
Հայաստանի պետական էստրադային նվագախմբի կազմավորման առաջին տարիներին

Երվանդ Երզնկյան, Վիլլի Վեյներ, Աշոտ Ղազարյան, Զառա Երզնկյան, Եղիշե Պետրոսյան, Նադեժդա Սարգսյան, Ռուբեն Հախվերդյան, Արմեն Սմբատյան, Զավեն Սարգսյան, Արամո, Աշոտ Հախեյան, Սյուզան Մարգարյան, Ջեք Ֆուկո, Զառա Տոնիկյան, Ռուբեն Արեվշատյան, Էմմա Պետրոսյան, կենտրոնում` Շառլ Ազնավուրը
-Հորեղբայրներս նվագում էին «Արագած» ջազային նվագախմբում: Դեռ 5-րդ դասարանից նրանց հետ համերգների էի մասնակցում: Մայրս մանկապարտեզում էր աշխատում, եւ ես դպրոցն ավարտելուց հետո սկսեցի նրա հետ նույն մանկապարտեզում աշխատել որպես երաժշտության ուսուցչուհի: Այն ժամանակ ես չէի էլ մտածում, որ կյանքս առհավետ երեխաների հետ է կապվելու. սկզբում` «Դո, ռե, մի»-ն, հիմա էլ` քոլեջը: Թեպետ աշխատում էի, բայց պետք է ուսում ստանայի: Տանը դեմ էին, որ երգչուհի դառնամ: Առաջին արգելողները, զարմանալիորեն, հենց հորեղբայրներս էին: Նրանք համարում էին, որ դա կնոջ համար լավագույն մասնագիտությունը չէ: Ես էլ ընդունվեցի «Հայֆիլմին» կից ստուդիայի դերասանական բաժին: 17 տարեկան էի: Այդ ժամանակ էլ հանդիպեցի ամուսնուս` Դավիթին: Նա, ի տարբերություն ծնողներիս, համարում էր, որ երգչուհի դառնալու իմ որոշումն, այնուամենայնիվ, ճիշտ է: Մինչեւ այսօր էլ կողքիս է ոչ միայն որպես ամուսին, այլ նաեւ որպես լավագույն ընկեր` իր խորհուրդներով, աջակցությամբ:
-Բայց «Summertime»-ը ճակատագրական եղավ, եւ դուք չավարտեցիք ստուդիան…
-Այնտեղ արդեն լուրջ հաջողությունների էի հասել: Ֆիլմերում նկարահանվում էի էպիզոդիկ դերերում, կրկնօրինակումներ էի անում: Հատկապես ոգեւորվել էի, որ կրկնօրինակել եմ իմ սիրելի դերասանուհուն` Մարինա Նեյոլովային: Իսկ «Նորին գերազանցության համհարզը» ֆիլմում ինձ վստահեցին 11-ամյա տղայի կրկնօրինակումը: Ցավոք, չավարտեցի կինոստուդիան: Գուցե ճակատագրի կամքն էր, չգիտեմ: Խ.Աբովյանի անվան դպրոցում «Ուսանողական գարուն» միջոցառումն էինք տոնում: Հարեւանությամբ «Առագաստ» սրճարանն էր: Մեր կուրսի տղաները վազեվազ եկան, թե` Նադյա, սրճարանում Գեորգի Մանգասարյանն է երգում, պիտի երգես նրա հետ: Ինձ համոզելով սրճարան տարան: Դուետով «Summertime»-ը երգեցինք: Ելույթը ճակատագրական եղավ: Մաեստրո Ակսել Բակունցն ինձ հրավիրեց իր ղեկավարած «Սերպանտին» համույթ որպես մեներգչուհի: Այդպես սկսվեց պրոֆեսիոնալ գործունեությունս: Բնականաբար, կյանքս լցվեց հյուրախաղերով, համերգներով, եւ ես կիսատ թողեցի ուսումս կինոստուդիայում:
-Հետո հրավեր ստացաք Կոնստանտին Օրբելյանից:
-Դա 80-ականներին էր: Ես արդեն ձայնագրվում էի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդի համար, մի քանի մրցույթների դափնեկիր էի, բայց Օրբելյանի նվագախմբում երգելը մի ուրիշ, առանձնահատուկ բան էր: Հետաքրքիր մի բան կար. այն տարիներին երգիչ-երգչուհիները ճանաչում ձեռք բերելու համար երկար ճանապարհ պիտի անցնեին, պիտի տիրապետեին բեմական արվեստի բոլոր նրբություններին, դերասանի վարպետությանը: Նրանք խստապահանջ էին իրենց նկատմամբ, չէին թերագնահատում հանդիսատեսին: Ես չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց այսօր բոլորը մտածում են, թե կարող են բեմ բարձրանալ եւ երգել: Իսկ մեր ժամանակ հանդիսատես գրավելը, բեմում լինելը, այն է` Օրբելյանի կողքին, երազանք էր: Հիմա մի տեսակ ամեն ինչ հեշտ է տրվում, եւ դա այնքան էլ լավ չէ:
-Դուք էստրադային արվեստի պրոֆեսիոնալների հետ աշխատելու հնարավորություն եք ունեցել, կարելի՞ է ասել, որ այսօր մեր էստրադային երաժշտությունը անհատականությունների պակաս ունի:
-Ակսել Բակունց, Ռոբերտ Ամիրխանյան, Կոնստանտին Օրբելյան. նրանք իմ ուսուցիչներն էին: Այսօր, այո, հայկական էստրադայում անհատականությունների պակաս ունենք: Նաեւ մակարդակն է ցածր: Փոխադարձ հարգանք, համերաշխություն չկա: Երեւի մշակույթից հեռացել ենք եւ արվեստն ավելի շատ շոուի ու բիզնեսի ենք վերածել: Համաձայն եմ, որ երգելու շնորհն ի վերուստ է տրվում, բայց ո±վ է ասել, որ քիչ թե շատ երգել իմացողն արդեն երգիչ է: Ցավոք, ֆոնոգրամմային երաժշտությունը վատ ծառայություն մատուցեց մեր երգարվեստին. դրա ներքո շատ շատերն, իրենք իրենց խաբելով, սկսեցին երգել: Բայց չէ՞ որ բեմի մարդը ինչ-որ տեղ ճաշակ թելադրող է, դաստիարակող: Երբեմն վարպետության պակասը անդրադառնում է նաեւ երգչի կերպարի վրա: Մեր ժամանակ իմիջմեյքեր կոչվածներ չկային, արտաքինի հետ կապված խորհուրդներ տալիս էին նվագախմբերի ղեկավարները, ինքներս էինք փորձում լուծումներ գտնել: Հիմա հնարավորություններն ավելի մեծ են, կարելի է դիմել մասնագետների խորհրդին, բայց` հակառակը, մեր երիտասարդներն ամեն ինչ ուզում են իրենք արած լինեն: Ինքնուրույնությունը լավ բան է, բայց չի կարելի շփոթել ինքնագործունեության հետ:
-Հիմա մեր երգիչ-երգչուհիներից քչերն են նվագախմբի հետ հանդես գալիս, մեր նվագախմբերը մեներգիչներ չունեն: Դուք երկար տարիներ երգել եք նվագախմբում…
-Բառերով չեմ կարող նկարագրել, թե երգչուհու համար ի¯նչ հրաշք է նվագախմբի հետ ելույթ ունենալը: Դու բացվում ես, ճախրում, վերանում ես հանդիսատեսից, չափազանց անկեղծ ես, դու դու ես: Չկար մի այնպիսի երգ, որի երկրորդ կատարումը առաջինին նման լիներ: Ամեն անգամ իմպրովիզով էինք երգում, մի նոր հնարանք ներդնում: Դա գեղեցիկ էր, կենդանի էր, դա բեմական մշակույթ էր, որը, ցավոք, վերանում է:
-Ինքներդ այսօր ղեկավարում եք Երեւանի մշակույթի պետական քոլեջը, շփվում եք նոր սերնդի հետ: Ի՞նչ կասեք այսօրվա ուսանողների մասին:
-Իմ սաների մեջ շատ շնորհալի երեխաներ կան: Նրանք ուզում են սովորել, եւ ես մեծագույն պատասխանատվություն ու պարտքի զգացում ունեմ նրանց առաջ: Դժվարին աշխատանքի շնորհիվ հասել ենք հաջողությունների: Մեր շնորհալի սաներն այսօր մեր երկիրը ներկայացնում են միջազգային մրցույթներում: Եթե ինչ-որ բան այնպես չէ, չի կարելի միայն ջահելներին մեղադրել: Այսօրվա նրանց սխալների համար մենք էլ մեղքի մեր բաժինն ունենք:
Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Комментариев нет:
Отправить комментарий