
«Բարեբախտաբար, հետերկրաշարժյա Գյումրիի մշակութային կյանքը, շինարարության նման,

մղումն էլ նրանցից շատերին բերեց-հանգեցրեց քաղաքի պատկերասրահի հին շենքը վերականգնելու գաղափարին: Էլ չսպասեցին վերեւից ինչ-որ օգնության. իրենց սեփական ուժերով վերակառուցեցին եւ ճաշակով ձեւավորեցին շենքի մի հատվածը`
այն վերածելով մշտական գործող ցուցասրահի…»:
2004-ին լույս տեսավ երեւանաբնակ գյումրեցի Լեւոն Լաճիկյանի «Անլույս օրերի ոգեղեն ղողանջները» ժողովածուն, որն ամփոփում էր 1992-94թթ. «Ազգ» օրաթերթում հեղինակի հրատարակած հոդվածները, որոնք արտացոլում են այդ ժամանակի մշակութային «կյանքը»: Երկրաշարժ, պատերազմ, սով ու ցուրտ, բայց այդ տարիներին գտնվեցին արվեստագետներ, ովքեր կարողացան անգամ դաժան պայմաններում ստեղծագործել: Այդ օրերին ծնված արվեստի ցանկացած գործ հույս էր` գեղեցիկի վերածննդի ու կյանքի շարունակության հույս: Ես որոշեցի գրել այդ մարդկանց մասին. ուզում էի, որ խավարի մեջ կայծկլտացող պեծերը կրակ դառնան,- հիշում է Լեւոն Լաճիկյանը:- 1988-ի երկրաշարժը հիմնովին ավիրեց մեր տունը: Մեր ամբողջ ունեցվածքից հուշ մնաց «Շնիկով տիկինը»: Հայրս սիրում էր նկարել, նրա հարուստ թղթապանակից պահպանվեց այդ միակ նկարը, որը մինչ այսօր կախված է Գյումրու մեր տնակում: Եղբայրս` Սամվելը, իր ընտանիքով տեղափոխվեց Միացյալ Նահանգներ: Նա արվեստասերների շրջանում մեծ հարգանք վայելող նկարիչ է: Երեւի ես էլ եմ նկարիչ: Ես ինձ նկարիչ համարում եմ: Գիտեք, պարտադիր չէ, որ մարդը վրձինը ձեռքին նկարի, որ նրան նկարիչ կոչեն: Ինձ համար Ակսել Բակունցը նկարիչ է, որովհետեւ հազիվ թե գտնվի մի նկարիչ, որ կարողանա թուղթ ու գույնով այնքան ցայտուն ներկայացնել Մթնաձորը, որքան Բակունցը` բառերով…Դու կարող ես կոշկակար լինել, բայց եթե հոգուդ խորքում գեղագետն է ապրում, քո գործի հանդեպ անտարբեր չես լինի»:
Երկրաշարժից ավերված պատկերասրահը վերակառուցելու համար ոտքի ելած վարպետների նման Լեւոն Լաճիկյանը ձեռնամուխ եղավ կործանված Գյումրու ցավով ներկված իր ներաշխարհը վերակերտելու գործին: Երկար տարիներ նա դասավանդել է մայր բուհում եւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Նրա գիտական հոդվածներն ու ուսումնասիրությունները տպագրվել են Հայաստանի եւ արտերկրի հայագիտական հանդեսներում` «Բազմավէպ», «Հանդէս ամսօրեայ», «Բանբեր Երեւանի համալսարանի»... Լրագրողական առաջին քայլերն արել է «Երեւանի համալսարան» եւ «Ավանգարդ» թերթերում: Վավերագրական վեց ֆիլմերի սցենարների հեղինակ է, որոնցից մեկը 2004թ. մոսկովյան միջազգային կինոփառատոնում արժանացավ դիպլոմի: Հայաստանի նկարիչների միության անդամ է: Օրերս էլ Երեւանի Նարեկացի արվեստի միության դահլիճում բացվեց Լեւոն Լաճիկյանի գծանկարների ցուցահանդեսը` նվիրված նրա ստեղծագործական կյանքի 30-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսը կոչվում էր «Խաչվող ճանապարհներ»: Ի դեպ, նույն վերնագրով 2006-ին լույս տեսավ Լեւոն Լաճիկյանի ուղեգրությունների ժողովածուն, որտեղ հարուստ նյութը լրացնում էին հեղինակի ինքնատիպ գծանկարները:
«Նկարել եմ դեռ մանկուց: Ինձ համար նկարչի չափանիշներ են Վարդգես Սուրենյանցը, Հակոբ Հակոբյանը, եղբայրս` Սամվել Լաճիրկյանը: Նրանց կողքին մատիտ վերցնելն ու նկարելը ինձ համար, թերեւս, մի փոքր համարձակ քայլ էր: Բայց ես համարձակվեցի ներկայանալ իբրեւ նկարիչ: Մի առիթով Հակոբ Հակոբյանին ցույց տվեցի գծանկարներիցս մի քանիսը, հավանեց, ոգեւորեց: Երբ հավաքվեց մի ամբողջ թղթապանակ, որոշեցի ցուցադրել Գորիսում: Այցելուն էլ հավանեց, սիրեց, ու որոշեցի Երեւանում եւս ցուցադրություն կազմակերպել: Հաջորդ կանգառը Գյումրին էր: Գյումրեցիները չափազանց անկեղծ են, վտանգավորության հասնող անկեղծ. կա'մ կընդունեն, կա'մ ոչ,- պատմում է Լեւոն Լաճիկյանը:- Ինձ հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ մարդ չեմ նկարում: Իսկ մի՞թե մարդուն ավելի լավ չի բնորոշում նրա ստեղծածը:
Իմ աշխատանքներում ես արտացոլում եմ այն հուշարձանները, որ մարդն է կերտել: Իմ նկարներում շինությունները չափազանց մարդեղեն են, դրանք դիմագիծ, դիմախաղ, բնավորություն, խառնվածք ունեն»:
Լեւոն Լաճիկյանը ցավով է խոսում կործանվող ճարտարապետական հուշարձանների մասին. «Ինձ համար քաղաքային միջավայր կա միայն Գյումրիում ու Գորիսում: Ցավոք, Երեւանից օր օրի անհետանում է քաղաքային միջավայրը, միայն դրվագներ են մնում Ռուբեն Հախվերդյանի երգերում»,- անկեղծանում է գեղագետը:
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Комментариев нет:
Отправить комментарий