2 мар. 2012 г.



www.eter.am
Կրթություն և գիտություն

ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՄԵՐՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸ ԳԻՏԵԼԻՔՆ Է»

Խորհրդային կրթական համակարգում, հատկապես բուհական ուսուցման ոլորտում ընդունված էր` դասախոսը պետք է «լեկցիա» կարդար, ուսանողը պետք է սղագրեր: Այսօր էլ որոշ բուհերում չեն ձերբազատվել  «լեկցիա»  հասկացությունից, որն էլ ուսանողի համար հաճախ դառնում է գիտելիքի միակ աղբյուրը: Մինչդեռ տեխնոդարաշրջանն այսօր թույլ է տալիս դասապրոցեսը կազմակերպել  արդիական մեթոդներով` սլայդների, ֆիլմերի, տեսանյութերի ցուցադրմամբ,  համակարգչային այլ հնարավորությունների կիրառմամբ: Աշխարհի շատ երկրներում գործում է անգամ ՙօնլայն՚ ուսուցման մեթոդը: Մերօրյա շատ գիտական ճյուղերի  մատուցման, ուսուցման մեթոդիկան թարմացումների կարիք ունի: Կրթական համակարգում առկա մեթոդական տարբեր խնդիրների շուրջ զրուցում ենք ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի վիրտուալ հայագիտության և տեղեկատվության  բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, որո՞ նք են ժամանակակից պատմագիտությ՞ան խնդիրները, եւ ի՞ նչ անելիքներ ունի երիտասարդ պատմաբանը:

-Թե° դպրոցներում, թե° բարձրագույն ուսումնական հաստատություններում առաջնային է պատմություն առարկայի դասավանդման մեթոդական խնդիրը: Ներքին եւ արտաքին քաղաքականության արդի մարտահրավերներն ուղղակի պարտադրում են, որ մենք զինված լինենք հարուստ գիտելիքով, մասնավորապես` ինքնաճանաչողական: Հիմա պատերազմներն ընթանոււմ են այլ դաշտերում` համացանց. տեղեկատվական, գիտավերլուծական կայքեր, սոցիալական ցանցեր, էլեկտրոնային հանրագիտարաններ: Խոշոր հաշվով` քարոզչական ոլորտում: Մենք այսօր խնդիր ունենք պատմությունը նոր սերնդին ներկայացնելու ոչ թե որպես թվերի ու անուն-տեղանունների մի ձանձրալի համակարգ, այլ կարեւոր մի գիտություն, որը կնպաստի նրանց, իբրեւ քաղաքացու, գաղափարական զարգացմանը: Մենք պետք է կարողանանք այսօրվա երիտասարդին ներկայացնել տիրող իրականությունը եւ պատմության դասերի պարզաբանմամբ, քննարկումներով նպաստենք, որ նրա մոտ հարցեր ծագեն, որոնց պատասխանը նա փորձի փնտրել-գտնել այլևայլ տեղեկատվական հարթություններում: Մենք պետք է նպաստենք վերլուծական մտքի զարգացմանը, ինքնուրույն եզրակացությունների, դատողությունների ի հայտ գալուն:

-Պարոն Հովհաննիսյան, չե ՞ք կարծում, որ համացանցն այսօր ինչ-որ առումով վտանգավոր ինֆորմացիոն աղբյուր է, չէ՞  որ այստեղ ամեն օր ու ժամ խեղաթյուրվում է ճշմարտությունը:

-Այո, հատկապես մեր հարեւանների կողմից շարունակաբար խեղաթյուրվում է մեր ժողովրդի պատմությունը: Մի խնդիր, որի հակահարվածը մենք արդեն իրականացնում ենք` շատ դեպքերում հանդես գալով նախահարձակ քայլերով.  ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը արդեն չորս տարի է, իր հիմնադրումից ի վեր, անհրաժեշտ հայագիտական ուսումնասիրությունների թվայնացման ու սեփական հրատարակությունների էլեկտրոնային տարբերակների միջոցով հագեցնում է իր իսկ համացանցային հայագիտական թվով ութ կայքերը: Ուրախալի է, որ վերջին շրջանում հայագիտությանը այս կամ այն չափով առնչվող ՀՀ  մի շարք գիտահետազոտական կառույցներ ևս հետզհետե նման քայլեր են իրականացնում:   Ուստի միանշանակ կարելի է ասել, որ համացանցում անհնար է չգտնել բազմազան նյութեր` այն էլ  հայ ժողովրդի պատմության վերաբերյալ, եւ այստեղ է, որ անհրաժեշտ է մասնագետի օգնությունը` թե° բուհում, թե° դպրոցում: Նա պետք է ոչ թե դասախոսությունը զուտ լեկցիայի ձևով մատուցող լինի, այլ` ուղղորդող: Դասախոսը կարող է մասնագիտական ուսումնասիրությունների ցանկ հանձնարարել, համացանցային աղբյուրներ նշել, որ ուսանողը գնա, ինքնուրույն փնտրի, անգամ հակասող փաստեր գտնի: Այդ ամենը լսարանում պետք է քննարկել, վերլուծել, գտնել ճշմարիտն ու ճշգրիտը: Ակնհայտ է նաեւ, որ այսօր ոչ բոլոր ուսանողներն են պատրաստ ինքնակրթությամբ, գիտելիք պեղելով, փնտրելով կրթվել: Սա արդեն այլ թեմա է, կրկին շատ մտահոգիչ:

-Բայց բուհական եւ դպրոցական դասագրքերը հաճախ լռում կամ բավարար չափով չեն ներկայացնում են մեր օրերում կատարվող պատմական շատ կարեւոր իրադարձությունների, ասենք` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: Տարիներ հետո մեր սերունդներին մենք մեր օրերի մասին պատմագիտական ի ՞ նչ նյութ ենք թողնելու:

-Համաձայն եմ, բայց մենք արդեն նոր ծրագրեր, ուսումնական ձեռնարկներ ու դասագրքեր  ենք մշակում բացը լրացնելու համար:

-Երիտասարդական շատ կազմակերպություններ միջազգային տաբեր գիտաժողովներ են կազմակերպում, որոնք ֆինանսավորվում են եվրոպական երկրների կողմից, Արեւմուտքից, որոնց մասնակցում են տարածաշրջանի բոլոր պետությունների ներկայացուցիչներ: Եվ մեր երիտասարդները հաճախ անպատրաստ են ներկայանում այդ գիտաժողովներին:

-Բայց քիչ չեն նաեւ այն դեպքերը, երբ մեր ասպիրանտները փայլուն զեկույցներ են ներկայացնում նման հանդիպումների ժամանակ: Նման հանդիպումները, անգամ սոցիալական ցանցերի միջոցով շփումները նպաստում են, որ երիտասարդները գիտակցեն տեղեկացված լինելու անհրաժեշտությունը: Համացանցի միջոցով շփվելով` նոր սերունդը կամա-ակամա խոսում է մեր երկրի մասին, սկսում է ուսումնասիրել, ծանոթանալ, որովհետեւ դա պահի եւ ժամանակի հրամայականն է դառնում: Դա անհրաժեշտ է նրան շփման համար:

-Այսօր համացանցը նաեւ քաղաքական քարոզչության դաշտ է:

-Ցավոք, այդ գիտակցական մակարդակը դեռ չկա մեր երիտասարդների մոտ, նրանք հիմնականում ժամանցի համար են օգտագործում սոցիալական կայքերը, այնինչ կարելի է այդ կայքերի միջոցով կարեւոր աշխատանք կատարել: Կրթվածության եւ տեղեկացվածության ընդհանուր մակարդակը պետք է բարձրանա: Ես կարծում եմ, որ մենք, ի վերջո, կկարողանանք հաղթել մեր օրերի տեղեկատվական դաշտի այս պատերազմում նույնպես:

Ն.ԹՈԽՍԱՆՑ



Комментариев нет:

Отправить комментарий