
#33(848) 19.08.10
ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...
ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ. «ՔԱՆԻ ԱՊՐՈՒՄ ԵՍ` ՍՈՎՈՐՈՒՄ ԵՍ»
«Ամեն անգամ ներկայացումից հետո թատրոնի մուտքի մոտ

երիտասարդներ են հավաքվում, սպասում են` երբ եմ դուրս գալու: Շուրջս են խմբվում, հարցուփորձ անում, լուսանկարվում, ուրախ-ուրախ հեռանում, ես էլ տուն եմ գնում ու ճանապարհին մտածում եմ` ուրեմն ես դեռ պետք եմ նրանց, ուրեմն դեռ ինչ-որ բան արժեմ: Ահա սա է երիտասարդությունը, մեծ ուժ, որ ստիպում է ապրել: Ջահելները ժամանակի զարկերակն են, նրանցով պետք է զգալ ժամանակի շունչը, եւ վայն եկավ, եթե չզացիր, չնկատեցիր»,- ասում է Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանը:
-Պարոն Մարության, դերասանի համար, թերեւս, ավելի հե՞շտ է երիտասարդ մնալը: Չէ՞ որ բեմը հրաշագործ հատկություն ունի, կարող է դերասանին մի քանի տարով երիտասարդ եւ հակառակը ցույց տալ:
-Այո, ընդամենը ցույց տալ, դեր է, անցնում է-գնում, դրանից տարիքդ չի նվազում, միեւնույն է` մեծանում ես: Բայց կարեւորը դա չէ, կարեւորն այն է, թե ինչպես ես ապրում ջահելությունդ:
-Իսկ ինչպիսի՞ն էին ձեր երիտասարդության տարիները:
-Այն ժամանակվանից շատ բան է փոխվել: Ի վերջո, հասարակարգերի փոփոխություն է եղել, ինչը պետք է ունենար դրական եւ բացասական հետեւանքներ: Այն տարիներին գուցե ամեն բան այսքան ազատ չէր, իհարկե, դա խանգարում էր, այն ժամանակ, օրինակ, երեկոյան ժամի միայնակ աղջիկը դժվար թե փողոցում ազատ ու հանգիստ շրջեր, այսօր դա սովորական բան է, եւ դա լավ է: Երիտասարդներն ավելի առաջադեմ են, բայց մի տեսակ ավելորդ ազատություն է նկատվում, այ դա չեմ սիրում:

-Իսկ ձեր ժամանակի ուսանողությա՞ն մասին ինչ կասեք:
-Այսօրվա ջահելությունը մի տեսակ մեծամիտ է, ինքնավստահությունը լավ է, բայց ոչ մեծամտության հասնող: Հիմա մի երկու բան սովորում են, իրենց դերասան են հռչակում… Հիշում եմ` մենք ի¯նչ ակնածանքով էինք վերաբերվում թատրոնին: Մի տեսակ այլ մթնոլորտ էր, մեծ հարգանք, պատկառանք կար ավագ սերնդի հանդեպ` Վարդան Աճեմյան, Գուրգեն Ջանիբեկյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Էդգար Էլբակյան, Վարդուհի Վարդերեսյան, Մհեր Մկրտչյան… Այն ժամանակ այսպես չէր, որ ով տեղից վեր կենար` դերասան դառնար, նախ բեմում կանգնել էիր սովորում, հետո մի երկու բառ էին վստահում, մինչեւ մի փոքրիկ դերի արժանանայիր ու աճեիր: Դժվար էր տրվում, պիտի ճանապարհ անցնեիր, դրա համար էլ պրոֆեսիոնալներ էին դառնում:
-Ինչպե՞ս որոշեցիք հենց այս մասնագիտությունն ընտրել:
-Դեռ մանկության տարիներից սիրում էի միջոցառումների մասնակցել, դպրոցական ներկայացումների ժամանակ երգում էի, արտասանում: 1968 թվականին քաղաքում լուր տարածվեց, թե Վարդան Աճեմյանը Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիա է բացում: Ընդունվեցի: Մեր կուրսում ես տարիքով ամենափոքրն էի, ու Աճեմյանը հենց ինձ նշանակեց կուրսի ավագ:

