2 нояб. 2011 г.

www.eter.am


ԻՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ
ՎԱՐՈՐԴ, ՄԻ ԾԽԵՔ, ԼՎԱՑՎԵՔ ԵՎ ՍԱՓՐՎԵՔ

Ամեն օր ստիպված եմ մոտ 100 րոպե անցկացնել երթուղային տաքսիներում. 50-ը` տեղ հասնելու, եւս 50-ը` վերադարձի համար: Դե պատկերացրեք, թե
այդ ժամանակահատվածում ինչեր է հասցնում նկատել լրագրողի աչքը: Աշնանային ցրտաշունչ մի երեկո աշխատավայրից դուրս եկա եւ քայլեցի դեպի կանգառ: Արդեն ուշ էր` ժամը 22:00-ի սահմաններում: Ուղիղ մեկ ժամ սպասեցի 15, 90 համարի երթուղայիններին: Այդպես էլ չբարեհաճեցին ժամանել, որոշեցի հատուկ մինչեւ ժամը 23:00-ը սպասել: Զգում էի, որ հերթական հոդվածի թեմա է ծնվում: Մինչ մտքում զայրանում էի եւ ոտքերով գետնին խփում, որ չսառչեմ, երրորդ երթեւեկելի գծով 15 համարը ճողոպրեց` թքած ունենալով իմ եւ մյուս սպասողների ձեռքի թափահարումներին` գծից թռել էր: Ճարահատյալ նստեցի կանգառում մեծ ախորժակով հերթական որս-ուղեւորին սպասող տաքսիներից մեկն ու հասա տուն: Հաջորդ օրը որոշեցի փոքր-ինչ վաղ դուրս գալ աշխատավայրից` ժամը 20:00-ին մոտ: Լավ էր, այս անգամ ավելի քիչ մնացի կանգառոււմ: Հայտնվեցի 90 համարի երթուղայինում: Երազանքս կատարվեց, նստած տուն կգնամ: Այն, որ երթուղայինի խցիկում լարված տրամադրություն էր` միանգամից նկատեցի: Կողքիս նստած տիկնոջից փորձեցի հետաքրքրվել, թե ինչու է վարորդն այսքան նյարդային եւ ինչու է այսպես արագ վարում մեքենան: Տիկինը քթի տակ ինչ-որ բառեր արտաբերեց, որից ես ոչինչ չհասկացա, բայց վարորդը դրան այսպես արձագանքեց. «Ըհը, հիմա էլ ամեն նստողին պատմում են… »: Պարզվեց` երթուղայինի ուղեւորներից մեկը, վատառողջ լինելով, վարորդին խնդրել է հանգցնել ծխախոտը: Վարորդը զայրացել է, եւ երթուղայինում վեճ է բռնկվել: Երբ տարեց ուղեւորն իջել է, վարորդը հանգիստ շունչ է քաշել ու պատրաստվել վառելու գլանակը: Բանից անտեղյակ` մասնագիտությամբ բժիշկ մի ուղեւոր խնդրել է չծխել ու մի փոքրիկ դասախոսություն է կարդացել ծխախոտի, հատկապես երթեւեկության ընթացքում ծխելու վնասների մասին: Պատկերացնո՞ւմ եք վարորդի արձագանքը: Իմ նստելուց քիչ առաջ բժիշկն իջել էր, ու երբ վարորդը փորձել էր «հանգիստ շունչ քաշել», կրկին նրանից պահանջել էին հանգցնել ծխախոտը: Ուղեւորները հանպատրաստից ակցիայի պես մի բան էին կազմակերպել, որին, փաստորեն, ինքս էլ մասնակից դարձա: Եվ վարորդն այդ երթուղու ընթացքում չվտանգեց ուղեւորներիս առողջությունը: Սակայն քաղաքային տրանսպորտի ոլորտի խնդիրները միայն սրանով չեն սահմանափակվում: Բոլոր նրանց, ովքեր ուզում են ականատեսը լինել տրանսպորտային հերթական զավեշտին, ամեն առավոտ հրավիրում եմ կենտրոնական ավտոկայանին հարակից կանգառ, մասնավորապես 15 համարի երթուղայինի կայանատեղի: Առավոտյան ժամը 8:30-ից մինչեւ մոտավորապես 10:00-ը երթուղայինը ստիպված է աշխատել 2 րոպե հաճախականությամբ` այն էլ գերծանրաբեռնված, քանի որ Կիլիկիա եւ Նորագյուղ թաղամասերի ուսանողությունը հիմնականում այս երթուղայինով է հասնում բուհեր: Ինչ վերաբերում է 99 համարին, որը նույնպես հասնում է մետրոյի «Երիտասարդական» կայարան, ուսանողությունը նախընտրում է հույսն այս համարի երթուղայինի վրա չդնել. «Ավելի լավ է 15-ով գնամ «Երիտասարդական» ու այնտեղից մինչեւ համալսարան երկու կանգառ քայլեմ, քան նստեմ 99-ը. կամ մարդկանց հետույքներին պետք է նայեմ, կամ որեւէ մեկի ուսին, մեջքին տեղավորված մի կերպ դասի հասնեմ»: Որոշ ուսանողներ էլ դժգոհում են, որ այլեւս հնարավոր չէ համալսարան հասնել Խանջյան փողոցից: Միակ երթուղայինը, որ կենտրոնական ավտոկայանից Խանջյան փողոց էր հասնում (անհույս 99-ից բացի) Երեւան-Բյուրեղավան գիծը սպասարկող 258 համարի երթուղայինն էր, բայց մեր` արդեն նախկին քաղաքապետի որոշմամբ երեւանցիները զրկվեցին դրանից օգտվելու հնարավորությունից: Իսկ այն, որ այս երկու թաղամասերից ամեն առավոտ ահռելի քանակությամբ ուսանողություն է հասնում կենտրոնում գործող պետական եւ մասնավոր բուհեր, անհերքելի է: Նրանց գումարվում են նաեւ այն ուսանողները, ովքեր մարզերից ավտոբուսներով գալիս են կենտրոնական ավտոկայան եւ այստեղից հասնում դասի: «Ամեն օր ուշացած եմ հասնում համալսարան, անգամ եթե տնից դուրս եմ գալիս դասից 1 ժամ առաջ»,- խոստովանում են շատերը:
Հարկ եմ համարում խոսել նաեւ անլվա, չսափրված, ռաբիս լսող ու երբեմն վարվեցողության կանոններին չտիրապետող վարորդների մասին:
«Արժանապատիվ տրանսպորտ» նախաձեռնության մասնակից Անուշ Քոչարյանը նշում է, որ իրենց անցկացրած մոնիթորինգի արդյունքում ճշտել են, որ Աբովյան-Երեւան 259 երթուղային գիծը սպասարկող ավտոբուսների բոլոր վարորդները սպիտակ վերնաշապիկներ են կրում եւ միանման փողկապներ: Իսկ ինչո՞ւ մյուս երթուղայինների վարորդները ղեկին նստելուց առաջ չեն լվացվում, որպեսզի ուղեվարձ ստանալիս ուղեւորին իրենց ափի մաքրությամբ չզարմացնեն ու տհաճ կացության մեջ չդնեն: Վերջերս Facebook սոցիալական ցանցում ձեւավորված այս քաղաքացիական նախաձեռնությունը պարբերաբար բողոք-ակցիաներ է կազմակերպում տրասնպորտային տարբեր խնդիրների առնչությամբ: Հաշվի առնելով հատկապես երեւանյան հանրահավաքների օրերին մարզերից Երեւան եկող տրանսպորտի բացակայությունն ու պատկան մարմինների` քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքի զանգվածային ոտնահարման դեպքերը, պահանջում է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի հրաժարականը: Նախաձեռնող խմբի անդամները չեն պատրաստվում սահմանափակվել միայն ֆեյսբուքյան կոչերով: Մտադիր են նաեւ բողոքի ակցիաներ իրականացնել կապի եւ տրանսպորտի նախարարության շենքի դիմաց, ինչպես նաեւ այցելել տարբեր մարզեր` մոնիթորինգիրականացնելու: Նախաձեռնության ակտիվիստները նախատեսում են նաեւ գրավոր տեսքով հարցի շուրջ պարզաբանումներ ստանալ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ից: Եթե նախկինում Երեւանի քաղաքացիները գոնե կանգնած էին հասնում աշխատանքի կամ դասի, հիմա` կիսականգնած, դռներից կախված եւ կամ կանգնած, բայց աշխատանքից ու դասից կարգին ուշացած: Եվ ինչպես ասում են «Արժանապատիվ տրասպորտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, այսպես էլ կոտրում են ազգի ողնաշարը: Վատն այն է, որ միայն մի քանի երիտասարդներ են պայքարում: Նրանց քաղաքապետարանից կանչում են, խոստանում, որ սեպտեմբերին 77 «Բոգդան» մակնիշի ավտոբուսներ կներկրվեն Երեւան: Խոստանում են ու «մոռանում»: «Արժանապատիվ տրանսպորտը» նորից է դիմում` «Մի կոտրեք ազգի ողնաշարը գազելում», «Ուղեւորը կարտոշկա չէ», քաղաքապետարանից նորից խոստանում են. «Նոյեմբերին 66 ավտոբուս Հայաստան կբերվի, իսկ 2012-ի առաջին եռամսյակում կներկրվեն եւս 170-ը»: «Արժանապատիվ տրանսպորտը» սպասում է:
Նաիրա Թոխսանց


Комментариев нет:

Отправить комментарий