3 февр. 2011 г.

www.eter.am
#5 (871) 03.02.2011

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ. ՏՈՆ ՔԱՌԱՍՆՕՐՅԱ ԳԱԼՍՏՅԱՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ Ի ՏԱՃԱՐՆ

Փետրվարի 14-ին Հայ առա
քելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը: Սակայն ժողովուրդը դեռ նախօրեին է սկսում ծիսական արարողությունները: Տոնի Տեառնընդառաջ անունը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ: Համաձայն ավանդական օրենքիª քառասուն օրական զավակին մայրը պիտի տաներ տաճար, ընծայաբերեր աճարին: Քառասուն օրական Հիսուսին տաճար է տանում Աստվածամայրը: Սիմեոն անունով արդար ու բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչեւ տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին, հրաշքով զգում է մանուկ Հիսուսի ներկայությունն եւ ելնում ընդառաջ (այտեղից էլª «Ելանել ընդ առաջ Տեառն» արտահայտությունը):
Հայ եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Հնում, ինչպես նկարչուհի Լուսիկ Ագուլեցին է պատկերում իր ծիսական կարգը ներկայացնող գեղանկարում, աղջիկները կալկաչաներով (փայտե ձողեր, որոնք իրար զարկելով աղմուկ էին բարձրացնումª ի նշան տոնի մեկնարկի) փողոց էին դուրս գալիս£ Կենաց ծառեր էին պատրաստում, նորապսակ զույգ ունեցող ընտանիքի տանտիկինը անուշեղենով ու մրգերով զամբյուղներ էր նվիրում խնամիներին:
Դրանցում սովորաբար սկեսուրը նորահարսի
համար զարդեղեն, նվերներ էր դնում, մրգեր, չարազ, անուշեղեն, նաբաթ:
Գրեթե ամենուր ցորենից, գարուց, կորեկից, ոսպից ու սիսեռից աղանձ էին պատրաստում:

Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում էր Անդաստանի արարողություն, որն այսօր էլ կատարվում է եկեղեցումª օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներª իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Տեառնընդառաջը հայոց կենցաղում հայտնի է տարբեր անվանումներովª Տերընդեզ, Տրընդեզ, Տերընտաս, Տանդառեջ, Դառդառանջ, Դռնտառունչ, Դռդոռաջ, Դոռոնջ, Դառանջ, Տոռոնջ-տոռոնջ, Տառինջ-տառինջ, Տնդալեշ, Մելետ, Մելեմետ-Տերընտաս եւ այլն:
Առավել տարածված էր Տրընդեզ անունը: Տոնը ծագմամբ շատ ավելի հին է£

Այն կապվել է կրակի եւ արեւի հեթանոսական Միհր աստծո պաշտամունքի հետ: Դեռեւս հնագույն ժամանակներից տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է եղել£ Այն վառել են տոնի նախորդ օրըª փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո:
Գյուղերում տոնական խարույկի համար նախապատրաստում էին հատկապես ցրտեն, ցիրդ կամ ցրդի կոչված ծառի ճյուղերը (ըստ ավանդության, նորածին Քրիստոսին այդ ծառի ճյուղերով են բարուրել): Խարույկը վառելու իրավունքը հիմնականում վերապահվում էր երիտասարդներին, հատկապեսª նորափեսային: Գեղեցիկ ու բազմազան էին Տրընդեզի խարույկի շուրջ տեղի ունեցող ծեսերը: Տրընդեզը բնության զարթոնքի տոն էր: Արեգակ-կրակի պաշտամունքային տոնը առավելապես կապված էր խարույկի հետª կրակ, ծուխ, մոխիր…Սրբազան խարույկի մոխիրը լցնում էին տան չորս անկյուններում, որպեսզի տարին հաջող լիներ, լցնում էին թուխսի տակ, որ ճտերն անվնաս դուրս գան: Կանայք այն լցնում էին կճուճների վրա, որպեսզի դրանք միշտ առատ լինեն: Չբեր կանայք սրբազան կրակով խանձում էին ներքնազգեստըª ակնկալելով պտղաբերություն: Սկեսուրներն իրենց նորահարսի հագուստից նրանից գաղտնի մի կտոր էին պոկում ու նետում խարույկը, որպեսզի երիտասարդ նորահարսը մաքրագործվեր:
Բարեհաջող ծննդաբերելու համար մոխիրը լուծում էին ջրի մեջ եւ խմեցնում ծննդկանին: Այդ մոխիրը որպես դեղ էին օգտագործումªքսելով մարմնի ցավոտ մասերին: Կրակի ածխացած կտորները քսում էին կոպերին, որ աչքի լույսը պայծառ լինի: Այդ խարույկի ածխով նաեւ մառանի եւ տան երդիկներին գծում էին շրջանակներª չար աչքից խուսափելու համար, իսկ մոխիրը գարնանը շաղ էին տալիս արտերում, որպեսզի մկները ցանքսը չվնասեն: Խարույկից մոմեր էին վառում, մի մասն այրում ու պահում էին, որ հետագայում դրանք վառելու միջոցով առնեն երաշտի դեմն կամ դադարեցնեն կարկուտը: Այդ նպատակով Լոռիում խարույկի մոխիրը խառնում էին Ս.Սարգսի տոնական փոխինձին եւ կարկուտի ժամանակ շաղ տալիս դեպի երկինք կամ այգիների մեջ: Խորհրդավոր ծուխը որ կողմ թեքվեր, այդ ուղղությամբ էլ համայնքի բանիմաց ծերերը ճշտում էին տվյալ տարվա ընթացքում ակնկալվող հաջողության ճանապարհը: Գյուղերում զանազան գուշակություններ էին անում. եթե ծուխը հարավ կամ արեւելք գնար, հասկը կամ բերքը լավ էր լինելու, իսկ եթե հյուսիս կամ արեւմուտք` վատ: Խարույկը վառելու միջոցին շատ հաճախ հրացաններով կրակում էին£ Այդ ձայնից շները վախենում էին եւ որ կողմ փախչեին, այդ տարվա բերք ու բարիքի առատությունն այդտեղից էր սպասվելու: Կրակի ծխի ուղղությամբ նաեւ գուշակում էին, թե որ կողմից է գալու ցանկալի փեսացուն կամ հարսնացուն:
Տոնի նախօրեին հյուրընկալվեցինք նկարչուհի Լուսիկ Ագուլեցուն:

Տիկին Լուսիկը միշտ էլ առանձնակի է նախապատրաստվում տոներին:
Տաղավար տոների նախօրեին նա համապատասխան կենաց ծառեր է պատրաստում: Մի քանի օրից պատրաստ կլինի նաեւ Տեառնընդառաջի ծառը: Սովորաբար նկարչուհին այն ձեւավորում է այսպես: Սկուտեղի մեջ փոխինդ է լցնում, կենտրոնում դնում է կարմիր խնձոր, որը կյանքի խորհուրդն ունի եւ տոնի գլխավոր հերոսներիª արական ու իգական սեռի հարաբերությունն է խորհրդանշում: Խնձորի մեջ անհրաժեշտ է խրել ծառի ճյուղ, այն զարդարել եգիպտացորենի ծաղկած փաթիլներով (ադիբուդիով)ª ի նշան ծաղկած ծառի, ճյուղերին կարելի է կապել կանաչ-կարմիր ժապավեններ, որոնք խորհրդանշում են երիտասարդ զույգերին: Ձեւավորում են նաեւ փոխինդըª դրան տոնի խորհրդիª արեւի տեսք տալով: Այդ նպատակով օգտագործում են սիսեռ, դդմի կուտ, այլ հացահատիկներ: «Սա տոնը գեղեցիկ նշելու իմ առաջարկն է, բայց յուրաքանչյուր տանտիկին ինքն է որոշում, թե ինչպես իր հարկի տակ նշի տոնը: Ամեն դեպքում ցավով պետք է ասեմ, որ ազգային տոները նշելու շատ գեղեցիկ ավանդույթներն օր օրի վերանում են: Նախկինում Տեառնընդառաջի տոնին, կրակի շուրջ ժողովուրդը գեղեցեիկ երգեր էր երգում, օրինակ` «Ճրագ, ճրագ ճշմարիտ, ճշմարտախոսիկ Մարգարիտ…», «Մարիամ, Մարիամ, դու կուս էս, հոգւով,
մարմնով յուս ես, Էթամ դատեմ բարութիւն, Հոգիս տանիս արքայութիւն…», գեղեցիկ խմբակային պարեր էին պարում, կրակի շուրջ խաղեր կազմակերպում»,- պատմում է տիկին Ագուլեցին:
Այսօր պահպանվել է միայն կրակի վրայից թռչելու ավանդույթը£ Նշենք նաեւ, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարավ: Եթե Տեառնընդառաջի օրը համընկնում է մեծ պահքի շրջանին, ապա բացվում են եկեղեցիների սուրբ խորանների վարագույրները, մատուցվում է բաց պատարագ:
Ն.Հ.

Комментариев нет:

Отправить комментарий