-Այսինքն` դասերից փախչող կուրսընկերների պատասխանատվությունը ձեզ վրա էր ընկնո՞ւմ:
-Մեզ այնպիսի դասախոսներ էին դասավանդում, որ դասից փախչելը մեղք կլիներ: Բախտ էր վիճակվել սովորելու Վարդան Աճեմյանի, Մհեր Մկրտչյանի, Լեւոն Ներսեսյանի, Լուիզա Սամվելյանի, Ադո Ադոյանի եւ այլ տաղանդավոր մարդկանց կուրսում: Մենք երազում էինք, որ Ֆրունզիկը մի քիչ երկար խոսի, որ ավելի երկար շփվենք, հիմա չգիտեմ` այդպիսի դասախոսներ կա՞ն: Շատ հետաքրքիր մարդ էր, մտնում էր լսարան, գրատախտակին ինչ-որ գծեր էր քաշում, խզբզում, հետո դիմում էր մեզ ու հարցնում` ի՞նչ եմ նկարել: Երբ գլխի չէինք ընկնում, մտածկոտ դեմք էր ընդունում, հետո զայրանում էր, թե ինչպես այդ խզբզանքի մեջ չենք կարողանում որեւէ պատկեր գտնել:
-Իսկ ինչպիսի՞ն էր Վարդան Աճեմյանը:
-Անմիջական, շատ պարզ մարդ էր: Մի անգամ թատրոնում փորձի ընդմիջման ժամանակ դահլիճ մտավ, տեսավ բեմին թղթեր են թափված, ուտելիքի մնացորդներ, շորեր, մեր տղաներից մեկն էլ` Սերգեյը, թեւերը խաչած կանգնած է անկյունում, նայեց ու բարկացած ասաց` այս ի՞նչ է, չեմ հասկանում, արագ կարգի բերեք բեմը, հավաքեք թղթերը, ուտելիքը, Սերգեյին ու մնացած ամեն բան:
-Իսկ ովքե՞ր էին ձեր կուրսընկերները:
-Ես այնպիսի կուրսում էի սովորում, որտեղ մարդիկ էին հավաքվել, որոնք հետո իրոք բեմի մարդիկ դարձան` Շաքե Թուխմանյանը, Անի Մկրտչյանը…: Շատ կուզենայի, որ մեր երիտասարդները մասնագիտություն ընտրելիս մի քիչ ավելի խոհեմ լինեն, իրենց համապատասխան ու իսկապես իրենց հետաքրքրող գործով զբաղվեն, որպեսզի կարողանան օգտակար լինել երկրին, հանրությանը: Մեծագույն հաճույք է, երբ զգում ես, որ մարդիկ քո կարիքն ունեն, որ դու նրանց համար ինչ որ արժեք ունես, որ քեզ գնահատում են:

-Ուսումն ավարտելուց հետո միանգամի՞ց աշխատանքի անցաք:
-Ոչ, զորակոչվեցի բանակ: Այդ ժամանակ ես օժանդակ դերասանական խմբի անդամ էի, մշտական դերեր ունեի թատրոնում, եւ Մհեր Մկրտչյանը, որն ինձ շատ էր սիրում, միջնորդեց, որպեսզի ինձ մայրաքաղաքի զորամասերից մեկում պահեն: Այդպես հատուկ թույլտվությամբ մասնակցում էի փորձերին, շարունակում էի խաղալ:
-Իսկ զորամասում ինչպե՞ս էին վերաբերվում արդեն իսկ հայտնի երիտասարդ դերասանին:
-Իհարկե, նախանձողներ եղան, բայց արագ հասցրի բոլորի սերը նվաճել, դեր խաղաց նաեւ մասնագիտությունս. հաճախ էի նմանակում զորամասի սպայական կազմի անդամներին, ինչը թեթեւացնում էր զինվորական առօրյան:
-Իսկ ձեր դստրերի մասնագիտական ընտրության հարցում որեւէ դեր խաղացի՞ք:
-Ոչ, ոչ մեկն էլ դերասան չդարձավ, թեեւ երկուսի մասնագիտություններն էլ բեմի հետ կապ ունեն. ավարտել են կոնսերվատորիան, մեկը մասնագիտությամբ դաշնակահար է, մյուսը` խմբավար:
-«Արեմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դիմակահանդես» հեռուստասերիալում անմիջական շփում ունեք այսօրվա երիտասարդության ներկայացուցիչների հետ թե կերպարային առումով, թե իրական կյանքում: Ձեր խորհուրդը երիտասարդ սերնդին:
-Միշտ սովորեք, չի կարելի փոքրիկ հաջողութուններից միանգամից գլուխը կորցնել, մեծամտանալ, միշտ հիշեք, որ քանի ապրում եք` սովորում եք:
Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Комментариев нет:
Отправить комментарий