2 дек. 2010 г.

N32(847) 12.08.10

www.eter.am

ԵՐԲ ԵՍ ՈՒԱՍԱՆՈՂ ԷԻ...

ՍՅՈՒԶԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԵՐԱԶԱՆՔԻՆ ՊԻՏԻ ՀԱՍՆԵԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ԱՊԱՎԻՆԵԼՈՎ»

«Ուսանողական տարիները երանության, սիրո, երազանքի, խենթության տարիներ էին:

Դեռ փոքրուց երազում էի դերասան դառնալու մասին: Անսպառ հետաքրքրասիրություն ունեի ամեն ինչի հանդեպ, բայց այն, ինչը բեմի հետ էր առնչվում, շատ ավելի էր ձգում ինձ. պարի էի գնում, երգում էի, թատերական խմբակի էի մասնակցում»,- իր դպրոցական տարիներն այսպես է հիշում սիրված երգչուհի Սյուզան Մարգարյանը:

-Սյուզան, իսկ երբ ասում եք` ուսանողություն, առաջինն ի՞նչ եք պատկերացնում:

-Միանգամից այն ամենը, ինչով լեցուն էին իմ ուսանողական տարիները: Ուսանողական կյանքս բավական բուռն ու աշխույժ է եղել: Ես միշտ սիրել եմ երիտասարդությանը հատուկ այդ ծանրաբեռնվածությունը, ակտիվությունը ու հիմա կարոտում ու երանությամբ եմ հիշում այդ օրերը: Իհարկե, հիմա այլ հոգսեր ու զբաղմունքներ ունեմ, բայց երիտասարդության տարիներն ուրիշ էին: Ուսանողությունը մի այլ դիմագիծ ուներ. իրոք, երանելի կյանքով ապրող երիտասարդներ էինք: Այսօրվա ուսանողների մեջ մի տեսակ երազանքի բացակայություն կա: Չգիտեմ, գուցե մեր ժամանակ հարաբերություններն ավելի անկեղծ էին, երազանքները, ապագայի հույսերը, սպասումները մեծ էին, իսկ երազանքին պիտի հասնեիր հիմնականում սեփական ուժերին ապավինելով: Հավատում էինք մեր ուժերին, ինքնավստահ էինք: Այսօր ինքնավստահությունն այլ երանգներ ունի. իրականում երիտասարդները ծնողներից կախման մեջ են: Արժեհամակարգի փոփոխություն կա: Այն օրերին մենք հասարակ խաչապուրիով ու լիմոնադով կարող էինք իսկապես ուրախանալ, բայց այսօր հավաքվելու, ուրախանալու համար անպայման շքեղ ռեստորաններ են հարկավոր: Ես ուրախ եմ, որ հիմա ավելի լավ պայմաններում ենք ապրում, բայց, ցավոք, շատ գեղեցիկ բաների զոհողության գնով:


-Իսկ ինչպիսի՞ ուսանող էիք դուք:

-Դեռ 9-րդ դասարանից հանդես եմ եկել «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլում: 1979-81-ին սովորել եմ Երեւանի էստարադային ջազային ստուդիայում, զուգահեռ աշխատում էի Հայաստանի պետական էստրադային նվագախմբում որպես մեներգչուհի: Բնական է, որ պրակտիկ գործունեությունը լրացնում էր տեսական գիտելիքներս, եւ ես առաջավոր ուսանողուհի էի համարվում:


-Ուսանողական տարիներին որքանո՞վ էիք կարեւորում բարձր գնահատականը:

-Ցանկացած ուսանողի համար միշտ էլ բարձր գնահատական ստանալը հաճելի է, բայց ես այդ առումով հանդուրժող եմ եղել: Չեմ հասկանում այն երիտասարդներին, որոնք այլ ճանապարհներով են նախընտրում բուհ ընդունվել, բարձր գնահատականներ ստանալ: Ի վերջո, կա մի բան` կամ ուզում ես գիտելիք ստանալ, կամ` ոչ: Ես ուսանողի այն տեսակն եմ եղել, որ կարեւորել եմ ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը: Հիշում եմ` երբ ես եւ ամուսինս արդեն թատերական ինստիտուտում էինք սովորում, ինձ համար այդքան կարեւոր վոկալի քննությունից Հրաչյան «5» ստացավ, իսկ ես` «3», իսկ «Դերասանի վարպետություն» առարկայից էլ ճիշտ հակառակը եղավ: Եվ սա այն դեպքում, երբ ես արդեն երգչուհի էի, իսկ Հրաչյան որոշ ներկայացումներում հանդես էր գալիս գլխավոր դերերում: Այնպես որ, չեմ կարծում, որ գնահատականն այդքան կարեւոր դեր կարող է ունենալ:


-Իսկ դասախոսների հետ ինչպիսի՞ հարաբերությունների մեջ էիք:

-Իմ բոլոր դասախոսներին էլ շատ էի սիրում: Բախտ եմ ունեցել սովորելու Հրաչյա Ղափլանյանի կուրսում: Իբրեւ դերասանի ինձ հետ մեծ հույսեր էր կապում: Մի օր էլ եկավ ու ասաց, որ նոր ներկայացման մեջ ինձ որոշել է վստահել գլխավոր հերոսուհու դերը: Իսկ ես այդ ընթացքում նվագախմբի հետ համերգային ծրագրով արտերկիր պետք է մեկնեի: Ստիպված եղա մերժել սիրելի դասախոսիս, բայց խոստացա, որ այն ամենը, ինչ սովորել եմ նրանից, հետո բեմում որպես երգչուհի կօգտագորեմ: Հույս ունեմ, որ այսօր հուսախաբ չեմ արել նրան: Նա այն եզակի դասախոսներից էր, որոնք իրենց շունչը լսարանում թողնում էին: Ես շատ կցանկանայի, որ այսօր էլ մեր ուսանողները կրթվեին նման մարդկանց կողմից:



-Փաստորեն, մասնագիտությամբ նաեւ դերասան եք: Ինստիտուտո՞ւմ կայացավ

ճակատագրական հանդիպումը:

-Երգչուհու իմ պատկերացումները մի փոքր այլ են: Ես ինձ ավելի շատ մյուզիքլային կերպար էի պատկերացնում: Ես միշտ պրոֆեսիոնալիզմի եմ ձգտել եւ կարծում եմ` բեմը, բեմական արվեստը լավ ճանաչելը երգչուհուն միայն կարող է օգնել: 1983 թվականին, երբ արդեն ավարտել էի Երեւանի էստրադային ջազային ստուդիայի վոկալի բաժինը եւ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգչուհիներից էի, որոշեցի ընդունվել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Իսկ ճակատագրական հանդիպումը Հրաչյայի հետ կայացել էր դեռեւս ստուդիայում:

-Ինչպե՞ս էր հաջողվում եւ աշխատել, եւ սովորել, եւ անձնական կյանքի համար ժամանակ գտնել:


-Շատ հեշտ: Իմ ու ամուսնուս փոխհարաբերություններում ամեն ինչ միշտ շատ սահուն ու գեղեցիկ է եղել: Ամենակարեւորը փոխըմբռնումն է, վստահությունը եւ, իհարկե, սերը: Թե ուսանողության տարիներին, թե այսօր նա միշտ օգնել է ինձ, խորհուրդներ տվել, ամեն կերպ աջակցել:

-Ձեր դստեր` Սիրուշոյի մասնագիտության ընտրության հարցում ծնողներն ի՞նչ դեր են ունեցել:

-Սիրուշոն երգում էր դեռ մանկուց. ժառանգականությունը դեր խաղաց: Իսկ դիվանագետի մասնագիտութուն ձեռք բերելը նրա որոշումն էր: Նա միշտ սիրել է սովորել, եւ մենք միայն ողջունել ենք այդ ցանկությունը: Կարծում եմ` ծնողների խորհուրդը ցանկացած հարցում անհրաժեշտ է, բայց պարտադրել երբեք չեմ փորձել:

Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий