10 янв. 2011 г.

#50 (865) 16.12.10

ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ


ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԴՐԱՄԱՊԱՆԱԿԸ` ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Կուրսայիններ, ռեֆերատներ, թարգմանություններ տարբեր լեզուներով, տեքստերի հավաքում, արտագրություն»: Նմանատիպ հայտարարությունների կարող ենք հանդիպել գրեթե ամեն ուսումնական հաստատության մոտակայքում: Այս ծառայությունները կոչված են թեթեւացնելու ուսանողի գործը: Բավական է ունենալ ուսանողական դրամապանակից ավելի փքված դրամապանակ, եւ բուհական առաջադրանքները կատարելու մասին կմտածեն այն գրասենյակները, որոնք զբաղվում են վերը թվարկված ծառայությունները մատուցելով: Այս սկզբունքով առաջնորդվելով է «սովորում» ուսանողության զգալի մասը. հայտնում է գրավոր
աշխատանքի թեման, վճարում պահանջվող գումարն ու հանգիստ խղճով
սպասում, մինչեւ իր աշխատանքը պատրաստ
կլինի: Առաջադրանքը կատարվում է, ուսանողը գնահատվում է, բայց թե իրականում ով է վաստակում այդ գնահատականը` դժվար է ասել: Անհատ ձեռներեց Թամարա Ավանեսյանը, որ այդպիսի գրասենյակ ունի, նշում է, որ պատվերներ ստանում են ուսումնական տարբեր հաստատությունների ուսանողներից. «Մեզ հիմնականում դիմում են հոգեբանության, իրավաբանության, մաթեմատիկայի, տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները կուրսային աշխատանքներ, զեկուցումներ գրելու համար: Մեկ անգամ նույնիսկ մագիստրական թեզ գրելու պատվեր ենք ստացել: Դիմում են նաեւ աշակերտներ, հիմնականում շարադրություններ գրելու համար»,- ասում է տիկին Թամարան: Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոսներից մեկը չի թաքցնում վրդովմունքը. «Ախր էլ ինչպե՞ս են այդ երիտասարդները ուսանող կոչվում: Քիչ չէ անհատական աշխատանքներն իրենց ձեռագրով չեն գրում, դեռ իրենց գրավորներից էլ ընդհանրապես տեղյակ չեն: Դա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն տվյալ դասախոսի ու առարկայի նկատմամբ, այլեւ իրենց իսկ հանդեպ. եւ վարձավճար են վճարում, եւ այդքան գումար են վատնում իրենց առաջադրանքները, հանձնարարությունները գրել տալու համար: Բա մարդ գոնե մի անգամ իր գրավոր աշխատանքը չկարդա՞, չտեսնի՞ իր բացթողումներն ու թերությունները»: Ուսանողների շրջանում մեր կատարած փոքրիկ հարցման ընթացքում պարզեցինք, որ ամեն տասը ուսանողից վեցը գոնե մի անգամ օգտվել է նման ծառայությունից. «Եթե ժամանակ չի լինում կամ էլ գրելու տրամադրություն, դիմում ենք նմանատիպ ծառայությունների օգնությանը»,- խոստովանեց մեկը: Զարմանալի է` եթե ոչ իրենց առաջադրանքները կատարելու, ապա ինչի՞ համար են ծախսում ուսանողներն իրենց «թանկագին» ժամանակը…
ՎՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
2-րդ կուրս

Комментариев нет:

Отправить комментарий