12 янв. 2011 г.

eritasardakan: #2(868) 13.01.11 www.eter.am ՁՄԵՌԱՅԻՆ ՔՆՆԱՇՐՋԱՆ...

eritasardakan: #2(868) 13.01.11


www.eter.am

ՁՄԵՌԱՅԻՆ ՔՆՆԱՇՐՋԱՆ...
: "#2(868) 13.01.11 www.eter.am ՁՄԵՌԱՅԻՆ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ 2011 թվականի առաջին աշխատանքային օրերին մեկնարկեց նաեւ ուսանողական քննաշրջանը:..."
#2(868) 13.01.11





ՁՄԵՌԱՅԻՆ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

2011 թվականի առաջին աշխատանքային օրերին մեկնարկեց նաեւ ուսանողական քննաշրջանը: Բուհերի միջանցքները նորից լցվեցին քննասենյակի առաջ դողացող սրտով ու ստուգման գրքույկները ձեռքներին, քննությանը նախորդող գիշերը չքնած ուսանողներով: Ի դեպ, քնատ ու հոգնատանջ տեսք ստանալու համար պարտադիր չէ ողջ գիշեր չքնել: Բավական է
պարզապես չշպարվել ու չհարդարվել, մի քիչ էլ անհանգստություն «խաղալ», մեկ էլ տեսար դասախոսը փոքր-ինչ ավելի բարյացակամ լինի: Պետք չէ զարմանալ. որոշ ֆակուլտետներում դերասանություն անելով, արցունքներով էլ են գնահատական ստանում: Բայց կան ուսանողներ էլ, որոնց համար միեւնույն է, թե ինչպես կհանձնեն քննությունը`գնահատականով հո ամեն բան չի՞ որոշվում: Նոր կրեդիտային համակարգը, թվում էր, թե պետք է ավելի լրջացներ ուսանողին, ստիպեր առավել պատասխանատվությամբ վերաբերվել իր գործին: Բայց դա, այո, միայն թվում էր: Քանի որ շատերը նորից, ամբողջ տարին դասի չգալով, կարողանում են քննություններից բարձր միավորներ ստանալ: Քննաշրջանի ընթացքում սովորականից ավելի մարդաշատ են նաեւ գրադարաններն ու ընթերցասրահները. ամիսներ շարունակ ուսանողական կյանք վայելելուց հետո ուսանողները գոնե մի քանի օր որոշում են պարապել, գիրք կարդալ: Հերթեր են գոյանում նաեւ պատճենահանման կետերում եւ պատվերով ռեֆերատներ վաճառող գրասենյակներում: Զարմանալ պետք չէ. կուրսում, սովորաբար, միայն մեկն է դասախոսություն գրում, իսկ տարեվերջին նրա տետրը պատճենահանվում է տասնյակ անգամ: Տարածված է նաեւ 2000-5000 դրամով պատրաստի ռեֆերատներ ձեռք բերելը եւ որպես սեփական ստեղծագործություն դասախոսին ներկայացնել: Քիչ չեն նաեւ դասախոսները, որոնք ուսանողին կամ հենց իրենք իրենց «խնայելով»` աչք են փակում այս երեւույթի վրա: Կան դասախոսներ էլ, որոնք նախընտրում են ընդհանրապես քննություն չանցկացնել, մեխանիկորեն նշանակում են` հիմնվելով միջանկյալ քննությունների գնահատականների եւ հաճախումների տվյալների վրա` հաճախ իրենց կողմից եւս մի քանի միավոր «նվիրելով»: Ուսանողներն էլ մեծահոգաբար ընդունում են նվերը` չմտածելով` դրա օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը: Գնահատական ստանում են, իսկ գիտելի՞ք: Չէ՞ որ կրթություն ստանալու համար մենք եւ մեր ծնողները վճարում ենք: Եվ ամենակարեւորը` պատրաստվում ենք մասնագետ դառնալ ու աշխատել: Ա՞յս գիտելիքներով:

Ն.Հ.

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է

Երբ դեռ բուհ չէի ընդունվել, ծնողներիցս հաճախ էի լսում` Երեւանի պետական համալսարանի ուսանող լինելը հպարտություն է: Այդպես են մտածում ԵՊՀ-ի ուսանողներից շատերը եւս: Ուր էր թե մայր բուհում սովորելու հպարտությունը պայմանավորված լիներ որակյալ կրթությամբ, հետաքրքիր, մյուս բուհերի առօրյայից տարբերվող ուսանողական կյանքով, լավ մասնագետ դառնալու ցանկությամբ: Շատերին գուցե հենց սա է բերում մայր բուհ: Ոմանք էլ բոլորովին այլ նպատակներով են այստեղ գալիս. թող հարեւաններն իմանան, որ իրենք ԵՊՀ-ի ուսանող են: Գալիս են իրենց եւ իրենց զգեստապահարանի պարունակությունը ցուցադրելու, շարքերի վերջին նստարաններին նստելու, զրուցելու, զվարճանալու, շպարվելու, մեկ-մեկ էլ փոքր-ինչ ննջելու համար: Ուսանողներից ոմանք էլ կարծես գալիս են դասախոսներին եւ սովորել ցանկացող ուսանողներին խանգարելու հատուկ նպատակով: Ի դեպ, նրանք իրենց համարում են համալսարանի ամենակարեւոր ուսանողները, եւ չեն մոռանում իրենց անուններն անմահացնել`սեղաններին, նստարաններին, պատերին փորագրելով: Ցավալին այն է, որ նման ուսանողները, որոնք գերակշիռ մաս չեն կազմում, բայց իրենց վատ պահվածքով ավելի են աչքի ընկնում, քան օրինակելի ուսանողները, փոխում են մարդկանց կարծիքը ե'ւ ԵՊՀ ուսանողների, ե'ւ ընդհանրապես համալսարանի մասին:

Ա. Տ.


«ԱԼՈ, ՍԵՐՈԺ», «ԲԱՅՑ ԵՍ ՁԵԶՆԻՑ ՈՆՑ ԵՄ ԶԶՎՈՒՄ» ԵՎ ԱՅԼՆ

Պատկերացնելն իսկ դժվար է, թե ինչպես կանցնի մեր օրն առանց
հեռուստացույցի: Կապույտ էկրանը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը, մեր լավագույն ընկերը: Իսկ հեռուստաեթերն էլ այսօր անհնար է պատերացնել առանց սերիալների: Ու հենց այդ սերիալների «շնորհիվ» է, որ շատ շատերը, հատկապես դպրոցականներն, տեղին-անտեղի երանգավորում են իրենց խոսքը սերիալային հերոսների բառապաշարի «գոհարներով»` սկսում են «զզվել» միմյանցից, տարօրինակ ձեւերով բոլոր «ալո»-ները Սերոժներին վերագրել, փեսաներին «տնփիսո», հարսներին` Վարսիկ անվանել եւ իրենց առօրյան «խզարել» նմանատիպ արտահայտություններով: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վերջերս կայացած մամուլի մի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հեռուստասերիալներին եւ արձանագրեց, որ հեռուստադիտողների մի ստվար հատված ոչ միայն դիտում, այլեւ ապրում է այդ սերիալներով: Ակամա հիշեցի, թե ինչպես տատիկս անեծքների մի
ամբողջ պարկ դատարկեց Խուլիոյի գլխին, որը դավաճանել էր Դոլորեսին:
Այնքան ոգեւորվեց, որ մոռացավ անջատել գազօջախն ու վառեց ծիրանի
ջեմը: Պարոն Ադիբեկյանի համոզմամբ, սերիալները հրապուրում են մարդկանց, քանի որ դրանք նայելիս մտածել պետք չէ, մարդիկ իրենց նմանեցնում են սերիալների հերոսներին եւ սկսում ապրել վիրտուալ աշխարհում: Նրանք սրտատրոփ սպասում են հաջորդ օրվա սերիային, եւ սա դառնում է թմրադեղի նման մի բան: Երեխաներն էլ տեսնելով, թե ինչպես է իր մայրը «քարացած» դիտում այս կամ այն սերիալը, զվարճալի շոուն, ակամա մտածում է, թե դա արժեքավոր բան է: Դրան էլ հաջորդում է սերիալային հերոսների խոսելաձեւի, վարվելակերպի նմանակմանը: Հետաքրքիր է` հայ ռեժիսորներն ու սցենարիստները մտածե՞լ են, որ սերիալներն ու նմանատիպ հաղորդումները կամա թե ակամա երեխաներն էլ են դիտում: Այսպե՞ս ենք պատկերացնում հեռուստատեսության կրթական, դաստիարակչական գործառույթը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
2-րդ կուրս

Ի±ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ԱՐՁԱՆՆԵՐԸ


Սիրում եմ քայլել Երեւանի կենտրոնական փողոցներով, որտեղ ամեն քայլափոխի արձաններ կան£ Քայլում եմ ու մտովի զրուցում նրանց հետ, լսում, թե ինչ են նրանք ասում£ Երբեմն նրանք խոսում են ուրախ բաների մասին, երբեմն էլ նրանց պատմությունները տխուր են£ Փորձենք լսել նրանց£ Կասկադի տարածքում անգլերեն այբուբենից կազմված երիտասարդի արձանն այսօր սովորականից ավելի մտահոգ է թվում£ Երեւի մտածում է, թե երբեւէ չի գտնվի մեկը, որ այդ տառերով փորձի կազմել նվիրական բառը£ Նրանից քիչ հեռու Ալեքսանդր Թամանյանի արձանն էª «Նա տեսել է արեւելյան մի քաղաք…» չարենցյան մակագրությամբ£ Ճարտարապետը հաճախ նայում է բազմահարկ նորակառույցներին ու մտածում, որ դրանք ամենեւին չեն ներդաշնակում իր պատկերացրած քաղաքի համայնապատկերին£

Մտահոգ է նաեւ Մարտիրոս Սարյանը: Հանգստյան օրերին արձանի հարեւանությամբ նկարում են, նկարներ վաճառում£ Այդ ամենը լավ է, բայց նկարչուհին նկարելիս դատարկում է համարյա մեկ տուփ ծխախոտª մնացորդներն այս ու այն կողմ նետելով: Դա դուր չի գալիս նաեւ Սարյանի արձանից քիչ այն կողմ գտնվող Տղամարդկանց. Մհեր Մկրտչյանի արձանը ձեռքի շարժումով հենց այդ է ասումª «Այս ո±ւր եմ ընկել» : Հասնում եմ Թումանյան-Սարյան փողոցների խաչմերուկ: Վալերի Բրյուսովի կիսանդրու վրա ժամանակ առ ժամանակ սուրճի մեկանգամյա գործածության բաժակներ եմ տեսնում: Դիմացի մայթին գտնվող Հովհաննես Թումանյանի կիսանդրին` մտամոլոր դեմքով, ասես զգուշացնում էª այդքան սուրճը վնասակար է առողջությանը: Հավանաբար, ուսանողները մի օր կհասկանան, թե իրականում ինչ է ակնարկում մեծ բանաստեղծը£ Առնո Բաբաջանյանի արձանը շրջակա միջավայրի աղտոտությունից դժգոհելու առիթ չունի, բայց, կարծում եմ, որ նա էլ մեծ ցավ է ապրումª տեսնելով իր արձանի անվանատառերի փորագրությունների մեջ MUKIK եւ HOVO JAN մակագրությունները: Հաճախ էլ վշտանում էª լսելով հարեւան սրճարաններից հնչող ժամանակակից «հայկական» երաժշտությունը:

ԱՐՄԻՆԵ ՏՈՆՈՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ,

2-րդ կուրս














10 янв. 2011 г.

