28 окт. 2014 г.



www.eter.am

# 43 (1064)
23.10.14

ՍԵԼՖԻԻ ՊԱՊԱԿԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ




«Սելֆի»-ն (selfie) անգլերեն բառ է, կազմվել է նույն լեզվի self արմատից, որ թարգմանվում«ինքդ քեզ»«ինքնուրույն»: Հարաբերակից է հայերենի «ինքնա-» նախածանցին: Օքսֆորդի համալսարանի հրատարակած անգլերենի բառարանում selfie-ն ներկայացվել է որպես 2013 թվականի տարվա բառ: Սրա հայերեն համարժեքն ավելի հստակ պատկերացում է տալիս երեւույթի մասին՝ ինքնանկար: Այսպես, 2005 թվականից սկսած՝ համացանցը Ֆեյսբուքի միջոցով ողողվում է տարբեր սելֆիներով: Նրանց թիվը գնալով շատացավ, եւ շատացավ այնքան, որ այսօր, բան ու գործ թողած, խոսում ենք հենց այդ ինքնանկարների մասին: Սելֆին հատուկ այս կամ այն տարածաշրջանին կամ երկրին բնորոշ երեւույթ չէ: Աշխարհի բոլոր անկյուններում էլ գտնվում են մարդիկ, որ ինքնանկարի սիրահար են: Այս սերը, ի դեպ, փոքր-ինչ վտանգավոր է, որովհետեւ կարող է վերածվել մոլուցքի:
է



ՍԵԼՖԻՆ 94 ՏԱՐԵԿԱՆ Է

Այո, այո: Չկարծեք, թե այս երեւույթի ստեղծողը մերօրյա խենթ երիտասարդությունն է, որ հաճախ հիասթափության է մղում ավագ սերնդին: Սելֆին շատ ավելի մեծ է, քան պատկերացնում եք: Մեծագույն ֆանտազիա կլիներ մտածել մերօրյա պլանշետների ու խելացի սմարթֆոնների մասին, երբ մեր պապերն արեցին… առաջին սելֆին: Ինչ խոսք, բավական անհարմար էր խոշոր քառակուսի արկղը երկու հոգով բռնելն ու ինքնանկարվելը, բայց դա այն սերունդն էր, որ այսօր վստահ կարող է ասել՝ մենք որ ժամանակին…









ՍԵԼՖԻՆ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է

Եթե դուք սելֆիի սիրահար եք ու այս ենթավերնագիրը կարդալուց հետո պատրաստվում եք թերթը փակել… Սպասե՛ք: Դա ոչ թե մենք, այլ հոգեբաններն են ասում: Գուցե սխալվո՞ւմ են, ո՞վ իմանա: Պարզապես երեւույթը մեկնաբանվում է մի քանի տեսակետից: Նախ` շատերը հավատացած են, որ ինքնանկարվելու անընդհատ ցանկություն ունեն միայն նարցիսները, այսինքն՝ ինքնասիրահարվածները: Նրանք հոգեբանական այնպիսի վիճակում են հայտնվում, որ ուզում են իրենց նկարել ու նկարել, նկարել ու հիանալ, ապա այդ նկարները շատ արագ վերբեռնել սոցիալական ցանցերում ու ակնկալել հավանողների մի ողջ բանակ, որ պատրաստ է Like-եր շռայլել: Ժամանակին վիճակագրական տվյալներ են աչքովս ընկել, համաձայն որոնց տղամարդիկ իրենց ավելի շատ են հայելու մեջ նայում, քան կանայք. նրանք սպասվածից ավելի «թիթիզ» են: Հավատացեք, նույն կարծիքին են հանգել նաեւ բրիտանացի մասնագետները, որոնց հետազոտությունները փաստում են. սելֆի է անում տղամարդկանց 17, իսկ կանանց՝ 10 տոկոսը:


ՍԵԼՖԻՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԶՎԱՐՃԱԼԻ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ… ՄԱՀԱՑՈՒ

Գուցե կգա ժամանակը, երբ մարդու բնավորությունն ու էությունը ճանաչելու համար հարկավոր կլինի ոչ թե իմանալ, թե նա ինչ երաժշտություն է լսում կամ ինչ գրականություն է կարդում, այլ բավարար կլինի ծանոթանալ նրա սելֆիներին… Զավեշտական է, համաձայնեք: Ոմանց համար ինքնանկարը, այսպես ասած, սիրողական մակարդակի շրջանակում է: Նրանք այն մարդիկ են, որ, իրավիճակի թելադրանքով, ուզում են իրենց հավերժացնել ինչ-որ պահի: Բայց կան եւ այնպիսիք, որ հատուկ նստում ու մտածում են «գժական» սելֆի ունենալու մասին՝ մոռանալով, որ ամեն անգամ գետը գերան չի բերի: Փաստենք. վերջերս 21-ամյա մեքսիկացի Օսկար Օտերո Ագիլարը ոգելից խմիչքի ազդեցության տակ որոշել էր ատրճանակով ինքնանկարվել: Անզգուշության, եւ, բնականաբար, անսթափ լինելու պատճառով սելֆին ձախողվել է, Ագիլարի կյանքը՝ ընդհատվել…
Մի քանի ամիս առաջ Ֆեյսբուքը ողողվեց սելֆիի նոր ու տարօրինակ տեսակով. օգտատերերը կպչուն ժապավենով «դաժանաբար» կապկպում, տձեւացնում էին դեմքը եւ ինքնանկարվում: Ավելի քան տգեղ ու տհաճ քայլ: Խորհուրդ չենք տա փորձել՝ գոնե հոգեբանների «սեւ ցուցակում» չհայտնվելու համար:



ՇՈՈՒԲԻԶՆԵՍՅԱՆ ՈՒ ԱՍՏՂԱՅԻՆ ՍԵԼՖԻՆԵՐ

Մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանի նման աշխարհ տեսած մարդը չէր կարող չունենալ իր «Սառցե դույլ» ֆլեշմոբին, նա ցանկացավ սելֆի նվիրել գլխին սառը ջուր լցնող Քիմին: Պիտի որ ստացված լինի: Իր որդիների, քրոջ եւ զարմուհու հետ է ինքնանկարվել հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը: Իսկ ահա կինոարվեստում փայլած ու այնտեղից քաղաքականություն թափանցած Տերմինատորը՝ նույնինքը Առնոլդ Շվարցենեգերը, Կաննում էր, երբ որոշեց պատշգամբում կիսամերկ սելֆի ունենալ ու հայտնվեց պապարացիների սրատես օբյեկտիվում:
աստղային սելֆին: Չէ, սխալվում եք, եթե մտածեցիք, թե նա հասցրել է ինքնանկարվել իր հերթական 18+ տեսարաններից մեկում: Որոշ ժամանակ առաջ, մասնակցելով





ՍԵԼՖԻՆԵՐԸ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ





…Նաեւ հայ իրականության մեջ: Հայաստան էր ժամանել Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը: Որոշ ծրագրեր իրականացնելուն զուգահեռ, նա հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կասկած իսկ չունենաք, որ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում. վկա պաշտոնական սելֆին: Այն տարածել էր նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր
միկրոբլոգում: Երբ Ինստագրամում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի էջն ունեցավ

400000 բաժանորդ, նա որոշեց խորապես շնորհակալ լինել: Երեւի իր խոսքն ասելու համար մտածել էր ինքնատիպ միջոց գտնել ու վերջում հանգել ինքնանկար տարածելուն: Դմիտրի Մեդվեդեւի
առաջնեկ սելֆին ծնվեց վերելակում, մեծացավ Ինստագրամում, որտեղ հայտնվելու պահին հավաքեց ավելի քան




8000 Like: Աշխարհի երկու գերտերությունների առաջնորդները նախանձախնդիր են նաեւ սելֆի ունենալու հարցում: Չենք կարող ասել՝ ով է առաջինն ինքնանկարվել, բայց փաստ է, որ թե՛
Վլադիմիր Պուտինը, թե՛ Բարաք Օբաման այնքան էլ հեռու չեն սելֆիներից: Նրանք մեկի փոխարեն մի քանիսն ունեն: Դեռ շատ կարելի է խոսել 94-ամյա այս երեւույթի՝ սելֆիի մասին: Կարող ենք հպանցիկ ավելացնել, որ ինքնանկար ունեն Դեյվիդ Քեմերոնը, Անգլիայի Եղիսաբեթ II թագուհին եւ անգամ… Հռոմի պապը:



Իսկ գուցե մի օր էլ անձնագրերո՞ւմ տեղադրեն մեր ազատ ընտրությամբ արված սելֆին… :)











ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ

16 окт. 2014 г.

www.eter.am

# 42 (1063)
16.10.14

Ի՞ՆՉՆ Է ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ



ԵՐԲ ԲԻԶՆԵՍԻ ԽԱՂԱՍԵՂԱՆԻՆ ԱՊԱԳԱՆ Է…

«Արդեն քանի տարի է` սա մեր ընտանեկան բիզնեսն է»,- այսպիսի պատասխան ստացա, երբ փորձում էի հետաքրքրվել ոմանց «շատ վտանգավոր» ծառայությամբ: Բուհերի պատերին փակցված են հայտարարություններ, որոնցում առաջարկվում է պատվիրել եւ գնել ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային աշխատանքներ: Թե ինչքան են պատկան մարմինները հարցին մատների արանքով նայել, վկայում է կրթական շուկա ձեւավորած անհատների խոսքը՝ ընտանեկան բիզնես է: Գուցե ոմանց թվում է, թե դա անվտանգ բան է կամ վտանգը սարերի հետեւում է, բայց կասկածից վեր է, որ շատ արագ զգալու ենք երեւույթի տխուր հետեւանքները. տարիներ անց ունենալու ենք այնպիսի ուսուցիչներ, դատավորներ, իշխանավորներ, որոնց տասնվեց դար առաջ ողբում էր Պատմահայրը:
երբ փորձում էի հետաքրքրվել ոմանց

Խնդիրը մի քանի կողմ ունի. մի կողմում մարդիկ են, որոնք փող են աշխատում ի վնաս ուսանողի ու մեր ազգի ապագայի, մյուս կողմում՝ վայ ուսանողները, որոնք նպաստում են նորահայտ «բիզնեսմենների» հաջողությանը: Նաեւ դասախոսները, որոնք կամ գլխի չեն ընկնում, թե իրենց ներկայացված աշխատանքի հեղինակն ով է, կամ աչք են փակում՝ դրսեւորելով վտանգավոր անտարբերություն: Ասենք ավելին. երբ այցելեցինք նման ծառայություններ մատուցող գրասենյակ, աշխատողները հայտարարեցին, որ համագործակցում են որոշ դասախոսների հետ, եւ որ ամեն ինչ արվում է «պրոֆեսիոնալ» մակարդակով: Մեկ այլ ծառայությունից հետաքրքրվեցինք՝ հարկային դաշտ մտե՞լ են, թե՞ ոչ: Ի զարմանս մեզ՝ հարկայինում էլ են գրանցված ու շահույթից վճարում են որոշակի մասնաբաժին: Այլ՝ ավելի դժվար հարց է, թե հարկային մարմիններում նրանց եկամտի աղբյուրն ի՞նչ ձեւակերպում ունի. ռեֆերատների ու կուրսայինների վաճա՞ռք…

Սկսնակ լրագրող Արուս Տիգրանյանն իր բլոգում որոշեց անդրադառնալ այս խնդրին՝ իմանալով, որ ընկերուհին ռեֆերատ է գնել: Մեզ հետ զրույցում Արուսն ասաց, որ խնդիրը շատ է մտահոգում իրեն: Տարբեր մարդկանց հետ է զրուցել. եզրահանգումը մեկն է. ուսանողների այս քայլերի վրա աչք են փակում հենց իրենք՝ դասախոսները: Մեզ հաջողվեց զրուցել ԵՊՀ մագիստրատուրայում սովորող տղաներից մեկի հետ, որը խոստովանեց, թե ժամանակին որպես գործընկեր ինքն էլ է շփում ունեցել նման մարդկանց ու գրասենյակների հետ. պատվերներ է ստացել «օֆիսից» ու գրել իրարից լրիվ հեռու մասնագիտություններին ու առարկաներին առնչվող կուրսային աշխատանքներ, ռեֆերատներ: Երկու տարի համագործակցել է, գրել մոտ 50 աշխատանք: Յուրաքանչյուրի համար ստացել է 2000-2500 դրամ: Ուսանողը պարզաբանում է.  «Աշխատանքը չեմ փնտրել. պատահաբար է ստացվել: Մի օր բարեկամս զանգեց (հենց իրենն էր գրասենյակը) ու հարցրեց, թե կարո՞ղ եմ օգնել: Պարզվեց՝ իրենց աշխատողը չէր հասցրել գրել ռեֆերատը, իսկ ուսանողներին խաբել նրանց գրասենյակը չէր կարող: Ես էլ համաձայնեցի օգնել ու էդպես սկսեցի գրել»: Այս պատմության մեջ ամենադրական կետն այն էր, որ նա հասկացել էր իր արարքի բացասական հետեւանքներն ու ընդհատել էր համագործակցությունը:

Փորձեցինք զանգահարել տարբեր հայտարարություններում նշված հեռախոսահամարներով ու զրույցի բռնվել: Մի դեպքում զրուցակիցս երիտասարդ աղջիկ էր: Ասաց, որ աշխատանքների որակը երաշխավորվում է, որովհետեւ այսքան տարիների ընթացքում «որեւէ բողոք չի եղել»«Ես ու քույրիկս ենք գրում: Մեկ էջի արժեքը 200 դրամ է: Որակին կասկածել պետք չէ, որովհետեւ նույնիսկ դիսերտացիաներ ենք գրում ու վաճառում»,- հպարտությամբ հավելեց «վաճառականը»՝ չիմանալով, որ զրուցում է լրագրողի հետ: Տեսեք, թե ուր հասանք՝ ռեֆերատ, կուրսային, դիպլոմային ու… դիսերտացիա:

Երեւի հոդվածի սկզբում ընթերցողներից ոմանք այնքան էլ համամիտ չէին, որ գործ ունենք վտանգավոր ծառայության հետ, բայց այս խոստովանությունը լույս է սփռում ամեն ինչի վրա. գիտելիքը ոչ մի արժեք չունի: Չէ, ավելի ճիշտ՝ ունի. ինչպես աղջիկը տեղեկացրեց՝ դիսերտացիայի մեկ էջը՝ 900-1000 դրամ: Այսպես են ծնվում վաղվա գիտնականներն ու դասախոսները, որոնք վաղը պետք է աչք փակեն գնված կուրսայինների ու ավելի մեծ ստերի վրա: Այսպես մենք մեզ քանդում ենք ներսից…

ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ

www.eter.am

# 42 (1063)
16.10.14

ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼԸ` ԴԺՎԱՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Աշակերտներից շատերը երազում են դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնականում երկու պատճառով՝ մասնագիտություն ձեռք բերելու եւ ուսանողական կյանքով ապրելու համար: Առնվազն չորս տարի սովորում են, սակայն բուհն ավարտելուց հետո կանգնում են մասնագիտությամբ աշխատանք գտնելու դժվարության, երբեմն՝ անհնարինության առաջ: Հայաստանում մինչեւ 30 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը շուրջ 19 տոկոս է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ պատճառը նաեւ աշխատաշուկայի պահանջարկի եւ առաջարկվող աշխատուժի անհամամասնությունն է: Երիտասարդները հաճախ մասնագիտություն ընտրում են մոդայի թելադրանքով: Այդ սկզբունքով յուրաքանչյուր տարի պետական եւ ոչ պետական համալսարանները հարյուրավոր իրավաբաններ, տնտեսագետներ եւ դիվանագետներ են ավարտում: Այնինչ աշխատատեղերը սահմանափակ են: Career Builder գործակալությունը եւ Economic Modelling Specialists International վերլուծական ընկերությունը, հետեւելով աշխատանքի համաշխարհային շուկայում նկատվող միտումներին, կազմել են 2013 թվականի առավել բարձր վարձատրվող եւ առավել պահանջված մասնագիտությունների վարկանիշային աղյուսակը: Այն ունի այս տեսքը.

1. Ծրագրավորող
2. Մարկետոլոգ
3. Մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրերի մշակման մասնագետ
4. Ֆինանսական վերլուծաբան
5. Ֆիզիոթերապեւտ
6. Վեբ-ծրագրավորող
7. Լոգիստիկայի մասնագետ
8. Տվյալների բազայի մասնագետ
9. Միջոցառումների կազմակերպիչ
10. Թարգմանիչ

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի ունեցած տվյալներով՝ 2013-14 թվականներին ամենից շատ պահանջվել են էլեկտրոնիկա եւ այլ սարքավորումներ վերանորոգող մասնագետներ, սննդի տեխնոլոգներ, սննդի անվտանգության մասնագետներ, դեղագործներ, տրանսպորտային լոգիստիկայի մասնագետներ, վարորդներ: Շինարարական ոլորտի մասնագետներից՝ ծեփագործներ, պատշարներ: Մեծ պահանջարկ են ունեցել նաեւ տպագրիչները, տպարանում աշխատող այլ մասնագետներ, մենեջմենթի ոլորտում՝ կառավարիչները, միջազգային իրավունքին տիրապետող իրավագետները եւ իրավաբանները, տնտեսագետ-վերլուծաբանները: Աշխատատեղեր կան նաեւ տեղեկատվական տեխնոլոգյաների մասնագետների համար:

Վեհանուշ Տոնոյանը 21 տարեկան է, մասնագիտությամբ՝ բանասեր:  «Պահանջում են կամ աշխատանքային փորձ, կամ կլորիկ գումար՝ աշխատանք տալու համար»,- վրդովված նշում է Վեհանուշը: Չի զղջում, որ ընտրել է բանասերի մասնագիտությունը: Ասում է, որ երբեք չի մտածել ժամանակակից եւ եկամտաբեր համարվող մասնագիտություն ստանալու մասին: Իր՝ գործազուրկ լինելու պատճառը համարում է այն, որ ավարտողների եւ առկա աշխատատեղերի քանակները չեն համապատասխանում: «Անհասկանալի է, թե ինչու են ամեն տարի տվյալ ֆակուլտետ ընդունում 150 դիմորդ, երբ նրանցից միայն 50-ն է կարողանալու ավարտելուց հետո իր մասնագիտությամբ աշխատանք գտնել»: Ասում է, որ փորձել է գտնել մասնագիտությամբ աշխատանք, սակայն չի հաջողվել:

23-ամյա Անահիտն էլ մասնագիտությամբ քաղաքագետ է: Մագիստրոսի աստիճան ունի՝ «Տարածշրջանային քաղաքականություն» մասնագիտացմամբ: Նա վստահ է, որ լավ մասնագետ դառնում են կուտակած գիտելիքների, ձեռք բերած փորձի շնորհիվ: Աշխատանքային փորձի բացակայության պատճառով իրեն դեռ լավ մասնագետ չի համարում: Անահիտը պատմում է, որ իրեն ու իր միջազգայնագետ կամ քաղաքագետ ընկերներից շատերին առաջարկում են լրատվական կայքերում աշխատել որպես լրագրող կամ քաղաքական մեկնաբան, սակայն նման աշխատանքն իր սրտով չէ: «Իրականում ո՛չ լավ լրագրող ես դառնում, ո՛չ էլ քեզ դրսեւորում ես որպես քաղաքագետ»,- նեղսրտում է Անահիտը: Նրա կարծիքով՝ լավ կլիներ, եթե ձեւավորվեր մի համակարգ, որը երիտասարդներին թույլ կտար կողմնորոշվել՝ ինչ մասնագիտություն ընտրել հետագայում աշխատանք գտնելու համար:
ՙ
Ավելացնենք, որ երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակը խնդրահարույց է ոչ միայն Հայաստանում, այլեւ շատ երկրներում: ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության հրապարակած «Զբաղվածության համաշխարհային միտումները 2014-ին» զեկույցի համաձայն՝ 2013-ին 15-24 տարեկանների շրջանում աշխատանք չի ունեցել 74,5 մլն մարդ, ինչը 1 միլիոնով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը: Սրանից, սակայն, մեր հոգսը չի թեթեւանում:

ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

31 июл. 2014 г.

                                                                                                                                                 
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               
 www.eter.am
# 31 (1055)
31.07.2014

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ. ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Երեւանի, Վանաձորի եւ Արցախի բուհերի միջեւ մայիս ամսին անցկացված Ունիվերսիադայի երգի մրցույթ-փառատոնում առաջին տեղը գրավեց ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Ավդալյանը /https://www.youtube.com/user/Gayane610/: 
Երիտասարդ երաժիշտն ու լրագրողուհին բացահայտում է իր հաջողությունների բանաձեւը:

-Ունիվերսիադան ինձ համար միջբուհական ակտիվ կյանքի զարգացման, շփման եւ առողջ մրցակցության հնարավորություններով լի մրցույթ էր: ԵՊՀ ուսխորհրդի մշակույթի հանձնաժողովի ընկերներս առանց ինձ տեղյակ պահելու անունս գրանցել էին մասնակիցների ցուցակում: Երբ իմացա այդ մասին, անակնկալի եկա: Ինձ համար մեծ պատասխանատվություն էր: Մրցույթի նախորդ օրը ոչ մի կերպ չէի կողմնորոշվում, թե ինչ եմ երգելու: Ի վերջո որոշեցի սիրածս հայրենասիրական երգերը միավորել 5 րոպեում. կատարեցի «Ախպերս ու ես»«Կարմիր կակաչները»«Սարերի քամի»«Պատանի զինվորը» երգերը: Կյանքիս լավագույն պահերից էր, երբ ինձ, որպես հաղթողի, շնորհավորեց մաեստրո Երվանդ Երզնկյանը: Միշտ ասում եմ, որ մրցել չեմ սիրում, բայց այնպես է ստացվում, որ հաճախ եմ մասնակցում նման մրցույթների:

-Որքան գիտեմ, նաեւ հաճախ հաղթում ես: Հաղթանակներիցդ ո՞րն ես ամենաշատը կարեւորում:

-Իմ առաջին հաղթանակներն ու հաջողությունները սկսվել են «Արեւիկ» անսամբլի մրցանակաբաշխություններից, Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի միջոցառումներից, Ռուս-հայկական բարեկամությունը խորհրդանշող «Բարեկամության կամուրջ» մրցույթից: Այդ մրցույթներն ու միջոցառումներն հարստացրին բեմական փորձս, պարգեւեցին հաճելի հուշեր: Հատկապես «Շանթի» հեղինակավոր երկու նախագծերը՝ «X ֆակտորն» ու «Հայ սուպերսթարը», իմ կյանքում շրջադարձային եղան. սկսեցին ճանաչել: 15 տարեկանում գրեցի առաջին երգս:  «Երգող համալսարանական» մրցույթում հաղթանակ տարա իմ հեղինակային երգով: Այսօր արդեն 7 երգի հեղինակ եմ, որոնք հաճախ կատարում եմ տարբեր բեմերից: Իսկ ամենակարեւոր հաղթանակն ինձ համար այն ջերմ խոսքերն են, որ ստանում եմ նամակների կամ կենդանի շփման միջոցով: Դա հաղթանակ է հատկապես երիտասարդ արվեստագետի համար:

-Երաժիշտ լինելով՝ սովորում ես ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Որքանո՞վ է հաջողվում համատեղել լրագրությունն ու երաժշտությունը:

-Յոթ տարեկանից աշխատում էի «Հայրենիք» հեռուստաընկերությունում, բայց հաղորդավար դառնալու մտադրություն չունեի: Հետո որոշեցի ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Շատերն են այս երկու մասնագիտությունները համարում անհամատեղելի, բայց հիմա հասկանում եմ, որ եթե մարդ սիրում է այն, ինչով ապրում է, էական չէ՝ ուրիշները դա համատեղելի են համարում, թե ոչ: Գայանեն ուրիշ է, երբ երգում է, եւ լրիվ ուրիշ, երբ հարցազրույց է վարում կամ ռեպորտաժ գրում: Դեռ չեմ փորձել որեւէ միջոցառման ժամանակ հանդես գալ ե՛ւ որպես լրագրող, ե՛ւ որպես երաժիշտ: Գուցե հաջորդ անգամ փորձեմ լուսաբանել այն համերգը, որի ընթացքում երգելու եմ:

-Եթե չլինեին լրագրությունն ու երաժշտությունը, ինչո՞վ կզբաղվեիր:

-Տարբեր տարիների տարբեր բաների մասին եմ մտածել. երազել եմ բալետի պարուհի լինել, աշխատել ծաղկի խանութում, սակայն հավանական է, որ նկարչուհի կդառնայի՝ վրձինը մազերիս մեջ խրած, պատուհանից ներս լցվող քամու դիմաց նկարելիս:

-Հետաքրքիր է՝ երբ առաջին անգամ կիթառը վերցրիր ձեռքդ, պատկերացնո՞ւմ էիր, որ միասին այսքան հաջողությունների կհասնեք:

-Լավ ասացիր՝ միասին, որովհետեւ կիթառս ինձ համար գործիք չէ, մարդ է, իմ տարբեր տրամադրությունների ընկերը: Առաջին անգամ, երբ կիթառ նվեր ստացա, արցունքները խեղդում էին կոկորդս: Մոտ քսան րոպե լուռ գրկել էի կիթառս: Երբ ուզում եմ հանգստանալ, վերցնում եմ ու նվագում, երգում: Սկզբնական շջանում ես միայն մտերիմներիս եւ ինձ համար էի երգում: Իսկ այսօր արդեն ունեմ իմ ունկնդիրները, առայժմ համացանցի միջոցով: «Շանթի» մրցույթներից ինձ ճանաչելով՝ մարդկանց մի խումբ որոշեց բացել իմ ֆան ակումբը ֆեյսբուքում: Եթե անկեղծ ասեմ, օտարոտի այդ բառը չեմ սիրում: Էջին հետեւողների հետ սիրով շփվում եմ, բայց նրանց անվանում եմ արվեստասերներ. այդպես ավելի հեշտ է:

-Ո՞ր ժանրի երաժշտությունն է քեզ ավելի հոգեհարազատ:

-Ինձ համար տարօրինակ է բազմաշերտ արվեստը մեկ կամ երկու ժանրի մեջ տեղավորելը: Սիրում եմ այն երաժշտությունը, որից ոգեշնչված կարողանում եմ ստեղծագործել:

-Առաջիկա ի՞նչ անելիքներ եւ նվիրական երազանքներ ունես: 

-Առաջին ու ամենամեծ երազանքս գիրքս տպագրելն ու հեղինակային երեկո կազմակերպելն է: Ցանկությունս մեծ է, որ երգերս ճանաչվեն ու սիրվեն: Պատրաստվում եմ հեղինակային հաղորդում սկսել օնլայն հարթակում, իմ գրած երգի հիման վրա տեսահոլովակ պիտի նկարահանվի: Այս ամենից զատ որոշել եմ մյուս տարի երաժշտական գործիքներիս շարքը համալրել. դաշնամուրին եւ կիթառին կավելանա ջութակը: Ինձ թվում է՝ այս ամենի իրականացման համար «մեծ ցանկություն եւ աշխատասիրություն» բանաձեւն է պետք:

ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ



28 янв. 2014 г.

www.eter.am

28.01.2014

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ



Հրամանատար Նժդեհը իր «Խուստուփյան լեռներ» գրառումների շարքում անդրադառնալով լեռնական երկրապահներին` գրում է.«Իջի'ր, իջի'ր լեռներից,- դավադրաբար կանչում է թշնամին: Իջի'ր,- միամիտ արձագանքում են մեր լեռները: Սակայն, հայ մարդ, մի մոռանար` մնալ լեռներում, սարերի վրա: Հայեր, չիջնել լեռներից` նշանակում է չճանաչել անկոչ եկողների իշխանությունը ու սանձահարված պահել նրանց»: Որքան արդիական են զորավարի խոսքերը: Լեռներից իջնել, դիրք չպահել, նշանակում է թողնել մեր երկրի դարպասները, բացել դռները թշնամու առաջ: Իսկ որքան, որքան է փորձել ու փորձում մեր հակառակորդը մեզ վար իջեցնել մեր լեռներից, մեր դիրքերից, որքան, որքան է գերվել ու կաշառվել արտաքին աշխարհը, միջազգային հանրություն կոչվածը մեր հակառակորդի կեղծ բարեկրթությունից ու արձագանքել նրա դավադիր կոչերին: Այսօր էլ այդ արձագանքը տարբեր հնչեղություններով գայթակղիչ է թվում մեզնից շատերի ունկերին: Ո ՞ վ է ասում, թե բանակային ծառայությունը խաղ ու պար է, ո՞ վ է ասում, թե հաճելի է ուսումը կիսատ թողնելը, քաղաքացիական կյանքի հաճույքներին հրաժեշտ տալն ու երկու տարի մարտական հենակետերում լինելը, ո՞ վ է ասել, թե հայրենասիրությունը խրամատում է միայն: Ի՞ նչ պակաս հայրենասեր է, ասենք, օլիմպիական չեմպիոնը, որի պատվին ծածանվում է իր երկրի դրոշը, հնչում է օրհներգը: Կամ այն գիտնականը, որի գյուտի շնորհիվ աշխարհը ճանաչում ու փառաբանում է նրան, նաեւ այն երկիրն ու ժողովրդին, որ ծնունդ են տվել նրան: Բայց եւ ի չիք են դառնում այդ ամենը, երբ պատերազմի ամենակործան հեղեղը սրբում, տանում է ամեն ինչ: Ուստի անվիճելի է, որ ամեն ինչից առաջ, ապրելով այս երկրամասում, մենք պարտադրված ենք մնալ լեռներում, սերնդեսերունդ փոխարինել մեր լեռնական նախնիներին, կուլ չգնալ ու չխաբվել կեղծ քարոզներին, չգայթակղվել կյանքի այսօրվա լավ օրով: Պատմությունը բազմիցս է ապացուցել, որ խաղաղությունը լոկ կարճատեւ դադարն է պատերազմի, իսկ կյանքը հարատեւ կռիվ է: Զինկոմիսարիատի բակում իրար են խառնվում հույզերն ու զգացողությունները: Եվս մի գրկախառնություն, ու անվանականչով զինակոչիկները տեղավորվում են դեպի կենտրոնական հավաքակայան ուղեւորվող ավտոբուսում: Իսկ արդեն հավաքակայանում նրանք վիճակահանության միջոցով կընտրեն մեր երկրի այն հատվածը, որտեղ կանցնի նրանց երկու տարվա զինվորական ժամկետային ծառայությունը: Լսում են իրենց անունն  ու ավտոբուս բարձրանում, շատերը գուցե չեն էլ գիտակցում, որ այս անվանականչը դարերից մեզ հասած մարտակոչն է: Հակառակորդի հետ մեր պատերազմն ավարտված չէ, ուստի նրանցից յուրաքանչյուրը մարտիկ է, մի մասնիկը մեր` մարմին առած այն նվիրական գաղափարի, որ կոչվում է հայոց բանակ: Կանցնեն ամիսներ, մեկ, երկու տարի, ու նրանք տուն կդառնան այն համոզմունքով, որ մեր լեռներն են մեր ուժը ու մեր երկիրը շղթայած լեռնագագաթներին պարիսպ դարձած խրամատները` մեր զինվորներով ամրացած: Կհասկանան, անշուշտ, որ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է արտասանել` «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: Իսկ զինվորական ծառայությունը շարունակվում է ամեն օր, ամեն ժամ ու ամեն ակնթարթ: Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի նախօրեին մենք հանդիպեցինք մեր բանակի հարավարեւելյան սահմանները պահող զորամասերից մեկի ժամկետային զինծառայողների հետ:

