2 дек. 2010 г.




ՔԱՐԱՀՈՒՆՋ. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Քարահունջ կամ Զորաց քարեր անվանումով հայտնի մեգալիթյան հուշարձանը գտնվում է Սիսիան քաղաքից 3կմ հյուսիս` Երեւան-Իրան, Երեւան-Լեռնային Ղա
րաբաղ մայրուղու Սիսիանի հատվածում, մայրուղուց 300-400 մետր հեռավորության վրա: Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու` Քարահունջը 7500 տարի առաջ եղել է սրբավայր եւ աստղադիտարան: Հնագիտական պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել են մ.թ.ա. 3-րդից 1-ին հազարամյակների դամբարաններ: Հնագետները գտնում են, որ Քարահունջը Ք.ա. 3-2-րդ հազարամյակների սահմանագլխի` վաղ բրոնզից միջին բրոնզին անցնելու ժամանակաշրջանի հուշարձան է, որը հարատեւել է մինչեւ Ք.ա. 1-ին հազարամյակի կեսերը: Որոշ աստղագետներ, հիմնվելով աստղագիտական հաշվարկների վրա, գտնում են, որ հուշարձանը 6000 կամ 8000 տարեկան է, այսինքն` թվագրվում է Ք.ա. 6-4-րդ հազարամյակներով: Հուշարձանը համադրվել է անգլիական Սթոունհենջի, ֆրանսիական Կառնակի, հոլանդական Նյուրեջի հետ, որոնք եւս համարվում են արեւի պաշտամունքի կենտրոն եւ աստղադիտարան:

Քարահունջի եւ Սթոունհենջի, հայերի եւ բրիտների միջեւ հավանական գենետիկական կապի, նախաքրիստոնեական մեր հավատքին ու հավատալիքներին առնչվող որոշ հարցերի բացատրությունը փորձեցինք գտնել մաթեմատիկոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի դոցենտ Վաչագան Վահրադյանի հետ զրույցի ընթացքում: Դեռ երիտասարդ տարիներից նրան հետաքրքրում է, թե ինչ ներդրում է ունեցել մեր ժողովուրդը համաշխարհային քաղաքակրթության մեջ: Վերջին տարիներին նա ու քույրը` Մարինեն, սեփական միջոցներով ուսումնասիրել են ուշագրավ այս հուշարձանը:

-Զորաց քար անվանումը հուշարձանի Ղոշուն դաշ անվանման թարգմանությունն է: Թուրքերեն «ղոշուն» բառը թարգմանվում է որպես «շարք»: Այսինքն` թուրքերեն անվանումը ավելի ճիշտ կլիներ թարգմանել որպես «Շարքով քար», ինչը համապատասխանում է հուշարձանի կառուցվածքին: Մեկ այլ տարբերակի համաձայն, հուշարձանի անվանումը կապվում է տարածաշրջանում գտնվող Զորաց վանքի անվան հետ: Հուշարձանի Քարահունջ անվանումը 1990-ականների կեսերին շրջանառության մեջ է դրել Պարիս Հերունին: Գիտնականը հենվել է այն իրողության վրա, որ Ստեփանոս Օրբելյանը 13-րդ դարում հուշարձանի մոտակայքում հիշատակում է Քարունջ անվանումով գյուղ: Պ.Հերունին Քարահունջը դարձնում է Քարահունչ` փորձելով ստուգաբանել որպես հնչող քարեր: Մոտակա գյուղերի բնակիչներն էլ ասում են Ցից քարեր, Դիք-դիք քարեր. այս անվանումներն արտացոլում են հուշարձանի կառուցվածքային մեկ առանձնահատկությունը միայն:

Մեր համոզմամբ, թուրքերեն Ղոշուն դաշը թարգմանություն է հայերենից: Հայերեն նախնական անվանումը կարող էր լինել, ասենք, «շարքով քարեր»-ի պես մի բան: Այդ դեպքում թարգմանության մեջ էլ «քարեր» բառը պետք է լիներ հոգնակի թվով` «Ղոշուն դաշլար»: Որպեսզի հայերեն հնագույն անվանման թուրքերեն թարգմանության մեջ «քար» հասկացությունը արտահայտվեր եզակի թվով, հայերեն անվանման մեջ էլ «քար» բառը նույնպես պետք է ներկայացված լիներ եզակի թվով, ինչպես, ասենք «քարաշարք» բառի մեջ: Ահա այս դեպքում թուրքերեն թարգմանությունը մեծ հավանականությամբ կլիներ հենց «Ղոշուն դաշ»: Պարզվում է, որ թուրքերեն «ղոշուն» բառը հայերեն որոշ բարբառներում օգտագործվել է նաեւ «խումբ» իմաստով: Ուրեմն հնարավոր է, որ հուշարձանի անվանման նախնական հայերեն ձեւը լիներ Քարախումբ կամ Քարափունջ: Վերջինս Սյունիքի բարբառով կհնչեր Քարահունջ ձեւով: Այսպիսով, հուշարձանի հնագույն նախնական (նախաթուրքական) հայկական անվանումը, մեծ հավանականությամբ, եղել է Քարահունջ: Դա թարգմանվել է թուրքերեն Ղոշուն դաշ եւ հասել մեզ նաեւ այդ ձեւով: 13-րդ դարում հուշարձանի մոտ Քարունջ անունով գյուղ է վկայված: Հիմա Հայաստանում Սյունիքում եւ Ղարաբաղում, երեք գյուղ կա Քարահունջ անվամբ: Դրանցից գոնե երկուսի մերձակայքում մեգալիթյան կառույցներ կան: Այսպիսով, «քարահունջ»` «քարե փունջ» բառով հայերս հնում, ամենայն հավանականությամբ, նշում էինք մեգալիթյան շրջանաձեւ կառույցները: Բառը, հավանաբար, հատուկ անուն չէ, այլ այդ տիպի կառույցների ընդհանրական անվանումը: Կոնկրետ Սիսիանի հուշարձանի անունը կարող էր լինել Անգղի քարահունջ, քանի որ այն արտացոլում է Անգղի համաստեղությունը երկրի վրա եւ, հավանաբար, իբրեւ ծիսակրոնական կառույց, նվիրված է եղել մահը խորհրդանշող անգղի եւ ծնունդը խորհրդանշող ձվի պաշտամունքին:

-Այսինքն` Քարահունջը կարելի է դիտարկել որպես հեթանոսական սրբավա՞յր:

-Հուշարձանի ընդհանուր կառուցվածքը արտացոլում է Անգղի (ըստ հին հայկական պատկերացումների) կամ Կարապի (ըստ հետագայում լայն տարածում գտած արաբական պատկերացումների) համաստեղությունը: Կարապ-Անգղի համաստեղության աստղերին համապատասխանող քարերը դրված են պատվանդանի վրա եւ շարժուն են: Մյուս բոլոր քարերը թաղված են հողի մեջ: Հուշարձանի ընդհանուր կառուցվածքն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս ենթադրել նրա աստղագիտական նշանակությունը` այն է` ամառային արեւադարձի օրը որոշելը: Դա է վկայում հուշարձանի կենտրոնական ձվաձեւ շարվածքից դեպի հյուսիս-արեւելք բացվող միջանցքի առկայությունը: Ըստ ակադեմիկոս Հերունու կատարած հաշվարկների` մոտավորապես 7500 տարի առաջ ամառային արեւադարձի օրը արեւը ծագում էր հենց այդ միջանցքում (հիմա արեւի ծագման կետը շեղված է Երկրի պրեցեսիայի հետեւանքով): Այս աստղադիտարանում հետեւել են նաեւ աստղերի շարժմանը: Որոշ քարերի վրա բացված են միջանցիկ անցքեր, որոնցից մի քանիսը նայում են երկնքի որոշակի կետերի, մյուսներն իրենց հարեւան քարի գագաթի հետ կազմում են նշանառության համակարգ: Դա ստիպում է ենթադրել, որ երբ ինչ-որ լուսատու երկնքում հայտնվում էր նշված քարի գագաթին, ապա ըստ այդմ որոշում էին ժամանակը: Հուշարձանը կարող էր ծիսակրոնական այլ նշանակություններ էլ ունենալ: Կենտրոնական ձվաձեւ շարված քարերից ոչ մեկի վրա անցք չկա: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ հուշարձանը, ինչպես վերը նշեցինք, կապվում է անգղի եւ ձվի պաշտամունքի հետ:

-Փաստորեն, Քարահունջը ոչ միայն աստղադիտարան է, այլեւ կրոնական, ծիսական կառույց:

-Կառույցն իր աշխարհագրական դիրքով այնպես է հարաբերվում Անգեղակոթ գյուղի սրբավայր-գերեզմանոցի, Բրուն-Վերիշեն գյուղ(եր)ի հնագույն եկեղեցու (կառուցված նախկին մեհյանի տեղում) եւ «Պորտաքար» կոչվող ծիսավայրի հետ, որ դրանց միացման գծերով Երկրի վրա ստեղծվում է Կարապ-Անգղի համաստեղության խաչը կազմող աստղերի գծապատկերը:


Այդ համապատասխանությունն առկա է նաեւ երկրային նշված կետերի անվանումներում: Այսպես` Անգեղակոթ գյուղի անվանումը նշանակում է «Անգղի մեծ» (կոթ-ը որոշ բարբառներում «մեծ, հիմնական» իմաստն ունի) եւ համապատասխանում է Անգղի (Կարապի) համաստեղության ամենապայծառ աստղին` Դենեբին: Բրուն գյուղը համապատասխանում է Կարապի բետտա` Ալբիրեո աստղին: Չնայած բառի արաբական հնչողությանը` արմատը «բիրեո» արաբերեն բացատրություն չունի: Համապատասխանությունն ակնհայտ է «Ալ»-ը արաբական մասնիկն է, Բի(ը)ր-ը հիմքն է, որ կա նաեւ Բրուն անվանման մեջ, «-եո» մասնիկը ակնհայտորեն վերջածանց է: Կենտրոնական` Սադր կոչվող աստղը համապատասխանում է հենց հուշարձանին: «Սադր» բառը արաբերեն նշանակում է թռչնի կրծքամաս` մարմին: Դա առնչվում է հուշարձանի կենտրոնում առկա ձվաձեւ կառույցին, որն արտացոլում է ձվի պաշտամունքը հնում: Վերջինիս մասին է վկայում նաեւ Հայկական լեռնաշխարհի մյուս ծայրում գտնվող Պորտասար (առավել հայտնի է թուրքացված Գյոբեգլի թեփե անվանմամբ) սրբավայրում առկա անգղի պատկերը, որի մոտ ձու է քանդակված:


Ինչ վերաբերում է Պորտաքար կոչվող ծիսավայրի եւ Կարապի «h» աստղի համապատասխանությանը, ապա այն առաջին հայացքից միայն զուտ կառուցվածքային բնույթ ունի: Եթե քարտեզի վրա ուղիղ գծերով միացնենք իրար հետ իմաստային կապ ունեցող չորս գյուղերը` Անգեղակոթ, Բրուն, Քարահունջ եւ Բռնակոթ, ապա կստացվի համարյա ճշգրիտ զուգահեռագիծ, որի մեծ անկյունագծի վրա Քարահունջն է: Ի դեպ, հին Հայաստանում մենք ունեցել ենք «Անգեղ տուն» իշխանական տոհմ: Այս անվան հիմքում, կարծում եմ, անգղ բառն է: Դա է վկայում նաեւ այդ տոհմի իշխանանիստ ամրոցի անվանումը` Անգղ:

-Դուք նշում եք, որ Անգլիայի հարավ-արեւմուտքում` Սոլսբերի քաղաքի մոտ գտնվող հանրահայտ Սթոունհենջ կառույցը որոշակի առնչություններ ունի մեր` սյունիքյան հուշարձանի հետ:

-Նախ անվանումների բացարձակ նմանություն կա: Stonehenge եւ Քարահունջ բառերում առաջին արմատները նույն իմաստն ունեն` «քարե»: Stonehenge բառի երկրորդ` «henge» արմատը բացատրելու համար անգլիացի գիտնականները առաջ են քաշել երկու վարկած. «Hedge»` «ցանկապատ» եւ «Hang»` «կախվել, ճոճվել»: Երկու բացատրությունն էլ բավարար համոզիչ չեն: «Քարահունջ» բառի երկրորդ` «հունջ» արմատը բացատրվում է Սյունիքի բարբառով եւ կրում է «փունջ» իմաստը: Անգլերենում «փունջ» բառը թարգմանվում է «bunch»: Հավանական ենք համարում, որ «bunch» եւ «henge» բառերը իրար հետ հարաբերվում են այնպես, ինչպես «փունջ» եւ «հունջ» բառերը եւ ունեն ընդհանուր ծագում: Երկու կառույցներում էլ կան քարերով շարված միջանցքներ, որոնք ուղղված են դեպի հյուսիս-արեւելք եւ հնում հնարավորություն էին տալիս որոշելու ամառային արեւադարձի օրը: Սա ցույց է տալիս, որ երկու կառույցների ստեղծողներն ունեին նույն պատկերացումներն ու գիտելիքները աստղագիտության ասպարեզում եւ նույն մշակույթի կրողներն են եղել:

-Համացանցը ողողված է Արեւմտյան Հայաստանի Պորտասար կոչվող տարածքում գերմանացի գիտնականի հնագիտական պեղումները ներկայացնող տեսանյութերով: Թուրքերը հուշարձանը կապում են իրենց մշակույթի, թուրք ժողովրդի պատմության հետ: Ինչպես դուք ասացիք, այնտեղ էլ անգղի ու ձվի պատկերներ կան:

-Պորտասարն առավել հայտնի է թուրքացված` Գյոբեգլի թեփե անվանումով: Պորտասարի տարածքում հայտնաբերվել է Սթոունհենջի նման հուշարձան: Պեղող հնագետը` գերմանացի գիտնական Շմիդտը, այն թվագրում է մ.թ.ա. 10-րդ հազարամյակով: Քարերից մի քանիսի վրա փորագրված են տարբեր կենդանիներ: Առավել պատկերազարդ քարի վրա շրջանակի մեջ անգղի պատկեր է:


Անգղի թեւերի բացվածքը համաչափ չէ: Եթե նրա վրա տեղադրենք Անգղի քարահունջի ուրվագիծը, ապա այն ճշգրտորեն կհամընկնի անգղի պատկերի հետ: Այդ քարի վրա պատկերված է աստղային երկինքը` համաստեղությունների բաժանված: Դա ակնհայտ կդառնա, եթե կողք կողքի դնենք աստղային երկնքի քարտեզը եւ այդ քարի նկարը: Այսպիսով, կարելի է ասել, որ այս երկու կառույցների հեղինակները նույն մշակույթի կրողներն են եղել: Պորտասարի կառույցի մոտակայքում վկայված է Բռնաշեն անվամբ գյուղ, որի անվանումը նույնանում է սյունիքյան կառույցի շրջակայքում գտնվող Բրուն եւ Բռնակոթ գյուղերի անվանումների հետ:

-Ձեր ուսումնասիրությունների արդյունքում հայ-բրիտանական ուրիշ ի՞նչ առնչություններ եք պարզել:

-Նախ` Անգլոսաքսոնական քրոնիկոնի առաջին պարբերությունը հայտնում է հետեւյալը. «Բրիտանիա... կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից...»:



Երկրորդ` «բրիտ» բառի ստուգաբանությունը: Բառը հնդեվրոպական ծագում ունի, ուստի կարող է եւ պետք է դիտարկվի երկու մասից բաղկացած` հնդեվրոպական «բր» արմատից եւ նույն լեզվաընտանիքին պատկանող ՙ-իտ՚ վերջածանցից: Սկսենք հանրահայտից: «-իտ» եւ «-իդ» վերջածանցները ցույց են տալիս պատկանելություն արմատին, ծագումը արմատային բառ-հասկացությունից: Օրինակ` «սեմիտ» (Սեմի ցեղին պատկանող) կամ «դրուիդ» («դր» ցեղին պատկանող): Հետեւաբար` «բրիտ» նշանակում է «բր» ցեղին պատկանող: Հայոց լեզվում «բր» արմատը կարելի է տեսնել «բրել» բայի մեջ: Այն, ըստ Աճառյանի, հին հայերենում մի քանի իմաստ է ունեցել, դրանց թվում նաեւ` փորագրել, պինդ նյութի մակերեսին գրել սուր գործիքով: Այսպիսով, «գրել» հասկացությունը հնում` մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին (այդ ժամանակ է ենթադրաբար տեղի ունեցել բրիտների արտագաղթը) հայերենով արտահայտվում էր ՙբրել՚ բայով: Մեր ենթադրությունն այն է, որ «բր» արմատը «բրիտ» եւ «բր-ել» բառերում նույնն է: Այսպիսով մենք առաջ ենք քաշում մի վարկած, ըստ որի «բրիտ» բառը նշանակում է «գրել իմացող ցեղին պատկանող»: Մեր կարծիքով, նույն` «գրել իմացող» իմաստն է կրում նաեւ Բռ(ր)ուն գյուղի անվանումը, քանի որ բաղկացած է «բր» ամատից եւ «-ուն» վերջածանցից: Վերջինս շատ հին է եւ ունի գործողությունը կատարելու ունակության իմաստ: Օրինակ, կպչել` կպչուն, թռչել` թռչուն, բրել` բրուն:

-Անգլիացի գենետիկների եւ հայ մասնագետների կողմից անցկացվել է հետազոտություն, որի արդյունքները 2001թ. տպագրվել են այդ ասպարեզի ամենահեղինակավոր «Human Genetics» ամսագրում: Ծանո՞թ եք այդ ուսումնասիրություններին:

-Այո, ստացված արդյունքները վկայում են, որ հայաստանյան հայ բնակչության արական գծով գեները` հապլոխմբերը, շատ մոտ են Բրիտանիա կղզու բնակչության հապլոխմբին, իսկ հայաստանյան ներտարածքային հապլոխմբերից բրիտանական հապլոխմբին ամենամոտը ղարաբաղյան եւ սյունիքյան հապլոխմբերն են:

-Ձեր ուսումնասիրություններն, ի վերջո, ինչպե՞ս եք մտադիր ներկայացնել լայն հանրությանը:

-Առայժմ հետազոտությունները ներկայացվել են Օքսֆորդի համալսարանին: Ես եւ քույրս պատրաստվում ենք ֆիլմ նկարահանել այս մասին, որպեսզի թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում հայ պատանիները տեսնեն, ճանաչեն մեր մշակույթն ու պատմությունը, հպարտանան, որ այդ մշակույթի կրողն են եւ աշխարհին դեռ շատ ասելիք ունեն:

Զրույցը` ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

Комментариев нет:

Отправить комментарий