#24 (890) 16. 06. 11
ԲՈՒՀԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՅԻՑ
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՔՆՆԱՇՐՋԱՆԻՆ

Բուհերի միջանցքները նորից լցվեցին քննասենյակի առաջ դողացող սրտով ու ստուգման գրքույկները ձեռքներին, քննությանը նախորդող գիշերը չքնած ուսանողներով: Նոր կրեդիտային համակարգը թվում էր, թե պետք է ավելի լրջացներ ուսանողին, ստիպեր առավել պատասխանատվությամբ վերաբերվել իր գործին: Բայց դա, այո, միայն թվում էր: Քանի որ շատերը նորից, ամբողջ տարին դասի չգալով, կարողանում են քննություններից
բարձր միավորներ ստանալ: Որոշ ուսանողների կարծիքով էլ կրեդիտային համակարգն օգնում է ավելի օբյեկտիվ լինել: Քանի որ կրեդիտներ նշանակվում են նաեւ դասապրոցեսին ներկայության համար: «Եթե ավագի հետ փոքր-ինչ լավ հարաբերությունների մեջ լինես, բացակա չես ստանա»,- կատակում են ուսանողները: Պատահում են նաեւ դասախոսներ, ովքեր նախընտրում են անձամբ ներկա-բացակա անել դասի ժամին, եւ այդ դեպքում ավագի բարյացակամությունն էլ չի օգնի:
Քննաշրջանի ընթացքում սովորականից ավելի մարդաշատ են նաեւ գրադարաններն ու ընթերցասրահները. ամիսներ շարունակ «ուսանողական կյանք վայելելուց» հետո ուսանողները գոնե մի քանի օր որոշում են պարապել, գիրք կարդալ:
Հերթեր են գոյանում նաեւ պատճենահանման կետերում եւ պատվերով ռեֆերատներ վաճառող գրասենյակներում: Զարմանալ պետք չէ. կուրսում, սովորաբար, միայն մեկն է դասախոսություն գրում, իսկ տարեվերջին նրա տետրը պատճենահանվում է տասնյակ անգամ: Տարածված է նաեւ 2000-5000 դրամով պատրաստի ռեֆերատներ, կուրսային աշխատանքներ, անգամ ավարտական եւ մագիստրոսական թեզեր ձեռք բերելը եւ որպես սեփական «ստեղծագործություն» դասախոսին ներկայացնելը:

Պատահել է (նման ծառայություններ մատուցող մի գրասենյակում պատմեցին), որ բուհում դասավանդող դասախոսը, որ նաեւ նման
գրասենյակում է աշխատել, իր ուսանողից ստացել է իր իսկ գրած եւ վաճառած աշխատանքը: Դասախոսը, բնականաբար, նկատել է, բայց վերադարձնել չի կարողացել, քանի որ աշխատանքը պատվիրատու-ուսանողին վերադարձնելու դեպքում ինքն էլ գումարը պետք է վերադարձներ:
Մեկ տարվա ընթացքում վերոնշյալ գրասենյակը 15000 կուրսային աշխատանքի ու ռեֆերատի եւ 6 մագիստրոսական թեզի պատվեր է ստացել: Կուրսային աշխատանքերի եւ ռեֆերատների համար գնային սանդղակը տատանվում է էջը 250-500 դրամի միջեւ, իսկ թեզի դեպքում էջը 1000-1500 դրամ է գնահատվում: «Եթե պատվիրատուի պահանջած թեմայով ռեֆերատ ունենում ենք, ապա վաճառում ենք նախորդ տարիների արխիվից, իսկ եթե ոչ` պատվիրում ենք մեր մասնագետներին: Որակը մեր կողմից երաշխավորվում է: Մեզ հետ համագործակցում են տարբեր բուհերից լավագույն մասնագետներ: Եթե դասախոսն աշխատանքը չի ընդունում, կամ դժգոհություն է լինում, մենք հետ ենք վերցնում այն եւ վերադարձնում վճարված գումարը»,- ասում է գրասենյակի աշխատակցուհին (պայմանավորվածության համաձայն` անունը եւ գրասենյակի հասցեն չենք հրապարակում): Ինչպես տեղեկացանք` հիմնականում պատվերներ լինում են ապագա տնտեսագետների կողմից: Գուցե սա է նաեւ պատճառներից մեկը, որ մեր երկրի տնտեսությունն այդպես էլ չի զարգանում:
Նման գրասենյակներից մեկում էլ ծառայությունների ցանկը նկարագրող ցուցանակի վրա կարդացի` «Արտագրություն»: Աշխատակցից պարզեցի, որ դեռ կան այնպիսի դասախոսներ, ովքեր պարտադրում են, որ ուսանողները դասախոսությունը գրեն, եւ քննության ժամանակ պահանջում են տետրը: Դե քանի որ շատ ուսանողների ՙպատիվ չի բերում» կամ էլ պարզապես հավես չունեն 80 րոպե անդադար երբեմն իրենց համար անհետաքրքիր դասախոսությունը գրառել, դիմում են նման ծառայությունների. պատվիրում են արտագրել կուրսընկերներից մեկի տետրից: Նման ծառայության յուրաքանչյուր էջն արժե 250-300 դրամ:

Հերթական զարմանալի փաստը, որ արձանագրեցինք այս գրասենյակներում, ծածկագրերի պատրաստումն էր: Ամբողջ դասախոսությունը կամ քննական նյութը տեխնիկայի միջոցով փոքրացվում է այնքան, որ ընթեռնելի լինի, եւ ստացվում է քննական հուշաթերթիկ: Մեր հարցին` արդյո՞ք այս բիզնեսն արտոնագրված է, դրական պատասխան ստացանք: Ի դեպ, այս գրասենյակների մեծ մասը գործում են հենց բուհերի տարածքում:
Մի քանի գրասենյակներում նշեցին, որ նմանատիպ ծառայություններից օգտվող ուսանողների թիվը գնալով մեծանում է: Սա, երեւի, պայմանավորված է նաեւ նրանով, որ կրեդիտային համակարգը նախապատվություն է տալիս ռեֆերատներին: «Երկու միջանկյալ քննություններից մեկը սովորաբար ռեֆերատ ներկայացնելու տարբերակով է անցկացվում: Հիմնականում այդ ռեֆերատները գրում ենք` ռուսական կամ ամերիկյան էլեկտրոնային աղբյուրներից օգտվելով,
երբեմն դրանք անմիջական թարգմանություններ են լինում: Հիմա արդեն հայալեզու կայքեր էլ կան, բայց բազան շատ սահմանափակ է, եւ ռեֆերատները երբեմն կրկնվում են»,- ասում է իմ զրուցակից ուսանողուհիներից մեկը: Նշենք, որ այս կայքերում ռեֆերատները վճարովի էլ են լինում: Էլեկտրոնային վճարում կատարելով` մի քանի օրում կամ ժամում կարելի է պատրաստի ռեֆերատ կամ կուրսային աշխատանք գտնել: Համացանցում կան կայքեր, որոնցում անգամ շարադրություններ կարելի է գտնել: Փաստորեն միայն բուհերով չի սահմանափակվում «գրագողությունը». նույնիսկ դպրոցականները շարադրություններ «գրում են» համացանցի օգնությամբ: Նկատենք, որ քիչ չեն նաեւ դասախոսները, որոնք ուսանողին կամ հենց իրենց «խնայելով»` աչք են փակում այս երեւույթի վրա: Այսպիսով` կրեդիտային համակարգի միավորներ ստանալու այս մոտեցումը կորցնում է իր արդյունավետությունը: Փորձեցինք պարզել կրթության եւ գիտության նախարարության կարծիքն այս երեւույթի մասին:
ՀՀ ԿԳՆ բուհերի համակարգման եւ վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը նշեց, որ իրենք տեղյակ են այս երեւույթի գոյության մասին, բայց չեն կարող ուղղակի արգելել նման

գործակալությունների գործունեությունը. «Պարզապես բուհերն իրենք պետք է ավելի հետեւողական լինեն եւ փորձեն մշակել ուսումնական գործընթացի այնպիսի մեթոդներ, որ ուսանողը ինքնուրույն աշխատի`թեկուզ ռեֆերատներ գրելով»,- ասում է պարոն Մելիքյանը: Կան դասախոսներ էլ, որոնք նախընտրում են ընդհանրապես քննություն չանցկացնել, մեխանիկորեն նշանակում են` հիմնվելով միջանկյալ քննությունների գնահատականների եւ հաճախումների տվյալների վրա` հաճախ իրենց կողմից եւս մի քանի միավոր «նվիրելով»: Ուսանողներն էլ սիրահոժար ընդունում են նվերը` չմտածելով` դրա օգո՞ւտն է շատ, թե՞վնասը: Գնահատական ստանում են, իսկ գիտելի՞ք: Չէ՞ որ կրթություն ստանալու համար մենք եւ մեր ծնողները վճարում ենք:
Եվ ամենակարեւորը` պատրաստվում ենք մասնագետ դառնալ ու աշխատել: Ա՞յս գիտելիքներով:
Այս օրերին փորձեցի շրջել համալսարանի միջանցքներում եւ զրուցել ուսանողների հետ:
Պարզվեց, որ քննաշրջանը լարված է անցնում: Բանն այն է, որ, ինչպես Մեխանիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներն են նշում, միջանկյալ քննություններն ու հանրագումարային քննությունները համարյա միանգամից են մեկնարկում, եւ պատշաճ կերպով պատրաստվել չի հաջողվում: «Առանց այն էլ պարապելիս ուսանողին միշտ մի օր պակասում է: Մեկ շաբաթվա ընթացքում 7 քննություն ենք հանձնում, այնքան ենք հոգնում, որ դրան հաջորդող հանրագումարային քննությանը պատրաստվելու ուժ ու ժամանակ չի մնում»,- ասում են ուսանողները: Ինչ վերաբերում է քննությունների օբյեկտիվությանը, Միջազգային հարաբերությունների եւ Իրավագիտության ֆակուլտետների մագիստրատուրայի բաժնի աղջիկները միանշանակ նշում էին, որ կոռուպցիայի դեպքեր նախորդ տարիներին հանդիպել են, բայց, կարծեսթե, նվազում է ծանոթ-բարեկամի կամ կաշառքի միջոցով գնահատական ստացող ուսանողների թիվը: Այնուամենայնիվ, եղան նաեւ ուսանողներ, հատկապես` տղաներ, ովքեր անթաքույց պատասխանեցին. «Իսկ ինչո՞ւ ոչ, երբեմն դիմում ենք նմանատիպ մեթոդների:

Գումար հազվադեպ է պատահում, բայց նվերներ, ծաղիկներ որոշ դասախոսների պարտադիր տալիս ենք: Ընդհանրապես կին դասախոսների մոտ տղաներն ավելի հեշտ են
գնահատական ստանում. եթե մի քիչ համակրում են մինիմալ գնահատական նշանակում են»: Պատահեց նաեւ, որ երբ այս հարցադրումով մոտեցա միջանցքում խմբված տղաներին ու աղջիկներին, միանգամից հեռացան` խուսափելով պատասխանել հարցերիս, արդյոք կաշառատունե՞ր էին…Ն.Հ.
Ամեն անգամ հիշելիս գլխացավս բռնում ա
ОтветитьУдалить