
ՆՈՐԱՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ
Վերջին շրջանում Հայաստանը գտնվում է հնագետների ուշադրության կենտրոնում: Ի թիվս այլ հնավայրերիª մեծ հետաքրքրություն է ներկայացնում Վայոց ձորի մարզի Արենի 1 քարայրը: Այդ հնավայրի, դրա բացառիկ գտածոների մասին զրուցում ենք ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ազգային ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ:
-Այդ քարայրի տեղում որոշվել էր ռեստորանային համալիր կառուցել: Երբ տեղեկացանք այդ մասին, մեր արշավախումբը մեկնեց տեղանքն ուսումնասիրելու: Հետագա աշխատանքները ցույց տվեցին, որ քարայրում նկատվում են դեռեւս մ.թ.ա. 5-րդ հազարամյակի վերջին, 4-րդի առաջին կեսին ապրած մարդու հետքեր: Ավելի խոր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դա սրբատեղի կամ դամբարանադաշտ է եղել: Բայց քարայրը միայն դրանով չէր առանձնահատուկ. հնագիտական գտածոներն այստեղ պահպանվել էին զարմանալիորեն ամբողջական: Մենք գտանք հավանաբար զոհաբերության նպատակով դարեր առաջ այդտեղ հայտնված գառնուկի ամբողջական կմախք: Դամբարաններից դուրս բերվեցին մարդկանց ոսկորներª տեղ-տեղ կաշվի եւ մազածածկույթի պահպանված մնացորդներով: Ի դեպ, մարմինները թաղվել էին կարասատիպ անոթներում: Հանգուցյալների հետ թաղվել էր բուսական թելերից պատրաստված կտորեղեն. գործվածքը եւս ամբողջությամբ պահպանվել էր: Հայտնաբերվել են նաեւ մրգեր, հացազգիների սերմեր եւ այլն: Քարայրում, փաստորեն, միկրոմիջավայրն այնպիսին է, որ օրգանական նյութերը, որոնք ժամանակին ընկել են հողի մեջ, չեն քայքայվել: Եվս մի հետաքրքրական փաստ. մենք գտանք գունաներկված խեցեղեն, որ, ամենայն հավանականությամբ, իրանական մշակույթի տարր է: Սա հիմք է տալիս մտածելու, որ դեռեւս այդ շրջանում մարդը փոխանակման եղանակով առեւտուր է արել, կապ է ունեցել արտաքին աշխարհի հետ:
-Այս հնավայրից գտնված աշխարհի ամենահին կաշվե կոշիկը մեծ աղմուկ հանեց: Ի±նչ ճակատագրի արժանացավ գտածոն, արդյո±ք այն երկար կպահպանվի:
-Կոշիկը կամ տրեխը գտնվեց դեռ 2008-ին հարդի մնացուկներով լցված հորում: Բավական լավ էր պահպանվել, եւ սկզբում մի փոքր շփոթմունք առաջացավ, քանի որ շերտը, որ այդ պահին բացել եւ ուսումնասիրում էինք, 3600-3400 տարվա վաղեմություն ուներ: Կոշիկի չափազանց լավ վիճակը տարակուսանք էր առաջացնում, ուստի որոշեցինք շտապ հետեւություններ չանել: Գտածոյից մասնիկներ ուղարկեցինք միաժամանակ երկու տարբեր գիտական կենտրոններ (Օքսֆորդի եւ Կալիֆոռնիայի համալսարաններ)ª ուսումնասիրության: Լաբորատոր քննության արդյունքն ապացուցեց մեր ենթադրությունների հավաստիությունը: Այսօր կոշիկը պահպանվում է ՀՀ պատմության ազգային թանգարանում եւ համապատասխան պայմաններ ապահովելու դեպքում կարող է հավերժ պահպանվել:
-Որքան գիտեմ, պեղումներ կատարվել են նաեւ Սիսիանի շրջանի Գոդեձոր հնավայրում:
-Այստեղ բացվեցին էնեոլիթի շրջանի հուշարձաններ, բացահայտվեցին միանգամայն նոր երեւույթներ: Մենք առաջին անգամ էինք ուսումնասիրում 1800մ բարձության վրա գտնվող հուշարձան: Նպատակ ունենալով պարզաբանել Հայկական լեռնաշխարհում առաջին մարդկանցª երկրագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու մանրամասներըª մենք հիմնականում պեղել ենք գետափնյա շրջանները, դաշտային գոտիները, իսկ այս հնավայրը բարձրադիր գոտում էր: Այստեղ մենք գտանք գունազարդ անոթներª հավանաբար ներմուծված, որոնք բնորոշ են Ուրմիայի ավազանին: Գտանք ոսկրաբանական նյութ, որն ուսումնասիրելով բացահայտեցինք, որ խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորների մեծ մասը ձեւափոխված-դեֆորմացված է ծանր բեռներ տեղափոխելու հետեւանքով: Հիմնականում հայտնաբերվեցին ժամանակավոր փայտաշեն կացարաններ. բնականաբար, բարձրադիր գոտու անբարենպաստ կլիմայական պայմաններում մարդն ամբողջ տարին չէր կարող ապրել: Հայտնաբերվեց օբսիդիանի, այսպես ասած, հումք, որն օգտագործվում էր աշխատանքային գործիքներ պատրաստելու համար: Այս ամենը հուշում է, որ մարդիկ հավանաբար ամռանը իրենց եղջերավոր անասունների հետ տեղափոխվել եւ ապրել են սարերում, իսկ ձմռան ամիսներին իջել են Ուրմիայի տաք ավազան, այստեղ զբաղվել են առեւտրով եւ այլն: Գտածոների վրա պահպանվել են կնքադրոշմներ, որոնք վկայում են, որ հնագույն այդ ժամանակներում մարդիկ ունեցել են գույքի, սեփականության որոշակի ընկալում:
-Վերջին տարիներին հնագիտության ինստիտուտի տարբեր արշավախմբեր մեկը մյուսից ուշագրավ ու արժեքավոր հնավայրեր են պեղումª բացառիկ գտածոներ հայտնաբերելով: Հնարավո±ր է մի քանի նախադասությամբ ներկայացնել ինստիտուտի կատարած աշխատանքը:
-Նախ նշեմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք Հայկական լեռնաշխարհի տարածքում 21 նոր հուշարձաններ ենք գտել եւ ուսումնասիրել: Դրանք հիմնականում ուշ քարի դարի, նեոլիթի կամ էնեոլիթի ժամանակաշրջանին պատկանող հուշարձաններ են, որոնց թվագրությունը կապվում է Ք.ա. 19-18-րդ հարյուրամյակների հետ: Մասնավորապես, ուսումնասիրություններ են կատարվել Արեւմտյան Հայաստանի, այսինքնª ներկայիս Թուրքիայի տարածքումª Սասուն, Դիարբեքիր, Ուրֆա: Արարատյան դաշտի տարածքում ուշագրավ են Էջմիածնի մոտակայքումª Ակնաշեն (նախկինումª Վերին Խաթունարխ) գյուղի տարածքում պեղված հնավայրում հայտնաբերված Ք.ա. 6-5-րդ հազարամյակների պղնձի, քարի դարի հուշարձանները, որոնք վկայում են մարդու կողմից դեռ այդ ժամանակներում հացազգիներիª ցորենի, գարու մշակման մասին: Որոշ հնավայրերում գտել ենք շատ լավ պահպանված տարատեսակ հացահատիկ: Ուսումնասիրվել է հողը:
-Այժմ ո±ր հնավայրերն են գտնվում ձեր ուշադրության կենտրոնում:
-Հիմա արշավախմբեր են աշխատում Երվանդաշատում, Քարաշամբում, Արտաշատում, Թեղուտում, Արմավիրում եւ այլուր: Պեղումների արդյունքների մասին կզրուցենք առաջիկայում:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Комментариев нет:
Отправить комментарий