#50 (865) 16.12.10

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ


ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԴՐԱՄԱՊԱՆԱԿԸ` ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Կուրսայիններ, ռեֆերատներ, թարգմանություններ տարբեր լեզուներով, տեքստերի հավաքում, արտագրություն»: Նմանատիպ հայտարարությունների կարող ենք հանդիպել գրեթե ամեն ուսումնական հաստատության մոտակայքում: Այս ծառայությունները կոչված են թեթեւացնելու ուսանողի գործը: Բավական է ունենալ ուսանողական դրամապանակից ավելի փքված դրամապանակ, եւ բուհական առաջադրանքները կատարելու մասին կմտածեն այն գրասենյակները, որոնք զբաղվում են վերը թվարկված ծառայությունները մատուցելով: Այս սկզբունքով առաջնորդվելով է «սովորում» ուսանողության զգալի մասը. հայտնում է գրավոր
աշխատանքի թեման, վճարում պահանջվող գումարն ու հանգիստ խղճով
սպասում, մինչեւ իր աշխատանքը պատրաստ
կլինի: Առաջադրանքը կատարվում է, ուսանողը գնահատվում է, բայց թե իրականում ով է վաստակում այդ գնահատականը` դժվար է ասել: Անհատ ձեռներեց Թամարա Ավանեսյանը, որ այդպիսի գրասենյակ ունի, նշում է, որ պատվերներ ստանում են ուսումնական տարբեր հաստատությունների ուսանողներից. «Մեզ հիմնականում դիմում են հոգեբանության, իրավաբանության, մաթեմատիկայի, տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները կուրսային աշխատանքներ, զեկուցումներ գրելու համար: Մեկ անգամ նույնիսկ մագիստրական թեզ գրելու պատվեր ենք ստացել: Դիմում են նաեւ աշակերտներ, հիմնականում շարադրություններ գրելու համար»,- ասում է տիկին Թամարան: Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոսներից մեկը չի թաքցնում վրդովմունքը. «Ախր էլ ինչպե՞ս են այդ երիտասարդները ուսանող կոչվում: Քիչ չէ անհատական աշխատանքներն իրենց ձեռագրով չեն գրում, դեռ իրենց գրավորներից էլ ընդհանրապես տեղյակ չեն: Դա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն տվյալ դասախոսի ու առարկայի նկատմամբ, այլեւ իրենց իսկ հանդեպ. եւ վարձավճար են վճարում, եւ այդքան գումար են վատնում իրենց առաջադրանքները, հանձնարարությունները գրել տալու համար: Բա մարդ գոնե մի անգամ իր գրավոր աշխատանքը չկարդա՞, չտեսնի՞ իր բացթողումներն ու թերությունները»: Ուսանողների շրջանում մեր կատարած փոքրիկ հարցման ընթացքում պարզեցինք, որ ամեն տասը ուսանողից վեցը գոնե մի անգամ օգտվել է նման ծառայությունից. «Եթե ժամանակ չի լինում կամ էլ գրելու տրամադրություն, դիմում ենք նմանատիպ ծառայությունների օգնությանը»,- խոստովանեց մեկը: Զարմանալի է` եթե ոչ իրենց առաջադրանքները կատարելու, ապա ինչի՞ համար են ծախսում ուսանողներն իրենց «թանկագին» ժամանակը…
ՎՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
2-րդ կուրս

17 дек. 2010 г.

#33(848) 19.08.10

ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...



ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ. «ՔԱՆԻ ԱՊՐՈՒՄ ԵՍ` ՍՈՎՈՐՈՒՄ ԵՍ»

«Ամեն անգամ ներկայացումից հետո թատրոնի մուտքի մոտ
երիտասարդներ են հավաքվում, սպասում են` երբ եմ դուրս գալու: Շուրջս են խմբվում, հարցուփորձ անում, լուսանկարվում, ուրախ-ուրախ հեռանում, ես էլ տուն եմ գնում ու ճանապարհին մտածում եմ` ուրեմն ես դեռ պետք եմ նրանց, ուրեմն դեռ ինչ-որ բան արժեմ: Ահա սա է երիտասարդությունը, մեծ ուժ, որ ստիպում է ապրել: Ջահելները ժամանակի զարկերակն են, նրանցով պետք է զգալ ժամանակի շունչը, եւ վայն եկավ, եթե չզացիր, չնկատեցիր»,- ասում է Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանը:

-Պարոն Մարության, դերասանի համար, թերեւս, ավելի հե՞շտ է երիտասարդ մնալը: Չէ՞ որ բեմը հրաշագործ հատկություն ունի, կարող է դերասանին մի քանի տարով երիտասարդ եւ հակառակը ցույց տալ:

-Այո, ընդամենը ցույց տալ, դեր է, անցնում է-գնում, դրանից տարիքդ չի նվազում, միեւնույն է` մեծանում ես: Բայց կարեւորը դա չէ, կարեւորն այն է, թե ինչպես ես ապրում ջահելությունդ:

-Իսկ ինչպիսի՞ն էին ձեր երիտասարդության տարիները:

-Այն ժամանակվանից շատ բան է փոխվել: Ի վերջո, հասարակարգերի փոփոխություն է եղել, ինչը պետք է ունենար դրական եւ բացասական հետեւանքներ: Այն տարիներին գուցե ամեն բան այսքան ազատ չէր, իհարկե, դա խանգարում էր, այն ժամանակ, օրինակ, երեկոյան ժամի միայնակ աղջիկը դժվար թե փողոցում ազատ ու հանգիստ շրջեր, այսօր դա սովորական բան է, եւ դա լավ է: Երիտասարդներն ավելի առաջադեմ են, բայց մի տեսակ ավելորդ ազատություն է նկատվում, այ դա չեմ սիրում:

-Իսկ ձեր ժամանակի ուսանողությա՞ն մասին ինչ կասեք:

-Այսօրվա ջահելությունը մի տեսակ մեծամիտ է, ինքնավստահությունը լավ է, բայց ոչ մեծամտության հասնող: Հիմա մի երկու բան սովորում են, իրենց դերասան են հռչակում… Հիշում եմ` մենք ի¯նչ ակնածանքով էինք վերաբերվում թատրոնին: Մի տեսակ այլ մթնոլորտ էր, մեծ հարգանք, պատկառանք կար ավագ սերնդի հանդեպ` Վարդան Աճեմյան, Գուրգեն Ջանիբեկյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Էդգար Էլբակյան, Վարդուհի Վարդերեսյան, Մհեր Մկրտչյան… Այն ժամանակ այսպես չէր, որ ով տեղից վեր կենար` դերասան դառնար, նախ բեմում կանգնել էիր սովորում, հետո մի երկու բառ էին վստահում, մինչեւ մի փոքրիկ դերի արժանանայիր ու աճեիր: Դժվար էր տրվում, պիտի ճանապարհ անցնեիր, դրա համար էլ պրոֆեսիոնալներ էին դառնում:

-Ինչպե՞ս որոշեցիք հենց այս մասնագիտությունն ընտրել:

-Դեռ մանկության տարիներից սիրում էի միջոցառումների մասնակցել, դպրոցական ներկայացումների ժամանակ երգում էի, արտասանում: 1968 թվականին քաղաքում լուր տարածվեց, թե Վարդան Աճեմյանը Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիա է բացում: Ընդունվեցի: Մեր կուրսում ես տարիքով ամենափոքրն էի, ու Աճեմյանը հենց ինձ նշանակեց կուրսի ավագ:

-Այսինքն` դասերից փախչող կուրսընկերների պատասխանատվությունը ձեզ վրա էր ընկնո՞ւմ:

-Մեզ այնպիսի դասախոսներ էին դասավանդում, որ դասից փախչելը մեղք կլիներ: Բախտ էր վիճակվել սովորելու Վարդան Աճեմյանի, Մհեր Մկրտչյանի, Լեւոն Ներսեսյանի, Լուիզա Սամվելյանի, Ադո Ադոյանի եւ այլ տաղանդավոր մարդկանց կուրսում: Մենք երազում էինք, որ Ֆրունզիկը մի քիչ երկար խոսի, որ ավելի երկար շփվենք, հիմա չգիտեմ` այդպիսի դասախոսներ կա՞ն: Շատ հետաքրքիր մարդ էր, մտնում էր լսարան, գրատախտակին ինչ-որ գծեր էր քաշում, խզբզում, հետո դիմում էր մեզ ու հարցնում` ի՞նչ եմ նկարել: Երբ գլխի չէինք ընկնում, մտածկոտ դեմք էր ընդունում, հետո զայրանում էր, թե ինչպես այդ խզբզանքի մեջ չենք կարողանում որեւէ պատկեր գտնել:

-Իսկ ինչպիսի՞ն էր Վարդան Աճեմյանը:

-Անմիջական, շատ պարզ մարդ էր: Մի անգամ թատրոնում փորձի ընդմիջման ժամանակ դահլիճ մտավ, տեսավ բեմին թղթեր են թափված, ուտելիքի մնացորդներ, շորեր, մեր տղաներից մեկն էլ` Սերգեյը, թեւերը խաչած կանգնած է անկյունում, նայեց ու բարկացած ասաց` այս ի՞նչ է, չեմ հասկանում, արագ կարգի բերեք բեմը, հավաքեք թղթերը, ուտելիքը, Սերգեյին ու մնացած ամեն բան:

-Իսկ ովքե՞ր էին ձեր կուրսընկերները:

-Ես այնպիսի կուրսում էի սովորում, որտեղ մարդիկ էին հավաքվել, որոնք հետո իրոք բեմի մարդիկ դարձան` Շաքե Թուխմանյանը, Անի Մկրտչյանը…: Շատ կուզենայի, որ մեր երիտասարդները մասնագիտություն ընտրելիս մի քիչ ավելի խոհեմ լինեն, իրենց համապատասխան ու իսկապես իրենց հետաքրքրող գործով զբաղվեն, որպեսզի կարողանան օգտակար լինել երկրին, հանրությանը: Մեծագույն հաճույք է, երբ զգում ես, որ մարդիկ քո կարիքն ունեն, որ դու նրանց համար ինչ որ արժեք ունես, որ քեզ գնահատում են:

-Ուսումն ավարտելուց հետո միանգամի՞ց աշխատանքի անցաք:

-Ոչ, զորակոչվեցի բանակ: Այդ ժամանակ ես օժանդակ դերասանական խմբի անդամ էի, մշտական դերեր ունեի թատրոնում, եւ Մհեր Մկրտչյանը, որն ինձ շատ էր սիրում, միջնորդեց, որպեսզի ինձ մայրաքաղաքի զորամասերից մեկում պահեն: Այդպես հատուկ թույլտվությամբ մասնակցում էի փորձերին, շարունակում էի խաղալ:


-Իսկ զորամասում ինչպե՞ս էին վերաբերվում արդեն իսկ հայտնի երիտասարդ դերասանին:

-Իհարկե, նախանձողներ եղան, բայց արագ հասցրի բոլորի սերը նվաճել, դեր խաղաց նաեւ մասնագիտությունս. հաճախ էի նմանակում զորամասի սպայական կազմի անդամներին, ինչը թեթեւացնում էր զինվորական առօրյան:

-Իսկ ձեր դստրերի մասնագիտական ընտրության հարցում որեւէ դեր խաղացի՞ք:

-Ոչ, ոչ մեկն էլ դերասան չդարձավ, թեեւ երկուսի մասնագիտություններն էլ բեմի հետ կապ ունեն. ավարտել են կոնսերվատորիան, մեկը մասնագիտությամբ դաշնակահար է, մյուսը` խմբավար:

-«Արեմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դիմակահանդես» հեռուստասերիալում անմիջական շփում ունեք այսօրվա երիտասարդության ներկայացուցիչների հետ թե կերպարային առումով, թե իրական կյանքում: Ձեր խորհուրդը երիտասարդ սերնդին:

-Միշտ սովորեք, չի կարելի փոքրիկ հաջողութուններից միանգամից գլուխը կորցնել, մեծամտանալ, միշտ հիշեք, որ քանի ապրում եք` սովորում եք:

Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ





#50(865) 16.12.10

ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...



ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՍ ՍՏԱՑԱ ԿԱՐԻՆԻՆ ԳՐԿԻՍ ԵՎ ՏԱՐՈՆԻՆ ԿՐԾՔԻՍ ՏԱԿ ԿՐԵԼՈՎ»
«Սովորում էի Երեւանի համար 119 ֆրանսիական դպրոցում, քանի որ ծնողներս Ֆրանսիա
մեկնելու մտադրություն ունեին, սակայն հետո ծրագրերը փոխվեցին, եւ մենք Նյու Յորք մեկնեցինք: Սկզբում շատ բարդ էր, անգլերենին լավ չէի տիրապետում, սակայն լրացուցիչ դասերի շնորհիվ հաղթահարեցի դժվարությունները:
Մեկ տարի անց տեղափոխվեցինք Լոս Անջելես, ուր արդեն մեծ հայկական համայնք կար: Ընկերուհիներիս հետ դպրոցում «Հայկական ակումբ» հիմնեցինք: Պարբերաբար հայկական երգ ու պարի, ասմունքի երեկոներ էինք կազմակերպում: Այնքան մեծ էր ակումբի հեղինակությունը, որ մեր շուրջն էին համախմբվում անգամ օտարազգի երեխաները: Հետո տեղափոխվեցի ավագ դպրոց: Աչքի էի ընկնում բարձր առաջադիմությամբ, կարգապահությամբ, կազմակերպչական ջիղով, ակտիվությամբ եւ այս ամենի շնորհիվ դարձա դպրոցի փոխնախագահը: Եթե անհրաժեշտ էր լինում որեւէ կարեւոր առիթով ներկայացնել դպրոցը, ինձ էին ուղարկում: Դպրոցն ավարտեցի ոսկե մեդալով…»,- պատմում է «Օրրան» բարեգործական հիմադրամի հիմնադիր-տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

-Տիկին Արմինե, ընտրեցիք դիվանագետի մասնագիտությունը, ինչո՞ւ:

-ԱՄՆ-ում դիմորդն իրավունք ունի միանգամից մի քանի համալսարանների ընդունելությունների մասնակցել եւ արդյունքների ամփոփումից հետո անձամբ ընտրել` որ բուհում է ուզում սովորել: Ի թիվս մի շարք քոլեջ-համալսարանների, ուսուցչուհուս խորհրդով դիմեցի Օքսիդենթալ քոլեջ, որն ԱՄՆ-ի հեղինակավոր եւ բավական թանկ քոլեջ-համալսարաններից է: Մեր ԱՄՆ տեղափոխվելուց կարճ ժամանակ անց հայրիկս մահացավ, եւ ընտանիքի հոգսը մնաց մայրիկի ուսերին: Հասկանում էի, որ մայրս չէր կարողանա վճարել իմ ուսման համար, բայց ուզում էի լավ կրթություն ստանալ: Բարեբախտաբար, պարզվեց, որ դպրոցի իմ բարձր առաջադիմության շնորհիվ ուսման վարձը բավական զեղչվում է: Այսպես սկսեցի հաճախել Օքսիդենթալ քոլեջ-համալսարան, որի շրջանավարտներից է, ի դեպ, նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

-Ինչպիսի՞ն էր այնտեղի ուսանողական կյանքը:

-Առաջին իսկ օրից մի շարք խնդիրների բախվեցի: Նախ` այս քոլեջը համարվում էր էլիտար հաստատություն, եւ այնտեղ սովորում էին ԱՄՆ-ի հեղինակավոր ընտանիքների երեխաները: Կարելի է ասել` ընտրյալների խումբ էր հավաքվել: Պատկերացրեք, դպրոցում ես լավագույն աշակերտուհի էի համարվում` մշտապես շրջապատված ուշադրությամբ ու սիրով, իսկ այստեղ ինձնից լավերը կային, ինձնից խելացիները: Այդ իրավիճակին հարմարվելը սկզբում բարդ էր, բայց աստիճանաբար սովորեցի: Թեպետ քոլեջում բոլորը հարգի ընտանիքներից էին, սակայն մեզ խորթ ամերիկյան բարքերի այստեղ էլ կարելի էր հանդիպել: Դասերից հետո ուսանողներից ոմանք թմրանյութերով, հարբեցողությամբ,սանձարձակ հավաքույթներով էին տարված: Դա մի աշխարհ էր, որն այնքան խորթ էր ինձ համար…

-Տիկին Արմինե, համալսարանում հայ ուսանողներ շա՞տ կային:

-Ոչ, միայն մի քանի հոգի. ինձնից մեկ-երկու կուրս բարձր սովորում էին հայտնի բժիշկ Վարդգես Նաջարյանի որդիները` Արմեն եւ Արա Նաջարյանները: Ի դեպ, ուրախությամբ պետք է նշեմ, որ նրանցից Արան այսօր Գլենդելի քաղաքապետն է:

-Ձեզ բախտ վիճակվեց ուսումնական պրակտիկա անցնել Վաշինգտոնում, որտեղ կենտրոնացված է ԱՄՆ-ի քաղաքական կյանքը: Կարծում եմ` ապագա դիվանագետի համար սա հիանալի հնարավորություն էր:

-Անշուշտ: Մեր կրթական ծրագրի համաձայն` ես պետք է վեց ամիս աշխատեի եւ մասնագիտական փորձառություն ձեռք բերեի Վաշինգտոնում, այնուհետ վերդառնայի եւ ավարտական քննություններ հանձնեի Օքսիդենթալում: Որպես հյուր ուսանող մեկնեցի Վաշինգտոնի ամերիկյան համալսարան: Ազգությամբ հայ ընկերուհիս` Սյուզանը, ինձ հետ էր: Այստեղ էլ, ինչպես Օքսիդենթալում, հիմնեցինք «Հայկական ակումբ»: Որպես պրակտիկանտ աշխատում էի արաբ ժողովրդի շահերի պաշտպանությամբ զբաղվող լոբբիստական խմբում: Ներգրավվեցի «Jessup Moot Court Competition» իրավաբանական մրցույթի կազմակերպման աշխատանքներում: Ուրախ եմ, որ հիմա հայաստանյան համալսարանների ուսանողները պարբերաբար մասնակցում են այդ մրցույթին: Քանի որ, ինչպես նշեցիք, Վաշինգտոնն Ամերիկայի քաղաքական կյանքի զարկերակն է, ուսանողների շրջանում հաճախ էին կազմակերպվում քաղաքական քննարկումներ: Մի խոսքով, առօրյան բավական հագեցած էր ու բուռն…

-Վաշինգտոնում գտաք նաեւ Ձեր սերը:

-Մինչ Վաշինգտոն գնալը Րաֆֆիին մի քանի անգամ հասարակության մեջ հանդիպել էի, սակայն անձամբ չէի ճանաչում: Արդեն Վաշինգտոնում էի, երբ Լոս Անջելեսից ինձ հեռաձայնեց ընկերներիցս մեկն ու ասաց, որ անհանգստանում է ինձ համար, ուզում է, որ Վաշինգտոնում որեւէ հովանավոր ունենամ, ուստի հեռախոսահամարս փոխանցել է Րաֆֆիին, քանի որ նա շատ հարցերով կարող է ինձ օգտակար լինել: Նա մի թիվը սխալ էր ասել, ուստի իրավիճակը հարթելու համար խնդրեց, որ ինքս հեռաձայնեմ Րաֆֆիին: Սկզբում մերժեցի, բայց հետո զանգահարեցի: Ներկայացա: Նա լռեց, հետո ասաց` երեկ դու գեղեցիկ գուլպաներ էիր հագել: Բանն այն է, որ նախորդ օրը Վաշինգտոնի հայկական եկեղեցու բակում շուրջպար էր կազմակերպվել, որին ես էլ էի մասնակցել եւ բավական գեղեցիկ, ժանեկազարդ, սպիտակ կարճ գուլպաներ էի հագել: Րաֆֆին ինձ տեսել էր, բայց ես նրան չէի նկատել:

՞նչ ընթացք ունեցավ ճակատագրական հեռախոսազանգը:

-Րաֆֆին եղբոր հետ Արեւմտյան Հայաստան շրջագայության ընթացքում արված լուսանկարների շուրջը դասախոսություններ էր կարդում, ինձ էլ հրավիրեց: Հիշում եմ`մասնակցեցի Վիրջինիա նահանգի հայկական եկեղեցու մի հավաքի: Րաֆֆին` օրվա բանախոսը, սկսեց եկեղեցու սրահում հավաքված մարդկանց ցույց տալ այդ նկարները ու մեծ ոգեւորությամբ պատմել մեր պատմական հայրենիքի մասին: Այդ պահին նա այնքան վեհ էր, այնքան ուժեղ, տպավորիչ... Հետո ավելի մտերմացանք: Մի անգամ Արեւմտյան Հայաստանի քաղաքների անուններով Րաֆֆիի հետ բառախաղ էինք խաղում. մի անուն ես էի ասում, մյուսը` Րաֆֆին. Կարին, Տարոն, Վան, Անի, Սասուն, Մուշ... Հենց այդ ժամանակ որոշեցինք 14 զավակ ունենալ եւ նրանց այդ անուններով կոչել: Հիմա 5 զավակ ունենք, հինգն էլ մեր պատմական հայրենիքի քաղաքների անուններն են կրում, իսկ աղջիկս հայոց հնամենի ոստան Շուշի քաղաքի անունն է կրում:

-Իսկ ինչո՞ւ փոխեցիք մասնագիտությունը:

-Հասկացա, որ շուտով ընտանիք պետք է ունենամ, եւ ինձ կայունություն է անհրաժեշտ£ Դիվանագետի մասնագիտությամբ ես ստիպված կլինեի միշտ ճամփորդել, իսկ դրանից ընտանիքս կարող էր տուժել: Օքսիդենթալն ավարտելուց հետո ընդունվեցի UCLA Law School իրավաբանական դպրոց: Իրավաբանի վկայականս ստացա արդեն ավագ որդուս` Կարինին գրկիս, իսկ Տարոնին կրծքիս տակ կրելով: Այսպես ավարտվեց իմ ուսանողական կյանքը…



-Տիկին Արմինե, Դուք ԱՄՆ-ում երկար տարիներ աշխատեցիք Ձեր մասնագիտությամբ: Միացյալ Նահանգներում հե՞շտ է մասնագիտական առումով կայանալը:

-Ամենեւին, այնտեղ միայն վկայականով քեզ երբեք իրավաբան չեն համարի, դու պետք է մասնագիտական լիցենզիա ունենաս: Իսկ դրա համար հատուկ` բավական բարդ քննություն են հանձնում: Հիշում եմ` հանձնել էի քննությունը եւ դեռ պատասխանը չգիտեի: Րաֆֆիի հետ եղբոր նշանադրությանն էինք մասնակցում: Ամուսինս բաժակ բարձրացրեց, որ շնորհավորի նորապսակներին, եւ ասաց. «Մեր ընտանիքում երկու իրավաբան ունեինք` ես եւ եղբայրս, այսօր կինս եւս իրավաբան դարձավ»: Ուրախությունից տեղս չէի գտնում: Ավելի քան 10 տարի որպես իրավաբան չեմ աշխատում, բայց մասնագիտական կրթությունս ինձ օգնում է կյանքի յուրաքանչյուր բնագավառում: Կարծում եմ` իրավաբանն ամենից առաջ այն մարդն է, որ պետք է օգնի մարդկանց եւ պաշտպանի արդարությունը: Փոքր-ինչ այլ կերպ, բայց փորձում եմ կատարել մասնագիտական առաքելությունս:

Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

15 дек. 2010 г.

#49 (864)09.12.10

ԵՐԲ ԵՍ ՈԻՍԱՆՈՂ ԷԻ...

ԱՐՄԻՆԵ ԿՈՆԴԱԿՋՅԱՆ. «ՍԻՐՈՒՄ ԷԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՇՈՊԵՆԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ՔԻՄԻԱ ՊԱՐԱՊԵԼ»

«Նախնիներս արմատներով Ջուղայից են: Մեր տոհմածառի ուսումնասիրությունն ինձ

տանում է մինչեւ Շահ Աբասի ժամանակներ` հայերի տեղահանություններն ու բռնագաղթը: Ենթադրում եմ, որ նախնիներս էլ հազարավոր հայ գաղթականների շարքերում են եղել եւ այդպես հայտնվել են Իրանում: Իրանի հայկական համայնքը բավական ավանդապաշտ էր: Հիշում եմ` դպրոցի մեր տեսուչը շատ խիստ կին էր: Ամեն օր կանգնում էր մուտքի մոտ եւ մեկ առ մեկ ստուգում մեր հագուկապը: Եթե որեւէ մեկի հագին զուգագուլպա կամ գլխին գունավոր բանտ նկատեր, հարդարված հոնքեր ու մազեր, «օրինազանցն» իսկույն ոտքին ճիպոտի հարված էր ստանում: Ավարտական երեկո, դիսկոտեկներ, տղաների հետ զբոսանքներ…, նման բաները խստիվ արգելված էին: Իբրեւ ավարտական երեկո, կազամակերպվում էին սովորական «փիքնիքներ». ուսուցիչների հետ քաղաքից դուրս մի որեւէ գեղեցիկ վայր էինք գնում, «ուրախ» ժամանակ անցկացնում, վերադառնում տուն ու վերջ…»,- իրանահայ գաղութում անցկացրած իր մանկության տարիներն է հիշում մեր խորագրի հերթական հյուրը` ԱՄՆ-ի «Հայ կրթական հիմնարկություն» բարեգործական կազմակերպության անդամ տիկին Արմինե Կոնդակջյանը: Տիկին Արմինեի եւ նրա ամուսնու անձնական միջոցներով Հայաստանում վերանորոգվել են չորս դպրոց եւ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը: Այս տարի Երեւանում լույս տեսավ նրա «Հայրենադարձների բռնաճնշումները ստալինյան ժամանակաշրջանում» գիրքը:

-Ինչո՞ւ որոշեցիք կրթություն ստանալ Միացյալ Նահանգներում եւ ոչ Հայաստանում:

-Ավագ քույրս դպրոցն ավարտելուն պես մեկնեց Նահանգներ` ուսում ստանալու, հետո այնտեղ էլ ամուսնացավ, ընտանիք կազմեց, եւ երբ ես ավարտեցի դպրոցը, ծնողներիս առաջարկեց ինձ էլ Ամերիկա ուղարկել: Իսկ ես իրավունք չունեի իմ կարծիքն արտահայտելու, հակառակվելու. ծնողներս եւ ավագ քույրս այդպես էին որոշել: Մեկնեցի ԱՄՆ, ընդունվեցի Վիրջինիայի համալսարանին կից «Մերի Վաշինգթոնի» կոչվող քոլեջը, որտեղ առաջին երկու տարին ընդհանուր գիտելիքներ էինք ստանում եւ միայն վերջին երկու տարում մասնակցում էինք մասնագիտական ուղղվածությամբ դասընթացների. ես ընտրեցի քիմիան: Ինձ համար զարմանալի էր, որ քոլեջում ամեն ինչ մեկանգամյա օգտագործման համար էր նախատեսված, շատ պաստառներ կային, պատերին` քարտեզներ, գունազարդ գրքեր, փորձանոթներ, մի խոսքով, լավ կրթություն ստանալու համար պայմանները բավարար էին, ինչը չէիր ասի Թեհրանի մասին: Հիշում եմ` դպրոցում կենսաբանության դասի համար անգամ թեմատիկ պաստառները ինքս էի պատրաստում, գունազարդում…

