
#18 (884) 05. 05. 11
ԱՌՅՈՒԾՆ ԱՌՅՈՒԾ Է, ԷՂՆԻ ԷԳ, ԹԵ ՈՐՁ

Էպոսի այս տողերը հիշեցի, երբ նա սկսեց պատմել Մարտակերտում մղված արյունալի կռիվների մասին: «Ես Լենինավան ու Մարաղա եմ տեսել: Ի՞նչ գիտեն մարդիկ այս պատերազմի մասին... Հայոց ցեղասպանությունից տասնամյակներ անց նոր թուրքը ավելի բարբարոս գտնվեց: Մարաղայում սեփական աչքերով եմ տեսել տների բակերում խոշտանգված մարմիններ: Դատապարտված եմ այդ ամենը հավերժ հիշելու»:
Ո՞վ է նա: «Ես մի սովորական հայուհի եմ` անսովոր ճակատագրով»: Դեռ չէր սկսվել Արցախյան պատերազմը, երբ 24-ամյա երիտասարդ կինը` արդեն երկու որդիների մայր, Բաքվում եւ Սումգայիթում կատարված արյունալի դեպքերի ընթացքում շատ հարազատների կորցնելուց հետո փախստականի կարգավիճակով հայտնվեց Հայաստանում: Նժդեհը գրում էր. «Մայրերի ափերի մեջ փնտրեք ազգերի ճակատագիրը»: Նա մայր էր, պետք է պաշտպաներ որդիներին ճակատագրի նոր հարվածներից. «Կրտսեր որդիս 3 տարեկան էր, ավագը` 5: Նրանց թողեցի մորս խնամքին: Շրջափակման մեջ էինք:
Ծոցագրպանիցս հանեցի լուսանկարներն ու պատռեցի, մտքիս մեջ ներողություն խնդրեցի, որ չեմ կարողանալու ինքս մեծացնել նրանց: Կռիվ էի գնում, չգիտեի` ինչ է լինելու: Համազգեստիս օձիքի աջ եւ ձախ կողմերում ներսից թույն էի կարել, որ գերի ընկնելու դեպքում նույնիսկ կապված ձեռքերով կարողանայի կյանքիս վերջ տալ...»: Անահիտ Մարտիրոսյանը ռազմի դաշտ մեկնեց որպես բուժքույր, ծառայում էր Արկադի Տեր-Թադեւոսյանի` Կոմանդոսի հրամանատարությամբ:«Մի զինված գործողության ժամանակ 14 վիրավոր տղաներ մնացել էին անօգնական: Միայն ես էի նրանց կողքին: Ուղղաթիռ գտա, նրանց Ստեփանակերտ, ապա Երեւան տեղափոխեցի: Ապաքինվելուց հետո դիմեցին հրամանատարությանը, ասացին, որ ուզում են առանձին ջոկատով կռվել` իմ հրամանատարությամբ: Այդպես կազմավորվեց «Անահիտ» ջոկատը, եւ ես դարձա միակ հայ կին հրամանատարը: Հետագայում ջոկատի անդամների թիվն ավելացավ: 28 հոգի էինք, 14-ը ռուս տղաներ էին, մի ուզբեկ զինակից էլ ունեինք: Ջոկատիս 28 մարտիկներից 6-ը զոհվեցին: Ես երկու անգամ վիրավորվել եմ, 18 անգամ վիրահատվել… Դրմբոնում շատ ծանր վիրավորվեցի, չգիտեմ էլ` ոնց փրկվեցի...»:
Հայրենիքի ազատագրման, մեր այսօրվա խաղաղության համար մարտնչած միակ կին հրամանատարն այսօր ապրում է 1-

սենյականոց բնակարանում իր բազմանդամ ընտանիքի`զինակից ամուսնու, դստեր ու որդիների, հարսի ու թոռնուհու` կրտսեր Անահիտի հետ: Փոքրիկ սենյակի պատին ուշադրություն են գրավում Մոնթե Մելքոնյանի ու սպարապետ Վազգեն Սարգսյանի գոբելեն դիմանկարները: Մոնթեի նկարի կողքին մի թուր է կախված: 120-ամյա հայկական թուր է` նվեր, մի գյուղացուց: «Լյուլասազը հանձնվել էր թուրքերին, Մաղավուզը դատարկված էր: Իջնում էինք դեպի գյուղ, հետախուզության: Բույանս առաջ ընկավ (Բույանը Անահիտի մարտական նժույգն էր, որ մի գյուղում նվեր էր ստացել.- Ն.Հ.): Մի քանի քայլ արեց ու... ականի վրա պայթեց: Նա, ասես, առաջ անցնելով, ինքն իրեն զոհելով` տեղեկացրեց վտանգի մասին»:
Զինադադարից հետո 10 տարի շարունակ Անահիտ Մարտիրոսյանը ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, ռազմական ինստիտուտում իր մարտական գիտելիքներն ու փորձն է փոխանցել նոր սերնդի հայ սպաներին: Որդիները եւս զինվորականներ են: Մի քանի տարի առաջ Մայիսի 9-ի կապակցությամբ Եռաբլուր էր գնացել` մարտական ընկերների հիշատակը հարգելու. «Մի լրագրող մոտեցավ, հարցրեց` ի ՞ նչ ցանկություն, ի ՞ նչ երազանք ունեմ: Ասացի` շատ փող եմ ուզում ունենալ: Բոլորը ծիծաղեցին: Մարտական ընկերներիցս մեկը, որ այդ պահին կողքիս էր, հարցրեց` ինչո ՞ ւ: Պատասխանեցի. «Երբ ամեն անգամ այստեղ եմ գալիս, ծաղիկներս չեն բավականացնում: Անգամ զինվորական հաշմանդամության ամբողջ թոշակս թույլ չի տալիս այդքան ծաղիկ գնել: Ուզում եմ մի օր այնքան փող ունենալ, որ մի մեծ մեքենայով ծաղիկներ բերեմ ընկերներիս: Մի-մի հատ չէ, փնջերով, մեծ փնջերով...»: Ավաղ, հիմա միայն ծաղիկներ կարող եմ նրանց բերել: Ես վրեժ եմ լուծել, ու ոչ ոք թող չդատի ինձ ու դաժան չանվանի: Այս պատերազմը մենք չէինք ընտրել: Եվ թող հեքիաթներ չպատմեն, թե ազերիները վատ են կռվում, թույլ են: Իհարկե, մեր տասը նրանց հարյուրին է միշտ արժեցել, բայց նրանք էլ ուժեղ են...
Ճակատագրից արդարություն եմ ուզում: Մարտադաշտի գեհենով չանցածը թող չխցկվի մեր սրբության մեջ: Ուրիշի արյան վրա փառք չի ստեղծվի...»:
ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ
Լուսանկարում` 1992թ., Մարտակերտի շրջան, Կարմիր ավան, Կորյունի (Դուշման) հետ:
Տիկնայք փափկասուն հայոց աշխարհի...Ուրիշ են հայոց կանայք` Փառանձեմ թագուհուց մինչեւ Սոսե եւ Անահիտ
ОтветитьУдалитьԱյո
ОтветитьУдалить