30 сент. 2010 г.

N40(855) 07.10.10




ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...

ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԻՄ ԱՌԱՋԻՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՏՐՅՈՒԿՆԵՐԸ ԿԱՏԱՐԵՑԻ ԱԼԼԱ ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻ ՆՎԱԳԱԿՑՈՒԹՅԱՄԲ»
«Թիֆլիսում ֆիզկուլտուրայի մեր ուսուցիչ Իվան Գաբրիելյանը շատ լավ էր տիրապետում իլյուզիայի ժանրին: Նա կրկեսային խմբակ բացեց ու հնարավորության սահմաններում ամեն ինչով օգնում էր: Մեզ տանում էր կրկեսային ներկայացումներ դիտելու: Վերադառնալուց հետո փորձում էինք ընդօրինակել դերասաններին: Ես շատ էի սիրում ձեռնածուներին: Ինքս էլ պարապում էի: Փորձերս հաջողությամբ պսակվեցին. կարողանում էի վարժություններ անել հինգ գնդակով: Բոլոր օլիմպիադաներին մասնակցում էի: Այդ գործով լրջորեն զբաղվելու ժամանակը հասել էր, բայց չգիտեի` ուր գնամ ուսումս շարունակելու»,- հիշում է Երեւանի կրկեսի տնօրեն, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:

-Ո±վ կամ ի±նչը օգնեց, որ Ձեր ճանապարհն ուղղվի դեպի կրկես:

-«Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը, որ էկրան բարձրացավ 1963-ին: «Սաքարթվելո» կինոթատրոնում ֆիլմը նայեցի ավելի քան տասը անգամ: Թե ինչ տպավորություն թողեց ֆիլմն ինձ վրա, անհնար է նկարագրել: Մի քանի ամսից ուրախությունս եւ ոգեւորությունս կրկնապատկվեց, երբ իմացա, որ հայկական կրկեսի կոլեկտիվը Թիֆլիսում պիտի ելույթներ ունենա: Գնացի կրկես, նայեցի Լեոնիդ Ենգիբարյանի, Ստեփան Իսահակյանի ու Վաղարշակ Արզումանյանի ելույթները: Շատ էի ուզում նրանց հետ ծանոթանալ, զրուցել ու խորհուրդ հարցնել: Մի քանի օր գնալ- գալուց հետո հորս հաջողվեց կուլիսներում հանդիպել Ենգիբարյանին: Իմ բոլոր հնարքները դիտելուց հետո նա խորհուրդ տվեց ընդունվել աշխարհի միակ` Մոսկվայի կրկեսային ուսումնարան: Հայրս ինձնից ծածուկ Ենգիբարյանին խնդրել էր, որ ինձ ասի, թե ուսումնարան ընդունվելու համար պետք է դպրոցը ոսկե մեդալով ավարտեմ: Այդպես էլ եղավ. հանուն երազանքիս` դպրոցն ավարտեցի գերազանցությամբ: Մինչ այդ արդեն ընդգրկվել էի Թիֆլիսի պետական ֆիլհարմոնիայի կազմում: Այդ տարիներին էլ սովորեցի գումար վաստակել:

-Դուք Լեոնիդ Ենգիբարյանից հետո առաջին հայն էիք, որ ընդունվեցիք Մոսկվայի պետական կրկեսային ուսումնարան: Կպատմե±ք մի փոքր այդ մասին:

-Ութերորդ դասարանն ավարտելուց հետո հորս հետ մեկնեցի Մոսկվա: Ուսումնարանում մրցակցությունը մեծ էր. կրկեսային բաժնում մեկ տեղի համար մոտ հարյուր դիմում կար: Քննությունները երեք փուլով էին. ստուգում էին մեր ֆիզիկական տվյալները, տեխնիկական պատրաստվածությունը եւ դերասանի վարպետությունը: Ինձ չընդունեցին` պատճառաբանելով, թե ֆիզիկական տվյալներս չեն համապատասխանում: Վերադարձանք տուն: Հաջորդ երկու տարիներին նորից ընդունվելու փորձեր արեցի, բայց ապարդյուն: Ծնողներս ուզում էին, որ ընդունվեմ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, իսկ ես դեմ էի: Հորս հետ կիկին մեկնեցինք Մոսկվա, սակայն նորից նույնը` չընդունվեցի: Այդ ժամանակ ինձ խորհուրդ տվեցին ընդունվել ոչ թե կրկեսային, այլ կլոունադայի, էստրադայի, էքսցենտրիկայի բաժին: Այդպես էլ եղավ:


-Գիտեմ, որ Ալլա Պուգաչովայի հետ միեւնույն կուրսում եք սովորել: Նրանից բացի` էլ ովքե±ր են եղել Ձեր համակուրսեցիները:

-Մեր կուրսղեկը Յուրի Բելովն էր, որ, ի դեպ, դասավանդել էր նաեւ Ենգիբարյանին: Իմ համակուրսեցիներից շատերն այսօր շատ ճանաչված ու սիրված մարդիկ են` Ժաննա Բիչեւսկայան, Յուրի Կուկլաչովը, Ալլա Պուգաչովան, Գենադի Խազանովը, Եկատերինբուրգի կրկեսի այժմյան տնօրեն Անատոլի Մարչեւսկին եւ այլք: Մի անգամ Յուրի Պավլովիչը որոշեց, որ իմ` դհոլներով համարի ժամանակ հայկական ժողովրդական երաժշտություն հնչի, բայց ուսումնարանի նվագակցողներից ոչ ոք հայկական երաժշտություն չէր կարողանում նվագել: Նվագակցող գտնելու համար նա ստիպված ինձ ուղարկեց Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան եւ պատրաստ էր նույնիսկ 20 ռուբլի վճարել: Գնացի ուսումնարան եւ հանդերձարանում նստած մի խումբ աղջիկների ասացի, որ դաշնակահարուհի եմ փնտրում: Նրանցից մեկն անմիջապես համաձայնեց: Շտապ տաքսի վերցրի, եւ արագ եկանք Յուրի Պավլովիչի մոտ: Դաշնակահարուհին ասաց, որ նույնիսկ հայկական ժողովրդական երգերգիտի ու սկսեց «Շալախո» նվագել, հետո Արամ Խաչատրյանի «Գարուն Երեւանը» եւ այլն: Յուրի Պավլովիչը նրան անմիջապես ընդունեց որպես նվագակցող: Այդ աղջիկը Ալլա Պուգաչովան էր: Մի անգամ հյուրախաղերի ժամանակ մեր տղաներից մեկը հիվանդացավ: Յուրի Պավլովիչը չգիտեր ծրագիրն ինչպես համալրել: Ալլան խնդրեց, որ այդ ընթացքում ինքը երգի: Երբ վերադարձանք Մոսկվա, Յուրի Պավլովիչը նրան միանգամից երրորդ կուրս ընդունեց: Այսպիսո`նա համ նվագակցում էր, համ սովորում: Ալլան սիրահարված էր մեր համակուրսեցի Միկոլաս Օրբակասին: Երրորդ կուրսն ավարտելուց հետո, երբ նորից հյուրախաղերի մեկնեցինք, նրանք ամուսնացան: Հետո ծնվեց նրանց դուստրը` Քրիստինան:

-Ինչպե±ս էին անցնում ուսանողական տարիները մոսկովյան միջավայրում:

-Քանի որ ռուսերեն լավ չգիտեի, հենց առաջին դասից ընկճվեցի: Առաջին կուրսում կաշկանդվածությունը այդպես էլ չկարողացա հաղթահարել: Բայց երբ մեր կուրսղեկը զգուշացրեց, թե հետ եմ մնում, ինձ հետ ինչ-որ բան կատարվեց: Այդ խոսքերն ինձ համար ճակատագրական դարձան: Ամառային արձակուրդին տուն վերադարձա: Արձակուրդս անցկացրի Ապարանի շրջանի Վարդենիս գյուղում գտնվող մեր ամառանոցում: Անընդհատ մտածում էի Յուրի Պավլովիչի ասածների մասին: Ինքնուրույն սկսեցի ռուսերեն սովորել: Թույլ էի հատկապես դերասանի վարպետությունից: Ամռան ընթացքում 700 էտյուդ հնարեցի: Այս ամենը նոր ուսումնական տարում իր արդյունքը տվեց: Մայրս տարվա մեջ 2-3 անգամ գալիս էր Մոսկվա: Իհարկե, ես չէի ուզում նրան նեղություն պատճառել, բայց նա, սննդամթերք եւ անհրաժեշտ պարագաներ առած, գալիս էր եւ կերակրում ոչ միայն ինձ ու իմ կուրսեցիներին, այլեւ ամբողջ հանրակացարանին: Բոլորը շատ էին սիրում նրան: Ավարտելուց հետո Ենգիբարյանն ինձ առաջարկեց ներգրավվել Երեւանի կրկեսի կազմում: Այդպես իմ կյանքում սկսվեց մի նոր շրջան:

-Ձեզ մեծ ճանաչում բերեց դհոլներով համարը: Կպատմե±ք ինչպես ծնվեց այն:

-Մի շրջան տարվել էի Հայաստանի վաստակավոր արտիստուհի Նազի Շիրայի ձեռնածուական համարով, որի ընթացքում նա օգտագործել էր հայկական ֆոլկլորը: Սկսեցի, դուդուկ ու զուռնա նվագելով, ձեռնածուություն անել: Հետո ծնվեց կլառնետով համարը. ձեռնածուություն` անելով կլառնետը մասերի էի բաժանում ու հավաքում, որից հետո սկսում էի նվագախմբի հետ նվագել: Երբ ուսումնարանում զուռնա էի նվագում, բոլորը գլուխներն առած չգիտեին` ուր փախչեին: Մոսկվայում դհոլի դասատու գտա եւ սկսեցի պարապել: Դհոլները, որոնցից երկուսի վրա կանգնում էի, մյուսներով էլ ձեռնածուություն անում, շատ հաճախ ջարդվում էին: Խեղճ հայրս գրեթե ամբողջ աշխատավարձն ուղարկում էր Մոսկվա. վերջին կոպեկով անգամ գործիքներ էի գնում: Համարը ստեղծվեց մեծ ջանքերով, բայց դրա շնորհիվ շրջագայեցի շուրջ 80 երկրներում:

-Այսօր կրկեսին կից գործում է ստուդիա: Ձեր սաների շարքերում Դուք կրկեսի ապագա տաղանդներ տեսնո±ւմ եք:

-Այո, շնորհալի երեխաներ շատ ունենք: Ցավոք, շենքի պայմանները չեն ներում, բայց արդեն աջակիցներ ունենք. շուտով Երեւանի կրկեսը հիմնովին կվերանորոգվի, հուսանք` հայկական կրկեսի պատմության մեջ ծաղկման մի նոր շրջան կսկսվի:

Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

N39(854) 30.09.10

ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...

www.eter.am


ԴԱՎԻԹ ԲԵՋԱՆՅԱՆ. «ԴԱՍԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՌՈՔՆՌՈԼ ԷԻՆՔ ՊԱՐՈՒՄ»

Քայլում եմ Տերյան փողոցով, անցնում Առնո Բաբաջանյանի արձանի մոտով, հատում եմ խաչմերուկն ու աստիճաններով վերեւ բարձրանում: Դուռը բացում է Նադեժդա Սարգսյանը, իսկ հյուրասենյակում ժպիտը դեմքին մեզ ու ձեզ հետ զրույցի է սպասում Դավիթ Բեջանյանը: Տիկին Նադեժդան սուրճ է առաջարկում, հետո ինքն էլ միանում մեր զրույցին` թատրոն, կինո, «Թումանյանի Պադվալ», «Առագաստ», «Կազիրոկ», «Սկվազնյաչոկ»,երեկոյան ջերմ հանդիպումներ, թեժ քննարկումներ, Առնո Բաբաջանյան, Արա Շիրազ, ավտոմրցումներ, նամականիշերի ու լուցկու տուփերի հավաքածուներ…այս ամենի ու իր ապրած երիտասարդ տարիների մասին է պատմում մեր խորագրի հերթական հյուրը:

-Տասնչորս տարեկանում շատ սիրում էի նամականիշեր ու լուցկու տուփեր հավաքել, ավտոմրցումների մասնակցել, ավելի մեծ հասակում լուցկու տուփերի իմ հավաքածույում ավելի քան 200 նմուշ ունեի: Եթե նախորդ երկուսի դեպքում մտադրված հավաքածու էի ստեղծել, նույնը չեմ կարող ասել գրադարանիս մասին: Այն ակամա, տարիների ընթացքում գոյացավ: Հիմա տարածված արտահայտություն է դարձել` նոր սերունդը գիրք չի կարդում: Գուցե, ձանձրացնում է արդեն այս արտահայտությունը, բայց դա ցավալի ճշմարտություն է: Գիրք կարդալը իմ սերնդակիցների համար ուղղակի հաց ուտելու պես մի բան էր, մենք չէինք մտածում կարդալու մասին, դա պարզապես այդպես էր, առօրյայի մի մաս: Հիմա մեր ջահելներին թվում է, թե ամեն հարցի ինտերնետի օգնությամբ կարելի է պատասխան տալ: Ցավոք, այդեպս չէ, գիրքը դաստիարակում է, այն կենսափորձ է տալիս, դու չես նկատում, դա տարիների ընթացքում է տեղի ունենում: Թատրոն ու կինո էինք գնում, մի տոմսի համար օրերով հերթ էինք կանգնում:

-Մեր խորագրի նախորդ հյուրերը, որոնց մեծ մասը ձեզ սերնդակից են, հաճելի հուշեր ունեն Երեւանի հետ կապված: Դուք հատկապես հին Երեւանի ո՞ր անկյունն էիք շատ սիրում:

-Միայն ջահելությունը չի փոխվել, Երեւանն էլ է շատ փոխվել: Մեր մշտական հավաքատեղին այժմ «Բրաբիոն» ծաղկի սրահի տեղում գտնվող նկուղն էր, որ ամբողջ քաղաքում հայտնի էր «Թումանյանի պադվալ» անունով: Ես Չայկովսկու անվան երաժշտական դպրոցն են ավարտել, եւ, բնական է, երաժշտությունն իմ կյանքից անպակաս էր: Հիմա, իհարկե, դրանով չեմ զբաղվում, բայց երաժշտության պակասը լրացնում են իմ կյանքի երկու գլխավոր կանայք` կինս` Նադեժդան եւ դուստրս` Էմման: Վերադառնալով «Թումանյանի պադվալին»` ասեմ, որ այստեղ հավաքվում էին ժամանակի երիտասարդության ամենաակտիվ ներկայացուցիչները, որոնք հետո դարձան մեր էստրադայի, երգարվեստի վառ դեմքեր` Ռոբերտ Ամիրխանյան, Էվելինա Մակարյան, Լեւոն Մալխասյան, Վազգեն Ասատրյան եւ այլոք:

-Սիրելի հավաքատեղիներ էին նաեւ սրճարանները:

-Հա, բայց ոչ այսօրվա նման, սրճարան մենք չէինք գնում ուղղակի ժամանակ սպանելու համար: Իհարկե, զվարճանքը` զվարճանք, բայց «Կազիրոկում» ու «Առագաստում» հաճախ այնպիսի ջահելական թեժ քննարկումներ էին լինում: Այդ սրճարաններում հավաքվում էին ֆիզիկոս, երաժիշտ, գիտնական, դերասան ու մեծ մասը ուսանողներ եւ ինչ տաք զրույցներ էին ծավալվում:

-Դուք որպես դաշնակահար հանդես եք եկել նախ «Կռունկ» անսամբլում, ապա «Սերպանտինում»: Հետո ինչպե՞ս քանդակագործ դարձաք:

-Հայրս քանդակագործ էր, այն, որ գենը ժառանգել էի, զգացվում էր դեռ մանկության տարիներից: Սիրում էի հորս իր արվեստանոցում օգնել: Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին զուգահեռ ես սովորում էի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Հետո ուսումս շարունակեցի Գեղարվեստի թատերական ինստիտուտում: Այս տարիերին էլ ծանոթացա Արա Շիրազի հետ: Հիշում եմ` արվեստանոցում միշտ երաժշտություն էր հնչում, մյուս տղաներին էլ էի վարակել, առանց երաժշտության գործ անել չէր լինում: Միջանցքում դաշնամուր կար: Երկար դասամիջոցներին հավքվում էինք այդ դաշնամուրի շուրջ, ես նվագում էի, տղաները` «Ռոք ընդ Ռոլ» էին պարում. նրանց թվում էր եւ Արան: Իմ կուրսընկերներն էին Տիգրան Արզումանյանը` Սախորովի կիսանդրու հեղինակը, Արա Շիրազը, Յուրա Պետրոսյանը` Արամ Խաչատրյանի արձանի հեղինակը եւ այլք:

-Դուք մտերիմ էիք նաեւ մաեստրո Առնո Բաբաջանյանի հետ…

- Ժամանակին շատ մոտ եմ եղել նրա հետ, հաճախ էր մեր տանը լինում, նրա գործերն եմ նվագել եւ դրանցով տպավորված փորձել եմ կերտել նրա կերպարը` որպես այդ կախարդական հնչյուններն արարողի, որպես երաժշտության մոգի:

-Ինչպե՞ս հանդիպեցիք տիկին Նադեժդային:

- «Սերպանտին» հաճախելու տարիներին: Սիրո խոստովանություն չեմ արել: Ամեն ինչ ինքն իրեն եղավ: Մենք նույն միջավայրում էինք, ճանաչել ու սիրել ենք միմյանց, ասես այդպես էլ պիտի լիներ: Նադյան 17 տարեկան էր, երբ ծանոթացանք: Նրա ծնողները դեմ էին, որ երգչուհի դառնար, մինչդեռ ինքս համարում էի, որ ճիշտ ուղի է ընտրել, մշտապես ոգեւորում էի, ինքնավստահություն ներշնչում:

-Իսկ Էմմիի մասնագիտական ընտրության հարցում դուք ի՞նչ դիրքորոշում ունեցաք:

- Դեռ մանկության տարիներից Էմմին շատ սիրում էր Նադյայի հին հագուստները կտրատել, ձեւել, կտորներից զանազան իրեր էր կարում եւ այլն: Թվում էր, թե նրա մեջ փոքրիկ դիզայներ է մեծանում, բայց հետո տարվեց երաժշտությամբ, ես նախընտրեցի, որ նա Նադյայի գործը շարունակի: Այնուամենայնիվ, Էմմայի երաժշտական կարողությունները բացահայտել եւ զարգացրել է իր տատիկը` մայրս, որը երկար տարիներ դասավանդել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Նադյայի հետ այնքան էինք զբաղված լինում, որ անակնկալի եկանք` իմանալով, որ նա արդեն սովորում է երաժշտականում: Բայց, իհարկե, անհանգստություն կա: Ես զարմանում եմ` իմ կյանքի ամենաթանկ երկու կանայք ինչպես են շոու բիզնես կոչվածի հորձանուտում ապրում. մեր օրերում մրցակցությունն ավելի շուտ իրար վարկաբեկելու մեջ է. ինքս չհարմարվելով, արդեն 10 տարի է թողել եմ նվագելը: Այնուամենայնիվ, Էմմայի հարցում հանգիստ եմ: Նա համարձակ է, աշխատասեր իսկ դա հաջողության հասնելու համար կարեւոր է:

-Իսկ նոր սերնդի մեջ ապագա քանդակագործներ տեսնո՞ւմ եք:

-Ցավոք ոչ: Մտավախություն ունեմ, որ մի քանի տարի հետո մեր հասարակությունը միատարր ու միօրինակ կդառնա` շուրջբոլորս ջահելները կամ իրավաբան են դառնում, կամ դիվանագետ, կամ տենտեսագետ, մի մասին էլ շոու բիզնեսն է հմայում: Մեր ժամանակ գոնե երգիչները մեկը մյուսից լավն էին, գեղեցիկ փունջ էր, անհատականություններ կային, արվեստ կար, մակարդակ կար երգերում: Մարդիկ չեն հասկանում, որ մշակույթն իրենց կյանքն է, նրանք դադարում են ապրել, դադարում են ստեղծագործել, ստեղծագործ անհատներ չկան: Ամեն ինչ հիմնված է համակարգչի ու տեխնիկայի վրա:

Զրուցեց` ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

N36(851) 09.09.10


ԵՐԲ ԵՍ ՈՒՍԱՆՈՂ ԷԻ...

ԱՇԽԵՆ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ. «ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷՐ»

Հաճախ եմ ավագ սերնդի ներկայացուցիչներից լսել, որ նախկին Աստաֆյան, այժմ Աբովյան փողոցը ժամանակի երիտասարդության համար քաղաքի սիրտն է համարվել ու Երեւանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը, այս ամենը հասկացա, երբ ինքս էլ ուսանող դարձա ու, չգիտեմ ինչու, ես էլ սկսեցի սիրել Աբովյան փողոցն իր փոքրիկ խանութներով, կոկիկ շենքերով ու սրճարաններով եւ այդ սրճարանների կողքին սրճաբույր զրույցի կանչող «Փարիզյան սուրճը»: Այս անգամ մեր խորագրի հյուրը այս ընկերության եւ խանութ-սրճարանի տնօրեն Աշխեն Գործունյանն է:

-Դեռ մանկության տարիներից անչափ սիրում էի նկարել: Բայց մենք ֆրանսիայում էինք ապրում, Փարիզում: Իսկ այնտեղ նկարիչները ճիշտ է հարգված, բայց մի տեսակ «խենթ» խավի ներկայացուցիչներ են համարվում: Երբ եկավ մասնագիտություն ընտրելուս ժամանակը, հայրս չցանկացավ, որ ես նկարչուհի դառնայի եւ, որպեսզի սիրտս չկոտրեր, առաջարկեց նկարչությանը մոտ մեկ այլ մասնագիտություն ընտրել, այդպես ես ընդունվեցի Փարիզի ճարտարապետական համալսարան, բայց խենթություններն իմ կյանքից անպակաս եղան:

-Այսինքն բիզնեսը չէ՞ր մտնում ձեր մանկության երազանքների մեջ:

-Մեծանալով այնպիսի բիզնեսմենի ընտանիքում, ինչպիսին հայրս էր, ես դրանից խուսափել չէի կարող: Ամենասկզբում ես շատ հեռու էի կանգնած բիզնեսից, բայց շուտով սուրճի սպիտակ ծաղկի բույրն իմ երակներից ներս էլ թափանցեց, ու այդ օրվանից սուրճն ինձ համար դարձավ ոչ միայն եկամտի աղբյուր այլեւ հաճելի հանդիպումների ուղեկից:

-Ինչո՞վ էր առանձնահատուկ ֆրանսիայի ուսանողությունը, եւ այդ երիտասարդների մեջ ինչպես էր ընդգծվում հայ ուսանողների համայնքը:

-Այնտեղ ընդունված է, որ ուսանողն ինքն է վճարում իր ուսման համար, բայց ես բավական ապահով ընտանիքից էի եւ իմ աշխատելու անհրաժեշտությունը չեղավ, բավական ժամանակ ունեցա ներգրավվելու ուսանողական եռուզեռի մեջ: Անչափ հետաքրքիր էր, հայեր կային եւ ֆրանսիայից, եւ Թուրքիայից, եւ Հալեպից ու Լիբանանից, որտեղից ասես` ճիշտ է բոլորս հայ էինք, բայց կրում էինք նաեւ տարբեր մշակույթների, տարբեր ազգերի սովորույթների ու բարքերի ազդեցությունը: Երբեմն նախանձում էի այն երիտասարդներին, ովքեր ուսանողական հանրակացարաններում էին ապրում, որովհետեւ խենթություններ անելու ժամանակ ավելի շատ էին ունենում: Մենք ամեն շաբաթ երեկո համալսարանում հավաքույթ էինք կազմակերպում: Համալսարանն իր նվագախումբ-երգչախումբն ուներ, գնում էինք այլ ուսումնական հաստատություններ, համերգներ կազմակերպում, հայկական պար, երգ էինք սովորում, ասմունքում էինք, հայկական կինոյի դիտման օրեր էինք կազմակերպում, ցուցահանդեսներ եւ այլն: Հաճախ առանձնանում եմ մի անկյունում եւ հեռվից ուսումնասիրում եմ այսօրվա հայ երիտասարդներին, փորձում եմ ականջի ծայրով որսալ` ինչի մասին են խոսում մի սեղանի շուրջ հավաքված տղաներն ու աղջիկները: Մեր երիտասարդները լավ ուսման, կրթության, ինտելեկտի պակաս ունեն:

-Ձեր ուսանողական տարիներին ակտիվ մասնակցել եք նաեւ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քարոզարշավների, ցույցերի…

-Այո, սփյուռքը միշտ էլ նմանատիպ նախաձեռնությունների առումով ակտիվ է եղել, մանավանդ սփյուռքահայ առաջադեմ երիտասարդությունը: Ես անգամ «Հայ պայքար» պարբերականի թղթակից էի այդ տարիներին, Հայ գաղտնի բանակի անդամ: Շատ լավ տիրապետում էի եւ հայերենին, եւ Ֆրասներենին եւ դա ինձ օգնում էր Հայաստանի մասին ակտիվ լուսաբանել թերթում, շփվել Ֆրանսիայում ապրող հայերի հետ:

-Ուսումն ավարտելուց հետո երբեք չզբաղվեցիք ձեր մասնագիտությամբ, ինչո՞ւ:

-Որովհետեւ ամուսնացա: Այդ ժամանակ Ֆրանսիայում էր Առնո Բաբաջանյանը, որ հորս ընկերներից էր, նրա որդին` Արան, եւս իր հետ էր եւ շատ ուզում էր ծանոթանալ Փարիզին, ես էլ դարձա նրա «գիդը»: Հետո սկսվեց մի սիրո պատմություն, որն ինձ ընդմիշտ կապեց Հայաստանի հետ: Մենք պսակադրվեցինք սրբ. Հռիփսիմե վանքում, մեզ օրհնեց Վազգեն առաջինը: Ես դեռ Փարիզում լսել էի Առնոյի հանդեպ մարդկանց հարգանքի ու վերաբերմունքի մասին, բայց ամեն ինչ հասկացա, երբ հարսանիքիս օրը վերելակից դուրս եկա, որպեսզի վանք գնայինք ու հազիվ ամբոխի միջից կարողացա դուրս պրծնել: Ես շատ երջանիկ էի, որ Հայաստանում եմ ապրելու, բայց Բաբաջանյան ընտանիքը Մոսկվայում էր ապրում եւ ստիպված էինք տեղափոխվել: Այնտեղ էլ ես ռուսերեն սովորեցի: Հետո ծննդաբարության ժամանակ ես կորցրի իմ առաջնեկին, բայց տասնհինգ օր անտեղյակ մնացի այդ դժբախտ լուրից ու երբ իմացա, Արային ներել չկարողացա: Ես վերադարձա Փարիզ` ծնողներիս մոտ եւ այդպես մենք աստիճանաբար հեռացանք իրարից: Ես մեկնեցի ԱՄՆ անգլերենս կատարելագործելու: Արդեն հայրիկիս օգնում էի բիզնեսի հարցերում:

-16 տարի է Հայստանում գործում է «Փարիզյան սուրճը», դուք ձեզ հաջողակ բիզնես-լեդի համարո՞ւմ եք:

-Հաջողության գաղտնիքը հաճախորդին չհիասթափեցնելու մեջ է: Ֆրանսիացիներն ասում են. «Հաճախորդը թագավոր է»: Հարգելով ինքս ինձ` ես չեմ կարող իմ հաճախորդին վատ ապրանք հրամցնել, ահա ամենը:

-Գիտեմ, որ երկար ժամանակ ձեր ընտանիքը օգնել է Հայ գաղտնի բանակին, դուք Հայ բարեգործական միության անդամ եք եղել, այնուհետ աջակցել եք արցախյան ազատամարտին մասնակից ֆիդայական ջոկատներին, մասնավորապես Մոնթեին:

-Ինչ արել եմ, Հայաստանի համար եմ արել եւ այդ մասին չէի ցանկանա խոսել, բայց Մոնթեի հետ իրոք ընկերներ էինք: Նա այն եզակի սփյուռքահայ երիտասրադներից էր, ովքեր խենթի պես սիրահարված էին այս երկրին, նա, Հայաստանը չտեսած, եկել էր այս հողի համար կռվելու, զարմանալի բան է, չէ՞: Կռվի տարիներին մեր տունը զինվորական պահեստի էր վերածվել, բուժկետի, չգիտեմ ինչպես նկարագրել:

-Իսկ հետո, պատերազմի ավարտից հետո ինչպե՞ս ընթացավ ձեր կյանքը:

- Ցավոք, իմ անձնական կյանքը այդպես էլ չդասավորվեց, բայց իմ կյանքի բոլոր սերերը հայ տղամարդիկ էին, զարմանալի էր, բայց ես, օտարության մեջ ապրելով, երբեք ֆրանսիացու կամ օտար ազգի այլ ներկայացուցչի չսիրահարվեցի: Մեկ-մեկ ինձ թվում է, որ ես իրականում Հայաստանին եմ սիրահարվել, այն ինչ կապված է Հայաստանի հետ, ես խենթի պես եմ սիրում:

՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր բիզնես ոլորտում են պատրաստվում կայանալ:

-Ես բոլոր հնարավորություններն ունեմ արտերկրում ապրելու, եւ հարուստ ու ճանաչված կին եմ, թվում է, թե ամեն ինչ ունեմ, ու երջանիկ եմ, բայց առանց Հայաստանի չեմ կարողանում: Ես իմ բիզնեսը կիսեցի Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ: Եթե կռվի տարիներին զենքով ու ֆինանսական միջոցներով քիչ թե շատ նպաստել եմ մեր երկրին, հիմա` խաղաղության օրերում, պարտքս ավելի է մեծացել, իմ ընտանեկան հարստությունը ծառայեցնում եմ մեր երկրի տնտեսության զարգացմանը: Ուզում եմ` ինչ էլ անեն, անեն իրենց երկրի համար: Որիշի տանը ինչքան էլ լավ լինի, մեկ է քո տան պես չէ: Ես այսպես եմ դաստիարակում իմ երկու որդիներին:

Զրուցեց ՆԱԻՐԱ ԹՈԽՍԱՆՑ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