#6 (872) 09.02.2011
«ԱՆՁՐԵՎԻ ՀԱՐՍ» ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑՈՒՅԹ

Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական եւ խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիկները: Նրանց կերպարների եւ գործառույթների մեջ առավել խոսուն ձեւով են խտացվել եւ մարմնավորվել մեր հավատալիքները: Ժողովուրդը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու դժբախտությունից զերծ պահող հատկություններով: Տիկնիկների միջոցով ձգտել են ապահովել բերք ու բարիքի առատությունը, պտղաբերությունը, արգասաբերությունը, ընտանեկան եւ անձնական հաջողությունները: Թերափը, Նուրին, Խուճկուլուլուն, Չիչի մաման, Պուռմատիկինը, Ծաղկամերը, Ակլատիզը եւ այլ տիկնիկներ, որ հայի
կենցաղի անբաժան մասն են կազմել, հիմա մոռացվել ու անտեսվել են: Այսօր մեզանում քիչ թե շատ հայտնի տիկնիկը Նուրի տիկնիկն է եւ նրան ուղեկցող ծեսը: Նուրին պատրաստում էին անձրեւի եւ երաշտի օրերին: Տարբեր գավառներում նրանք տարբեր անվանումներ ունեին, բայց ամենատարածված տարբերակը

Նուրին էր կամ Անձրեւի հարսը (Թերափ, Խուճուրուրուկ, Չիչի մամա, Մամա չթթիկ, Չամչա խաթուն, Ալլապիտիկ եւ այլն): Նուրին երաշտի ժամանակ հայ գյուղացու միակ փրկությունն էր: Նա հայտնվում էր Ծաղկազարդի տոնին եւ երաշտ եղած ժամանակ: Ժողովրդական պատկերացումների համաձայնª Նուրին սիրունիկ էր ու խատուտիկ, ծաղկազարդ ու գեղեցիկ: Ժողովուրդը հավատում էր, որ Նուրիի աչքերից էին ծնվում շաղն ու ցողը, անձրեւի կաթիլները: Նա բարեսիրտ է ու գթառատ: Երբ մարդ ու անասուն տառապում են ջրի սակավությունից, Նուրին արտասվում է, եւ նրա արցունքներով թրջված հողն ու արտերը կենդանանում են, ծիլ ու ծաղիկ տալիս: Նուրիի շապիկը լուսակերտ էր ու նկարազարդ, իսկ նրա մեջքի գոտին ծիածանն էր: Նուրիին ուղեկցող ծեսը կարեւոր էր հայ գյուղացու համար:

Նույնիսկ մեր օրերում այն չի մոռացվել եւ պահպանվել է որոշ գյուղերում: Յուրահատուկ նշանակություն ունեին խմորից պատրաստված տիկնիկներըª Ասիլիկ-Վասիլիկները (այլ անվանումներըª Ասիլ-Վասիլ, Ասիլ-Բասիլ, Վասիլիկ, Տիկին, Խրձիկ եւ այլն): Ծիսական այս տիկնիկները թխվում էին Ամանորի նախօրեինª գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու եւ բարիք ապահովելու նպատակով: Ասիլիկ-Վասիլիկները տարբեր կերպարանք էին ստանումªկախված նրանից, թե ում կամ ինչի համար էին գուշակություններ անելու տվյալ տիկնիկի միջոցով: Վասիլիկները կարող էին լինել մարդու, կենդանու, քսակի տեսքով: Ծիսական Տարեհացի (Կրկենի, Դովլաթ Կրկենի, Կլոճ, Փուռնիկ եւ այլն) խմորից մի կտոր էին պոկում, համապատասխան տեսք էին տալիսª զարդարելով չամիչով, ընկույզով, վրան ձու էին քսում, որ գեղեցիկ լինի: Արական սեռի տիկնիկները պիտի պարտադիր գոտի եւ արական խորհրդանիշ ունենային:
Գուշակություն անում էին ըստ թխվող տիկնիկի փքվելու

Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում այն տիկնիկները, որոնք հարսանիքից մի քանի օր առաջ թաքուն պատրաստում էր հարսնացուի տատիկը կամ մայրը: Տիկնիկը օժիտի բաղկացուցիչ մասն էր կազմում: Այն հաճախ ունենում էր հղի կնոջ տեսք: Փոխանցվում էր մորից ավագաղջկան: Տիկնիկը հարսնացուի համար խորհրդատու եւ զրուցակից էր հանդիսանում: Ծիսական ամենագեղեցիկ տիկնիկներից է Համբարձման տոնի տիկնիկը` Վիճակի Արուսը: Տարածված էին նաեւ ավելից պատրաստված տիկնիկները: Տան աչքի ընկնող մասում կախված զարդարուն ավելը կոչվում էր Պուրպիկ: Պատրաստել են նաեւ զարդարուն Ջնջան ավելներ, որոնցով մաքրել են հացի փշրանքները սեղանից: Ցավոք, մեր մշակույթի ամենագեղեցիկ արժեքներից մեկըª հայկական ծիսական տիկնիկը, այսօր գտնվում են մոռացման եզրին: Նկարագրված ծեսերից ու տոներից շատերն արդեն չեն նշվում, բնականաբար, մոռացվել են նաեւ դրանց ուղեկցող բազմաթիվ երեւույթներª երգեր, պարեր, ուտեստներ: Եթե չի իրականացվում ծեսը, չեն ստեղծվում նաեւ տիկնիկներ: Մեր մոռացվող տիկնիկների էությունն ու ծիսական խորհուրդը բացահայտելու նպատակով «Արատտա» երիտասարդական ակումբը կազմակերպում է «Անձրեւի հարս» խորագրով ցուցահանդես-մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել նրանք, ովքեր կներկայացնեն հայկական ծիսական տիկնիկներն իրենց երեւակայության լույսի տակª հավատարիմ մնալով տիկնիկի բուն էությանն ու ծիսական խորհրդին:

Աշխատանքները կարող են ներկայացվել առանց ժանրային սահմանափակմանª նկարչություն, քանդակագործություն, ուլունքագործություն, տիկնիկագործություն, ասեղնագործություն, գոբելեն, նշված եւ այլ ժանրերի համատեղում եւ այլն: Հաղթող կճանաչվեն այն 3 մասնակիցները, որոնց աշխատանքները հավանության կարժանանան գնահատող հանձնախմբի կողմից: Մասնակիցների աշխատանքները գնահատող հանձնախմբի կազմում ներգրավված են ազգագրագետ Ժենյա Խաչատրյանը, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Մասնակիցների համար կկազմակերպվեն հատուկ սեմինար-քննարկումներª հայոց ծիսական տիկնիկների բուն էությանն ու գիտական վերլուծություններին տեղեկացնելու նպատակով: Մրցութային աշխատանքների ամփոփիչ ցուցահանդեսի անցկացման օրն ու ժամը, ինչպես նաեւ այլ մանրամասներ կհայտարարվեն լրացուցիչ:
Ն. ԹՈԽՍԱՆՑ
Լուսանկարներում ներկայացված են նկարչուհի Լուսիկ Ագուլեցու պատրաստած ծիսական տիկնիկները:
Комментариев нет:
Отправить комментарий