-Ինչպե՞ս էր անցնում ուսանողական կյանքը ԱՄՆ-ում:

-Քոլեջում հայտնվելու առաջին օրերն ինձ համար իսկական մղձավանջի վերածվեցին: Ուսանողներն ու դասախոսները զարմացած հայացքով մտնում էին լսարան` տեսնելու, թե ով է Իրանից ժամանած այդ տարօրինակ անուն-ազգանունով էակը: Այնպես էին ինձ վերաբերվում, կարծես օտար մոլորակից լինեի: Աստիճանաբար հասկացան, որ իրենց նման սովորական մարդ եմ: Իր հերթին, ինձ համար էլ չափազանց արտասովոր էր ամերիկյան կենցաղը: Ես, որ այդքան փակ միջավայրում էի մեծացել, ապշում էի, թե ինչպես էին միմյանց հետ շփվում տղաներն ու աղջիկները: Ես ապրում էի հանրակացարանում եւ սենյակս կիսում էի մի ամերկուհու հետ: Վերջինս կարող էր որեւէ երիտասարդի հետ զբոսնելու գնալ եւ միայն կեսգիշերին վերադառնալ: Մինչդեռ ես սենյակում փակված կամ ռադիո էի լսում, կամ դասերս էի սովորում, կամ էլ արդեն վաղուց քնած էի: Իսկ ցերեկները հիմնականում գրադարանում էի անցկացնում: Մեր քոլեջին կից հսկայական գրադարան կար, շատ էի սիրում գրադարանի անձնասենյակներում դասական երաժշտության ուղեկցությամբ պարապել: Անգամ մինչ այսօր, երբ որեւէ քիմիական բանաձեւ եմ տեսնում, միանգամից հիշում եմ, թե դա, ասենք, Շոպենի որ ստեղծագործության ներքո եմ սովորել:

՞նչը Ձեզ կապեց հայրենիքին:

-1950 թվականից ի վեր Միացյալ Նահանգներում գործում է «Հայ կրթական հիմնարկություն» բարեգործական կազմակերպությունը: 1994-ից ես եւ ամուսինս դարձանք այդ կազմակերպության անդամ եւ այդպես կապվեցինք հայրենիքին, հաղորդակից դարձանք նրա հոգսերին ու կարիքներին: Կազմավորման առաջին տարիներին «Հայ կրթական հիմնարկության» բուն գործը ամերիկահայ դպրոցներին դրամական օգնություն ցուցաբերելն էր, իսկ Հայաստանի անկախացումից հետո մեծ աշխատանքներ են տարվում նաեւ Հայաստանում, մասնավորապես սահմանամերձ բնակավայրերի եւ աղետի գոտու դպրոցներում, Արցախում եւ Ջավախքում: Ներկայում կազմակերպության միջոցներով վերանորոգվել եւ կառուցվել է 170 դպրոց:

-Ապրում եւ աշխատում եք եւ Հայաստանում, եւ ԱՄՆ-ում, ի՞նչն է, որ Ձեզ այսօր առավելապես մտահոգում է մեր հայրենիքում:

-Ես շատ մտահոգված եմ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու մեր կառավարության որոշումով: Դրա դեմ լրջորեն պայքարում ու դիմադրում է սփյուռքը: Հայաստանում այսօր քաղքենի մի շերտ կա, որ ուզում է ռուսական, անգլիական դպրոցներ բացել, որպեսզի իրենց երեխաները օտար կրթություն ստանան ու իրենց նման կիսատ-պռատ հայ մեծանան: Հուսամ` այդ գաղափարը չի իրականացվի:

-Վերջերս հայաստանյան եւ սփյուռքի մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան ձեր «Հայրենադարձների բռնաճնշումները ստալինյան ժամանակաշրջանում՚ գրքի մասին£ Ի՞նչը դրդեց անդրադառնալ այս թեմային:

-Այս գրքի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ իմացա, որ 1949-ին խորհրդային Հայաստանում հազարավոր մարդիկ են ձերբակալվել ու բանտարկվել եւ որ նրանցից շատերը հայրենադարձներ էին: Հասկացա, որ շատ քիչ բան գիտեմ ազգիս պատմության այդ էջերից, ցանկացա բոլոր մանրամասներն իմանալ: Արխիվներում 22 հազար բռնադատված հայրենադարձների գործեր կան, որոնցից ուսումնասիրել ու ներկայացրել եմ ընդամենը 1700-ը: Գրքի մեջ ներկայացված են վերապրողների նամակները, դիմումները, բողոքները: Մի մարդու, օրինակ, ձերբակալել են միայն այն բանի համար, որ նա որդուն Սասուն էր կոչել: ԿԳԲ-ն վճիռ էր կայացրել, որ եթե նորածինը Սասուն է, ուրեմն հայրն իր որդուն Սասունի ազատագրմանն է նախապատրաստում: Կամ` մարդը կարող էր մեխանիկ լինել եւ նրան աքսորեին` մեղադրելով, որ նա գերմանական տեխնոլոգիաների ջատագով է: Եվ մի մոռացեք, որ հայրենադարձների շարքերում փայլուն մասնագետներ, գիտնականներ կային, որոնք շատ բանով կարող էին օգտակար լինել Հայաստանին, եւ նրանց աշխատանք տալու փոխարեն Սիբիր քշեցին` հանքերում աշխատելու:

Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