8 июн. 2011 г.

#23 (889) 09. 06. 11


ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՈՒՄԱՐԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2011 թվականի մարտի 28-ի կարգադրությամբ ստեղծվել է Երիտասարդական խորհրդարան, որը կգործի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից: Երիտասարդական խորհրդարանի ձեւավորման գործընթացի եւ անդրանիկ նիստի շուրջ մի քանի հարցերով դիմեցինք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Արփինե Հովհաննիսյանին:

-Ովքե՞ր են այսօր արդեն ձեւավորված երիտասարդական խորհրդարանի անդամները:

-Ըստ նախնական որոշման` Երիտասարդական խորհրդարանում կարող էին ընդգրկվել ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների երիտասարդ ներկայացուցիչները, չներկայացված կուսակցությունների, ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչներ` ինքնաառաջադրման կարգով, պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, մարզերը ներկայացնող անհատ քաղաքացիները` ինքնաառաջադրման կարգով: Երիտասարդական խորհրդարանի ընդհանուր համակազմի առնվազն 3%-ը պետք է լինեն ազգային փոքրամասնությունների, իսկ առնվազն 20%-ը` իգական սեռի ներկայացուցիչներ: Խորհրդարանում ներկայացուցիչ ունենալու իրավունք ունեն նաեւ հաշմանդամ մարդիկ:

-Ինչպիսի՞ն էր մրցակցությունը, ինչպե՞ս կատարվեց երիտասարդ
խորհրդարանականների ընտրությունը:

-Բավական լարված իրադրություն էր ստեղծվել:
42 տեղի համար 400-ից ավելի դիմում ունեինք: Առաջին փուլին ներկայացան փաստացի 350 երիտասարդներ: Առաջին փուլի համար նախատեսված էր թեստային աշխատանք` ՀՀ Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգին վերաբերող հարցադրումներով: Այս փուլը հաղթահարած 200 մասնակիցներն անցան մրցութային հաջորդ փուլ. անհատական հարցազրույց` նորից վերոնշյալ թեմաներով: Երկու փուլերն էլ տեսագրվել ու ձայնագրվել են: ԱԺ նախագահն անձամբ հետեւում էր, որ կտարվի անաչառ ընտրություն: Մի քանի անգամ նա սրահ է մտել, անձամբ զրուցել մասնակիցների հետ: Այժմ արդեն Երիտասարդական խորհրդարանն ունի 131 անդամ:

-Քանի՞ հանձնաժողով է գործում Երիտասարդական խորհրդարանում, ինչպե՞ս են համակարգվելու աշխատանքները:

-Երիտասարդական խորհրդարանն իր նիստերը կգումարի ԱԺ նիստերի դահլիճում,
խորհրդարանին կտրամադրվեն աշխատասենյակներ, որտեղ հանձնաժողովները
կկարողանան իրենց նիստերն անցկացնել, ինչպես ԱԺ-ում, այստեղ էլ գործում է 12 հանձնաժողով: Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստը գլխավորեց տարիքով ամենաավագ անդամը` Կարեն Պետրոսյանը: Խորհրդարանի նախագահը ռոտացիոն հիմունքներով պարբերաբար փոխվելու է:

՞նչ եք կարծում, այս կառույցը կկարողանա՞ ծառայել իր նպատակին:

-Հենց ամենասկզբում, երբ դեռ այս նախաձեռնությունն ընդամենը գաղափար էր, մենք ուզում էինք, որ երկրի երիտասարդության ձայնը լսելի լինի կառավարական օղակներում: Երիտասարդները հաճախ դիմել են ԱԺ նախագահին` առաջարկով, որ մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին: Եվ ահա այդ հնարավորությունը նրանց ընձեռվեց: Հուսանք` երկրի ապագա տերերը կկարողանան օգնել մեզ մեր երկրի ղեկավարման գործում:
Ն.Հ.

#23 (889) 09. 06. 11

ԺԱՄԱՆՑ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԹԵՆԻՍԻ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԱՎԱԹԸ

Օրերս մեկնարկեց «Orange Student Cup» թեն
իսի ուսանողական նախագիծը: Ինչպես նշեց «Orange» ֆիտնեսի եւ թենիսի ակումբի PR մենեջեր Արեւիկ Ուդումյանը, ընտրվել են առավել լավ խաղացող, բայց ոչ պրոֆեսիոնալ 56 ուսանողներ: Նրանք այժմ մասնակցում են հատուկ մարզումների: Այդ գործնական պարապմունքները կտեւեն 3 շաբաթ, որից հետո կսկսվի մրցույթը: Ստեղծվել է 8-ական հգուց կազմված 7 խումբ: Արեւիկ Ուդումյանից տեղեկացանք, որ մասնակցության հայտ էր ներկայացրել 160 մարդ: Կազմակերպիչները կանգնել են բարդ ընտրության առաջ: Վերջապես նախատեսված 50-ի փոխարեն ընտրել են 56 հոգու: Մասնակիցների համար կկազմակերպվեն դասախոսություններ, տեղեկություններ կտրվեն հայկական թենիսի պատմության, հանրահայտ թենիսիստների ու միջազգային մրցաշարերի մասին: Արեւիկ Ուդումյանը չբացառեց Թենիսի միջազգային ֆեդերացիայից փորձագետ հրավիրելու հավանականությունը, որը վարպետաց դաս կանցկացնի ուսանողների հետ: Ամենալավ խաղացողները հետագայում մեր թենիսիստների հետ կխաղան, այլ անակնկալներ եւս կլինեն: Ուսանողների մարզիչները պրոֆեսիոնալ թենիսիստներ են: Նրանց թվում է Հայաստանի թենիսի կանանց հավաքականի անդամ, թիմի ավագ, երկրորդ համարի տակ հանդես եկող Աննա Մովսիսյանը, որ մարզելու է երկու խմբերի:

1 июн. 2011 г.

#22 (888) 01. 06. 11

ԻՆՉ ԼԱՎ Է, ՈՐ…

«ՇՈՒՆ ԹԱԼԵԱԹԸ ՓԱԽԱՎ ԲԵՌԼԻՆ, ԹԵՀԼԻՐՅԱՆԸ ՀԱՍԱՎ ՀԵՏՔԻՆ…»

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը մայիսի 28-ին` Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթական ճակատամարտերը, Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը խորհրդանշող օրը, դարձավ 7 տարեկան: Հենց այս կապակցությամբ տոնական օրվա նախօրեին` մայիսի 27-ին, առաջին անգամ մայրաքաղաքի Կասկադ համալիրի մոտ կայացավ ազգային երգի-պարի բացօթյա փառատոն: Միջոցառումը կազմակերպվել էր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի եւ «Մրո» ազգային արվեստի համակարգի նախաձեռնությամբ: Մայիսյան հաղթանակներն ու հեռուստաընկերության ծննդյան տարեդարձը նշելու էին հավաքվել ընկերներն ու բարեկամները, հարյուրավոր երեւանցիներ: 7 տարի առաջ հենց այս օրն առաջին անգամ եթեր դուրս եկած «Երկիր Մեդիան» մեկ տարի առաջ նույն օրը սկսել է արբանյակային հեռարձակումը, որի շնորհիվ հեռուստաընկերության հաղորդումները դիտելու հնարավորություն է ստեղծվել ողջ աշխարհում, իսկ այս մայիսի 28-ից «Երկիր Մեդիա» դիտում են արդեն ամբողջ Հայաստանում: Համերգի ընթացքում հնչում էր միայն ազգային երաժշտություն եւ պար: Հանդես եկան երգիչներ Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրոն), Շուշան Պետրոսյանը եւ այլք: Պարային կատարումներով երեկոյին առանձնահատուկ տոնականություն էին հաղորդում «Ակունք» պարային համույթը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթը, որն, ի դեպ, հանդես եկավ Իսպանիայում պարի միջազգային փառատոնում առաջին մրցանակի արժանացած հաղթական համարով: Կատարումներն ընդմիջվում էին հաղորդավարների` մայիսյան հաղթանակների, Արցախյան ազատամարտի հերոսների մասին պատմող հուշագրությունների ընթերցումներով, ես էլ շատ նոր հաղթական դրվագներ ու թվականներ մտապահեցի: Ի դեպ, հնչում էին ֆիդայական երգեր, երգեր` նվիրված Արցախյան ազատամարտի հերոսներին, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի հերոսական հաղթանակներին: Եվ ողջ համերգի ընթացքում, շրջաններ կազմած, մեծից փոքր պարում էին ազգային պարեր: Իրենց արդյունքն էին տվել նաեւ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի նախաձեռնած ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը հենց Կասկադում կազմակերպվող անվճար բացօթյա պարի դասընթացները: Սկսնակներն էլ փորձում էին սովորել վարժ պարողներից: Ովքեր չէին պարում` ձայնակցում էին երգիչներին: Նրանց մեջ աչքի էին ընկնում «Հայֆոն» ազգային երգի պահպանությանն ու տարածմանը նվիրված երիտասարդական շարժման հետեւորդները: Տոնակատարությունն ավարտվեց կեսգիշերին: Ներկաները մեր պետական օրհներգի հնչյունների ներքո դիմավորեցին Մայիսի 28-ը: Մարդիկ արդեն խումբ-խումբ հեռանում էին, իսկ գիշերային խաղաղության մեջ հնչում էր` «Շուն Թալեաթը փախավ Բեռլին, Թեհլիրյանը հասավ հետքին, զարկեց ճակտին, փռեց գետնին…»:
Ն.Հ.

Հ.Գ.- Մայիսի 28-ի տոներին նվիրված փառատոնն այսուհետ դառնալու է ամենամյա:

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԶՈՐԱԿՈՉՎԵԼ Է ԲԱՆԱ՞Կ

Նախագծի հեղինակ` Նաիրա Համբարձումյան
Լուսանկարիչ` Սարգիս Վիրաբյան



















ՀԱՅՏՆԻՆԵՐԸ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Նախագծի հեղինակ` Նաիրա Համբարձումյան
Լուսանկարիչ` Արթուր Խաչատրյան


Վաղուց արդեն իր լիազորությունների մեջ է շոգ ամառը: Հասել են ելակն ու թութը, կեռասն ու ծիրանը: Չէ, ամառը ոչ միայն ամենաարկածային, այլեւ ամենահամով եղանակն է: Այնպես որ, մի պահ մոռացիր ամենատարբեր դիետաներն ու շտապիր մոտակա շուկա ամառային թեժ գնումների:Չզարմանաս, եթե վաճառասեղանի մոտ հանդիպես հեռոսւտաէկրաններից շատ ծանոթ դեմքերի:

ՇՈՒԿԱ ԵԿԵՔ ԱՆՊԱՏՃԱՌ,
ՈՒՆԵՆՔ ՆՈՐ ՄՐԳԱՎԱՃԱՌ...

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ








ԻՌԵՆՆ Է ԵԿԵԼ ՇՈՒԿԱ,
ԴԻՄԱՑԸ ԷԼ ԽԱՂ ՉԿԱ...

ԻՌԵՆ ՈՒԼԻԽԱՆՈՎԱ









ԵՐԲ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԵՆ ՆՈՐՈՆ ՈՒ ԴԱՎԻԹԸ,
ԾԱՂԿԵՓՈՒՆՋ Է ԹՎՈՒՄ ԱՆԳԱՄ ՍԱՄԻԹԸ...

ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ ԵՎ ՆՈՐՈ









Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է
(Հատուկ նախագիծ)

Նախագծի հեղինակ` Նաիրա Համբարձումյան
Լուսանկարիչներ` Արթուր Խաչատրյան, Վիտալի Դանիլով


ԱՐՏԱՎԱԶԴ ԱՄԻՐՅԱՆԸ ԵՎ ՀՐԱՉՈՒՀԻ ՈՒԹՄԱԶՅԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ



ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ՈՒ ԳԱՐԻԿ ՊԱՊՈՅԱՆԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ


27 мая 2011 г.

#21 (887) 26. 05. 11
ՆՐԱ ԱՆՈՒՆԸ ԲՈԼՈՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՆ ԷՐ

Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերի արդյունքում ծնվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը: Այդ օրերին բոլորի շութերին մեկ անուն էր` Արամ Մանուկյան: Արամն ամենքին տվեց հավատք` կռվի եւ դիմադրության, հույս` հաղթանակի եւ ազատության, համառություն` չմեռնելու եւ ապրելու: Այդ ճակատագրական օրերին էր, որ հնչեց Արամի հայտնի խոսքը. «Բոլոր բազուկները` դեպի աշխատանք, բոլոր կամքերը` հայրենիքի համար, բոլոր անձնվերները` պայքարի դաշտ…»: Հայաստանի Հանրապետության անդրանիկ կառավարության մեջ նա ստանձնեց ներքին գործոց եւ պարենավորման նախարարի պաշտոնը: Այդ ծանր օրերին նա ընդունակ եղավ կարգ ու կանոն պահպանել նորաստեղծ հանրապետությունում:

1998թ. հունիսի 24-ը հիշարժան օր էր: Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանի աշխատակիցները հանդիպեցին հայ ժողովրդի սիրելի հերոս Արամ Մանուկյանի միակ ժառանգի` Սեդա Մանուկյանի հետ: Ի դեպ, Սեդան ապրել է Երեւանում մինչեւ 1976թ., որից հետո տեղափոխվել է Մոսկվա: Նա ամուսնացած է եղել Վարդան Մեհրաբյանի (Խանասորի Վարդան) որդու` Ռուբեն Մեհրաբյանի հետ: Արամ Մանուկյանի դուստրը մահացել է 2005-ին:

80-ամյա կինը Մոսկվայից հասել էր Սարդարապատ հատուկ առաքելությամբ. թանգարանին էր նվիրում հոր իրերը, որոնք մասունքի պես տարիներ շարունակ պահել-պահպանել էր` արծաթե բաժակակալ` «Քավոր Աղին» մակագրությամբ, թեզանիքակալներ, փողկապ, ժամացույց, լուսանկարներ: Սեդա Մանուկյանի նվիրած իրերը համալրեցին 2009թ. մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանի կենտրոնական եռագմբեթ դահլիճում բացված Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցադրությունը:

Արամ Մանուկյանը ծնվել է 1879թ. մարտի 19-ին: Նա զինագործի բազմանդամ ընտանիքի կրտսեր եւ սիրելի զավակն էր: Սովորում է Շուշիի Ագուլյաց ծխական դպրոցում: Արամի ուսումնառության տարիներին հայաշատ բոլոր կենտրոնների նման Շուշին եւս դարձել էր ազգային հեղափոխական գաղափարների վայր: Այստեղ էլ Արամը անդամագրվում է ՀՅ Դաշնակցությանը, դառնում տեղական խմբերի ղեկավար դեմքերից եւ զբաղվում քարոզչական-կազմակերպչական գործերով: Հեղափոխական գործունեության համար բարձր դասարանների մի խումբ աշակերտներ, այդ թվում Արամը հեռացվում են դպրոցից եւ արտաքսվում քաղաքից: Արամին հաջողվում է ընդունվել Երեւանի թեմական դպրոցը, որն ավարտելուց հետո մեկնում է Բաքու` աշխատելու: Քաղաքական կյանքի հորձանուտ ներքաշված Արամը դառնում է ՀՅԴ Բաքվի կազմակերպության ճանաչված գործիչներից մեկը: 1903թ. հունիսի 12-ին եկեղեցական գույքերի բռնագրավման մասին ցարական հրամանագրից հետո նա առաջիններից էր, որ հանդես եկավ ցարիզմի դեմ: Որոշ ժամանակ անց Արամ Մանուկյանը Բաքվից մեկնում է Գանձակ` տեղի ինքնապաշտպանական աշխատանքները կազմակերպելու նպատակով, իսկ այնուհետ գնում է Կարս: Այստեղ կարճ ժամանակում ձեռք է բերում մեծ հեղինակություն, եւ Կարսի կազմակերպությունը նրան է վստահում քարոզչական գործի ղեկավարումը: ՀՅԴ բյուրոյի առաջարկությամբ 1904թ. աշնանը մեկնում է Վան, որտեղ մնում է մինչեւ օսմանյան սահմանադրության հռչակման օրերը (1908թ.): Որոշ ժամանակով մեկնում է Ժնեւ, ապա վերադառնում Վան: Նա է ղեկավարում 1915թ. ապրիլի 7-ից մինչեւ մայիսի 6-ը տեւած Վանի հերոսական ինքնապաշտպանությունը, որը հայ ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերից է: Այդ հերոսական գոյամարտը բորբոքվեց, երբ թուրքերն արդեն սկսել էին հայկական ջարդերը եւ նախապատրաստվում էին կոտորել Վանի ամբողջ հայությանը: Այդ պայքարը 150000-ից ավելի հայերի հնարավորություն տվեց փրկվել անխուսափելի ոչնչացումից, օրինակ ծառայեց մյուս շրջանների հայության համար: Վանում, բարեբախտաբար, կոտորած չեղավ: Ջեւդեթի ուժերը պարտվեցին, եւ 1915թ. ապրիլին Վասպուրականն ազատագրվեց: Ռուսական հրամանատարության կողմից Արամը նշանակվեց Վանի կառավարիչ:

1916-17թթ. Արամը լինում է Թիֆլիսում, մասնակցում է Ազգային բյուրոյի եւ ՀՅԴ բյուրոյի աշխատանքներին: Բայց առավելապես զբաղված էր Վասպուրականի եւ այլ շրջաններից եկած գաղթականների գործերով: Սակայն ծանր հոդացավը նրան անկողին է գցում: Արամի առողջական վիճակը գնալով վատանում է: Ընկերների պահանջով նա մեկնում է Ղրիմ` Սակիի ցեխաբուժարան, որտեղ բուժվելու հետ մեկտեղ գրում է հուշեր: Մի քանի ամիս անց ապաքինված վերադառնում է: 1917թ. մայիսի 1-ին ամուսնանում է Կատարինե Զալյանի` Ղուրդուղուլիի (Արմավիր) որբանոցի գլխավոր բժշկուհու հետ: Այդ ամուսնությունից 1918թ. հոկտեմբերին ծնվում է Արամի միակ ժառանգը` Սեդա Մանուկյանը:

1917թ. վերջին Ազգային խորհրդի կողմից Արամը` իբրեւ լիազոր ներկայացուցիչ, ուղարկվում է Երեւանի նահանգ, որտեղ դրսեւորվում է նրա արտակարգ հեղափոխական, կազմակերպչական տաղանդը:

Դժբախտաբար, Արամը երկար չապրեց: Ժողովրդի հետ անընդհատ շփումների մեջ գտնվող նախարարը 1918թ. դեկտեմբերին վարակվեց երկրում մոլեգնող բծավոր տիֆով եւ վախճանվեց 1919թ. հունվարի 29-ին: Ամբողջ Հայաստանն էր ողբում Արամի մահը: Մահվան թափորն անվերջ-անծայր էր, իսկ Արամի դագաղը այդպես էլ չդրվեց դիակառքի վրա: Նրա դին ժողովուրդն ուսամբարձ տարավ դեպի գերեզմանատուն: Նրա աճյունն ամփոփված է Թոխմախ լճի գերեզմանատանը: Աղջկա ջանքերով, նրա գերեզմանին կանգնեցված է խաչքար (հեղինակ` Գառնիկ Ամիրջանյան):

ԱՐԵՎԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Կարդացեք նաեւ`


26 мая 2011 г.

www.eter.am

#21 (887) 26. 05. 11


ԱՐԹՈՒՐ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ. «ԵՍ ԻՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՀԱՆՁՆԵՄ»

Արթուր Փարսադանյանը Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի ուսանող էր, երբ բռնկվեց Արցախյան ազատամարտը: «Ես գնում եմ,- սա էր միակ նախադասությունը, որ ասաց դեկանատում,- ինձ կանչում են իմ հայրենի հողը, մեր զանգեզուրյան լեռները, որոնք այսօր պաշտպանության կարիք ունեն»: Դեկանը խոժոռված աչքերով նայեց ու ասաց. «Ախր ո՞ւր ես գնում, դու ուսանող ես...»: «Ես իմ քննությունները սահմաններում կհանձնեմ...»,- վճռական հնչեց պատասխանը: Թողեց ուսումը, սիրած աղջկան` իր կուրսընկերուհի Ռուզաննային, զենք վերցրեց ու մեկնեց ռազմի դաշտ: Արթուրը Հայաստանի լեռնագնացների հավաքականի անդամ էր: 1988-ին ակտիվորեն մասնակցել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու փրկարարական աշխատանքներին: Ազգային-ազատագրական շարժման հենց սկզբից ակտիվ մասնակցություն է ցուցաբերել երկրապահ ջոկատի աշխատանքներին, որի հրամանատարն էր Վազգեն Սարգսյանը: Պայքարի թեժ օրերին Արթուրը միշտ եղել է սահմանամերձ շրջաններում, մասնակցել Երասխի մարտերին: Կռվել է Գորիսի, Կոռնիձորի, Կապանի, Մեղրիի, Ագարակի մատույցներում: Երբ ադրբեջանցիները փակել էին երկաթուղին Նյուվադի գյուղի շրջանում` թույլ չտալով, որ մարդասիրական օգնությունը տեղ հասնի, Արթուրն իր ջոկատի հետ բացում է երկաթուղու ճանապարհը եւ գյուղը մաքրում ադրբեջանցիներից: Հայաստանում խիզախի անուն վաստակած ֆիդային հատուկ հանձնարարություն ստացավ` գաղտնի բեռներ հասցնել Մեղրի-Իջեւան երթուղով: Այդ ուղին անցնում էր հարազատ տան մոտով, ու գիշերները մեկ-մեկ Արթուրն այցի էր գնում հարազատներին: Մայրը, որ վերջին շրջանում շատ հարազատներ էր կորցրել, աղոթում էր որդու հաջողության համար եւ երբեմն էլ հանդիմանում նրան համարձակության եւ անկոտրում կամքի համար` չմոռանալով շշնջալ ականջին. «Զգույշ կաց, բալա°ս, քո գործը վտանգավոր է... »: Խոստացավ հետեւել մայրական պատգամին, մոր հետ կատակեց ու ճանապարհ ընկավ: Ինչ իմանար, որ հետադարձ ճանապարհ չի լինելու: 1990 թ. հուլիսի 5-ին քսանչորս տարին նոր բոլորած երիտասարդ համալսարանականը զոհվեց մարտական հատուկ առաջադրանք կատարելիս:Մայիսի 23-ին ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը Արթուր Փարսադանյանին նվիրված հուշ-երեկո էր կազմակերպել: Ներկա էին Արթուրի մարտական ընկերները, կուրսընկերները, համալսարանականներ ու ուսանողներ նաեւ այլ բուհերից: Երեկոյի ընթացքում հնչեցին ռազմական եւ ազգային երգեր, ասմունք:

ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ


«ՔՎԱՆՏԸ» 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Օրերս ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում տոն էր: Այս տարի «Քվանտ» վարժարանը նշում է հիմնադրման 20-ամյա տարեդարձը: Երիտասարդ կրթական հաստատություն, որը, սակայն, կարճ ժամանակամիջոցում հասցրեց դառնալ ոչ միայն Հայաստանի առաջատար դպրոցներից մեկը, այլեւ հանրակրթության ոլորտում նորարարական-գիտական կենտրոն, որտեղ մշակվող եւ ներդրվող կրթական նոր տեխնոլոգիաների շնորհիվ ակնառու հաջողություններ են ձեռք բերվել ե°ւ կրթության ու դաստիարակության, ե°ւ որակյալ շարունակական կրթության ասպարեզներում: Դրա վառ ապացույցը նաեւ նախկին քվանտական ԵՊՀ ուսանողներն են: Իսկ այսօր արդեն «Քվանտն» առաջին եւ միակ հայկական դպրոցն է ամբողջ աշխարհում, որ դարձել է հանրակրթության ոլորտի միջազգային ամենահզոր կազմակերպության` IB-ի (International Baccalaureate) անդամ: 2011թ. սեպտեմբերին վարժարանն իր 21-րդ ուսումնական տարին կսկսի` թեւակոխելով զարգացման նոր` միջազգային փուլ: Այս ամենում, ինչպես միջոցառման ընթացքում իրենք` քվանտականները նշեցին, չափազանց մեծ է Երեւանի պետական համալսարանի դերը: «Քվանտ»-ի հիմնադիրները, իսկ սկզբնական շրջանում նաեւ մանկավարժական անձնակազմի մեծ մասը ԵՊՀ աշխատակիցներ էին, ովքեր հանրակրթական դպրոց բերեցին համալսարանական ոգին, հարաբերությունների նոր որակ, ուսուցման ժամանակակից մեթոդներ, դպրոցական գործի կազմակերպման նոր ձեւեր: Նրանցից շատերն այսօր էլ «Քվանտ»-ի առաջատար ուսուցիչներ են եւ նորարարական մտքի գեներատորներ: Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ փոխնախարար Կարինե Հարությունյանը: Նրանք ներկայացրին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը եւ նախարարության կողմից պարգեւներ ու պատվոգրեր հանձնեցին մանկավարժական, գիտական բնագավառում մեծ ներդրում ունեցած քվանտականներին եւ համալսարանականներին: Վարժարանի երիտասարդ մանկավարժներն էլ, որոնցից շատերն այօր ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողներ են, պարգեւատրվեցին ԵՊՀ ՈՒԽ եւ ՈՒԳԸ շնորհակալագրերով ու մեդալներով: Միջոցառման ընթացքում իրենց երաժշտական կատարումներով տոնական տրամադրություն հաղորդեցին շնորհալի քվանտականները:

ԵՊՀ լրատվության վարչություն