25 нояб. 2010 г.

N46(861) 18.11.10





ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...

ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ. «ԱՄԵՆԻՑ ԿԱՐԵՎՈՐԸ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ»
«Ես մեծացել եմ երաժշտական միջավայրում: Հայրս շեփորահար Ցոլակ Վարդազարյանն էր, որ Արտեմի Այվազյանի հետ հիմնադրել է Հայաստանի պետական ջազային նվագախումբը:
Նրա ընկերները հաճախ էին լինում մեր տանը: Ես լսում էի երաժշտությունը, ասում, թե ինչ գործիքներ են հնչում, թեպետ տառերը չգիտեի, բայց ճանաչում էի բոլոր ձայնասկավառակները, արագ-արագ դասավորում էի, միացնում պատեֆոնը... Իմ այդ սերը երաժշտության հանդեպ ոգեւորում էր հորս ընկերներին: Ցավոք, հայրս շուտ մահացավ: Հետագայում մայրս ամուսնացավ Կոմիտասի անվան քառյակի առաջին ջութակահար Ավետ Գաբրիելյանի հետ, ու... կրկին նույն երաժշտական միջավայրը»,- պատմում է կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանը:
-1956-ին առաջին անգամ ընդունվեցի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրի բաժին (Գեորգի Սարաջեւի դասարան): Ուսանողական կյանքը` գիտական, հասարակական, շատ աշխույժ էր ու հետաքրքիր: Պարբերաբար կազմակերպվում էին հանդիպումներ տարբեր բուհերի ուսանողների հետ, մարզական, մշակութային միջոցառումներ: Ի դեպ, կոնսերվատորիայում մենք լավ մարզիկներ ունեինք. կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանը, կլառնետահար Հովհաննես Մուրադյանը, որ հետագայում դարձավ հանրային ռադիոյի երաժշտական հաղորդումների խմբագիր, հիանալի սեղանի թենիս էին խաղում: Տիկինս, որ նույնպես մեր կուրսից էր, երկրորդ տեղը գրավեց սեղանի թենիսի ուսանողական մրցումների ժամանակ: Առաջին անգամ ուսանողական տարիներին նման միջոցառումների շրջանակում գնացի Արցախ: Չգիտեմ` այսօրվա ուսանողությունն է±լ է այդպես ապրում: Այդ շփումներն օգտակար ու կարեւոր են մարդու դաստիարակության համար: Ասենք, հանդիպում էինք գյուղինստիտուտի ուսանողների հետ, մենք նրանց համար նվագում էինք, նրանք մեզ համար դասախոսություններ էին կարդում իրենց մասնագիտական ոլորտից: Գիտելիքի փոխանակումից բացի ճանաչում էինք միմյանց, հարգանքով լցվում մեկս մյուսի մասնագիտության հանդեպ:

-Մաեստրո, գիտեմ, որ այն տարիներին կազմակերպվում էին ուսանողական շինջոկատներ: Ի±նչ կարեւորություն ունեին դրանք ուսանողի համար:

-Բերքահավաքին մասնակցելը մեզ համար մեծ ուրախություն էր, գեղեցիկ ավանդույթ: Դժվար է ասել` մե±նք էինք գյուղացուն ավելի շատ օգուտ տալիս, թե± գյուղացին` մեզ, քանի որ այգեկութի ավարտին մեզ մեծ պաշարով տուն էին ճանապարհում: Դա էլ անհրաժեշտ շփում էր. աշխատել էինք սովորում, հաղորդակից էինք դառնում գյուղացու հոգսերին, ծանոթանում նրա ապրելակերպին, քաղաք-գյուղ կապ էր ստեղծվում: Բայց ամենից կարեւորը ինչ-որ մի գործի օգտակար լինելու զգացողությունն էր: Հասկանում էիր, թե սեղանիդ բերքն ու բարիքը ինչպես են հասել քեզ, եւ կարողանում էիր գնահատել մարդուն, նրա աշխատանքը:
Մեր շինջոկատները տանում էին մինչեւ անգամ Կրոսնոյարսկ, Սիբիր: Սիբիրում շատ անսովոր էր, ցուրտ, օդը` սուր: Առաջին օրերին, երբ կացարանից դուրս էինք գալիս եւ շնչում, ասես մի խուրձ ասեղ կուլ տայինք: Հետո վարժվեցինք, սովորեցինք մաքուր սպիրտ խմել, ու ամեն ինչ տեղն ընկավ:

«Երեւան» նախագծի նվագախումբը

-Այն տարիներին ազատ խոսելը, համարձակ կարծիք հայտնելը փոքր-ինչ դժվար էր: Միակ ելքը KBH-ներ կազմակերպելն էր: Դուք ինչպե±ս էիք ձեր ասելիքը տեղ հասցնում:

-Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ լույս էր ընծայվում պատի թերթ, որտեղ խոսում էինք մեզ հուզող խնդիրների մասին: Խորագիր ունեինք` «Վերծանողական բառարան». բառը հումորով բացատրելով` բարձրաձայնում էինք մեր խնդիրների մասին: Օրինակ` մեր ռեկտոր Գրիգոր Եղիազարյանն արգելում էր ուսանողներին գլխարկով կոնսերվատորիա մտնել, բայց ինքը մշտապես բերետ էր դնում: «Վերծանողական բառարանում» գրեցինք. «բերետ» - համարվում է գլխարկ, որը, սակայն, կոնսերվատորիա մտնելիս պարտադիր չէ հանել: Նա ընդունեց մեր կատակն ու այլեւս շենքի ներսում բերետ չէր դնում:

-Էլ ինչո±վ էր առնձնահատուկ ձեր տարիների ուսանողական կյանքը:

-Բուհերում զանազան խմբակներ կային` ասմունքի, դերասանական: Շատ բուհեր ունեին իրենց նվագախումբը, երգչախումբը: Պատկերացրեք, թե ի¯նչ էր կատարվում միջոցառումների ժամանակ: Հիշում եմ` հերթական նոյեմբերի 7-ի շքերթի ժամանակ որոշվել էր, որ բոլոր բուհերը հրապարակ դուրս գան իրենց փողային նվագախմբերով: Կոնսերվատորիան, որ միակ երաժշտական բուհն էր, զարմանալիորեն փողային նվագախումբ չուներ: Բայց դե բոլորը նվագել գիտեն, որոշեցինք արագ խումբ հավաքել: Պարզվեց, որ մեծ թմբուհակահար չունենք: Ճար չկար, առաջարկեցի իմ թեկնածությունը, համաձայնեցին: Նախկինում կոնսերվատորիան գտնվում էր այսօրվա Մաշտոցի պողոտայի վրա` «Պոնչիկանոցի» դիմաց: Ինձնից գոհ, այդ մեծ թմբուկը շալակած, ժամանակ առ ժամանակ հարվածելով նվագախմբի հետ քայլեցի մինչեւ հրապարակ:

-Ինչպիսի±ն էին ուսանող-դասախոս հարաբերությունները:

-Կարծում եմ` դասախոսն ու ուսանողը պետք է կարողանան ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ լսարանում ասես հանդիպել են ավագ եւ կրտսեր կոլեգաները: Համենայն դեպս, իմ լավագույն ուսուցիչ Էդվարդ Միրզոյանն այդպես էր վարվում: Զարմանալի մարդ է. սուր մտքի, վառ երեւակայության տեր եւ այնքա¯ն խորը: Մինչեւ օրս էլ եթե խորհրդի կարիք եմ ունենում` դիմում եմ նրան:


±րբ կատարեցիք ձեր առաջին լուրջ փորձերը երաժշտության բնագավառում:

-Երբ երկրորդ անգամ Էդվարդ Միրզոյանի խորհրդով ընդունվեցի կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին: Արդեն երրորդ կուրսի ուսանող էի, երբ հարվածային գործիքահար Ռոբերտ Յոլչյանի խնդրանքով, Կոնստանտին Օրբելյանն առաջարկեց երաժշտություն գրել: Ծնվեց «Ամպրոպ խաղաղ երկնքում» ջազային ստեղծագործությունը: Իսկ երբ հինգերորդ կուրսում էի, Խորեն Աբրահամյանը եկավ մեր տուն, ասաց, որ Ֆրունզիկի` Մհեր Մկրտչյանի հետ մի ներկայացում են բեմադրում` «Լուսամուտ», եւ ես պետք է երաժշտություն գրեմ: Փորձեցի հրաժարվել` թե դա լուրջ բան է: Նայեց դեմքիս, համոզված ասաց` կարաս, կարաս: Այդպես մուտք գործեցի թատրոն:
Նախկինում թատերական ինստիտուտի ուսանողին ավարտական աշխատանքը ներկայացնելու համար հատկացնում էին կինոստուդիա, ժապավեն, աշխատակազմ, տեխնիկա, ամեն բան, անգամ անձնական կոմպոզիտոր: Այդպես ես իմ մեկ այլ ուսուցչի` Էդվարդ Բաղդասարյանի առաջարկով (նա «Տժվժիկ», «Եռանկյունի», «Ոսկե ցլիկ» եւ այլ սիրված ֆիլմերի երաժշտության հեղինակն է) դարձա այն ժամանակ ուսանող Էռնեստ Մարտիրոսյանի «Մարդ լինելու տաղանդը» ֆիլմի երաժշտության հեղինակը: Հաջորդեցին «Բարեւ, ես եմ», «Երկունք», «Սարոյան եղբայրներ», «Մենավոր ընկուզենի»,«Վերջին նետում» ֆիլմերը... Համագործակցում էի նաեւ Ռուսական դրամատիկական թատրոնի հետ, երաժշտություն էի գրում մուլտֆիլմերի համար: Ի դեպ, դա ավելի բարդ է, քան ֆիլմերի համար գրելը:

Ընտանիքի հետ

-Մաեստրո, ինձ շատ դուր եկավ, որ ժամանակին բուհերն ունեին իրենց երգչախմբերն ու նվագախմբերը: Հիմա ինչո±ւ այսպես կտրուկ նվազեց այդ կուլտուրան:

-Ոչ միայն բուհերում, այլեւ հիմնարկություններում կային երգչախմբեր ու նվագախմբեր: Պատճառներից մեկն այն է, որ համապատասխան մասնագետներ կային: Դիրիժորը, խմբավարը իր մասնագիտությունն ընտրելիս համոզված էր, որ ավարտելով` աշխատանք կունենա: Պակասում է պետական շահագրգռվածությունը: Հավատացեք, եթե ամեն մեկս պատասխանատվությամբ վերաբերվենք մեր գործին, շատ բան իր տեղը կընկնի: Հովհաննես Չեքիջյանը Երեւանի պետական համալսարանում հիմնեց եւ ղեկավարում էր ուսանողական երգչախումբը, որ ճանաչված էր ամբողջ Խորհրդային Միությունում: Նվագախմբային, երգչախմբային կուլտուրա ձեւավորելու համար նախ հոգեբանություն պետք է ձեւավորել: Մարտիրոս Սարյանի արձանի տեղն իմանալը քիչ է, պետք է արվեստագետին իր գործերով ճանաչեն: Տարիներ առաջ մենք Ռեմարկի գրքերը ձեռք բերելու համար օրերով հերթի էինք սպասում: Հիմա համակարգչային մի կոճակի հպումով կարելի է ուզածդ գիրքը գտնել, մինչդեռ այսօրվա ջահելությունը կարդում է միայն այն, ինչն այս պահին իրեն պետք է: Պետք է կարողանանք օգտվել նոր տեխնոլոգիաների ընձեռած առավելություններից: Չբավարարվենք անհրաժեշտով, չսահմանափակենք մեզ: Բա ո±ւր մնաց երեւակայություն զարգացնելը, որը նկարագրությունների, հուզականության, գույների, հեղինակի անհատական ձեռագրի միջոցով, նրա լեզվի նրբերանգների մեջ է արթնանում: Դրանք կուտակումներ են, որ անհրաժեշտ են գոնե գեղեցիկ մտքեր արտահայտելու համար:

Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Комментариев нет:

Отправить комментарий