-Ես Հարությունն եմ: Մասնագիտությամբ երաժիշտ եմ` ջութակահար: Ավարտել եմ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Ծառայությունս ավարտելուց հետո ուսումս կշարունակեմ մագիստրատուրայում: Այս տարի զորամասի նվագախմբում համալրում ունեցանք` Համլետը: Միասին սկսեցինք նվագել: Բավականին լավ է ստացվում Բախի երկրորդ կոնցերտը` գրված ջութակի համար:


-Ես Համլետն եմ: Ավարտել եմ Երեւանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը:
Սովորում եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Մի քանի ամիս է, ինչ ծառայում եմ հայոց բանակում, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Ինչպես յուրաքանչյուր զինվոր, այնպես էլ ես կուզեի, որ պատերազմ չլիներ: Պատերազմն ու խաղաղությունը միմյանց շարունակող մի հարատեւ սիմֆոնիայի են նման: Զորամասի գրադարանում ազատ ժամերին Նժդեհ եմ կարդում: Զորավարը գրում է, թե խաղաղությունը պատերազմի կարճատեւ դադարն է լոկ: Իսկ այդ դադարը մեզ տրվում է նոր մարտահրավերներին պատրաստվելու համար: Եվ մենք պատրաստ ենք ամեն գնով պահել մեր երկիրը: Կարծում եմ` մեր բանակը դա բազմիցս ապացուցել է եւ ապացուցում է:

-Ես Տիգրանն եմ: Սովորում եմ Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: Չորրորդ կուրսի ուսանող եմ: Ծառայությունից հետո կշարունակեմ ուսումս: Ինձ համար խաղաղությունը արեւի, ցորենի արտերի, նորածին մանկան ոսկե մազերի գույնն ունի: Սահմանային զորամասում ծառայող զինվորը, սահմանամերձ գյուղում ապրող քաղաքացին, անշուշտ, շատ ավելի լավ գիտեն, թե ինչ է խաղաղությունը: Հավատացեք` ավելի լավ բան, քան խաղաղությունն է, աշխարհում գոյություն չունի: Ես երբեք չէի ցանկանա կռվի դաշտում ընկեր կորցնել: Մեր ավագ սպայակազմի մեջ մարտական ուղի անցած զինծառայողներ կան, երբեմն խոսում են, պատմում պատերազմի մասին: Մենք միանշանակ պատրաստ ենք հակառակորդի ցանկացած ոտնձգությանը արժանի պատասխան տալուն, բայց պատերազմի մասին ոչ մեկս, հաստատ, չի երազում:

-Ես Հայկն եմ: Ծառայության գալուց առաջ սովորել եմ Կ.Սարաջեւի անվան երաժշտական դպրոցում: Այստեղ զորամասում նոր նախասիրություն եմ ձեռք բերել: Մեր ակումբի ծաղիկներն եմ խնամում, ծառերին հետեւում: Մի ծառ ունեմ` երջանկության, հաջողության ծառ են կոչում: Ես այդ ծառը նմանեցնում եմ մեր զորամասին: Այն մի տեսակ ընտանիքի խորհուրդ ունի: Ես ուզում եմ, որ մեր զորամասի այս մեծ ընտանիքում միշտ խաղաղություն ու հաջողություն լինի, որ մենք էլ խաղաղ ծառայենք ու բարով տուն վերադառնանք:

-Ես Մանվելն եմ, սովորել եմ Երեւանի Վ.Բրույսովի անվան լեզվաբանական ինստիտուտում: Դեռ մանկության տարիներից ինձ դուր է եկել, որ մարդ կարողանում է կիթառ նվագել, բայց սովորելու հարմար առիթ չէր ընձեռվել: Երբ նոր էի ծառայությունս սկսել, հետախուզական վաշտում մի ընկեր ունեի` Գուրգենը, արդեն զորացրվել է: Գուրգենը կիթառ էր նվագում, խնդրեցի, ինձ էլ սովորեցրեց: Բանակից տուն եմ վերադառնալու շատ-շատ բաներ, այդ թվում նաեւ կիթառ նվագել սովորած: Մեր զորամասը մարտական հերթապահություն իրականացնող զորամաս է: Իմ ընկերներից շատերն այս պահին մարտական հենակետերում են: Ես ուզում եմ շնորհավորել նրանց մեր բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ: Թող միշտ խաղաղ լինի հայոց երկիրը:

Ն.Հ.