագել: Բանն այն է, որ նախորդ օրը Վաշինգտոնի հայկական եկեղեցու բակում շուրջպար էր կազմակերպվել, որին ես էլ էի մասնակցել եւ բավական գեղեցիկ, ժանեկազարդ, սպիտակ կարճ գուլպաներ էի հագել: Րաֆֆին ինձ տեսել էր, բայց ես նրան չէի նկատել:

՞նչ ընթացք ունեցավ ճակատագրական հեռախոսազանգը:

-Րաֆֆին եղբոր հետ Արեւմտյան Հայաստան շրջագայության ընթացքում արված լուսանկարների շուրջը դասախոսություններ էր կարդում, ինձ էլ հրավիրեց: Հիշում եմ`մասնակցեցի Վիրջինիա նահանգի հայկական եկեղեցու մի հավաքի: Րաֆֆին` օրվա բանախոսը, սկսեց եկեղեցու սրահում հավաքված մարդկանց ցույց տալ այդ նկարները ու մեծ ոգեւորությամբ պատմել մեր պատմական հայրենիքի մասին: Այդ պահին նա այնքան վեհ էր, այնքան ուժեղ, տպավորիչ... Հետո ավելի մտերմացանք: Մի անգամ Արեւմտյան Հայաստանի քաղաքների անուններով Րաֆֆիի հետ բառախաղ էինք խաղում. մի անուն ես էի ասում, մյուսը` Րաֆֆին. Կարին, Տարոն, Վան, Անի, Սասուն, Մուշ... Հենց այդ ժամանակ որոշեցինք 14 զավակ ունենալ եւ նրանց այդ անուններով կոչել: Հիմա 5 զավակ ունենք, հինգն էլ մեր պատմական հայրենիքի քաղաքների անուններն են կրում, իսկ աղջիկս հայոց հնամենի ոստան Շուշի քաղաքի անունն է կրում:

-Իսկ ինչո՞ւ փոխեցիք մասնագիտությունը:

-Հասկացա, որ շուտով ընտանիք պետք է ունենամ, եւ ինձ կայունություն է անհրաժեշտ£ Դիվանագետի մասնագիտությամբ ես ստիպված կլինեի միշտ ճամփորդել, իսկ դրանից ընտանիքս կարող էր տուժել: Օքսիդենթալն ավարտելուց հետո ընդունվեցի UCLA Law School իրավաբանական դպրոց: Իրավաբանի վկայականս ստացա արդեն ավագ որդուս` Կարինին գրկիս, իսկ Տարոնին կրծքիս տակ կրելով: Այսպես ավարտվեց իմ ուսանողական կյանքը…



-Տիկին Արմինե, Դուք ԱՄՆ-ում երկար տարիներ աշխատեցիք Ձեր մասնագիտությամբ: Միացյալ Նահանգներում հե՞շտ է մասնագիտական առումով կայանալը:

-Ամենեւին, այնտեղ միայն վկայականով քեզ երբեք իրավաբան չեն համարի, դու պետք է մասնագիտական լիցենզիա ունենաս: Իսկ դրա համար հատուկ` բավական բարդ քննություն են հանձնում: Հիշում եմ` հանձնել էի քննությունը եւ դեռ պատասխանը չգիտեի: Րաֆֆիի հետ եղբոր նշանադրությանն էինք մասնակցում: Ամուսինս բաժակ բարձրացրեց, որ շնորհավորի նորապսակներին, եւ ասաց. «Մեր ընտանիքում երկու իրավաբան ունեինք` ես եւ եղբայրս, այսօր կինս եւս իրավաբան դարձավ»: Ուրախությունից տեղս չէի գտնում: Ավելի քան 10 տարի որպես իրավաբան չեմ աշխատում, բայց մասնագիտական կրթությունս ինձ օգնում է կյանքի յուրաքանչյուր բնագավառում: Կարծում եմ` իրավաբանն ամենից առաջ այն մարդն է, որ պետք է օգնի մարդկանց եւ պաշտպանի արդարությունը: Փոքր-ինչ այլ կերպ, բայց փորձում եմ կատարել մասնագիտական առաքելությունս:

Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий