
N36(851) 09.09.10
ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...
ԱՇԽԵՆ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ. «ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷՐ»
Հաճախ եմ ավագ սերնդի ներկայացուցիչներից լսել, որ նախկին Աստաֆյա

-Դեռ մանկության տարիներից անչափ սիրում էի նկարել: Բայց մենք ֆրանսիայում էինք ապրում, Փարիզում: Իսկ այնտեղ նկարիչները ճիշտ է հարգված, բայց մի տեսակ «խենթ» խավի ներկայացուցիչներ են համարվում: Երբ եկավ մասնագիտություն ընտրելուս ժամանակը, հայրս չցանկացավ, որ ես նկարչուհի դառնայի եւ, որպեսզի սիրտս չկոտրեր, առաջարկեց նկարչությանը մոտ մեկ այլ մասնագիտություն ընտրել, այդպես ես ընդունվեցի Փարիզի ճարտարապետական համալսարան, բայց խենթություններն իմ կյանքից անպակաս եղան:
-Այսինքն բիզնեսը չէ՞ր մտնում ձեր մանկության երազանքների մեջ:
-Մեծանալով այնպիսի բիզնեսմենի ընտանիքում, ինչպիսին հայրս էր, ես դրանից խուսափել չէի կարող: Ամենասկզբում ես շատ հեռու էի կանգնած բիզնեսից, բայց շուտով սուրճի սպիտակ ծաղկի բույրն իմ երակներից ներս էլ թափանցեց, ու այդ օրվանից սուրճն ինձ համար դարձավ ոչ միայն եկամտի աղբյուր այլեւ հաճելի հանդիպումների ուղեկից:
-Ինչո՞վ էր առանձնահատուկ ֆրանսիայի ուսանողությունը, եւ այդ երիտասարդների մեջ ինչպես էր ընդգծվում հայ ուսանողների համայնքը:
-Այնտեղ ընդունված է, որ ուսանողն ինքն է վճարում իր ուսման համար, բայց ես բավական ապահով ընտանիքից էի եւ իմ աշխատելու անհրաժեշտությունը չեղավ, բավական ժամանակ ունեցա ներգրավվելու ուսանողական եռուզեռի մեջ: Անչափ հետաքրքիր էր, հայեր կային եւ ֆրանսիայից, եւ Թուրքիայից, եւ Հալեպից ու Լիբանանից, որտեղից ասես` ճիշտ է բոլորս հայ էինք, բայց կրում էինք նաեւ տարբեր մշակույթների, տարբեր ազգերի սովորույթների ու բարքերի ազդեցությունը: Երբեմն նախանձում էի այն երիտասարդներին, ովքեր ուսանողական հանրակացարաններում էին ապրում, որովհետեւ խենթություններ անելու ժամանակ ավելի շատ էին ունենում: Մենք ամեն շաբաթ երեկո համալսարանում հավաքույթ էինք կազմակերպում: Համալսարանն իր նվագախումբ-երգչախումբն ուներ, գնում էինք այլ ուսումնական հաստատություններ, համերգներ կազմակերպում, հայկական պար, երգ էինք սովորում, ասմունքում էինք, հայկական կինոյի դիտման օրեր էինք կազմակերպում, ցուցահանդեսներ եւ այլն: Հաճախ առանձնանում եմ մի անկյունում եւ հեռվից ուսումնասիրում եմ այսօրվա հայ երիտասարդներին, փորձում եմ ականջի ծայրով որսալ` ինչի մասին են խոսում մի սեղանի շուրջ հավաքված տղաներն ու աղջիկները: Մեր երիտասարդները լավ ուսման, կրթության, ինտելեկտի պակաս ունեն:
-Ձեր ուսանողական տարիներին ակտիվ մասնակցել եք նաեւ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քարոզարշավների, ցույցերի…
-Այո, սփյուռքը միշտ էլ նմանատիպ նախաձեռնությունների առումով ակտիվ է եղել, մանավանդ սփյուռքահայ առաջադեմ երիտասարդությունը: Ես անգամ «Հայ պայքար» պարբերականի թղթակից էի այդ տարիներին, Հայ գաղտնի բանակի անդամ: Շատ լավ տիրապետում էի եւ հայերենին, եւ Ֆրասներենին եւ դա ինձ օգնում էր Հայաստանի մասին ակտիվ լուսաբանել թերթում, շփվել Ֆրանսիայում ապրող հայերի հետ:
-Ուսումն ավարտելուց հետո երբեք չզբաղվեցիք ձեր մասնագիտությամբ, ինչո՞ւ:
-Որովհետեւ ամուսնացա: Այդ ժամանակ Ֆրանսիայում էր Առնո Բաբաջանյանը, որ հորս ընկերներից էր, նրա որդին` Արան, եւս իր հետ էր եւ շատ ուզում էր ծանոթանալ Փարիզին, ես էլ դարձա նրա «գիդը»: Հետո սկսվեց մի սիրո պատմություն, որն ինձ ընդմիշտ կապեց Հայաստանի հետ: Մենք պսակադրվեցինք սրբ. Հռիփսիմե վանքում, մեզ օրհնեց Վազգեն առաջինը: Ես դեռ Փարիզում լսել էի Առնոյի հանդեպ մարդկանց հարգանքի ու վերաբերմունքի մասին, բայց ամեն ինչ հասկացա, երբ հարսանիքիս օրը վերելակից դուրս եկա, որպեսզի վանք գնայինք ու հազիվ ամբոխի միջից կարողացա դուրս պրծնել: Ես շատ երջանիկ էի, որ Հայաստանում եմ ապրելու, բայց Բաբաջանյան ընտանիքը Մոսկվայում էր ապրում եւ ստիպված էինք տեղափոխվել: Այնտեղ էլ ես ռուսերեն սովորեցի: Հետո ծննդաբարության ժամանակ ես կորցրի իմ առաջնեկին, բայց տասնհինգ օր անտեղյակ մնացի այդ դժբախտ լուրից ու երբ իմացա, Արային ներել չկարողացա: Ես վերադարձա Փարիզ` ծնողներիս մոտ եւ այդպես մենք աստիճանաբար հեռացանք իրարից: Ես մեկնեցի ԱՄՆ անգլերենս կատարելագործելու: Արդեն հայրիկիս օգնում էի բիզնեսի հարցերում:
-16 տարի է Հայստանում գործում է «Փարիզյան սուրճը», դուք ձեզ հաջողակ բիզնես-լեդի համարո՞ւմ եք:
-Հաջողության գաղտնիքը հաճախորդին չհիասթափեցնելու մեջ է: Ֆրանսիացիներն ասում են. «Հաճախորդը թագավոր է»: Հարգելով ինքս ինձ` ես չեմ կարող իմ հաճախորդին վատ ապրանք հրամցնել, ահա ամենը:
-Գիտեմ, որ երկար ժամանակ ձեր ընտանիքը օգնել է Հայ գաղտնի բանակին, դուք Հայ բարեգործական միության անդամ եք եղել, այնուհետ աջակցել եք արցախյան ազատամարտին մասնակից ֆիդայական ջոկատներին, մասնավորապես Մոնթեին:
-Ինչ արել եմ, Հայաստանի համար եմ արել եւ այդ մասին չէի ցանկանա խոսել, բայց Մոնթեի հետ իրոք ընկերներ էինք: Նա այն եզակի սփյուռքահայ երիտասրադներից էր, ովքեր խենթի պես սիրահարված էին այս երկրին, նա, Հայաստանը չտեսած, եկել էր այս հողի համար կռվելու, զարմանալի բան է, չէ՞: Կռվի տարիներին մեր տունը զինվորական պահեստի էր վերածվել, բուժկետի, չգիտեմ ինչպես նկարագրել:
-Իսկ հետո, պատերազմի ավարտից հետո ինչպե՞ս ընթացավ ձեր կյանքը:
- Ցավոք, իմ անձնական կյանքը այդպես էլ չդասավորվեց, բայց իմ կյանքի բոլոր սերերը հայ տղամարդիկ էին, զարմանալի էր, բայց ես, օտարության մեջ ապրելով, երբեք ֆրանսիացու կամ օտար ազգի այլ ներկայացուցչի չսիրահարվեցի: Մեկ-մեկ ինձ թվում է, որ ես իրականում Հայաստանին եմ սիրահարվել, այն ինչ կապված է Հայաստանի հետ, ես խենթի պես եմ սիրում:
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր բիզնես ոլորտում են պատրաստվում կայանալ:
-Ես բոլոր հնարավորություններն ունեմ արտերկրում ապրելու, եւ հարուստ ու ճանաչված կին եմ, թվում է, թե ամեն ինչ ունեմ, ու երջանիկ եմ, բայց առանց Հայաստանի չեմ կարողանում: Ես իմ բիզնեսը կիսեցի Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ: Եթե կռվի տարիներին զենքով ու ֆինանսական միջոցներով քիչ թե շատ նպաստել եմ մեր երկրին, հիմա` խաղաղության օրերում, պարտքս ավելի է մեծացել, իմ ընտանեկան հարստությունը ծառայեցնում եմ մեր երկրի տնտեսության զարգացմանը: Ուզում եմ` ինչ էլ անեն, անեն իրենց երկրի համար: Որիշի տանը ինչքան էլ լավ լինի, մեկ է քո տան պես չէ: Ես այսպես եմ դաստիարակում իմ երկու որդիներին:
Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
chgitei vor inq@ Babajanyani harsn e egel:hetaqrqir er!
ОтветитьУдалить