#17 (883) 28. 04. 11
ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԿԼՈՐ ՏԱՐԻ՞Ն

Հայկական բացատրական բառարաններում «համբույր» բառը բացատրվում է որպես շուրթերի հպումը մեկին կամ մի բանի` իբրեւ փաղաքշանքի, սիրո նշան:
Կար ժամանակ, երբ ասպետները միմյանց դեմ էին դուրս գալիս, իրենց ուժերն էին չափում`գեղեցկուհու մեկ համբույրին արժանանալու համար: Շատերը հեռավոր արշավանքների ժամանակ իրենց սիրելիի համբուրած թաշկինակը պահում էին սրտին մոտ` որպես սրբազան մասունք: Ժամանակները փոխվել են… Այսօր սիրահարները համբուրվում են առանց օտար հայացքներից կաշկանդվելու` աշխարհին ի տես: Հոգեբանները, մասնագետները պնդում են, որ համբույրը դրական լիցքեր է հաղորդում, բարերար ազդեցություն թողնում առողջության վրա: Միջազգային հանրությունը օրացույցում հատուկ համբույրի օր է առանձնացրել: Նույնիսկ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվում են մի քանի ժամ շարունակվող ամենաերկար համբույրները: Բայց այսօր ես ուզում եմ խոսել համբույր-ողջույնի մասին: Շատ ազգերի ներկայացուցիչներ միմյանց հանդիպելիս ու բարեւելիս անպայման այտերը հպում են միմյանց կամ համբուրում են դիմացինի այտը երկու, երեք, նույնիսկ չորս անգամ: Սա, իհարկե, երկար բաժանումից հետո հանդիպելու դեպքում: Այսօր, սակայն, պարտադիր համբուրվում են ամեն օր իրար տեսնող ընկեր-ընկերուհիները: Արտասահմանցի ծանոթներիցս մեկը, որ առաջին անգամ էր եկել Հայաստան, ամենուրեք տեսնելով անընդհատ համբուրվող աղջիկների ու տղաների, զարմացած փորձեց պարզել` այդպես միմյանց ողջունելը ավանդո՞ւյթ է, պապենական սովորո՞ւյթ: Դժվարացա բացատրել, քանի որ ինքս էլ հստակ չգիտեմ` ամեն առիթով, անգամ անառիթ համբուրվելը որքանով է հին հայկական սովորություն: Ինչո՞ւ հանկարծ այս երեւույթն այսքան արմատացավ ու դարձավ բնական, սովորական մի բան: Եթե համբույրների առատությունը մարդկանց` միմյանց հանդեպ տածած անսահման սիրո ու հարգանքի գրավական լիներ, էլի կարելի էր հասկանալ: Բայց ինքս եմ հաճախ տեսել, թե ինչպես րոպեներ առաջ համբուրվող տղաները չնչին առիթով սկսել են վիճել, ոչ միայն ձայն, այլեւ ձեռք բարձրացրել իրար վրա:
Բակում, դպրոցներում, համալսարաններում, այգիներում, ամեն-ամեն տեղ ականատեսն ենք լինում ամեն օր միմյանց հանդիպող, մտերմիկ սուրճի սեղանի մոտ բամբասող աղջիկների, իրենց ընկերությունը «ախպերություն» կոչող տղաների համբույրների տեսարանների: Հատկապես «ճոխ» է տղաների ողջագուրման տեսարանն ու արարողակարգը. ուժեղ ձեռքսեղմում, աղմկոտ համբույր:
Այս կարգի համբույրների տհաճ տպավորությունը շատերն են փաստում, նույնիսկ իրենք` համբուրվողները, բայց շարունակում են համբուրվել: Սովորույթի ուժով:
Կարծում եմ` հասել է կլոր տարին համբուրվելու, միմյանց անիմաստ համբույրով ողջունելու սովորույթից հրաժարվելու ժամանակը:
ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий