8 июн. 2013 г.

www.eter.am
«ԶԻՆՈՒԺ» . 20 ՏԱՐԻ ԷԿՐԱՆԻՆ



Մեր նորօրյա պատմության ամենափառավոր հաղթանակի` Արցախյան ազատամարտի վավերագրության համար երախտապարտ պետք է լինենք այն հայորդիներին, ովքեր այդ օրերին ոչ միայն կռվում էին, պաշտպանում հայրենիքը, այլեւ կատարում էին լրագրողի ու օպերատորի բարդ ու պատասխանատու աշխատանքը: Նրանց թվում էին նաեւ պաշտպանության նախարարության «Զինուժ» հեռուստածրագրի լրագրողները եւ օպերատորները: «Զինուժի»  եւ շատ այլ լրագրողների ու օպերատորների հայրենանվեր աշխատանքի շնորհիվ է, որ մեր արխիվում այսօր կան փաստավավերագրական տեսանյութեր, ռադիոձայնագրություններ, որպես ժողովրդին պարտադրված պատերազմի եւ մեր արդար պայքարի վկայություններ:
1993 թվականի հունվարի 5-ից եթեր հեռարձակված «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումները մեծապես օգնեցին լսարանին, հատկապես երիտասարդներին ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու եւ հայրենիքի պաշտպանության գործում իրենց ավանդը ներդնելու հարցում: Հեռուստածրագիրն օպերատիվ կերպով լուսաբանեց Հայաստանի սահմաններում եւ Արցախում ծավալված մարտական գործողությունները, պատմեց նոր-նոր կազմավորվող ազգային բանակի մասին, պարբերաբար անդրադարձավ բանակաշինության հիմնախնդիրներին: Այս տարի լրանում է «Զինուժ» հեռուստածրագրի քսանամյակը:
Ինչպես հրադադարի հաստատումից հետո, այնպես էլ ներկա փուլում «Զինուժի» թողարկումներում ներկայացվում են զորքերի մարտունակության հետագա բարձրացմանը միտված մարտավարամասնագիտական պարապմունքները, պետական սահմանում իրականացվող մարտական հերթապահությունը, ամառային եւ ձմեռային փուլերի ուսումնական գործընթացները, տարաբնույթ զորավարժություններն ու վարժանքները, հասարակություն-բանակ փոխհարաբերությունները, ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումները, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում ծավալված ռազմաքաղաքական համագործակցությունը: Պարբերաբար ռեպորտաժներ եւ թղթակցություններ են պատրաստվում զորամասերից ու ռազմաուսումնական հաստատություններից, ներկայացվում են զոհված ազատամարտիկների ու մերօրյա հերոսների դիմանկարները: Թողարկումների ընթացքում լուսաբանվում են ՀՀ զինված ուժերի կենսագործունեության կարեւորագույն դրվագները, Հայոց բանակի առաքելությունն ու խնդիրները, ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի, բարձրաստիճան այլ զինվորականների աշխատանքային այցերը, հանդիպումները եւ նրանց մասնակցությամբ կայացած միջոցառումները: Եվ ամենակարեւորը. ինչպես անցյալում, այնպես էլ այժմ «Զինուժ» հեռուստածրագիրը փորձում է ներկայացնել հայ զինվորի այն հավաքական կերպարը, որն ապահովում է մեր երկրի անվտանգությունը: Ծրագրի ղեկավարն է ՔՀԾ առաջին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը, գլխավոր ռեժիսորը` գնդապետ Աշոտ Գեւորգյանը, գլխավոր խմբագիրը` ՔՀԾ երկրորդ դասի խորհրդական Գեղամ Մելիքբեկյանը, հաղորդավարներն են ՔՀԾ առաջատար մասնագետներ Զավեն Մաթեւոսյանը եւ Կամիլլա Չալյանը:
ՀՀ ՊՆ «Զինուժ» ծրագիրը եթեր է հեռարձակվում շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր թողարկումը` 30 րոպե տեւողությամբ: 
«Զինուժ» հեռուստածրագիրն ունի մի շարք խորագրեր: «Խրամատային ճշմարտություն» խորագրի ներքո ներկայացվում է հայ-ադրբեջանական պետական սահմանում իրականացվող մարտական հերթապահության ընթացքը, «Զորամասային առօրյան» պատմում է զորամասերի ծառայողական կյանքի մասին, «Պարոնայք սպաներ» խորագրի ներքո ներկայացվում են բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկնող սպաների դիմանկարները, «Ապրիր եւ հիշիր» խորագրի ներքո` ակնարկներ Արցախյան ազատամարտում եւ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամավորականների ու զինծառայողների մասին, «Մեր բանակի զինվորը» խորագրի ներքո` բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկնող ժամկետային զինծառայողների դիմանկարները, «Գորդյան հանգույց» խորագրի ներքո լուսաբանվում են հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմի թեմաները, իսկ «Հյուրասրահում» յուրաքանչյուր կիրակի զինվորականների, փորձագետների ու գիտնականների հետ քննարկվում են ռազմաքաղաքական տարբեր թեմաներ:
«Զինուժ» հեռուստածրագրի աշխատակազմը պատրաստում եւ եթեր է հեռարձակում նաեւ ՀՀ ԶՈՒ կենսագործունեությանը, Արցախյան ազատամարտին ու նրա հերոսներին վերաբերող, ինչպես նաեւ ռազմահայրենասիրական բնույթի տեսաֆիլմեր: Ամենեւին էլ պատահական չէ, որ Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից 2011 թվականին «Զինուժը» ճանաչվել է ռազմահայրենասիրական լավագույն հեռուստահաղորդում, արժանացել «Ոսկե էկրան» եւ այլ մրցանակների: Սա նշանակում է, որ հասարակական կարծիքն անաչառ ու անկողմնակալ է գնահատում «Զինուժի» դիրքորոշումը, ինչը ստեղծագործական խմբին պարտավորեցնում է առավել պատասխանատվությամբ շարունակելու իր գործունեությունը: 

Հ.Ն.

21 апр. 2013 г.

www.eter.am


ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ

Վերջին շրջանում ամեն անգամ, երբ այցելում եմ սահմանամերձ Ճամբարակ քաղաք, «Ի՞  նչ կա-չկա, ո՞  նց եք հարցերիս» գյուղաքաղաքում ապրող տարեց բարեկամուհիս տխուր պատասխանում է. «Էլի մի տասը հոգի գյուղից գնաց»: Ու գյուղական նրա տան սենյակը լցվում է սարսափեցնող լռությամբ: Տատիկը, որի որդին տարիներ առաջ զոհվել է հայրենիքի անկախության ու ազատության համար մղված մարտերում, էլի ինքն է առաջինը խախտում լռությունը, սրբում է արցունքներն ու  թախիծը կոպերի տակ թաքցնելով`  հորդորում է սիրել հայրենիքը, մենակ չթողնել ծնողներին. «Դուք եք մեր հույսը, բալա ջան, ջահելները որ չլինեն, էլ ո՞  ւմ համար ենք կռվել, էլ ո՞  ւմ համար ենք հող ու շեն պահել, ո՞  ւմ համար…»: Հարցեր, հարցեր…, իսկ պատասխաններ չկան, լռությունը նորից լցնում է սենյակը, ու սկսում եմ քիչ-քիչ սառնություն զգալ, այնինչ դրսում արեւ է: Ուզում եմ օդ շնչել, զբոսնել, ազատվել ինձ անհանգստացնող մտքերից: Քայլում եմ ու երկար ժամանակ ոչ մեկի չեմ հանդիպում: Տատիկը ճիշտ էր, գյուղը դա-տարկվել է: Վերջապես բակերից մեկում տեսնում եմ երիտասարդ մի աղջկա` այս փոքիկ մոլորակի թվում է թե միակ բնակչին: Բարեւում եմ, հարցնում անունը: Մանեին խնդրում եմ մի քիչ զբոսնել ինձ հետ: Նրա սեւ, մեծ աչքերը փայլում են, անակնկալի եկած արագ-արագ դուրս է գալիս հողամասից: Քայլում ենք դեպի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողը, նստում ենք նստարանին: Ես պատմում եմ` ով եմ, ինչու եմ եկել: Ինքն էլ պատմում է իր մասին: Ուզում է նկարչուհի դառնալ, կյանքը գունավոր ներկերով պատկերել, դժգոհում է, որ գյուղում իրեն չեն հասկանում, որ ինքն իրեն միայնակ է զգում, որ մայրաքաղաքն այդքան հեռու է… Մանեն տասնյոթ տարեկան է: Երեւանում մեկ-երկու անգամ է եղել: Ես ուզում եմ օգնել նրան, բայց ինչպե՞  ս: Հուշեմ, որ պետք է փորձի Երեւան գալ, ուսում ստանալ, այսինքն ասեմ, որ հեռանա՞  գյուղից: Ինչպես քիչ առաջ տանտիրուհիս, այնպես էլ հիմա Մանեն է դարձյալ հարթում իրադրությունը: «Չէ, ես գյուղից գնացող չեմ: Հողամաս ունենք, անասուններ: Հիմա հիմնականում պապս է զբաղվում այդ գործով, բայց ես ծրագրեր ունեմ: Մեր գյուղում անասնապահության զարգացման համար շատ լավ պայմաններ կան: Ես էլ որոշել եմ պապիկիս համոզել, որ կամաց-կամաց անասունների թիվն ավելացնենք: Գոմ ունենք, աշխատող ձեռքեր` նույնպես: Ճիշտ է, որ մի քանի ընտանիք միանար` ավելի հեշտ կլիներ, բայց ում հետ խոսում եմ` չեն համաձայնում: Երիտասարդները գարնան գալուն պես թողնում-գնում են Ռուսաստան: Մեծ մասը ասֆալտի գործ է անում: Ասում եմ` մնացեք, փոքրիկ ֆերմա ստեղծենք, ծիծաղում են` էլ ուրիշ կով պահող չկա՞  : Կփորձենք կաթը հանձնել կամ պանիր սարքել: Համացանցում գտնում եմ ինձ  անհրաժեշտ տեղեկություններ: Դրսում այդպիսի ֆերմաներ շատ կան, եւ մարդիկ կարողանում են գործից գլուխ հանել: Ես էլ, երեւի, պիտի մայրիկիս ու պապիկիս համոզեմ»,- ոգեւորվեց Մանեն: Մութն ընկնում էր, պապը ուր որ է կովերին հանդից տուն կբերի: Հրաժեշտ տալիս նորից ասաց. «Ես իմ ֆերման կունենամ, կաշխատեմ, երեկոներն էլ մեր Ճամբարակը կնկարեմ…»: Հաջորդ այցիս նկարչական պիտույքներ կտանեմ Մանեի համար:

Ն.Հ.


18 апр. 2013 г.

www.eter.am

ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈ ՞ Ղ, ԹԵ ՞  ԺՅՈՒՐԻ

Այսօր տարբեր հեռուստաալիքներով կարելի է դիտել նախագծեր, որոնք շնորհալի` երգող, պարող, նվագող, դերասանական ձիրք ունեցող երիտասարդներին դրսեւորվելու հնարավորություն են ընձեռում. «Հայաստանի ձայն»,  «Հայ սուպերսթար», «Իքս ֆակտոր»,  «Պարիր, թե կարող ես», «Դեպի կինո» եւ այլ հեռուստանախագծեր մեծ ժողովրդականություն են վայելում: Մասնակից երիտասարդների ճակատագիրը որոշում է ոչ միայն ժյուրին, այլեւ հեռուստադիտողի sms քվեարկությունը: Եվ ամեն անգամ որեւէ նախագծի ավարտից հետո կրքեր են փոթորկվում. արդյոք անաչա ՞  ռ էր ժյուրին, ճի՞  շտ էին հաշվարկել ուղարկված ձայները...
Ժյուրիի ընտրությո՞  ւնն է օբյեկտիվ, թե՞   հեռուստադիտողի: Այս հարցին են փորձել պատասխանել մեր զրուցակիցները:

Լավ է, երբ եւ ժյուրին է իր կարծիքը հայտնում, եւ հեռուստադիտողը, այսպես, կարծում եմ, ավելի օբյեկտիվ է, որովհետեւ շարքային քաղաքացին երբեք չի կարող կողմնորոշվել, մասնագիտական գնահատական տալ, թե, ասենք, որ երգչի կատարումն էր ավելի պրոֆեսիոնալ: Միեւնույն ժամանակ արտիստը հանդիսականի համար է ելույթ ունենում, բնականաբար, պետք է առաջին հերթին հանդիսատեսին դուր գա: Եթե հաշվի առնենք, որ նման նախագծերը նպատակ ունեն նաեւ մաքրելու այսօրվա շուկայի աղբը, ուրեմն պետք է անպայման մասնագետները միջամտեն, որպեսզի հետո նորից ստիպված չլինենք ունկնդրել գեղեցիկ ոտքեր կամ գեղեցիկ ժպիտ ունեցող տղաների ու աղջիկների, որոնք Աստված գիտե, թե ինչ կապ ունեն երաժշտության հետ:

ՍԵՐԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Կարծում եմ` կամ ժյուրին պիտի գնահատի, կամ հեռուստադիտողը: Որովհետեւ երբ ժյուրին կարծիք է հայտնում, ակամա կողմնորոշում է հեռուստադիտողին, իսկ հեռուստադիտողի քվեարկելու պարագայում էլ, կարծում եմ, մի քանի անգամ համոզվեցինք, որ մեծ ազդեցություն է ունենում, ասենք, կատարողի արտաքինը: Եթե հաշվի առնենք, որ քվեարկություններին եւ նմանատիպ նախագծերին հիմնականում հետեւում են երիտասարդները, բնականաբար, մեծ մասամբ նրանք էլ քվեարկում են: Եվ հիմնականում քվեարկում են անձնական համակրանքից ելնելով, երբեմն առանց հաշվի առնելու երաժշտական տվյալները, բեմական վարպետությունը եւ այլն:

ՍՈՒՐԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ

Պարզ է, որ սրանք հիմնականում դրսից ներմուծված հեռուստանախագծեր են, որոնց պայմանները տեղում չեն որոշվում, վաղուց արդեն հաստատված են: Այնուամենայնիվ կարծում եմ` լավ կլինի, որ միայն հանդիսատեսը որոշի, ի վերջո հանդիսատեսն է հետո ունկնդրում նրանց: Նաեւ բազմության կարծիքն ավելի օբյեկտիվ կարող է լինել: Իսկ ժյուրին երբեմն, անձնական համակրանքից ու հակակրանքից ելնելով, կարող է նախագծից հեռացնել արժանավորին կամ, որ ավելի վատ է, նախագծի հաղթող ճանաչել մի մարդու, ում դա այնքան էլ պետք չէ, ում վաղը ամուսինը, եղբայրը, հայրիկը թույլ չեն տալու աշխատել տվյալ ոլորտում: Իսկ, իմ կարծիքով, պակաս կարեւոր չէ, որ այս հեռուստանախագծերը կարողանան ի հայտ բերել շնորհալիներին, որոնք իրենց տեղը կգտնեն մեր շոու բիզնեսում:

ԼԻԼԻԹ ՍԵՐՈԲՅԱՆ

13 июл. 2012 г.

www.eter.am
ՍՊՈՐՏ

ՄԵՐ  ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐՆ ԱՆՊԱՐՏ Է ՆԱԵՎ  ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ

Հուլիսի 12-ին «Զվարթնոց»  օդանավակայանը սովորականից մարդաշատ էր: Ամենուր իշխում էր տոնական տրամադրություն: Մարդիկ սրտի թրթիռով սպասում էին մեր մեդալակիր զինվոր-մարզիկներին: Գեներալից մինչև շարքային զինվոր ու քաղաքացի հուզված էին ու հպարտ: Հուլիսի 3-11-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվեց ԱՊՀ երկրների IX-րդ Սպարտակիադան: Այն նվիրված էր Ղազախստանի զինված ուժերի կազմավորման 20-ամյակին: Սպարտակիադային մասնակցում էին ԱՊՀ անդամ ինը պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսիայի, Կիրգիզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի զինված ուժերի լավագույն ռազմական մարզիկները: Առաջին անգամ Սպարտակիադային մասնակցում էր Հնդկաստանը: Հաղթանակի համար ընդհանուր հաշվով մրցում էին 320 մարզիկներ, ութ սպորտաձևերից` ծանրաքարային մարզաձև, մարզական կողմնորոշում, լող, ձյուդո, տրիաթլետ, ազատ ոճի ըմբշամարտ, վոլեյբոլ և զինվորական ձեռնամարտ: 
ՀՀ զինված ուժերի թիմը հաղթանակի համար պայքարում էր  երկու մարզաձեւերում` ձյուդո եւ ազատ ոճի ըմբշամարտ: Այս մարզաձևերում մենք ներկայացանք բոլոր քաշային կարգերում` յուրաքանչյուրից 7 մարզիկ:
Մեր թիմը ձյուդոից թիմային հաշվարկով գրավեց 3-րդ մրցանակային տեղը` նվաճելով 2 ոսկե եւ 5 բրոնզե մեդալ, իսկ ազատ ըմբշամարտից` 1-ին տեղը` 2 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներով:
Ն.Հ.

13 июн. 2012 г.

www.eter.am


ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ
13-Ի ՈԴԻՍԱԿԱՆԸ


Ասում էին` 13 թիվն անհաջողություն է բերում: Չէի հավատում, բայց…
Ով չգիտե, որ ամռան շոգին կանգառում կանգնելը տառապանք է, հատկապես` կենտրոնական ավտոկայանին հարակից կանգառում, որտեղ մարզերից եկած ուսանողներն ու քաղաքի բնակիչները խառնվում են իրար, ու երթուղայինում տեղավորվելու մրցակցությունն ավելի է մեծանում: Կանգառում երթուղային տաքսու հայտնվելուն պես ամբոխը փորձում է հնարավորինս արագ բացել դուռն ու մի կերպ խցկվել, տեղավորվել: Սպասում եմ 13 համարին: Առաջին 13-ը բաց եմ թողնում` չկարողանալով առավել ճարպիկ կամ անդաստիարակ գտնվել, հրմշտել տարեց տատիկներին, շրջանցել մեծահասակ տղամարդկանց ու ներս մտնել: Լարում եմ բոլոր ուժերս ու սպասում հաջորդին: Այս անգամ կարծես թե ստացվում է: Խառնվում եմ ամբոխին ու հայտնվում երթուղայինի սրահում: Երերում եմ, ալիքաձեւ հետ ու առաջ եմ ճոճվում ու հազիվ հասցնում եմ բռնվել դիմացի նստելատեղի թիկնակից: Մի քանի րոպե անց հավասարակշռությունը պահպանելու համար այլեւս ջանք թափելու կարիք չունեմ. մարդիկ այնքան խիտ են տեղավորվել, որ շարժվելն անհնար է: Իսկ վարորդը շարունակում է բղավել` մեջտեղը տեղ կա, առաջացեք, հետ գնացեք, թող մարդիկ նստեն… Նստե ՞  ն: Նայում եմ շուրջս` նստելատեղերը լրիվ զբաղված են, նստածների գոգերին տեղավորվել են կանգնածների երեխաները, պայուսակներն ու իրերը: Զբաղված են նաեւ իմ առջեւ կանգնած երիտասարդի մեջքը, ուսերը, երկու հոգի ինձ են հենված, ես չգիտեմ` ում, ու էլի ճզմվում, ճզմվում ենք, մինչեւ լսվում է դռան շրխկոցը, եւ երթուղայինը ճանապարհ է ընկնում: Կիսակքած դիրքով ապակիներից դուրս նայելով դժվար է կռահել, թե ուր ենք հասել, ու Արմավիրից եկած կանաչավաճառ տատիկն անվերջ հարցուփորձ է անում` հասա ՞  նք արդյոք Կիեւյան: Զանազան «բույրերի»  ու ամռան տոթի պատճառած անհանգստությունն ամուր գրկած երթուղայինն անցնում է Բաղրամյան պողոտայով: Երանի կարողանար երկրի ղեկավարությունը մի պահ տեսնել, թե ինչպես է ժողովուրդը միասնաբար` իրար գրկած, ուս ուսի առաջ գնում: Սլանում է մեր երթուղայինը, ու արկածները շարունակվում են: Մեր երթը համեմվում է շախով-շուխով ռաբիսով: Տատիկը հասնում է իր ուզած «Բարեկամություն» կայարան, բայց վերջին նստելատեղից արձակված նրա «կանգառում կանգնեք»-ը վարորդն այդպես էլ չի լսում: Ազգովի մի կերպ պոկում ենք նրան «ազգային» ռաբիսից` իջնո¯ղ կա: Վերջապես մեքենան կանգ է առնում, տատիկը զայրանում է, բայց ինչ օգուտ. համարյա մի կանգառ հետ պիտի գնա. «Մայրիկ ջան, քայլելն օգտակար է»,- լսվում է մեկի ռեպլիկը: Հիմա էլ տատիկը պետք է կտրի-անցնի մինչեւ դուռը ձգվող անվերջանալի թվացող 1,5 մետրը: Բոլորը պետք է իջնեն ու ճանապարհ տան տատիկին, բայց այս ընթացքում ավելանում են մեր խրախճանքին մասնակցել ցանկացողներ նաեւ այս կանգառից: Դե ինչ, մենք սիրում ենք իրար զիջել, իրար օգնել, ինչ կա որ, եւս մի քանի հոգի կտեղավորենք, մանավանդ եթե հետեւենք վարորդի խորհուրդներին. «Մի բուռ ազգ ենք, իրար տեղ տվեք, այ մարդ, ինչ կա որ, հիմա էս ա պայմանները»: Ու մեծահոգաբար մեր ուրախ երթուղայինը նոր ուղեւորներով է լցվում: Այս անգամ լավ պրծանք, լինում են դեպքեր, երբ նոր ուղեւորներին զիջելու դեպքում ու ճանապարհ տալու պարագայում ինքդ կարող ես հայտնվել դրսում, ու էլ չհաջողվի ներս խցկվել, Աստված չանի, որ մեր առավել մեծահոգի քաղաքացիներից մեկն էլ քեզ օգնելու համար այդ ընթացքում պայուսակդ վերցրած լինի, երթուղայինը կքշի-կգնա, ու կմնաս առանց եղած-չեղածիդ: Էլ չենք ասում, որ երթուղայինի մեջ իրար գրկված գնալու պայմաններում ու երեւանյան խցանումների պարագայում չի բացառվում, որ ոմանք հասցնեն սողոսկել պայուսակդ, գրպանդ եւ այլուր: Այդպես դրամապանակս թռցրին ամիսներ առաջ 73 համարի երթուղայինում: Վերջապես հասանք Դավիթաշեն, ու ես մի կերպ դուրս պրծա երթուղային հորջորջվող հակահիգիենիկ, ռաբիս, նվաստացուցիչ այդ խցիկից: 
Ն.ԹՈԽՍԱՆՑ






www.eter.am


ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ


«Երեխեք սահմանամերձ գյուղերի վրա կրակում են»«Մովսես գյուղը գրավված է»«Պատերազմ ա, գալիս ե՞  ք»«Էլի եկան սեւ ու մութ տարիները»… Նման արտահայտություններ ֆեյսբուքյան օգտատերերի էջերում վերջին օրերին հաճախ կարելի էր կարդալ: Կեղծ խուճա՞  պ էր սա, թե՞   իրականություն` առաջին պահերին դժվար էր կողմնորոշվել:
Օր օրի համացանցային լրատվությունն ու տեղեկատվական աղբյուրներն ավելի ժողովրդականություն են վայելում, ու չգիտես` դա լա՞  վ է, թե՞   վատ: Ցանկացած բան, ինչ գրվում եւ հրապարակվում է համացանցում, ընկալվում է որպես ճշմարտություն, եւ մարդիկ հաճախ դառնում են հիմնականում չճշտված ու աղավաղված տեղեկատվության զոհը: Այդպես եղավ եւ վերջին օրերին: «Մարդիկ զանգահարում էին իրենց բարեկամներին ու չճշտված լուրեր փոխանցում` առանց մտածելու հետեւանքների մասին: Անձամբ այս օրերին եղել եմ Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերում, զրուցել եմ գյուղացիների ու համայնքների ղեկավարների հետ: Այնպիսի տպավորություն է, ասես կրակոցները Երեւանի վրա են եւ ոչ այդ գյուղերի: Այնտեղ ամեն ինչ իրականում ավելի հանգիստ է, կեղծ խուճապ չի նկատվում: Մարդիկ ապրում են իրենց սովորական առօրյայով: Օրինակ` Ներքին Կարմիրաղբյուրում քննարկման հիմնական թեման գյուղի մշակույթի տան վերանորոգումն էր: Տագնապալի լուրերն ուռճացնողները կիսագրագետ լրագրողներն են, չեմ վախենում այդ բառից: Նրանք փորձում են տեղեկատվության ուռճացմամբ, բարձրահունչ վերնագրերի ընտրությամբ լսարան գրավել, բայց այդպես չի կարելի: Բնականաբար, կա եւ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը, որ, ցավոք, մտնում է մեր դաշտ եւ շատ ակտիվ տարածվում նույն սոցիալական ցանցերի միջոցով: Ամեն տեսակի տեղեկատվության աղավաղման դեպքում պետք է հասկանանք, որ վտանգում ենք սահմանում կանգնած մեր զինվորի կյանքը»,- ասում է ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Օրերս ես էլ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում էի: Ոսկեվան տանող ճանապարհի մի մասը, որն անցնում է Ոսկեպար գյուղի հարեւանությամբ եւ անմիջապես սահմանամերձ է Ադրբեջանին, հսկվում էր ոստիկանության կողմից, քանի որ վերջին օրերին, իսկապես, հաճախակի են դարձել սահմանամերձ տարածքների, հատկապես այս ավտոճանապարհի վրա հակառակորդի կողմից արձակված կրակոցները: Սակայն այս տարածաշրջանում ապրող մարդկանց համար այս ամենը սովորական է դարձել: «Երեւանում ապրողը չի գիտակցում, որ մեր պատերազմն ավարտված չէ, սա պարզապես հրադադար է: Սահմանում ապրող մարդը դրա մասին մոռանալ չի կարող, հակառակորդը թույլ չի տալիս: Ուստի ես առաջարկում եմ խուճապի մատնվելու փոխարեն միասնական ու ավելի զգոն լինել, նեցուկ լինել սահմանում ապրող գյուղացուն ու սահմանապահ հայ զինվորին…»,- ասում էին ոսկեվանցիները: Գյուղի երիտասարդության մեծ մասը պայմանագրային զինծառայող է: Տղաները վստահ են` քանի դեռ իրենք այստեղ են ապրում, քանի դեռ հայ զինվորը հայոց սահմանին է, վախենալու բան չկա: Ի դեպ, զինվորի մասին: Այն, որ սոցիալական ցանցերում Արցախյան ազատամարտի շատ մասնակիցներ, զորացրված զինվորականներ հայտարարություններ տեղադրեցին, որ պատրաստ են գնալ ու հայ զինվորի կողքին պաշտպանել մեր երկիրը, Ադրբեջանի կողմից գնահատվեց այսպես. «Հայերը բանակ չունեն, զինվորների թիվը չի բավականացնում, տեխնիկա չկա, այդ պատճառով տարեցներն ու նախկին սպաներն են ոտքի ելել»
Հենց այս օրերին Ոսկեվանում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա անձամբ այցելել է հայոց բանակի հյուսիսարեւելյան սահմաններ, ցուցումներ տվել սպաներին ու զինվորներին: Ոսկեվանցիների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշեց. «Խոստանում եմ` մեր բանակը, ես եւ իմ մարտական ընկերները թույլ չենք տա, որ թշնամին մի քայլ անգամ առաջ գա…»:
Ն.Հ. 

21 мая 2012 г.

www.eter.am

Ուսանողական առօրյա



ՋԱԶԱՅԻՆ ՔԱՌՅԱԿԸ ԵՊՀ-ՈՒՄ


Մայիսի 23-ին ժամը 14:30-ին ԵՊՀ Մշակույթի կենտրոնի դահլիճում (կենտրոնական մասնաշենք 6-րդ հարկ) տեղի կունենա ջազային համերգ` Գարի Քեսայանի ջազային քառյակի կատարմամբ:

Բոլոր համալսարանականները հրավիրվում են:





ԵՊՀ Մշակույթի կենտրոն

20 мая 2012 г.


