#5 (871) 03.02.2011
ԹԵՂՈՒՏՈՒՄ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ ԵՆ ԱՎԱՆԴԱԲԱՐ
Թեղուտի հանքավայրի շահագործման համար
անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումների շրջանակներում 2009 թվականի օգոստոսի 6-ից մինչեւ նոյեմբերի 8-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը պեղումներ է կատարել Թեղուտ եւ Շնող գյուղերի շրջակա հուշարձանների տարածքում` Դուքանաձոր, Ղարաքոթուկի հողեր եւ Բովեր տեղամասերում: Աշխատանքներ են տարվել հանքավայրի, կառուցվող ճանապարհների եւ
պոչամբարի տարածքներում` Հուռնի ղաշ, Կռնգեր, Փիջուտ, Ձորիգեղ, Լորուտ (Ֆիրմի բաղեր), Խառատանոց, Մաշնանց բաղեր, Բրագձոր, Զնգանեք, Հոսանց գոմեր կոչվող հատվածներում: Իրականացված հնագիտական պեղումների արդյունքների մասին զրուցեցինք արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրագետ Սուրեն
Հոբոսյանի հետ:
-Թեղուտում եւ շրջակա տարածքում շատ վաղուց պեղումներ կատարվել են, սակայն լուրջ ուսումնասիրություններ չեն եղել: Հողահարթեցման ու շինարարական աշխատանքների ժամանակ գտնվել են խեցեղեն, կենցաղային տարբեր առարկաներ: Պատմագրական նյութերում այս տարածքի մասին տեղեկություններ գրեթե չկան, ուստի շատ դժվար էր կողմնորոշվել`որտեղից սկսել աշխատանքները: Թեպետ ազգագրագետ եմ, բայց արշավախմբի ղեկավարությունը հանձնարարվեց ինձ, քանի որ ծնունդով Շնող գյուղից եմ եւ քաջածանոթ եմ տարածքին: Սկսեցինք բանահավաքչությունից. մեզ անհրաժեշտ տեղեկություններ հավաքեցինք գյուղի մեծահասակ բնակիչներից: 2009-ին պայմանագիր կնքվեց «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ, իսկ հուլիսից սկսեցինք պեղումները հենց հանքերի իրացման տարածքում:
-Պեղումները մեկնարկեցին մի քանի տեղամասում միաժամանակ, ինչո՞ւ:
-Դժվար էր կողմնորոշվել` որտեղից սկսել: Արտաքին ոչ մի նշան չէր հուշում հուշարձանի
գոյության մասին: Կողմնորոշվելուն օգնում էին գյուղի մեծերի պատմածները եւ այն, ինչ լսել էի մանկությանս տարիներին:
Ղարաքոթուկի տարածքը (այս անվանումն այժմ փոխարինել ենք Լորուտի հողեր ավելի հին անվանումով) գտնվում է ծովի մակերեւույթից 600-900մ բարձրության վրա: Պայմանները բարենպաստ են եղել գյուղատնտեսության եւ այգեգործության համար: Այստեղ պեղեցինք 12-13-րդ դարերով թվագրվող հնձաններ, ինչը ապացուցեց, որ այդ շրջանում այստեղ զբաղվել են գինեգործությամբ: Պեղեցինք նաեւ մ.թ.ա. 1-ին հազարամյակով թվագրվող 12 դամբարան. հնագիտական նյութն այնքան էլ հարուստ չէր, սակայն հայտնաբերվեցին գինու գավաթներ, որոնք առայժմ իրենց տեսակով եզակի են, նմանվում են վրացական եղջյուրաձեւ անոթներին: 2010-ին այդ դամբարաններից վերեւ մենք գտանք խիստ ավերված մի շինության հետքեր. 13-14-րդ դարերի ուշ միջնադարյան եկեղեցի էր:
Պատերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բազմիցս վերակառուցվել էր:

-Հաջորդ տարածքը Դուքանաձո՞րն էր:
-Դուքանաձորը Շնող գյուղի ավանդական ձմեռանոցներից է, գտնվում է գյուղից 10կմ հարավ: Տեղանքն անտառոտ է, ընդգրկում է հիմնական հանքավայրի տարածքը: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հանքանյութի պաշարների մասին իմացել են նաեւ մեր նախնիները: Դա են վկայում այսօրվա հանքին կից գտնված երկու ձուլարանները: Թոնրի կամ կարասի նմանվող մի տարա գտանք, որի
բարձրությունը մոտ 1,65մ է: Պատերի վրա` ներսի կողմից, 3-4սմ հաստությամբ մետաղական շերտ էր մնացել: Հողաշերտից 2մ խորությունում բացվեցին ուղղանկյունաձեւ շինության պատեր: Հատակի վրա` հորի շուրջը, հողն ասես վառված լիներ£ Ենթադրում ենք` շատ բարձր ջերմության ազդեցությամբ: Կարծում ենք` այստեղ ժամանակին հալված մետաղ է կուտակվել: Միմյանցից 10կմ հեռավորության վրա գտնվող այս պեղավայրերում ամենուր հայտնաբերվում է խարամ: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այս հանքերը ավանդաբար շահագործվել են: Եթե ուշադրություն դարձնենք «Դուքանաձոր» օտարալեզու տեղանվան ստուգաբանությանը, ապա «դուքան» նշանակում է առեւտրի կետ, արհեստանոց-խանութ հիշեցնող դուքանները տարածված էին հատկապես Թիֆլիսում: Չի բացառվում, որ այստեղ ժամանակին մետաղագործական արհեստանոցներ եղած լինեն:
-Բովերում Ձեր արշավախմբի հայտնաբերած 17-18 դարերի եկեղեցին մնալու է ներկայիս հանքերի պոչամբարի տարածքում: Մշակութային արժե՞ք ենք կորցնելու:
-Բովերը եւս Շնողի հանդամաս է, գտնվում է գյուղից 7կմ հարավ: Այս տարածքի ուսումնասիրությունն էլ հիմք է տալիս պնդելու, որ մարդիկ հնում զբաղվել են մետաղագործությամբ: Բովերում, սակայն, ամենաուշագրավը 17-18-րդ դարերի շինությունն է`շրջապատված 10-12-րդ դարերի տապանաքարերով: Դրանցից մեկի վրա արձանագրություն կա, որը վերծանելն առայժմ բարդ է: Շինությունը, հավանաբար, գերեզմանատուն-դամբարանի մատուռ է կամ եկեղեցի: Այստեղ հայտնաբերված դամբարանների պեղումների արդյունքում գտանք խեցեղենի կտորներ, սպասքի պարագաներ, կճուճներ, երեք բրոնզե ապարանջան: Իսկ անտառածածկ տարածքում մեր արշավախմբի հայտնաբերած խոնարհված մատուռը, որ գտնվում է հանքերի պոչամբարի տարածքում, կտեղափոխվի եւ կվերականգնվի: Այսինքն` մենք այն չենք կորցնի:
-Պեղումները շարունակվեցին նաեւ 2010-ի՞ն:
- 2010-ին պեղումներ սկսեցինք Ձորիգեղում: Սա եւս ժամանակին եղել է Շնողի հանդամաս, գտնվում է գյուղից 8կմ հարավ: Մինչեւ 30-ականները այն բնակելի գյուղ էր: 60-ականներին հողահարթեցման աշխատանքների ժամանակ այստեղ քառաթեւ խաչի բեկորներ են գտնվել, որոնք հիմա պահվում են գյուղի թանգարանում: Այստեղ մեզ բավական ուշագրավ աշխատանք էր սպասում: Ամենավերին շերտում գտանք ուշ շրջանի թաղումներ, ավելի խորքում կային քրիստոնեական թաղումներ, իսկ ստորին շերտերում` մ.թ.ա 16-րդ դարով թվագրվող դամբարան եւ 28-27րդ դարերով թվագրվող բնակավայրերի հետքեր: Բացվեց նաեւ մ.թ.ա 3-րդ հազարամյակով թվագրվող մի շինության պատ, որը կպեղենք արդեն այս տարի: Այդ նույն հորում գտանք կավե շքեղ մի սափոր, որը հիմա վերկանգնվում է: Կարծում ենք` 2011-ի
պեղումները չեն հիասթափեցնի:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Комментариев нет:
Отправить комментарий