12 дек. 2010 г.

#48(863) 02.12.10

ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...


ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ. «ՏԱՍՆՉՈՐՍ ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ ԸՆԴՈՒՆՎԵՑԻ»

Սարյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող Հայաստանի կոմպոզիտորների միության շենքում է ապրում հայ դասական երաժշտության «Ոսկե հնգյակի» (Ալեքսանդր Հարությունյան, Ղազարոս Սարյան, Առնո Բաբաջանյան, Ադամ Խուդոյան, Էդվարդ Միրզոյան) ամենակրտսեր անդամը` մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը: Դռան մի քանի զանգից հետո լսվում է` գալիս եմ, գալիս եմ: Գալիս է, բացում է դուռը, եւ իմ առջեւ ծերունազարդ, բայց առույգ ժպիտով կոմպոզիտորն է: Ներս է հրավիրում, անցնում հյուրասրահ, տեղ ավորվում է բազմոցին եւ ինձ էլ առաջարկում նստել: Շնորհակալություն եմ հայտնում.

-Գիտես, Էդ բառը չեմ սիրում, «շնորհակալություն» մի ասա, դա քաղաքավարության խորհուրդ ունի: Ասա ուրախ եմ: Այ դա հոգեվիճակ է արտահայտում, իսկ կարեւորը հոգին է: Հեռախոսով ասացիր, որ ուսանողական տարիներից պիտի պատմեմ, չէ՞...

-Նախ խնդրում եմ մի փոքր պատմեք ընտանիքի մասին, որտեղ մեծացել եք:

-Ես ծնվել եմ Վրաստանի Գորի քաղաքում, հետո տեղափոխվել ենք Թիֆլիս: Հայրս` Միքայել Միրզոյանը, Թիֆլիսում երաժշտական մեծ գործունեություն էր ծավալել: Նա Երաժշտական լիգայի, այնուհետեւ Հայ երաժիշտների միության, ավելի ուշ` Վրաստանում Հայարտան (Հայ արվեստի տուն) հիմնադիրներից մեկն էր: 1924 թվականին Ասքանազ Մռավյանի հրավերով հայրս տեղափոխվեց Երեւան: 1929 թվականին նրա եւ իր մի քանի ընկերների շնորհիվ հիմնադրվեց Հայաստանում առաջին մանկական երաժշտական դպրոցը, որը հետագայում կոչվեց Սպենդիարյանի անունով: Այդ տարիներին մենք բնակվում էինք ակադեմիայի Հ.Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի շենքում` Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում: Երեկոները ընտանիքով դուրս էինք գալիս փողոց` հիանալու գիշերային Երեւանով: Ես այդ զբոսանքները շատ էի սիրում: Հիշո՞ւմ ես` «Տոնածառ ջան, տոնածառ, ինչ սիրուն ես ու պայծառ…», այ դա հայրիկիս ստեղծագործությունն է: Մայրս էլ շատ հետաքրքիր կին էր, կիրթ, կարդացած:

Վ.Տալյանի դասարանում, 1939թ.
նստած են` Էդվարդ Միրզոյան, Լյուսյա Սաֆարյան, Ալեքսանդր Հարությունյան, Վ.Տալյան, կանգնած են` Արամ Մերանգուլյան, Սերգեյ Քյոսայան, Արտաշես Խաչատրյան

-Անշուշտ, այսպիսի հետաքրքիր մարդիկ նաեւ հետաքրքիր ընկերներ կունենային...

-Երբ մենք տեղափոխվեցինք Ցարսկայա (հետագայում` Սպանդարյան, այժմ` Արամի) փողոցի մեր տունը, մեզ հաճախ հյուր էին գալիս Ալեքսանդր Սպենդիարյանը, Ռոմանոս Մելիքյանը, Սպիրիդոն Մելիքյանը, Արշակ Ադամյանը եւ այլք, նրանք բոլորը հորս մտերիմ ընկերներն էին: Ռոմանոս Մելիքյանի հետ հայրս մտերիմ էր դեռ Թիֆլիսից: 1921-ին, երբ մաեստրոն Երեւանում պատրաստվում էր Երաժշտական ստուդիայի բացմանը, հայրս Թիֆլիսից ժամանակ առ ժամանակ գալիս էր նրան օգնելու:


-Հետագայում ձեր առաջին երաժշտական ստեղծագործությանը հենց նա գնահատական տվեց:

-Այո, 11 տարեկանում առաջին անգամ փորձ արեցի գրելու ստեղծագործություն դաշնամուրի համար, եւ ինձ թվում էր, որ քայլերգ եմ գրել: Հետո վերամշակեցի եւ վերանվանեցի «Գործադուլ», ավելի ուշ` «Արյունոտ կիրակի»: Հորս խորհրդով, նվագեցի Ռոմանոսի համար: Նա շատ հավանեց: Այդ օրվանից ես նրան ավելի շատ սկսեցի սիրել: Նրա կարծիքը ինձ համար շատ թանկ էր. խստապահանջ, բծախնդիր ստեղծագործող էր: Երաժշտագետ Արտակ Տոնիկյանը պատմում է, որ Ռոմանոսի հուղարկավորության օրը Չարենցը մոտեցել, համբուրել է նրա ճակատն ու ասել` այ հիմա բարիշեցինք: Բանն այն է, որ Չարենցը, իբրեւ հրատարակչության խմբագիր, նրան առաջարկում է կրճատել ստեղծագործություններից մեկը: Ռոմանոսն էլ նեղանում է` ասելով. «Իմ գրածը կրճատման ենթակա չէ»: Վերցնում է ժողովածուն եւ հեռանում:

«Ոսկե հնգյակը» Մարտիրոս Սարյանի արվեստանոցում

-11-ամյա կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը սովորում էր երաժշտական դպրոցո՞ւմ:

-1929-ին ընդունվեցի երաժշտական դպրոց` պրոֆշկոլա, դաշնամուրի դասարան: Այդ ժամանակ դպրոցի տնօրենը Լյուսյա Թոթովենցն էր` գրող Վահան Թոթովենցի կինը: Առաջադիմությունս այնքան էլ բարձր չէր: Շատ էի սիրում բակում խաղալ: 1935-ին, երբ դարձա 14 տարեկան, ինձ դպրոցից կոնսերվատորիա տարան եւ ասացին, որ քննություն պիտի հանձնեմ: Մի քանի ստեղծագործություն նվագեցի, հետո ասացին, որ ընդունվել եմ կոմպոզիտորական բաժին: Այդպես ես 14 տարեկան հասակում դարձա կոնսերվատորիայի նախապատրաստական բաժնի ուսանող: Կոնսերվատորիայում ինձ հետ սովորում էին Ռոբերտ Աթայանը, Արտաշես Խաչատրյանը, Լյուսյա Սաֆարյանը, Սերգեյ Քյոսայանը, Արամ Մերանգուլյանը, Ադամ Խուդոյանը եւ այլք: Բայց ամենից շատ մտերմություն էի անում Առնոյի, Կոտիկի` Ալեքսանդր Հարությունյանի եւ Զարիկի` Ղազարոս Սարյանի հետ, չնայած նրանք երեքն էլ ինձնից մի կուրս բարձր էին: Զարիկի շնորհիվ հաճախ էինք լինում Սարյանների տանը, ճաշակում Մարտիրոս Սարյանի այգու քաղցրահամ խաղողը:

-Բայց 3-րդ կուրսում կարծես մտափոխվեցիք, ուզում էիք բժիշկ դառնալ:

-Ես հրաշալի ուսուցիչներ ունենալու բախտավորություն եմ ունեցել` Սերգեյ Բարխուդարյան, Գեորգի Տիգրանյան, Կոնստանտին Սարաջեւ, Վարդգես Տալյան` գուսան Շերամի որդին: Հենց նա էլ ինձ փրկեց: Ոչ թե ես էի բժշկի մասնագիտություն ուզում ընտրել, այլ ծնողներս կարծում էին, որ ավելի ճիշտ կլինի, եթե բժիշկ դառնամ, քանի որ կոնսերվատորիայում ասել էին, որ առաջխաղացում չկա, դուրս եմ մնում կոնսերվատորիայից: Որոշ ժամանակով Թբիլիսիում էի: Տալյանից նամակ ստացա. ոչ թե առաջարկում, այլ կարգադրում էր գրել սոնատ ջութակի եւ դաշնամուրի համար: Երբ վերադարձա Երեւան, գնացի նրա մոտ, ասացի, որ չի ստացվում`ջութակի համար երբեւէ չէի գրել: Իսկ նա հրամայեց գրել: Գրեցի եւ մնացի կոնսերվատորիայում:

-Ինչպե՞ս էին անցնում ձեր ուսանողական տարիները:

-Իմ երիտասարդության տարիները համընկան Երեւանում երաժշտական մշակույթի ծաղկման տարիների հետ: Հիշում եմ, թե 1933-ին ի¯նչ մեծ իրադարձություն էին առաջին օպերաների ցուցադրությունները Երեւանի նորաբաց օպերային թատրոնում: Ինձ համար շատ հիշարժան իրադարձություն էր 1936-ին Կոմիտասի հուղարկավորության արարողությունը: Մեծ կոմպոզիտորի աճյունը ապակեպատ դագաղի մեջ էր. դեմքը թափանցում էր: Շատ տպավորիչ էր: Հիշում եմ` ինչպես նրա հուղարկավորության ժամանակ Հայկանուշ Դանիելյանը երգեց «Չինար ես»-ը, «Անձրեւն եկավ»-ը: Նրա ձայնը մինչ այսօր արձագանքում է իմ ականջներում:

-Մաեստրո, այսօրվա հայ երգարվեստի մասի՞ն ինչ կասեք: Ի՞նչ եք ցանկանում հայ երիտասարդին:

-Այսօվա երգի մասին, ներողություն եմ խնդրում, ավելի լավ է լռեմ: Իսկ հայ երիտասարդներին ահա թե ինչ կմաղթեմ: Զարիկը (Ղազարոս Սարյան.- խմբգ.) Հայրենականի առաջին օրից ռազմաճակատում է եղել: Ես լավ գիտեմ` ինչ ասել է պատերազմ: Հայ ժողովուրդն այդ կռվի ընթացքում հազարավոր զոհեր տվեց: Իսկ ամեն մարդ մի աշխարհ է, պատկերացրեք, պատերազմը կործանեց հազարավոր հայ աշխարհներ: Ես ուզում եմ, որ հայ երիտասարդը երբեք չիմանա` ինչ է պատերազմը: Եվ մի բան էլ` Զարիկը պատմում էր, որ Մոսկվայում Շոստակովիչի մոտ ուսանելու տարիներին մի առիթով մեծ վարպետն իրեն ասել է. «Երեք բան հիշիր` երբեք մի ուշացիր եւ ոչ էլ ժամանակից շուտ հայտնվիր այնտեղ, ուր պետք է գնաս, նամակներին պատասխանիր անմիջապես եւ ամենակարեւորը` ամեն օր ստեղծագործիր»: Ուզում եմ, որ այդպես ապրեն երիտասարդները:

Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ






Комментариев нет:

Отправить комментарий