www.eter.am
Ի ՞ նչն է ինձ անհանգստացնում


ՈՐՊԵՍԶԻ ՈՉ ՄԻ ԾՆՈՂ ՉՀԱՅՏՆՎԻ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ

Օրերս Հայ օգնության ֆոնդի տարբեր կրթական բարեգործական ծրագրերի ուսանողներ այցելել էին ՀՕՖ-ի  «Գարամանուկ» հիմնադրամի Վանաձորի ծերերի տուն: Ուսանողները նախ մաքրեցին  տարածքը, ապա ճաշեցին տատիկ-պապիկների հետ: Ճաշից հետո ծանոթացան նրանց կյանքի պատմությանը, լսեցին տատիկներին մտահոգող խնդիրների մասին, պապիկների հետ զրուցեցին դրսի աշխարհում կատարվող իրադարձությունների մասին, խոսեցին քաղաքական անցուդարձից: Վարսահարդարի շնորհք ունեցող ուսանողները հարդարեցին տատիկների ու պապիկների մազերը, ՀՕՖ-ի ծրագրերով մասնագիտական վերապատրաստում անցած բժիշկները ստուգեցին նրանց առողջական վիճակը, այնուհետ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ փոքրիկ ժողովրդական համերգ-ցերեկույթ կազմակերպվեց: «Ես հայ չեմ, աշխատանքի բերումով տեղափոխվել էի Հայաստան, հետո իմացա, որ կինս կապվել է ուրիշ տղամարդու հետ, երեխաներս` Անգելինան եւ Սերյոժկան, այլեւս ինձ նամակ չգրեցին, ես կորցրի նրանց, չուզեցի վերադառնալ, տեսնել կնոջս: Երեխաներիս երկար եմ փնտրել, բայց բոլոր հետքերը կորել են, կամ էլ նրանք չեն ուզում, որ իրենց գտնեմ: Չգիտեմ` որտեղ սխալվեցի, միանգամից դժբախտացա, ծերացա ու քանի որ ոչ մի հարազատ չունեի, հիմա այստեղ եմ ապրում` այն հույսով, որ օրերից մի օր Անգելինան ու Սերյոժկան ինձ այստեղ հյուր կգան: Շատ շնորհակալ եմ իմ հայ ընկերներին, ես նրանց հետ եմ այսօր ապրում,  նրանց ջերմությունն ու հոգատարությունն օգնում է, թեկուզ ժամանակավորապես, մոռանալ հոգուս խորքում ծվարած ցավը»,- սկսում է պատմել Նիկոլայ Դմիտրիեւիչը, եւ երեխաներին հիշելիս ծովագույն աչքերի մեջ ցավն արցունք է դառնում: Ճաշի սեղանի մոտ հուզիչ բարեմաղթանք է ասում Հասմիկ տատիկը. «Ինչ լավ է, որ դուք այստեղ եք, մենք ձեզ հետ երիտասարդանում ենք, հիշում ենք այն գեղեցիկ օրերը, երբ մենք երիտասարդ էինք, առույգ, ապրում էինք մեր սրտի ուզածի պես ու վայելում էինք կյանքը: Չնկատեցի, թե ինչպես անցան տարիները: Մի կարեւոր բան չարեցի. չամուսնացա ու երեխաներ չունեմ, որ իմ մասին հոգ տանեն: Ամուսնացեք ու երեխաներ ունեցեք, առաջին հերթին նրանց դաստիարակեք որպես լավ մարդ, որ ոչ մի ծնող ծերանոցում չհայտնվի»:
Ն.Հ.



www.eter.am
Կարիերա


ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԿԱԶՄՈՎ


Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ սերժանտական կազմի հերթական հոսքի թողարկման հանդիսավոր արարողությունը:
Սերժանտներին ավարտական վկայականները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով  երիտասարդ սերժանտներին` ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ զորամասերում իրենց ներկայությամբ և ստացած գիտելիքներով նրանք կնպաստեն հայոց բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը և կարգապահության բարձրացմանը:


Աղբյուրը` http://www.mil.am/1337408681

17 мая 2012 г.



www.eter.am
Կարիերա

ԵԼԵՆԱ ՖՐՈԼՈՎԱ-ՏՐՈՒՖԱՆՈՎԱ. «ՑԱՎԱԼԻ Է, ՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԵՆ ԼՔՈՒՄ»


Ելենային հանդիպեցի մի քանի օր առաջ երեւանյան ակումբներից մեկում: Նրա շուրջ հավաքված էին մի խումբ երիտասարդներ ու ինչ-որ լուսանկարներ էին նայում: Հավաքվածների մեջ տեսնելով ընկերներիսª մոտեցա, միացա նրանց: Ելենայի կամ, ինչպես ընկերներն էին նրան դիմում, Լենայի լուսանկարները միանգամից գրավեցին ուշադրությունսª կրկես, փղեր, ուղտեր… Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովան Մոսկվայից է եկել Հայաստանª  «Ալա Բալա Նիցա» ֆիլմի նկարահանող խմբի հրավերով: Լենան մասնագիտությամբ դերասանուհի է, ավարտել է Սամարայի մշակույթի եւ արվեստի պետական ակադեմիան: Նկարահանվել է ռուսական բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում «Հիմարների տունը» (ռեժիսորª Ա. Կոնչալովսկի), «Հպում» (ռեժիսորª Վ. Շչեգոլկով), «Երջանկության անվերջ երազանքներ» (ռեժիսորª Ա. Տարնարուցկի) եւ այլ ժապավեններում: Մեր հարցուպատասխանը քիչ-քիչ վերածվեց զրույցիª երեւանյան կինեմատոգրաֆիայի, երիտասարդ հայ դերասանների ու Լենայիª Հայաստանում հայտնվելու մասին:


-Նկարահանվում էիր ֆիլմերում, սերիալներում, դրան զուգահեռ զբաղվում էիր մոդելային աշխատանքով, ինչո՞ ւ հանկարծ որոշեցիր փոխել մասնագիտությունդ:


-Երբ ֆիլմ է նկարահանվում, երբ դու դեր ունես` աշխատում ես, ստեղծագործում, բայց երբ ֆիլմն ավարտվում է, պետք է սպասես նոր առաջարկի, իսկ ես մի տեսակ հոգնել էի` ֆիլմ, հանգիստ, հետո նորից ֆիլմ, նորից սպասում. ինչ-որ նոր բան էի ուզում: Բարեկամուհիս լուսանկարչուհի է, ես միշտ նայում էի, թե ինչպես է աշխատում ամեն կադրի վրա, սյուժեներ հորինում, եւ դա ինձ կողքից շատ հաճելի էր թվում, նա միշտ քայլում էր լուսանկարչական ապարատը ձեռքին ու անդադար լուսանկարում էր: Ես էլ հրապուրվեցի լուսանկարչությամբ ու որոշեցի հաճախել մասնագիտական դասընթացների: Կես տարի հետո մեր ուսուցիչն ասաց` ես չգիտեմ, թե դուք ինչ մարդիկ, ինչ մասնագետներ կդառնաք, բայց եթե ուզում եք իրոք մասնագետ դառնալ, երբեք վայր մի դրեք տեսախցիկը, կադրն ամենուր է, նկարեք` ինչ կարող եք, նկարելու համար պետք չէ նստել-սպասել ինչ-որ արտառոց բանի: Մեր ամբողջ խմբից միայն ես ու Կիրիլն ենք մինչեւ օրս աշխատում:

-Բայց կինեմատոգրաֆիայի հետ կապն այնուամենայնիվ չխզվեց, հիմա էլ ես աշխատում նկարահանումների հրապարակում:

-Այդ կապը երբեք չի էլ խզվի: Իրականում այս ամենը տանում է դեպի ռեժիսուրա, թեպետ դրա մասին դեռ վաղ է խոսել: Ես Հայաստան եկա հենց ֆիլմերում աշխատելու համար, բայց այս անգամ ոչ որպես դերասանուհի. ես այստեղ աշխատում եմ որպես նկարիչ-դիմահարդար: Առաջին ֆիլմը ՙԱլա Բալա Նիցան էր՚, հետեւեցին ՙԱլավերդի՚-ն, ՙԴուռդ բաց՚-ը եւ այլն: Ես այդ մասնագիտությունը սովորել եմ լուսանկարչութամբ զբաղվելու եւ կինոյում աշխատելու ժամանակ: Ինձ համար մեծագույն հաճույք է երիտասարդ հայ մասնագետների հետ աշխատելը:

-Մոսկվայում քեզ մեծ համբավ բերեցին «Ռուս երկվորյակներ» եւ «Կրկես. ետնաբեմում» ֆոտոշարքերը, ինչպե ՞  ս ծնվեցին դրանք:

-Մի անգամ մետրոյում տարեց երկվորյակ կանանց հանդիպեցի, ուշադիր նայում էի նրանց, լուսանկարելու ցանկություն առաջացավ, մոտեցա ու հորինեցի, թե իբր երկվորյակների շարք եմ նկարում եւ ուզում եմ նրանց եւս լուսանկարել, այցեքարտս տվեցի: Նրանք ինձ այդպես էլ չզանգեցին, բայց այս պատմությունն ինձ օգնեց մի ամբողջ նախագիծ իրականացնել: Հետաքրքիր զուգադիպությամբ, ես այդ օրը գնում էի երկվորյակ ընկերուհիներիս ծննդյան տարեդարձը շնորհավորելու: Ճանապարհին մտածում էի քիչ առաջ հորինածս շարքի եւ այն իրականացնելու մասին: Հենց ընկերուհիներս էլ ինձ օգնեցին. առաջինը նրանց լուսանկարեցի, հետո դա վերածվեց բավական հետաքրքիր ֆոտոնախագծի` «Ռուս երկվորյակներ»: Իսկ ինչ վերաբերում է կրկեսին` ես մի ընկեր ունեմ` Անդրեյը, նա կրկեսի կենդանավարժ է: Անդրեյի հետ ծանոթության շնորհիվ կրկեսը սկսեցի տեսնել հակառակ կողմից` կուլիսներից: Սկսեցի լուսանկարել կրկեսը, որսալ այն ամբողջ տրամադրությունը, որ տիրում է արենայում եւ արենայից դուրս: Այդ նախագիծն ինձ մեծ հաջողություն բերեց: 
Մոնտե Կառլոյի կրկեսային փառատոնի շրջանակներում անցյալ տարի կազմակերպվեց նաեւ ավանդական կրկեսային լուսանկարների մրցույթ: Ես իմ այդ շարքից մի լուսանկար էի ներկայացրել, որն առաջին տեղը զբաղեցրեց:

-Հիմա ապրում եւ աշխատում ես Երեւանում, ի ՞  նչ տպավորություններ ունես:

-Ինձ համար հրաշք է, որ նորանկախ երկիրը, որը, հիմա էլ, ըստ էության,  շրջափակման մեջ է, Ղարաբաղյան պատերազմից հետո կարողանում է մանր-մանր քայլերով, բայց հաստատակամ առաջ գնալ: Ես այնքան տաղանդավոր հայ ընկերներ ունեմ, նրանք հրաշալի մարդիկ են, անհատներ` համաշխարհային մասշտաբի լուսանկարիչ Դավիթ Գալստյանը, «Մոխրաման» ֆիլմի հեղինակ Լիլիթ Մովսիսյանը:  Բայց մի ցավալի բան կա. ես դրսից եմ եկել, ընդամենը մեկ տարի է, ինչ Հայաստանում եմ ապրում, բայց նրանց ճանաչում եմ: Հասկանալի ու բնական է, նրանք իմ ընկերներն են, նույն ոլորտում ենք աշխատում, բայց ախր այդ մարդկանց այստեղ ոչ ոք չի ճանաչում: Ցավալի է, ես ինձ վատ եմ զգում, երբ տեսնում եմ, որ արվեստի մարդու գրպանը դատարկ է: Այնպիսի տպավորություն է, որ այստեղ հասարակությունն անհատներին չի խրախուսում, դա վտանգավոր է:

-Շարունակելո ՞  ւ ես աշխատել Հայաստանում:

-Շատ կուզենայի, բայց չեմ կարծում, որ երկար կարող եմ մնալ Հայաստանում: Այստեղ շուկա չկա, աճելու, առաջ գնալու տեղ չկա: Գիտեք երբեմն հանդիպում եմ երիտասարդների, որոնք կարծում են, թե իրենք լուրջ մասնագետ են, բայց վստահ եմ` նրանք մեծ երկրներում ուղղակի կկորչեն, իսկ  իրական տաղանդները, պրոֆեսիոնալները ուղղակի հնարավորություն չունեն միջազգային շուկա դուրս գալու: Պետք է ստեղծվեն պայմաններ, որ երիտասարդ մասնագետներն այստեղ ապրեն, ստեղծագործեն, գնահատվեն, չհեռանան երկրից: Հայաստանը հրաշալի երկիր է, այստեղ արարող ոգի կա: Տարօրինակ է. մինչեւ Հայաստան գալս երբեք չեմ գրել, այստեղ պատմվածքներ եմ գրում: Այս հողը առանձնահատուկ էներգիա ունի:
Ն. ԹՈԽՍԱՆՑ



14 мая 2012 г.


www.eter.am


Կարիերա
«ԿԱՌՈՒՑԻՐ ՔՈ ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ»


http://hetq.am/static/news/b/2012/05/14383.jpg14:04, 14 մայիսի, 2012
Մայիսի 17-ին՝ ժ. 11:00-15:00-ն, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում կանցկացվի ուսանողների և շրջանավարտների համար նախատեսված «Կառուցիր քո ապագան այսօր» առաջին կարիերայի օր-էքսպոն:
Կարիերայի օրվան կմասնակցի 30 առաջատար գործատու, ովքեր ներկայացնում են տարբեր ոլորտներ, այդ թվում' բանկային, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղագործական, լրատվական:
«Կառուցիր քո ապագան այսօր» կարիերայի օրվա ընթացքում այցելուները կծանոթանան աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերին, պրակտիկայի ծրագրերին, նաև մասնագիտական զարգացման և զբաղվածության այլ հնարավորություններին:
Էքսպոն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (ՁԶՇՄ) ծրագրի աջակցությամբ:
Լուս.՝ iamhash.blogspot.com-ից

6 мая 2012 г.

www.eter.am

Կրթություն


ԻԼԼԻՆՈՅՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԸ

Իլլինոյսի համալսարանն ավելի քան 150 տարվա պատմություն ունի եւ բարի համբավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու նրա սահմաններից դուրս: Այստեղ սովորում են ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից` Ճապոնիայից, Չինաստանից, Կորեայից, Հնդկաստանից, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի պետություններից, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից: Ավանդույթի համաձայն` տարվա լավագույն ուսանողի եւ ասպիրանտի անունը գրվում է համալսարանի պատին ամրացված պատվո տախտակին: Լավագույնների ցանկում երկու անգամ կարելի է կարդալ Հովհաննես Խանդանյանի անուն-ազգանունը (նա այս պատվին արժանացած միակ հայ ուսանողն է): 2009-ին Հովհաննեսը ճանաչվել է համալսարանի լավագույն եվրոպացի ասպիրանտ ֆիզիկայի բնագավառում, 2011-ին ստացել է մրցանակ` «Ֆիզիկայի, քիմիայի եւ բժշկության ոլորտում լավագույն գիտահետազոտական աշխատանքի համար:
Հովհաննես Խանդանյանի մասին մենք գրել էինք տարիներ առաջ` 1998-ին, երբ նա Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան գիտակրթական համալիրում սովորելիս երկու այլ աշակերտների հետ հաղթող էր ճանաչվել «Հայաստանի պատանեկան նվաճումներ»  հասարակական կազմակերպության անցկացրած կիրառական տնտեսագիտության մրցույթում£ Ճեմարանը ոսկե մեդալով ավարտելուց հետո Հովհաննեսը գերազանցությամբ ավարտում է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատը եւ մագիստրատուրան: Ուսման ընթացքում` 2003թ., ճանաչվում է ԵՊՀ լավագույն ուսանող ֆիզիկայի բնագավառում, 2004-ին որպես լավագույն երիտասարդ գիտնական արժանանում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կրթաթոշակին: 2005 թվականին Հովհաննեսն ընդունվում է Իլլինոյսի համալսարանի ասպիրանտուրան: Ուսման տարիներին մասնակցում է CERN-ում ATLAS գիտափորձին, հանդես է գալիս զեկուցումներով, տպագրում հոդվածներ գիտական տարբեր պարբերականներում£ 2012-ին ավարտում է ասպիրանտուրան` պաշտպանելով գիտական թեզ` «Թոփ-հակաթոփ քվարկային զույգի ծնման կտրվածքի չափումը» թեմայով: Աշխատանքը կատարված է  CERN-ի ATLAS գիտափորձի շրջանակներում եւ նվիրված է ամենածանր տարրական մասնիկային զույգի ծնման գործընթացի ինտենսիվության չափմանը: Ստացված արդյունքները ծառայելու են նյութի զանգվածի առաջացման մեխանիզմը հասկանալուն: Աշխատանքը հրապարակված է «Jornal of High Energy Physics»  ամսագրում:
Հայաստանում կարճատեւ արձակուրդից հետո Հովհաննեսը մեկնեց Շվեդիա.  հրավեր է ստացել Ստոկհոլմի համալսարանից: Հետազոտական աշխատանքը կշարունակի վերը նշված գիտափորձի շրջանակներում` բարձր էներգիաների ֆիզիկայի ոլորտում: Մտածում է Հայաստանում սովորող ուսանողներին օգտակար լինելու մասին` չբացառելով on-line դասախոսությունների, խորհրդատվությունների տարբերակը: «Հայաստանի սահմաններից դուրս կրթությունը շարունակող հայ ուսանողներն ու արտասահմանում աշխատող երիտասարդ հայ գիտնականները պետք է մտածեն իրենց կրթական փորձն ու գիտելիքները մեր երկրին ծառայեցնելու մասին»,- համոզված է Հովհաննես Խանդանյանը:
Հաջողություն մաղթենք երիտասարդ գիտնականին ու նորանոր ձեռքբերումներ:
Գ.Ե.