
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐ ԵՂԵԼ ԵՆ ԴԵՌԵՎՍ ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱ±Ջ
Մեր հերթական հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ամփոփելով նախորդ զրույցի ընթացքում իր հաղորդած տեղեկությունները էնեոլիթի եւ նեոլիթի դարաշրջանների հնավայրերի պեղումների արդյունքների մասին, ուշադրություն հրավիրեց հետեւյալ կարեւոր իրողությունների վրա. այս ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դեռեւս Ք.ա. 7-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում մարդիկ ապրել են, այս տարածաշրջանի բնակչությունը եղել է տարասեռ, կրել է հալաֆյան եւ ուբեդյան (Սիրիա) մշակույթների ազդեցությունը:
-Հետագայում Արաքսի եւ Կուրի ափերին հանդիպում են Կուր-արաքսյան կամ շենգավիթյան մշակույթ անունով հայտնի կենցաղավարության տարրեր եւ երեւույթներ: Խոսքը վերաբերում է վաղ բրոնզի դարին, որը սկիզբ է առնում Ք.ա. 4-րդ հազարամյակի 2-րդ կեսերին եւ շարունակվում մինչեւ 3-րդ հազարամյակի 1-ին կեսերը: Այս նոր մշակույթի մասին առայժմ ամբողջական տեղեկություն չունենք: Որոշեցինք քննության առնել հետագա շրջանները, որոնք, գուցե, ինչ-որ բացատրություն կտային Կուր-արաքսյան մշակույթի ծագման եւ տարածման մասին: Սկսեցինք ուսումնասիրել միջին բրոնզի դարը, որ ժամանակագրական առումով ընդգրկում է Ք.ա. 25-23-րդ դարերից մինչեւ Ք.ա. 15-րդ դարն ընկած ժամանակահատվածը: Այս փուլի ուսումնասիրությունների ընթացքում Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում բացվեցին վաղ պետական կազմավորումների մասին տեղեկություններ հաղորդող հուշարձաններ: Մյուս շրջանը ուշ բրոնզի դարն է, որն ընդգրկում է մ.թ.ա. 15-12-րդ դարի առաջին կեսից մինչեւ վաղ երկաթի դարըª մ.թ.ա. 12-րդ դարի կեսերից մինչեւ 9-րդ դարը, այնուհետ Վանի թագավորության սկզբնավորումն է:
-Վաղ բրոնզեդարյան ուշագրավ հուշարձանային համալիր է ներկայացնում Արագած լեռան հյուսիսարեւելյան փեշերին փռված Գեղարոտի հնավայրը:
-Այո, առաջին անգամ այստեղ պեղումներ սկսվել են 1998 թվականին: Պեղումները ցույց տվեցին, որ կլիմայի փոփոխության հետ կապված մարդն աստիճանաբար լքել է դաշտային գոտիները եւ բարձրացել ավելի զով, բարձրադիր տարածքներ, երկրագործությունից եւ հողագործությունից բացի սկսել է զբաղվել նաեւ անասնապահությամբ: Գեղարոտի հնավայրը գտնվում է ծովի մակերեւույթից 2000մ բարձրության վրա: Այստեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ հացահատիկի պաշարներª խեցեղեն տարաներում: Օգտվելով այն հանգամանքից, որ Գեղարոտի պեղումները հայ-ամերիկյան ընդհանուր ծրագիր է, մենք հնարավորություն ունենք գտածոներն ուղարկելու արտասահմանª լաբորատոր ուսումնասիրության: Ռադիոկարբոնային այդ ուսումնասիրությունները եւս մեկ անգամ կապացուցեն հնավայրերի եւ գտածոների ստույգ ժամանակագրությունը: Այս հնավայրից մենք գտանք հարուստ խեցեղեն, ոսկրաբանական նյութ, մետաղյա իրեր, զարդեր: Այստեղ է գտնվում նաեւ ներկայում Հայաստանի տարածքում պեղված ամենահին սրբատեղին: Մինչ այս Հայաստանում հայտնաբերված ամենահին սրբավայրը համարվում էր մ.թ.ա. 11-9-րդ դարերով թվագրվող Մեծամորի սրբատեղին, այնինչ Գեղարոտի սրբավայրը ժամանակագրական առումով ավելի հին էª մ.թ.ա 15-րդ դար: Այստեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ նվիրաբերված թանկարժեք զարդեր, անոթներ: Կարծում եմª այս վայրը նաեւ պատգամատուն է եղելª գուշակությունների վայր: Բարձրադիր տարածքներում պեղված մյուս ուշագրավ հնավայրը Արագած լեռան հարավարեւմտյան կողմում գտնվող Ծաղկասարն է: Ներառում է մոտավորապես 100հա տարածք, այնինչ մինչ այժմ նախալեռնային գոտիներում մեր պեղած տարածքների ընդգրկումը չէր գերազանցել 12 հեկտարը: Ծաղկասարի հնավայրը թվագրվում է Ք.ա. 4-3-րդ հազարամյակներով: Այստեղ եւս հայտնաբերվել են մեծ քանակությամբ մետաղյա գործիքներ, զենքեր եւ այլն:
-Ձեր խոսքում նշեցիք վաղ պետական կազմավորումների մասին. փաստորեն, Հայկական լեռնաշխարհում վաղ պետականության հետքեր հանդիպում են մինչեւ Վանի թագավորության ձեւավորվե±լը:
-Լոռի բերդի ուսումնասիրությունների արդյունքում մենք բացեցինք Ք.ա. 3-րդ հազարամյակով թվագրվող արքայական թաղումներ, ինչը, ժամանակագրական առումով, Վանի թագավորությունից էլ վաղ է: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 1000 տարվա ընդգրկումով տարբեր ժամանակահատվածներում արքայական թաղումները չեն դադարել: Շատ հնարավոր է, որ այդ հնավայրը դարեր շարունակ եղել է դինաստիական դամբարան: Սակայն մեր պատմությունը մինչեւ Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում մեկ այլ դինաստիայի մասին չի հիշատակում: Այս առնչությամբ առայժմ տարբեր ուսումնասիրություններ են տարվում: Սա կասկածի տակ է առնում այն, որ Հայկական լեռնաշխարհում, որպես պետական միավորում, առաջինը Վանի թագավորությունն է եղել: Մինչ Վանիª որպես պետության ի հայտ գալը մենք Տաշիր-Ձորագետում հանդիպում ենք շարունակական պետականության հետքերի: Այստեղ հայտնաբերվեցին գեղարվեստական մշակմամբ մետաղյա այնպիսի իրեր, որոնք կարող են թանգարանային ցուցասրահների գոհարներ դառնալª հագուկապի նմուշներ, զենքեր, բրոնզե արձանիկներ, զարդեր եւ այլն: Որոշ գտածոներ վկայում են, որ այստեղի բնակիչները ժամանակին առեւտրական կապեր են ունեցել Առաջավոր Ասիայի, Միջագետքի, Եգիպտոսի, Բալկանյան երկրների հետ:
-Վերջերս ձեր արշավախումբը Քարաշամբում էր, կպատմե±ք այդ պեղումների մասին:
-Այստեղ դեռեւս 1980-ականներին պեղումներ էր կատարել Վահան Հովհաննիսյանի արշավախումբը: Այդ պեղումների ընթացքում հայտնաբերվեց Քարաշամբի հայտնի արծաթե գավաթը, որն իր վրա վեց շարք դրվագանախշեր ունի: Այն այժմ պահվում է ՀՀ պատմության ազգային թանգարանում: Գավաթը թվագրվում է 3-րդ հազարամյակի վերջին 200-ամյակն ընկած ժամանակաշրջանով: Այժմ այդ նույն տարածքում պեղում ենք մ.թ.ա. 15-13-րդ դարերի ուշ բրոնզեդարյան դամբարաններ: Թաղումները բավական խիտ են, ինչը վկայում է այն մասին, որ ժամանակին բնակչությունն էլ բավական խիտ է եղել: Դամբարանների խտության առնչությամբ տեսակետ կա նաեւ, որ այստեղ զանգվածային մահացության դեպքեր են եղել: Ուսումնասիրությունները շարունակվում են:
-Ի±նչ նոր հնավայրեր եք բացահայտել:
-Հիմա հնագիտական աշխատանքներ են տարվում Արմավիրի մարզի շրջակայքում եւ տարածքում, մասնավորապես Ծաղկալանջի եւ Աղավնատան շրջանում: Աղավնատան տարածքում գտնվել են կատակոմբային թաղումներ, երբ դամբարանի հորը փորվում էր ճտքավոր կոշիկի նմանությամբª ուղղահայաց, ապաª հորիզոնական: Հորիզոնական հատվածում էլ պառկեցնում էին հանգուցյալին: Սա եւս նորույթ է մեզ համար եւ ուսումնասիրության կարիք ունի:>>>
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Комментариев нет:
Отправить комментарий