
N39(854) 30.09.10
ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...
ԴԱՎԻԹ ԲԵՋԱՆՅԱՆ. «ԴԱՍԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՌՈՔՆՌՈԼ ԷԻՆՔ ՊԱՐՈՒՄ»
Քայլում եմ Տերյան փողոցով, անցնում Առնո Բաբաջանյանի արձանի մոտով, հատում
եմ խաչմերուկն ու աստիճաններով վերեւ բարձրանում: Դուռը բացում է Նադեժդա Սարգսյանը, իսկ հյուրասենյակում ժպիտը դեմքին մեզ ու ձեզ հետ զրույցի է սպասում Դավիթ Բեջանյանը: Տիկին Նադեժդան սուրճ է առաջարկում, հետո ինքն էլ միանում մեր զրույցին` թատրոն, կինո, «Թումանյանի Պադվալ», «Առագաստ», «Կազիրոկ», «Սկվազնյաչոկ»,երեկոյան ջերմ հանդիպումներ, թեժ քննարկումներ, Առնո Բաբաջանյան, Արա Շիրազ, ավտոմրցումներ, նամականիշերի ու լուցկու տուփերի հավաքածուներ…այս ամենի ու իր ապրած երիտասարդ տարիների մասին է պատմում մեր խորագրի հերթական հյուրը:

-Տասնչորս տարեկանում շատ սիրում էի նամականիշեր ու լուցկու տուփեր հավաքել, ավտոմրցումների մասնակցել, ավելի մեծ հասակում լուցկու տուփերի իմ հավաքածույում ավելի քան 200 նմուշ ունեի: Եթե նախորդ երկուսի դեպքում մտադրված հավաքածու էի ստեղծել, նույնը չեմ կարող ասել գրադարանիս մասին: Այն ակամա, տարիների ընթացքում գոյացավ: Հիմա տարածված արտահայտություն է դարձել` նոր սերունդը գիրք չի կարդում: Գուցե, ձանձրացնում է արդեն այս արտահայտությունը, բայց դա ցավալի ճշմարտություն է: Գիրք կարդալը իմ սերնդակիցների համար ուղղակի հաց ուտելու պես մի բան էր, մենք չէինք մտածում կարդալու մասին, դա պարզապես այդպես էր, առօրյայի մի մաս: Հիմա մեր ջահելներին թվում է, թե ամեն հարցի ինտերնետի օգնությամբ կարելի է պատասխան տալ: Ցավոք, այդեպս չէ, գիրքը դաստիարակում է, այն կենսափորձ է տալիս, դու չես նկատում, դա տարիների ընթացքում է տեղի ունենում: Թատրոն ու կինո էինք գնում, մի տոմսի համար օրերով հերթ էինք կանգնում:
-Մեր խորագրի նախորդ հյուրերը, որոնց մեծ մասը ձեզ սերնդակից են, հաճելի հուշեր ունեն Երեւանի հետ կապված: Դուք հատկապես հին Երեւանի ո՞ր անկյունն էիք շատ սիրում:
-Միայն ջահելությունը չի փոխվել, Երեւանն էլ է շատ փոխվել: Մեր մշտական հավաքատեղին այժմ «Բրաբիոն» ծաղկի սրահի տեղում գտնվող նկուղն էր, որ ամբողջ քաղաքում հայտնի էր «Թումանյանի պադվալ» անունով: Ես Չայկովսկու անվան երաժշտական դպրոցն են ավարտել, եւ, բնական է, երաժշտությունն իմ կյանքից անպակաս էր: Հիմա, իհարկե, դրանով չեմ զբաղվում, բայց երաժշտության պակասը լրացնում են իմ կյանքի երկու գլխավոր կանայք` կինս` Նադեժդան եւ դուստրս` Էմման: Վերադառնալով «Թումանյանի պադվալին»` ասեմ, որ այստեղ հավաքվում էին ժամանակի երիտասարդության ամենաակտիվ ներկայացուցիչները, որոնք հետո դարձան մեր էստրադայի, երգարվեստի վառ դեմքեր` Ռոբերտ Ամիրխանյան, Էվելինա Մակարյան, Լեւոն Մալխասյան, Վազգեն Ասատրյան եւ այլոք:
-Սիրելի հավաքատեղիներ էին նաեւ սրճարանները:
-Հա, բայց ոչ այսօրվա նման, սրճարան մենք չէինք գնում ուղղակի ժամանակ սպանելու համար: Իհարկե, զվարճանքը` զվարճանք, բայց «Կազիրոկում» ու «Առագաստում» հաճախ այնպիսի ջահելական թեժ քննարկումներ էին լինում: Այդ սրճարաններում հավաքվում էին ֆիզիկոս, երաժիշտ, գիտնական, դերասան ու մեծ մասը ուսանողներ եւ ինչ տաք զրույցներ էին ծավալվում:
-Դուք որպես դաշնակահար հանդես եք եկել նախ «Կռունկ» անսամբլում, ապա «Սերպանտինում»: Հետո ինչպե՞ս քանդակագործ դարձաք:
-Հայրս քանդակագործ էր, այն, որ գենը ժառանգել էի, զգացվում էր դեռ մանկության տարիներից: Սիրում էի հորս իր արվեստանոցում օգնել: Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին զուգահեռ ես սովորում էի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Հետո ուսումս շարունակեցի Գեղարվեստի թատերական ինստիտուտում: Այս տարիերին էլ ծանոթացա Արա Շիրազի հետ: Հիշում եմ` արվեստանոցում միշտ երաժշտություն էր հնչում, մյուս տղաներին էլ էի վարակել, առանց երաժշտության գործ անել չէր լինում: Միջանցքում դաշնամուր կար: Երկար դասամիջոցներին հավքվում էինք այդ դաշնամուրի շուրջ, ես նվագում էի, տղաները` «Ռոք ընդ Ռոլ» էին պարում. նրանց թվում էր եւ Արան: Իմ կուրսընկերներն էին Տիգրան Արզումանյանը` Սախորովի կիսանդրու հեղինակը, Արա Շիրազը, Յուրա Պետրոսյանը` Արամ Խաչատրյանի արձանի հեղինակը եւ այլք:
-Դուք մտերիմ էիք նաեւ մաեստրո Առնո Բաբաջանյանի հետ…
- Ժամանակին շատ մոտ եմ եղել նրա հետ, հաճախ էր մեր տանը լինում, նրա գործերն եմ նվագել եւ դրանցով տպավորված փորձել եմ կերտել նրա կերպարը` որպես այդ կախարդական հնչյուններն արարողի, որպես երաժշտության մոգի:
-Ինչպե՞ս հանդիպեցիք տիկին Նադեժդային:
- «Սերպանտին» հաճախելու տարիներին: Սիրո խոստովանություն չեմ արել: Ամեն ինչ ինքն իրեն եղավ: Մենք նույն միջավայրում էինք, ճանաչել ու սիրել ենք միմյանց, ասես այդպես էլ պիտի լիներ: Նադյան 17 տարեկան էր, երբ ծանոթացանք: Նրա ծնողները դեմ էին, որ երգչուհի դառնար, մինչդեռ ինքս համարում էի, որ ճիշտ ուղի է ընտրել, մշտապես ոգեւորում էի, ինքնավստահություն ներշնչում:
-Իսկ Էմմիի մասնագիտական ընտրության հարցում դուք ի՞նչ դիրքորոշում ունեցաք:
- Դեռ մանկության տարիներից Էմմին շատ սիրում էր Նադյայի հին հագուստները կտրատել, ձեւել, կտորներից զանազան իրեր էր կարում եւ այլն: Թվում էր, թե նրա մեջ փոքրիկ դիզայներ է մեծանում, բայց հետո տարվեց երաժշտությամբ, ես նախընտրեցի, որ նա Նադյայի գործը շարունակի: Այնուամենայնիվ, Էմմայի երաժշտական կարողությունները բացահայտել եւ զարգացրել է իր տատիկը` մայրս, որը երկար տարիներ դասավանդել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Նադյայի հետ այնքան էինք զբաղված լինում, որ անակնկալի եկանք` իմանալով, որ նա արդեն սովորում է երաժշտականում: Բայց, իհարկե, անհանգստություն կա: Ես զարմանում եմ` իմ կյանքի ամենաթանկ երկու կանայք ինչպես են շոու բիզնես կոչվածի հորձանուտում ապրում. մեր օրերում մրցակցությունն ավելի շուտ իրար վարկաբեկելու մեջ է. ինքս չհարմարվելով, արդեն 10 տարի է թողել եմ նվագելը: Այնուամենայնիվ, Էմմայի հարցում հանգիստ եմ: Նա համարձակ է, աշխատասեր իսկ դա հաջողության հասնելու համար կարեւոր է:
-Իսկ նոր սերնդի մեջ ապագա քանդակագործներ տեսնո՞ւմ եք:
-Ցավոք ոչ: Մտավախություն ունեմ, որ մի քանի տարի հետո մեր հասարակությունը միատարր ու միօրինակ կդառնա` շուրջբոլորս ջահելները կամ իրավաբան են դառնում, կամ դիվանագետ, կամ տենտեսագետ, մի մասին էլ շոու բիզնեսն է հմայում: Մեր ժամանակ գոնե երգիչները մեկը մյուսից լավն էին, գեղեցիկ փունջ էր, անհատականություններ կային, արվեստ կար, մակարդակ կար երգերում: Մարդիկ չեն հասկանում, որ մշակույթն իրենց կյանքն է, նրանք դադարում են ապրել, դադարում են ստեղծագործել, ստեղծագործ անհատներ չկան: Ամեն ինչ հիմնված է համակարգչի ու տեխնիկայի վրա:
Զրուցեց` ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Комментариев нет:
Отправить комментарий